«Եհովան շատ բարի է եղել իմ հանդեպ»
1985 ԹՎԱԿԱՆԻՆ՝ մարտ ամսվա մի հաճելի երեկո, Եհովայի վկաների գլխավոր վարչության Գրական բաժնի անդամները նշում էին մի կարևոր իրադարձություն։ Արդեն վաթսուն տարի էր, ինչ Կառլ Քլեյնը գտնվում էր լիաժամ ծառայության մեջ։ Մեծ ոգևորությամբ՝ եղբայր Քլեյնը այդ երեկո ասել էր. «Եհովան շատ բարի է եղել իմ հանդեպ»։ Նշել էր նաև, որ Սաղմոս 37։4-ը եղել է աստվածաշնչյան իր սիրելի համարը։ Այնուհետև բոլորին ուրախացրել էր թավջութակի իր նվագով։
Հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում եղբայր Քլեյնը շարունակել էր մնալ Գրական բաժնի անձնակազմի մեջ և ծառայել որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։ 2001 թ. հունվարի 3-ին՝ 95 տարեկան հասակում, Կառլ Քլեյնը, մինչև վերջ հավատարիմ մնալով Եհովային, ավարտեց իր երկրային ընթացքը։
Կառլը ծնվել էր Գերմանիայում։ Հետագայում նրա ընտանիքը տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, և Կառլը մեծացել էր Չիկագոյի (Իլինոյս նահանգ) արվարձաններից մեկում։ Դեռ պատանի հասակում Կառլն ու նրա կրտսեր եղբայր Թեդը սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել դեպի Աստվածաշունչը։ Կառլը մկրտվեց 1918-ին, իսկ այն խոսքերը, որոնք նա լսեց 1922 թվականին Աստվածաշունչ ուսումնասիրողների համաժողովին, նրա մեջ սիրո անշեջ կրակ վառեցին դեպի ծառայությունը։ Նա թույլ չէր տալիս, որ շաբաթն անցներ առանց քարոզչական ծառայության։ Իր սովորությունից նա ետ չկանգնեց նույնիսկ կյանքի վերջին մի քանի շաբաթների ընթացքում։
Կառլը գլխավոր վարչությունում ծառայության է անցել 1925-ին՝ աշխատելով նախ՝ տպագրատանը։ Նա մեծ սեր ուներ դեպի երաժշտությունը և մի քանի տարի շարունակ թավջութակ էր նվագում քրիստոնեական ռադիոհաղորդումների նվագախմբում։ Այնուհետև աշխատել է Ծառայողական բաժնում՝ վայելելով հատկապես բաժնի վերակացու Թ. Սալլիվանի հաճելի ընկերակցությունը։ Այդ ընթացքում եղբայրը՝ Թեդը, ամուսնանում է և իր կնոջ՝ Դորիսի հետ միսիոներական ծառայության մեկնում Պուերտո Ռիկո։
Գրական բաժնում Կառլ Քլեյնը աշխատել է հինգ տասնամյակ և զգալի չափով իր ներդրումն է ունեցել այդ բաժնի գործերում՝ Աստվածաշունչը սիրով հետազոտելու և դրա հետևանքով խոր գիտելիքներ ունենալու շնորհիվ։ 1963-ին Կառլն ամուսնանում է այդ ժամանակ Բոլիվիայում որպես միսիոներ ծառայող, ազգությամբ գերմանուհի Մարգարիտայի հետ։
Նրա հոգատար աջակցությամբ՝ հատկապես, երբ ֆիզիկապես արդեն անառողջ էր, Կառլն ի վիճակի եղավ դեռ երկար տարիներ շարունակելու իր աշխատանքն ու այդ աշխատանքի պտուղները տեսնելու՝ նույնիսկ այն տարիքում, երբ շատերն արդեն զիջում են իրենց դիրքերը։ Կառլի բնածին անկեղծությունը երաժշտին հատուկ իր ոգևորության հետ միասին իրենց կնիքն են թողել ժողովների ու համաժողովների ժամանակ նրա արտասանած հիշարժան շատ խոսքերում։ Ի ուրախություն Նյու Յորքի Բեթելի ընտանիքի անդամների՝ իր մահից ոչ շատ առաջ եղբայր Քլեյնը դեռ նախագահում էր աստվածաշնչյան համարի առավոտյան քննարկումները, որոնցից բոլորն էլ մեծ օգուտներ էին քաղում։
«Դիտարանի» վաղեմի ընթերցողներից շատերը կհիշեն եղբայր Քլեյնի պարզ կենսագրությունը, որը հրատարակվել էր 1984 թ. հոկտեմբերի 1-ի համարում։ Մեծ բավականություն կստանաք՝ ընթերցելով կամ մեկ անգամ ևս աչքի անցկացնելով այդ պատմությունը՝ հաշվի առնելով նաև, որ դրա հեղինակը այն գրի առնելուց հետո ևս մեկուկես տասնամյակ մնացել է նվիրված ու հավատարիմ քրիստոնյա։
Որպես Տիրոջ օծյալ՝ եղբայր Քլեյնը փափագում էր Քրիստոսի հետ իշխել երկնքում։ Բոլոր հիմքերն ունենք՝ վստահ լինելու, որ Եհովան իրականացրել է նրա մեծագույն իղձը (Ղուկաս 22։28–30)։
[նկար 31–րդ էջի վրա]
Կառլը Թ. Սալիվանի, Թեդի և Դորիսի հետ՝ 1943 թ.-ին
[նկար 31–րդ էջի վրա]
Կառլն ու Մարգարիտան՝ 2000 թվականի հոկտեմբերին