Պատմում են Թագավորության քարոզիչները
Եհովան իր ժողովրդին հանգստավայր է տալիս
ԼԵՌԱՆ արահետներում գտնվող ստվերոտ հանգստավայրերը ամենացանկալի տեղերն են հոգնած ճանապարհորդի համար։ Նեպալում նման հանգստավայրերը կոչվում են «չաուտարա»։ Բանյանի (բենգալյան ֆիկուսի) փարթամ ծառերի ստվերների «ստեղծած» «չաուտարաները», որտեղ կարելի է նստել ու հանգիստ առնել, այստեղ հաճախակի են հանդիպում։ «Չաուտարա տնկելը» բարի գործ է համարվում, և բարերարների մեծամասնության անուններն այդպես էլ անհայտ են մնում։
Նեպալից հաղորդվող լուրերը ցույց են տալիս, թե ինչպես է Եհովա Աստված հոգևորապես զովացնում ու ուրախություն պարգևում այս աշխարհից հոգնած «ճանապարհորդներին» (Սաղմոս 23։2)։
• Լիլ Կումարին ապրում է գեղեցիկ Պոկհարա քաղաքում, որտեղից մի հրաշք տեսարան է բացվում դեպի ձյունապատ Հիմալայան լեռները։ Մի ժամանակ ընտանիքի նյութապես անապահով վիճակը բոլորովին անհույս դրության մեջ էր գցել Լիլ Կումարիին։ Եհովայի վկաներից մեկի հետ ծանոթանալուց և Աստվածաշնչի տված պայծառ հույսի մասին տեղեկանալուց հետո խնդրել էր, որ իր հետ Սուրբ Գրքի ուսումնասիրություններ անցկացնեն։
Թեև նրան անչափ դուր էին գալիս այդ պարապմունքները, սակայն հեշտ չէր դիմակայել ընտանիքի խիստ հակառակությանը։ Այնուհանդերձ, Լիլ Կումարին մտադիր չէր դադարեցնել իր ուսումնասիրությունը։ Նա կանոնավորաբար այցելում էր քրիստոնեական հանդիպումներին և կյանքում կիրառում էր սովորածը, հատկապես այն ամենը, ինչ վերաբերում էր իր ամուսնուն որպես ընտանիքի գլուխ ընդունելուն։ Արդյունքում՝ ամուսինն ու մայրը եկան այն եզրակացության, որ Լիլ Կումարիի աստվածաշնչյան ուսումնասիրությունը օգտակար է ողջ ընտանիքի համար։
Լիլ Կումարիի ամուսինն ու նրանց հարազատներից մի քանիսը այժմ նույնպես ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Վերջերս Պոկհարայում անցկացված համաժողովին ներկա էին Լիլ Կումարիի հարազատներից ևս տասնհինգ հոգի։ Ահա թե ինչ է ասում նա. «Մեր տունը իսկական հանգստավայր է դարձել, որովհետև ընտանիքս այժմ միացած է մեկ ճշմարիտ երկրպագության մեջ, իսկ ես մտքի իսկական խաղաղություն եմ գտել»։
• Թեև կաստայական խտրականությունը Նեպալում օրենքով արգելված է, այնուամենայնիվ այն շարունակում է իր ազդեցությունը թողնել մարդկանց կյանքի վրա։ Ուստի, շատերն են ցանկանում իմանալ, թե ինչ է Աստվածաշնչում ասվում հավասարության և անկողմնակալության մասին։ Շնորհիվ աստվածաշնչյան այն սկզբունքի, որ «Աստծու կողմից աչառութիւն չկայ», նեպալցի Սուրա Մայան ու նրա ընտանիքի անդամներն արմատական փոփոխություններ մտցրին իրենց կյանքում։
Սուրա Մայան, կարելի է ասել, արդեն հոգնել էր անարդար կաստայական խտրականության ճնշումներից ու խորապես արմատացած սովորույթների բեռից։ Նա բարեպաշտ կին էր և արդեն տարիներ շարունակ, իր աստվածների պատկերների առջև կանգնած, անդադար խնդրում էր օգնել իրեն։ Սակայն իր աղոթքները միշտ մնում էին անպատասխան։ Մի օր, երբ նա նորից օգնություն էր աղերսում, նրան է մոտենում վեցամյա թոռնուհին՝ Բաբիտան, ու ասում. «Ինչո՞ւ ես այդպես աղաչում կուռքերին, չէ՞ որ նրանք ոչինչ անել չեն կարող»։
Պարզվում է, որ Բաբիտայի մայրը Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների հետ։ Աղջնակը՝ ոգևորված, տատիկին հրավիրում է քրիստոնեական ժողովի հանդիպմանը։ Գալով այնտեղ, Սուրա Մայան զարմացած է մնում՝ տեսնելով տարբեր կաստաների մարդկանց, որոնք առանց նախապաշարմունքների շփվում էին մեկը մյուսի հետ։ Նա անմիջապես խնդրում է, որ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնեն։ Ու թեև դրա համար հարևաններն ու ծանոթները սկսում են նրան հալածել, սակայն դա նրան չի հուսահատեցնում։ Ոչ էլ գրել–կարդալու նրա սահմանափակ կարողությունն է նրան ետ պահում հոգևոր առաջադիմություններ կատարելուց։
Այս դեպքից անցել է արդեն ութ տարի, և Սուրա Մայայի ընտանիքի վեց անդամները, այդ թվում նաև ամուսինն ու երեք որդիները, այսօր Եհովայի վկաներ են։ Սուրա Մայան այսօր լիաժամ ծառայող է (ընդհանուր ռահվիրա) և սիրով օգնում է ուրիշներին էլ ցած դնել իրենց ուսերի ծանր բեռը այն ճշմարիտ հանգստավայրում, որը տալիս է միայն Եհովան։