Ի՞նչը իսկական ազատություն բերեց մայաներին
ՄԱՅԱՆԵՐ. ո՞վ չի լսել նրանց մասին։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Մեքսիկայի Յուկատան թերակղզի՝ զմայլվելու հոյակերտ բուրգերով, որոնք կառուցված են Չիչեն–Իցա և Կոբա քաղաքներում։ Մայաներն աչքի են ընկնում ոչ միայն իրենց ճարտարագիտական գյուտարարությամբ, այլև գրերի ստեղծմամբ, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում ունեցած գիտելիքներով։ Օրինակ՝ նրանք ստեղծել են հիերոգլիֆների բարդ համակարգը, զրո հասկացությունը և 365–օրյա օրացույցը՝ իր ճշգրտումներով, որը նման է նահանջ տարվան։
Հետաքրքիր է, սակայն, որ մայաները բազմաստվածություն են դավանել, օրինակ՝ նրանք երկրպագել են արևի, լուսնի, անձրևի, եգիպտացորենի աստվածներին։ Նրանց քահանաները աստղագուշակներ են եղել։ Երկրպագության մեջ մայաները օգտագործել են խունկ և պատկերներ, նաև ծիսակատարությունների ժամանակ իրենք իրենց հաշմել են, արյուն են թափել, զոհաբերել են մարդկանց՝ բանտարկյալների, ստրուկների և հատկապես երեխաների։
Իսպանական կոնկիստադորները
Երբ 16–րդ դարի սկզբին իսպանացիները եկան այդ երկիր, այսպիսի քաղաքակրթություն հայտնաբերեցին։ Իսպանական կոնկիստադորների (այսպես էին կոչվում իսպանացի նվաճողները) ջոկատները երկու նպատակ ունեին. նոր երկիր նվաճելով՝ հարստություն ձեռք բերել ու մայաներին դավանափոխ անելով՝ կաթոլիկ դարձնել և ազատել բարբարոսական հեթանոսական սովորույթներից։ Կարելի՞ է ասել, որ իսպանացիների նվաճումը իրական ազատություն բերեց մայաներին։
Մայաները անհիշելի ժամանակներից հողերը օգտագործել են տարբեր տեսակի կուլտուրաներ մշակելու համար։ Իսպանացիները, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցին զավթեցին այդ հողերը, որի արդյունքում առաջացան նորանոր խնդիրներ և թշնամանք։ Գաղութարարները նաև հսկողության տակ վերցրին խոր ջրհորները, որոնք Յուկատան թերակղզում ջրի հիմնական աղբյուրն էին։ Իրավիճակն ավելի բարդացավ, երբ չնայած պետական հարկերին՝ եկեղեցին մայաներից պահանջեց տարեկան գլխահարկ. յուրաքանչյուր տղամարդ պետք է վճարեր 12 ու կես ռեալa, իսկ յուրաքանչյուր կին՝ 9 ռեալ։ Իսպանացի կալվածատերերը անարդարացիորեն էին վարվում. սկզբում մայաների փոխարեն՝ նրանք էին վճարում եկեղեցու հարկը, իսկ հետո ստիպում էին վերջիններիս անդադար աշխատել և պարտքը մարել։ Այսպես մայաներին իրենց ստրուկն էին դարձնում։
Քահանաները փող էին կորզում մայաներից այնպիսի կրոնական արարողությունների համար, ինչպիսիք են՝ մկրտությունը, ամուսնությունը և թաղումը։ Մայաների հողը զավթելով, գլխահարկ և այլ արարողությունների դիմաց փող պահանջելով՝ եկեղեցին ի վերջո հարստացավ։ Հոգևորականները և իշխանություն ունեցող մարդիկ մայաներին համարում էին սնոտիապաշտ և տգետ։ Այդ պատճառով, երբ մտրակում էին նրանց, արդարանում էին, թե դաստիարակելու և սնոտիապաշտությունից ազատելու նպատակով են դա անում։
Կաստայական պատերազմ
Սկզբում մայաները չէին վճարում եկեղեցու հարկը, թույլ չէին տալիս, որ երեխաները հաճախեն կրոնական դասընթացների, հեռու էին պահում կատեխեզիսներից [կրոնական ձեռնարկ] և հրաժարվում էին պլանտացիաներում աշխատելուց։ Արդյունքում նրանց հետ սկսեցին ավելի դաժան վերաբերվել։ Իսպանիայի տիրապետությունից մոտ 300 տարի անց՝ 1 847 թ.–ին, մայաները ըմբոստացան «սպիտակամորթների» դեմ, և այսպիսով սկսվեց Կաստայական պատերազմը։
Ըմբոստության առաջնորդները հավաքվեցին մի սրբավայրում, որը կոչվում էր «Խոսող խաչ»։ Այստեղ որովայնախոսը խաչի միջոցով քարոզում էր կռվել մինչև արյան վերջին կաթիլը։ Մայաների համար այդ պատերազմը ողբերգական հետևանքներ ունեցավ։ 1853 թ.–ին, երբ այն պաշտոնապես ավարտվեց, Յուկատանում ապրող մայաների մոտ 40 տոկոսն արդեն սպանված էր։ Այդուհանդերձ, թշնամական վերաբերմունքը շարունակվեց 55 տարի։ Մայաներին ի վերջո հաջողվեց ազատագրվել իսպանացիների լծից, և նրանք իրենց մեջ արդարացիորեն բաժանեցին հողատարածքները։ Իսկ ի՞նչ կարելի է ասել կրոնական ազատության մասին։
Իրական ազատություն չկա
Ո՛չ դավանափոխությունը, ո՛չ էլ կաստայական պատերազմը իրական ազատություն չբերեցին մայաներին։ Այսօր նրանք դավանում են սինկրետիկ կրոն, որն իր մեջ ներառում է իսպանական ազգային սովորույթներն ու կաթոլիկական ավանդությունները։
Մի գրքում մայաների մասին հետևյալն է ասվում. «Մայաները դաշտերում, քարանձավներում և լեռներում երկրպագում են բնության աստվածներին ու իրենց նախնիներին.... և միևնույն ժամանակ եկեղեցում երկրպագում են սրբերին» («Մայաներ. 3 000 տարվա քաղաքակրթություն», անգլ.)։ Օրինակ՝ իրենց Կուկուլկան աստվածը համազոր է Հիսուսին, լուսնի աստվածուհին՝ կույս Մարիամին։ Իսկ սեյբա տեսակի սուրբ ծառի երկրպագությունը փոխարինվել է խաչի երկրպագությամբ, որի վրա Հիսուսին չեն պատկերում, այլ զարդարում են սեյբա ծառի ծաղիկներով։ Նրանք ջրում են խաչը՝ այն համարելով կենդանի ծառ։
Իրական ազատություն
Վերջին տարիներին Մեքսիկայում Եհովայի վկաները մեծածավալ աշխատանք են կատարում. նրանք Աստվածաշնչի ճշմարտությունները սովորեցնում են մայաներին։ Աստվածաշնչային գրականություն է տպագրվում մայաների մայրենի լեզվով, ինչն էլ օգնում է նրանց հասկացողություն ձեռք բերելու Աստծու նպատակների մասին։ Ինչպիսի՞ն են արդյունքները։ Այսօր մոտ 6 600 մայաներ, որոնք քարոզում են Թագավորության բարի լուրը, ծառայում են 241 ժողովներում։ Իսկ հեշտությա՞մբ հրաժարվեցին մայաները իրենց ավանդական սովորույթներից։
Շատ անկեղծ մայաներ պայքարել են ճշմարտությունը ընդունելու համար։ Մարսելինոն և իր կինը՝ Մարգարիտան, իրենց նախանձախնդիր կաթոլիկներ էին համարում։ Ամեն տարի նրանք պատվում էին խաչին, եկեղեցուց այն տանում էին իրենց տուն, անասնական զոհեր էին մատուցում, իսկ հետո զոհաբերված կենդանիներն ուտում էին բարեկամների և ընկերների հետ։ Երբ նրանց այցելեցին Եհովայի վկաները, նրանք սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ամուսինները պատմում են. «Մենք հասկացանք, որ այն, ինչ սովորում ենք, ճշմարտություն է, բայց մտածում էինք, որ եթե հրաժարվենք մեր նախկին հավատալիքներից, ոգիները կհալածեն մեզ»։ Այդուհանդերձ, նրանք շարունակեցին իրենց ուսումնասիրությունը։ Մարսելինոն ասում է. «Կամաց–կամաց ճշմարտությունը հասավ մեր սրտին։ Դա մեզ քաջություն տվեց, որ ընտանիքի անդամների և ընկերների հետ խոսենք այն ամենի մասին, ինչ սովորել ենք։ Այժմ շատ ուրախ ենք, որ ազատվել ենք սնոտիապաշտական հավատալիքներից, որոնց գերին էինք դարձել։ Միայն ափսոսում ենք, որ ավելի շուտ չենք սկսել ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Հիմա ցանկանում ենք շատ ժամանակ տրամադրել ուրիշներին Աստվածաշնչի հիասքանչ ճշմարտությունները սովորեցնելու համար»։
73–ամյա Ալֆոնսոն ջերմեռանդ կաթոլիկ էր։ Իր քաղաքում նա կրոնական փառատոններ էր կազմակերպում, որին մասնակցում էին մեծ թվով մարդիկ։ Փառատոնի ժամանակ մարդիկ պարում էին, իսկ բոլոր ներկաներին ուտելիք ու խմիչք էր մատուցվում։ Նաև ցլամարտեր էին անցկացվում։ Ալֆոնսոն ասում է. «Միանգամայն բնական էր ակնկալել, որ այս փառատոնների վերջում մարդիկ հարբելու են և ամեն ինչ ավարտվելու է ծեծկռտուքով։ Թեև հաճույք էի ստանում փառատոններից, սակայն զգում էի, որ իմ կրոնի մեջ ինչ–որ բան պակասում է»։ Երբ Եհովայի վկաները քարոզեցին նրան, Ալֆոնսոն սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Չնայած վատառողջությանը՝ հաճախում էր Թագավորության սրահում անցկացվող ժողովի հանդիպումներին։ Հիմա նա չի հետևում նախկին կրոնական սովորություններին և ամեն առիթի դեպքում պատմում է իր նոր կրոնի մասին այն մարդկանց, ովքեր գալիս են տեսակցության։
Սրանք մի քանիսն են այն բազում անկեղծ մայաներից, ովքեր կրոնական ազատություն են վայելում։ Յուկատանի հոյակերտ բուրգերը կառուցողների ժառանգները դեռ ապրում են այստեղ։ Նրանք խոսում են նույն լեզվով, ապրում են այնքան երկար, որքան իրենց նախնիները, և բնակվում են արմավենու ճյուղերից հյուսված տներում։ Նրանք շարունակում են ավանդական հողագործական մեթոդով մշակել տարբեր կուլտուրաներ, օրինակ՝ եգիպտացորեն, բամբակ։ Սակայն այժմ Աստծու Խոսքի ճշմարտությունը բազում մայաների ազատել է կեղծ կրոնի և սնոտիապաշտության «ստրկությունից»։ Նրանք անչափ գնահատում են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ճշմարտությունը կիմանաք, ու ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։
[ծանոթագրություն]
a Ռեալը իսպանացիների դրամական միավորն է եղել։
[Քարտեզ 13–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Մայաների հնագույն քաղաքակրթության տարածքը
Մեքսիկական ծոց
ՄԵՔՍԻԿԱ
Յուկատան թերակղզի
Չիչեն–Իցա
Կոբա
ԲԵԼԻԶ
ԳՎԱՏԵՄԱԼԱ
ՀՈՆԴՈՒՐԱՍ
ՍԱԼՎԱԴՈՐ
[նկար 13–րդ էջի վրա]
Ավերակներ Չիչեն–Իցայում
[նկար 15–րդ էջի վրա]
Մարսելինոն և իր կինը քարոզում են բարի լուրը