Իսկ դուք «ժամանակը ծախու առնո՞ւմ եք»
Պողոս առաքյալը խորհուրդ տվեց հին Եփեսոսում բնակվող քրիստոնյաներին. «Նայեցէք որ զգուշութեամբ քալէք, ո՛չ թէ անմիտներու պէս, հապա իմաստուններու պէս։ Ժամանակը ծախու առէք, վասն զի օրերս չար են» (Եփեսացիս 5։15, 16, Արևմտ. Աստ.)։ Ինչո՞ւմ էր կայանում նման խորհրդի անհրաժեշտությունը։ Այս հարցի պատասխանը գտնելու համար օգտակար կլինի որոշ չափով տեղեկանալ, թե քրիստոնյաներն ինչ պայմաններում էին ապրում այդ վաղեմի քաղաքում։
Եփեսոսը հայտնի էր իր նյութական բարեկեցությամբ, գարշելի անառակություններով, ծանր հանցագործություններով ու տարբեր տեսակի դիվային զբաղմունքներով։ Բայց կար ևս մի բան, որի դեմ այնտեղի քրիստոնյաները ստիպված էին պայքարել՝ ժամանակի վերաբերյալ փիլիսոփայական պատկերացումները։ Հին Եփեսոսում բնակվող ոչ քրիստոնյա հույները չէին ընդունում, որ ժամանակը ուղղագիծ ընթացք ունի։ Հունական փիլիսոփայությունը նրանց սովորեցրել էր, որ կյանքը կրկնվում է անվերջանալիորեն միմյանց հաջորդող փուլերով։ Կյանքի տվյալ փուլում իր ժամանակն անմտորեն վատնող անձնավորությունը ուներ հնարավորություն՝ ամեն բան ետ բերելու հետագայում՝ կյանքի մեկ այլ փուլում։ Նման մտածելակերպը կարող էր իր բացասական ներգործությունը թողնել եփեսացի քրիստոնյաների վրա՝ մղելով նրանց մակերեսային վերաբերմունք ունենալ Եհովայի սահմանած ժամանակային կարգի հանդեպ, այդ թվում նաև՝ դատաստանի օրվա։ Այդ պատճառով էլ շատ տեղին էր «ժամանակը ծախու առնելու» մասին Պողոսի խրատը։
Սակայն, խոսքն այստեղ չի գնում ժամանակի մասին՝ ընդհանուր առմամբ։ Պողոսի կողմից գործածված հունարեն բառն ունի նախատեսված ժամանակի, հատուկ նպատակով տրամադրված ժամանակամիջոցի իմաստը։ Առաջին դարի քրիստոնյաներին նա խորհուրդ էր տալիս ճիշտ ձևով օգտագործել իրենց տրամադրության տակ ունեցած պատեհ ժամանակամիջոցը՝ որպես Աստծո շնորհ, քանի դեռ նրա ողորմությունն ու փրկությունը ստանալու հնարավորությունը առկա էր (Հռովմայեցիս 13։11–13; Ա Թեսաղոնիկեցիս 5։6–11)։
Մենք ապրում ենք նույնպիսի բարեպատեհ ժամանակներում։ Փոխարենը վատնելու այդ անկրկնելի ժամանակը՝ ընտրելով աշխարհի կողմից առաջարկվող վաղանցուկ հաճույքները, քրիստոնյան խելամտորեն կվարվի, եթե այն ծառայեցնի «սուրբ և աստվածապաշտ վարքով» թելադրված գործերի և այդպիսով ամրացնի անձնական փոխհարաբերություններն իր Ստեղծիչի՝ Եհովա Աստծո հետ (Բ Պետրոս 3։11, ԱԹ; Սաղմոս 73։28; Փիլիպպեցիս 1։10)։