Փայլում են ինչպես լուսատուներ լույսի քաղաքում
Fluctuat nec mergitur կամ՝ «Ալիքները նրան հարվածում են, բայց նա չի խորտակվում». ահա այս է Փարիզ քաղաքի նշանաբանը։
Անցած 2 000 տարիների ընթացքում Փարիզը, ինչպես մի նավ, դիմակայել է անհաշիվ օտարերկրյա փոթորիկներին և ներքաղաքային խռովություններին՝ ջրի երեսին մնալու համար։ Այժմ նա, լինելով աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկը, սիրելի է դարձել իր տպավորիչ ճարտարապետությամբ, տերևախիտ պուրակներով և աշխարհահռչակ թանգարաններով։ Ըստ ոմանց՝ Փարիզը եղել է բանաստեղծների, նկարիչների և փիլիսոփաների սիրելի վայրը։ Մյուսներին հիացմունք են պատճառում քաղաքի ախորժալի ուտեստեղեններն ու նորաձևության սրահները։
Պատմականորեն Փարիզը կաթոլիկության ամրոց է եղել։ Երկու հարյուր տարի առաջ նա կոչվեց Լույսի քաղաք, քանի որ կարևոր դեր խաղաց Եվրոպայում ընթացող գաղափարական շարժման մեջ (Լուսավորականություն)։ Այսօր փարիզցիների մեծ մասը՝ գիտակցաբար, թե՝ ոչ, ավելի շատ ուշադրություն է դարձնում այն ժամանակվա փիլիսոփայությանը, քան կրոնին։
Մարդկային իմաստությունն, այնուամենայնիվ, սպասվածի չափ չի լուսավորել մարդկանց կյանքը։ Շատերն այսօր լուսավորություն են փնտրում ուրիշ տեղ։ Արդեն մոտ 90 տարի է, ինչ Եհովայի վկաները Փարիզում ‘փայլում են ինչպես լուսատուներ» (Փիլիպպեցիս 2։15)։ Փորձառու ծովայինների նման նրանք մշտապես արձագանքել են դեպքերի փոփոխվող ընթացքին և իրադարձություններին, որպեսզի ‘բոլոր ազգերի ցանկալիքին’ նավ նստեցնեն (Անգէ 2։7)։
Քաղաքի հարուցած դժվարությունները քարոզչական գործում
1850 թ.–ին Փարիզի բնակչության թիվը 600 000 էր։ Իսկ այսօր, արվարձանների հետ միասին, այդ թիվն անցնում է ինը միլիոնից։ Բնակչության նման աճի արդյունքում Փարիզը դարձավ Ֆրանսիայի ամենաբազմատարր քաղաքը։ Նա բարձրագույն կրթության համաշխարհային կենտրոններից է, տուն է հանդիսանում մոտ 250 000 ուսանողների համար, և այստեղ է գտնվում աշխարհի հնագույն համալսարաններից մեկը։ Փարիզի որոշ արվարձաններ, որտեղ կան բարձրահարկ շենքեր ունեցող թաղամասեր և տարածված են հանցագործությունն ու գործազրկությունը, ներկայացնում են քաղաքի «մութ» կողմը։ Անվիճելի է, որ Եհովայի վկաներից հմտություն և ճկունություն է պահանջվում՝ բարի լուրը գրավչորեն ներկայացնելու ամեն տեսակ մարդկանց (Ա Տիմոթէոս 4։10)։
Ավելի քան 20 մլն զբոսաշրջիկ է ամեն տարի այցելում Փարիզ։ Նրանք մեծ հետաքրքրությամբ բարձրանում են Էյֆելյան աշտարակ, զբոսնում են Սենա գետով կամ նստում մայթերի սրճարաններում և խորտկարաններում՝ խորասուզվելով փարիզյան մթնոլորտի մեջ։ Մինչդեռ, փարիզցիների օրը բավական խելահեղորեն է անցնում։ «Մարդիկ միշտ վազքի մեջ են,— բացատրում է լիաժամ ծառայող Քրիստիանը։— Նրանք աշխատանքից ուժասպառ են տուն վերադառնում»։ Այսպիսի զբաղված մարդկանց հետ զրույց սկսելը հեշտ չէ։
Փարիզում Եհովայի վկաների համար ամենամեծ խնդիրներից մեկը մարդկանց իրենց տներում հանդիպելն է։ Որոշ շենքերում տեղադրված են ներքին հաղորդակցության սարքեր։ Քանի որ գնալով հանցագործությունների թիվն աճում է, շենքերի մուտքերում հաճախ տեղադրված են լինում էլեկտրոնային անվտանգության համակարգեր, և շենք մտնելն անհնար է դառնում։ Անվիճելիորեն, սրանով է բացատրվում այն իրողությունը, որ որոշ շրջաններում 1 Վկային ընկնում է 1 400 մարդ։ Այդ իսկ պատճառով լայնորեն օգտագործվում են հեռախոսային և անպաշտոն վկայության ձևերը։ Կարողացե՞լ են Եհովայի վկաները ‘փայլեցնել իրենց լույսը’ այլ կերպերով (Մատթէոս 5։16)։
Անպաշտոն վկայելու հնարավորություններն ու վայրերը շատ–շատ են։ Մարտինը (կին) ավտոբուսի կանգառում տեսավ մի կնոջ, որի դեմքին վհատություն էր նկատվում։ Մահացել էր նրա միակ աղջիկը։ Մարտինը տվեց նրան մի գրքույկ, որում պատմվում է հարություն առնելու աստվածաշնչյան մխիթարիչ հույսի մասին։ Հետո նա մի քանի ամիս այդ կնոջ հետ կապը կորցրեց։ Երբ Մարտինը կրկին հանդիպեց այդ տիկնոջը, նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ Չնայած ամուսնու կողմից եկող հակառակությանը՝ այդ կինը դարձավ Եհովայի վկա։
Արդյունավետ անպաշտոն վկայություն
Փարիզի հասարակական տրանսպորտի ցանցը աշխարհի ամենաարդյունավետ ցանցերից մեկն է։ Քաղաքի հանրահայտ մետրոպոլիտենից օրական 5 մլն մարդ է օգտվում։ Ասում են, թե մետրոյի «Շաթլեյ լեյ ալ» կայարանը երկրագնդի ամենամեծ և ծանրաբեռնված կայարանն է։ Անհամար են այստեղ մարդկանց հետ զրուցելու առիթները։ Ալեքսանդրան ամեն օր մետրոյով է գնում աշխատանքի։ Մի անգամ նա զրույցի բռնվեց երիտասարդի հետ, որը անբուժելի հիվանդություն ուներ՝ սպիտակարյունություն։ Ալեքսանդրան Դրախտի հույսի վերաբերյալ թերթիկ տվեց նրան։ Վեց շաբաթ շարունակ, նույն ժամին և վայրում նրանք ամեն օր աստվածաշնչյան թեմաներով զրույցներ էին ունենում։ Բայց մի օր այդ մարդը չեկավ։ Դրանից կարճ ժամանակ անց նրա կինը զանգեց Ալեքսանդրային և խնդրեց հիվանդանոց գալ, քանի որ իր ամուսնու վիճակը շատ ծանր էր։ Ցավոք, երբ Ալեքսանդրան եկավ, արդեն ուշ էր։ Ամուսնու մահից հետո նրա կինը տեղափոխվեց Բորդո (հարավարևմտյան Ֆրանսիա), որտեղ նրան այցելեցին տեղի Վկաները։ Որքա՜ն ուրախացավ Ալեքսանդրան՝ լսելով, որ մի տարի անց այդ այրին մկրտվել էր ու դարձել Եհովայի վկա, և նա հույս է փայփայում տեսնելու հարություն առած իր ամուսնուն (Յովհաննէս 5։28, 29)։
Մի տարիքով քրիստոնյա կին սկսեց զրուցել Ռենատայի հետ գնացքում, որը Փարիզից գնում էր Լիմոժ (կենտրոնական Ֆրանսիա)։ Իր հայրենիքում՝ Լեհաստանում, նա հինգ տարի շարունակ ուսումնասիրել էր աստվածաբանություն, եբրայերեն և հունարեն լեզուներ, բայց Աստծո հանդեպ հավատը կորցրել էր։ Այդ զրույցից երեք ամիս առաջ նա աղոթել էր Աստծուն։ Թեև նրան չէր հետաքրքրում այդ ծեր քրոջ խոսքերը և չէր կարծում, թե նրա ձայնը նորից կլսի, նա տվեց իր հեռախոսի համարը։ Սակայն քույրը հաստատակամ էր, և նա միջոցներ ձեռնարկեց, որ Ռենատային իրենց զրույցից հետո այցելեն։ Երբ Վկա–ամուսիններն այցելեցին, Ռենատան մտածեց. «Ի՞նչ են նրանք ցանկանում ինձ սովորեցնել»։ Չնայած իր աստվածաբանական կրթությանը՝ Ռենատան խոնարհ կին էր, և նրան դուր եկավ Աստվածաշնչի ճշմարտությունը։ «Ես իսկույն հասկացա, որ դա է ճշմարտությունը»,— բացատրում է նա։ Այժմ նա խանդավառությամբ ուրիշներին հայտնում է աստվածաշնչյան լուրի մասին։
Միշելը վարորդական դասընթացներ էր անցնում։ Նրա հետ սովորողներից ոմանք սկսեցին խոսել մինչամուսնական սեքսի մասին։ Միշելն իր անհավանությունը արտահայտեց դրա մասին։ Մեկ շաբաթ անց դասատուն՝ Սիլվին, հարցրեց նրան. «Դու Եհովայի վկա՞ ես»։ Սիլվիին տպավորել էր Միշելի աստվածաշնչյան տեսակետը։ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց, և մեկ տարի անց Սիլվին մկրտվեց։
Փարիզի բազմաթիվ պուրակներն ու զբոսայգիները մարդկանց հետ զրուցելու հրաշալի հնարավորություններ են ստեղծում։ Ժոզետը ընդմիջմանը գնաց զբոսայգի, որտեղ զբոսնում էր մի հասակավոր կին՝ Ալինը։ Ժոզետը նրա հետ խոսեց Աստվածաշնչի չքնաղ խոստումների մասին։ Ալինը համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հասավ մինչև մկրտության։ Այժմ 74 տարեկան Ալինը, որը ընդհանուր ռահվիրա է, մեծ արդյունավետությամբ քարոզում է և ուրախությամբ քրիստոնեական ճշմարտությունը հաղորդում ուրիշներին։
Լույս բոլոր ազգերի համար
Փարիզի Եհովայի վկաները կարիք չունեն ճանապարհորդել հեռավոր երկրներ՝ վայելելու այնտեղի հարուստ մշակութային բազմազանությունը։ Քաղաքի բնակչության գրեթե 20 %–ը օտարերկրացի է։ Գոյություն ունեն մոտ 25 լեզուներով խոսող քրիստոնեական ժողովներ և խմբեր։
«Հոտառություն» և երևակայություն ունենալը հաճախ լավ արդյունքների են հանգեցնում այս առանձնահատուկ ավետարանչական գործում։ Մի ֆիլիպինցի Վկա (կին) ինքն իր համար քարոզչական տարածք ստեղծեց։ Խանութում գնումներ կատարելիս նա զրույցի էր բռնվում մյուս ֆիլիպինցիների հետ, որի արդյունքում Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ էր սկսել։
Քարոզչության մեջ նախաձեռնություն վերցնելն արդարացնում է իրեն։ 1996 թ. դեկտեմբերին, իմանալով, որ մի աշխարհահռչակ կրկեսային խումբ է ժամանելու քաղաք, օտար լեզվով խոսող ժողովի Վկաները փորձեցին կապ հաստատել դերասանների հետ։ Մի երեկո՝ ներկայացումից հետո, նրանք հնարավորություն ունեցան խոսելու հյուրանոց վերադարձող դերասանների հետ։ Արդյունքում՝ նրանք տարածեցին 28 Աստվածաշունչ, 59 գիրք, 131 գրքույկ և 290 պարբերագրեր։ Երեք շաբաթ անց՝ մեկնումից առաջ, ակրոբատներից մեկը հարցրել էր. «Ինչպե՞ս կարող եմ դառնալ Եհովայի վկա»։ Իսկ մյուսը հայտարարեց. «Ես կքարոզեմ իմ երկրում»։
Թաքնված գանձերը գտնվում են
Ուր էլ որ նայեն Փարիզ եկած այցելուները, նրանք տեսնում են զմայլելի ճարտարապետական գանձեր՝ դեռևս անցած դարերից մնացած։ Այնուամենայնիվ, ավելի թանկագին գանձեր կան, որոնք դեռ պետք է գտնել։ Անիզան Ֆրանսիա էր եկել իր հորաքրոջ ամուսնու հետ, որը դիվանագետ էր։ Նա տանը միշտ Աստվածաշունչ էր կարդում։ Մի անգամ, երբ Անիզան շտապելով դուրս էր գալիս տնից, մի ռահվիրա նրան առաջարկեց «Ինչո՞ւ կարող եք վստահել Աստվածաշնչին» թերթիկը։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել հաջորդ շաբաթ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։ Անիզան ընտանիքի կողմից մեծ հակառակության հանդիպեց։ Բայց նա շարունակեց ուսումնասիրել և հասավ մկրտության։ Ի՞նչ է նա մտածում ճշմարտությունն ուրիշներին հաղորդելու իր հնարավորության մասին։ «Սկզբում քարոզելը դժվար էր, քանի որ ես ամաչկոտ եմ, սակայն Աստվածաշունչ կարդալը մղում է ինձ գործելու։ Ես չեմ կարող տեղս հանգիստ նստել՝ ոչինչ չանելով»։ Նման մտայնությունը բնորոշ է բազմաթիվ փարիզցի Վկաների, որոնք «ավելի են առաջանում Տիրոջ գործում» (Ա Կորնթացիս 15։58, ԱԹ)։
Աստվածաշնչյան ճշմարտությունը լուսավորում է նաև Փարիզի ծայրամասերում գտնվող բնակելի շրջանները՝ հայտնաբերելով այնտեղ այլ «գոհարներ»։ Ընկերոջից մի քանի ձայներիզներ վերցնելու մտադրությամբ Բրուսն այցելեց նրան, որը վերջերս էր Եհովայի վկա դարձել։ Տուն մտնելով և տեսնելով, որ ընկերն իրեն ծանոթ մի քանի անձանց հետ Աստվածաշնչի մասին է խոսում՝ ինքն էլ սկսեց լսել։ Նա ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը, բայց որոշ պրոբլեմներ ուներ։ «Այդ շրջանում ինձ լավ էին ճանաչում։ Մեծ եղբայրս միշտ ծեծկռտուք էր սարքում, իսկ ես աղմկոտ պարի երեկոներ էի կազմակերպում. ինչպե՞ս մյուսները կարձագանքեին իմ՝ Եհովայի վկա դառնալուն»։ Չնայած նրան անընդհատ խնդրում էին երեկոներ կազմակերպել՝ Բրուսը դադարեց դրանով զբաղվել։ Մեկ ամիս անց նա սկսեց քարոզել. «Թաղամասում ամեն մեկն ուզում էր իմանալ, թե ինչու եմ դարձել Եհովայի վկա»։ Շուտով նա մկրտվեց, իսկ որոշ ժամանակ անց առանձնաշնորհում ունեցավ սովորելու Ծառայության կատարելագործման դպրոցում։
Գանձ փնտրելը կարող է մեծ ջանքեր խլել։ Սակայն ի՜նչ մեծ ուրախություն է պատճառում արդյունքի հասնելը։ Ժակին, Բրունոն և Դամիենը փարիզցի հացագործներ էին։ «Անհնար էր մեզ տանը գտնել, քանի որ ամեն ժամանակ աշխատում էինք և երբեք տանը չէինք լինում»— բացատրում է Ժակին։ Պատրիկը (ընդհանուր ռահվիրա) նկատեց, որ մի շենքի վերևի հարկում մի քանի փոքր բնակարաններ կան, և մտածեց, որ դրանցից գոնե մեկում մարդ է ապրում։ Բնակիչներին հանդիպելու նրա համառ ջանքերը հաջողությամբ պսակվեցին. մի անգամ՝ կեսօրից հետո, նա վերջապես հանդիպեց Ժակիին, որը ժամանակավորապես այդտեղ էր ապրում։ Արդյո՞ւնքը։ Երեք ընկերները դարձան Վկաներ և կարողացան այնպիսի աշխատանք գտնել, որը թույլ էր տալիս նրանց լիովին մասնակցել աստվածապետական գործունեությանը։
Հանդարտեցնելով փոթորիկը
Վերջերս Ֆրանսիայի որոշ զանգվածային լրատվական միջոցներ Եհովայի վկաներին ներկայացրին որպես վտանգավոր կրոնական աղանդի։ 1996 թ.–ին Վկաները մեծ ջանասիրությամբ տարածեցին «Եհովայի վկաներ. ի՞նչ է հարկավոր իմանալ նրանց մասին» հատուկ տեղեկատվական թերթիկից ավելի քան 9 մլն օրինակ։ Արդյունքները ամենադրականն էին։
Հատուկ ջանքեր գործադրվեցին յուրաքանչյուրին հանդիպելու համար։ Շատ պաշտոնյաներ իրենց երախտագիտությունը հայտնեցին Վկաներին։ Քաղաքապետարանի մի խորհրդատու գրեց. «Եհովայի վկաները ճիշտ են անում, որ տարածում են այս թերթիկը։ Այն ամեն ինչ իր տեղն է դնում»։ Մի բժիշկ հետևյալ մեկնաբանությունը տվեց. «Ահա երկար ժամանակ է, ինչ սպասում էի նման տեղեկատվության»։ Իսկ մի փարիզցի գրեց. «Պատահաբար կարդացի «Եհովայի վկաներ. ի՞նչ է հարկավոր իմանալ նրանց մասին» թերթիկը։ Ես ցանկանում եմ ավելի շատ իմանալ նրանց մասին և, որ ինձ հետ Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություն անցկացնեն»։ Մեկ ուրիշն էլ հետևյալը գրեց. «Շնորհակալություն ձեր ազնվության համար»։ Կաթոլիկություն դավանող մի կին ասաց Վկաներին. «Ա՜հ, դուք վերջապես պատասխանեցիք այդ ստերին»։
Փարիզում ապրող բազմաթիվ երիտասարդ Վկաների առանձնապես մեծ ուրախություն պատճառեց մասնակցել այն քարոզարշավին, որը կազմակերպվել էր Կաթոլիկ երիտասարդության համաշխարհային փառատոնի կապակցությամբ 1997 թ.–ին։ Թեև քաղաքում ջերմաստիճանը բարձր էր 35° C–ից՝ մոտ 2 500 Վկաներ մասնակցեցին արշավին։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նրանք երկրագնդի բոլոր ծայրերից ժամանած երիտասարդներին տվեցին «Գիրք բոլորի համար» գրքույկի 18 000 օրինակ։ Բացի այն, որ հրաշալի վկայություն տրվեց Եհովայի անվան մասին և ճշմարտության սերմեր ցանվեցին, քարոզարշավը ոգևորեց նաև երիտասարդ Վկաներին։ Մի երիտասարդ քույր, որն այս հատուկ արշավին մասնակցելու նպատակով ընդհատեց արձակուրդը, գրեց. «Եհովան երկրի վրա ունի մի ուրախ ժողովուրդ, որն իր ուժերն օգտագործում է նրա անունը փառավորելու համար։ Այս երկու հագեցած և մեծ բավականություն պատճառող օրերն իրոք արժեն բոլոր այն արձակուրդները, որ կունենամ կյանքում (Սաղմոս 84։10)։
1998 թ. փետրվարի 28–ին լրացավ 65–րդ տարին այն ժամանակվանից, ինչ Հիտլերը հրաման էր արձակել՝ արգելելու Եհովայի վկաների գործունեությունը Գերմանիայում։ Ֆրանսիայի Եհովայի վկաները այս կապակցությամբ վարձակալված սրահներում հանրությանը ներկայացրին «Եհովայի վկաների արիությունը նացիզմի ճնշման տակ» տեսաֆիլմը, որտեղ մանրամասն պատմվում է Եհովայի ժողովրդի կրած հալածանքի մասին։ Ավելի քան 7 մլն հրավիրատոմսեր տարածվեցին։ Պատմաբաններն ու համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալները հուզիչ դեպքեր էին պատմում։ Փարիզում գրեթե 5 000 մարդ դիտեց տեսաֆիլմը, այդ թվում՝ բազմաթիվ ոչ Վկաներ։
Փարիզում շատերն են բարձր գնահատում հոգևոր լույսը և ուրախ են, որ Թագավորության քարոզիչները, ինչպես լուսատուներ, պայծառորեն փայլում են։ Դա հենց այն է, ինչի մասին Հիսուսն ասել է. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ» (Մատթէոս 9։37)։ Եհովայի վկաների վճռականությունը՝ հաղթահարելու այս քաղաքում քարոզչությանը խոչընդոտող հանգամանքները, Փարիզը դարձնում է Լույսի քաղաք յուրահատուկ՝ Եհովային փառաբանելու իմաստով։
[նկար 9–րդ էջի վրա]
Քաղաքապետարանը
[նկար 9–րդ էջի վրա]
«Լուվր» թանգարանը
[նկար 9–րդ էջի վրա]
«Գրանդ–օպերայի» շենքը
[նկարներ 10–րդ էջի վրա]
Աստվածաշնչի լուրը հաղորդվում է զբաղված մարդկանց, որտեղ էլ որ նրանք լինեն