Հաղթանակ Ֆեդերալ սահմանադրական դատարանում
Եհովայի վկաները Գերմանիայում ծանրակշիռ հաղթանակ տարան Ֆեդերալ սահմանադրական դատարանում, որը գտնվում է Կարլսռուհե քաղաքում։ Դա նրանց համար կարևոր քայլ էր՝ հասնելու իրենց պաշտոնական ճանաչման։
Ավելի քան 100 տարի է, ինչ Եհովայի վկաները ակտիվ գործունեություն են ծավալել Գերմանիայում։ Նրանք վերապրեցին 20–րդ դարի երկու՝ նացիոնալ–սոցիալիստական և կոմունիստական բռնապետությունների կողմից հարուցված անողոք հալածանքները։ Սկսած 1990 թ.–ից՝ Վկաները միջոցներ են ձեռնարկել, որպեսզի իրավաբանորեն ճանաչվեն որպես հանրային–իրավական կորպորացիա։ Երբ նրանց խնդրագիրը երկու դատարանում ընդունվեց, իսկ մեկում՝ մերժվեց, նրանք դիմեցին Ֆեդերալ սահմանադրական դատարան, որն իր վճիռը կայացրեց 2000 թ. դեկտեմբերի 19–ին։
Միաձայն որոշում՝ հօգուտ Եհովայի վկաների
Բոլոր յոթ դատավորներն էլ որոշում ընդունեցին հօգուտ Վկաների։ Նրանք չեղյալ հայտարարեցին 1997 թ.–ին Ֆեդերալ ադմինիստրատիվ դատարանի կողմից ընդունված որոշումը և այդ դատարանին հանձնարարեցին վերաքննել Վկաների խնդրագիրը։
Ֆեդերալ սահմանադրական դատարանը, առիթից օգտվելով, իր մեկնաբանությունը տվեց պետության և կրոնական խմբերի միջև կարևոր փոխհարաբերությունների վերաբերյալ։ Ըստ էության, որևէ կրոնական խմբի կարգավիճակը «որոշվում է ոչ թե նրա համոզմունքներով, այլ նրա գործերով»։
Դատարանը նաև նշեց, որ երբ Վկաները «քրիստոնեական չեզոքություն» են պահում, դրանով նրանք «չեն վտանգում ժողովրդավարական սկզբունքները» և « չեն ցանկանում ժողովրդավարությունը փոխել կառավարման այլ ձևով»։ Ուստի Վկաների չմասնակցելը քաղաքական ընտրություններին չպետք է պատճառ հանդիսանա, որ իրավաբանորեն ճանաչվելու նրանց դիմումը մերժվի (Յովհաննէս 18։36; Հռովմայեցիս 13։1)։
Դատարանն այնուհետև ուշադրություն դարձրեց այն բանին, որ հավատացյալը, լինի Վկա թե այլ դավանանքի մարդ, կարող է երբեմն զգալ, որ պետության պահանջները հակառակ են իր հավատի պահանջներին։ Եթե անհատը հետևում է իր խղճի ձայնին՝ «ավելի շատ հնազանդվելով հավատի դրույթներին, քան օրենքին», ապա պետությունը կարող է համարել, որ դա արդարացված է և տեղի է ունենում կրոնական ազատության սահմաններում (Գործք 5։29)։
Դատարանի վճիռը մեծ արձագանք գտավ զանգվածային լրատվության միջոցներում։ Դժվար թե գտնվեր գերմանական մի լրագիր, որն այդ դատի մասին որևէ նյութ տպած չլիներ։ Բոլոր գլխավոր ռադիո– և հեռուստակայանները հաղորդումներ ու հարցազրույցներ էին եթեր արձակում։ Նախկինում «Եհովա» անունը երբեք այդչափ մեծ հրապարակայնություն չէր ստացել Գերմանիայում։
[նկար 8–րդ էջի վրա. թույլտվությամբ]
AP Photo/Daniel Maurer