Հավիտյան երջանիկ կյանք. երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա
ԱՐԴՅՈ՞Ք մարդու երջանկությունը գլխավորապես կախված է նրա բնակության վայրից։ Շատերն առանց վարանելու ընդունում են, որ մարդու երջանկությունն ավելի շատ կախված է լավ առողջությունից, կյանքի նպատակներից և ուրիշների հետ հաճելի փոխհարաբերություններ ունենալուց։ Աստվածաշնչի առակներից մեկում այդ առնչությամբ հետևյալն է ասվում. «Լաւ է խոտեղէն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով» (Առակաց 15։17)։
Ցավոք, այսօր մեր երկրային բնակարանը ատելությամբ, բռնությամբ և այլ տեսակի չարությամբ լի պատմություն ունի։ Իսկ ի՞նչ կարելի է ասել երկնքի կամ հոգևոր ոլորտի մասին, ուր մարդիկ փափագում են գնալ մահից հետո։ Արդյոք երկինքը միշտ եղել է երջանիկ ու խաղաղ մի վա՞յր՝ ամեն տեսակ անկարգությունից զերծ, ինչպես թվում է շատերին։
Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ Աստված բնակվում է երկնքում և նրա հետ միասին՝ «հրեշտակներ» կոչված միլիոնավոր ոգեղեն արարածներ (Մատթէոս 18։10; Յայտնութիւն 5։11)։ Նրանք նկարագրված են որպես ‘Աստծո որդիներ’ (Յոբ 38։4, 7)։ Ինչպես մարդիկ, հրեշտակները ևս ունեն ազատ բարոյական իրավունքներ. նրանք ռոբոտներ չեն։ Այստեղից հետևություն. հրեշտակները նույնպես կարող ենք ընտրություն անել ճշտի ու սխալի միջև։ Հնարավո՞ր է, որ նրանք ընտրեն սխալ ընթացքը։ Գուցե ոմանք անակնկալի գան՝ իմանալով, որ հազարավոր տարիներ առաջ բավականին մեծ թվով հրեշտակներ հենց այդպես են վարվել։ Այո՛, նրանք մեղք են գործել Աստծո դեմ. ապստամբել են նրա դեմ (Յուդա 6)։
Ապստամբները երկնքում
Մեղքը երևան եկավ հոգևոր ոլորտում մի ապստամբ հրեշտակի կողմից, որը կոչվեց Սատանա (Հակառակորդ) և Բանսարկու (Զրպարտիչ)։ Մի ժամանակ հնազանդ այս հրեշտակն իր կամքով ընտրեց սխալ ընթացքը։ Ապա նա վատ ազդեցություն բանեցրեց ուրիշ ոգեղեն արարածների վրա, և արդյունքը եղավ այն, որ Նոյի օրերում՝ Ջրհեղեղից առաջ, նրանք միացան Սատանային ու նույնպես հակառակվեցին Աստծուն (Ծննդոց 6։2; Բ Պետրոս 2։4)։
Այս ընկած հրեշտակներն անմիջապես չվտարվեցին երկնքից։ Դեռ ավելին, նրանց, ըստ երեվույթին որոշակի սահմանափակումներով, թույլ էր տրված ելումուտ անել երկինք հազարավոր տարիների ընթացքում։a Բայց դադարելով հանդուրժել այս չարագործներին՝ Եհովան նրանց ‘վայր գցեց’ (ԱԹ) երկնքից, որպեսզի վերջիվերջո բնաջնջվեն։ Ապա երկնքից մի ձայն լսվեց, որն ասաց. «Դրա համար թող ուրախ լինի երկինքը եւ բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ» (Յայտնութիւն 12։7–12)։ Ակնհայտորեն, հավատարիմ հրեշտակները մեծապես ցնծացին, որ վերջապես երկինքը մաքրվեց այդ սարսափելի խռովարարներից։
Քննարկման ենթարկելով այս մանրամասնությունները, որոնց մասին ընդհանուր առմամբ քիչ բան է հայտնի՝ ակնհայտ է դառնում, որ իսկական խաղաղություն գոյություն չի կարող ունենալ, երբ գիտակից արարածները մերժում են Աստծո օրենքներն ու սկզբունքները (Եսայիա 57։20, 21; Երեմիա 14։19, 20)։ Բայց եթե բոլորը հնազանդվեն Աստծո օրենքներին, ամենուրեք խաղաղություն ու հանդարտություն կտիրի (Սաղմոս 119։165; Եսայիա 48։17, 18)։ Ուրեմն, եթե բոլոր մարդիկ սիրեն ու հնազանդվեն Աստծուն, նաև սեր ցուցաբերեն միմյանց հանդեպ, արդյոք երկիրը հաճելի և երջանկությամբ լի բնակավայր չի՞ լինի։ Ըստ Աստվածաշնչի՝ անշուշտ, կլինի՛։
Իսկ ի՞նչ ասել նրանց մասին, ովքեր եսասիրաբար մերժում են փոխել իրենց սխալ ընթացքը։ Մի՞թե այդպիսի մարդիկ միշտ խափանելու են նրանց խաղաղությունը, ովքեր իսկապես ցանկանում են կատարել Աստծո կամքը։ Բոլորովի՛ն. Աստված հաշվեհարդար տեսավ երկնային չար հրեշտակների հետ. նա կարող է դատաստան տեսնել նաև երկրի վրա ապրող չար մարդկանց հետ։
Մաքրված երկիր
«Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը»,— ասում է Աստված (Եսայիա 66։1)։ Լինելով սրբության մարմնացում՝ Աստված թույլ չի տա, որ իր «ոտքերի պատուանդանը» անվերջ ապականվի չարի կողմից (Եսայիա 6։1–3; Յայտնութիւն 4։8)։ Աստված ինչպես երկինքը մաքրեց չար ոգիներից, այնպես էլ երկիրը կմաքրի ամբարիշտ մարդկանցից, ինչպես ցույց են տալիս Աստվածաշնչի հետևյալ հատվածները.
«Չարերը կ’սատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կ’ժառանգեն» (Սաղմոս 37։9)։
«Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կը մնան նորանում։ Իսկ անզգամները բնաջինջ կ’լինեն երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից» (Առակաց 2։21, 22)։
«Արդար է Աստծու առաջ, որ ձեզ նեղողներին նեղութիւն հատուցուի, իսկ ձեզ՝ նեղութիւն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից՝ իր հրեշտակների զօրքով՝ կրակի վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին. նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից» (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9)։
«Թէ՛ [չար մարդկանց] այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։
Կհարատևի՞ խաղաղությունը Երկրի վրա
Թեպետ Գրությունները հստակորեն ցույց են տալիս, որ չարության առնչությամբ Աստծո համբերության բաժակը մի օր կլցվի, ինչպե՞ս վստահ լինել, որ չարությունը մեկ անգամ ոչնչացվելուց հետո դարձյալ երևան չի գա։ Մեզ հայտնի է, որ Նոյի օրերի Ջրհեղեղից հետո չարությունն այն աստիճանի տարածվեց երկրի վրա, որ անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի Աստված, մարդկանց լեզուները խառնակելով, խափանի նրանց չար մտադրությունները (Ծննդոց 11։1–8)։
Մենք կարող ենք հաստատ համոզված լինել, որ չարությունը դարձյալ չի հայտնվի՝ դատելով այն բանից, որ երկիրն այլևս չի կառավարվի մարդկանց կողմից, ինչպես պատահեց Ջրհեղեղից հետո։ Երկիրը կառավարվելու է Աստծո Թագավորության կողմից։ Այս Թագավորությունը երկնքից իր իշխանությունը կբանեցնի՝ որպես միակ կառավարություն (Դանիէլ 2։44; 7։13, 14)։ Այն անհապաղ քայլեր ձեռք կառնի բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն վերստին չարություն տարածել երկրի վրա (Եսայիա 65։20)։ Թագավորությունն ի վերջո կոչնչացնի չարության սկզբնաղբյուրին՝ Բանսարկու Սատանային, և դևերին՝ նրան հետևած չար հրեշտակներին (Հռովմայեցիս 16։20)։
Բացի դա, մարդկանց այլևս չի մտահոգի կերակուր, հագուստ, բնակարան և աշխատանք ունենալու խնդիրը, որոնց պակասն այսօր ոմանց մղում է հանցագործ կյանքի ուղուն։ Այո՛, ամբողջ երկիրը կվերածվի պտղաբեր դրախտի, որտեղ բոլոր մարդկանց կարիքները կգոհացվեն (Եսայիա 65։21–23)։
Առավել կարևոր է այն, որ Թագավորությունն իր հպատակներին կսովորեցնի խաղաղությամբ ապրել և, միևնույն ժամանակ, կառաջնորդի նրանց կատարելության (Յովհաննէս 17։3; Հռովմայեցիս 8։21)։ Դրանից հետո մարդիկ այլևս չեն պայքարի տկարությունների և մեղքի հակվածության դեմ։ Լինելով կատարյալ՝ մարդիկ ի վիճակի կլինեն բացարձակ հնազանդություն ցույց տալ Աստծո հանդեպ և դա անել ուրախությամբ, ինչպես կատարյալ մարդ Հիսուսն արեց (Եսայիա 11։3)։ Մենք գիտենք, որ Հիսուսը հավատարիմ մնաց Աստծուն նույնիսկ սաստիկ հալածանքի և չարչարանքի հանդիպելիս. իսկ հալածանքն ու չարչարանքը գոյություն չեն ունենա Դրախտում (Եբրայեցիս 7։26)։
Ինչո՛ւ են ոմանք երկինք գնում
Աստվածաշունչն ընթերցող շատ մարդիկ տեղյակ են Հիսուսի հետևյալ խոսքերին. «Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. ....գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու» (Յովհաննէս 14։2, 3)։ Արդյոք այս խոսքերը հակասո՞ւմ են դրախտ–երկրի վրա հավիտենական կյանքի մասին գաղափարին։
Ո՛չ, այդ ուսուցումներն իրար չեն հակասում։ Իրականում, դրանք լրացնում են միմյանց։ Նախևառաջ, Աստծո Խոսքն արձանագրում է, որ միայն սահմանափակ թվով՝ 144 000 հավատարիմ քրիստոնյաներ են երկինք համբարձվում՝ որպես ոգեղեն արարածներ՝ երկնքում բնակվելու։ Իսկ ի՞նչ նպատակով են նրանք ստանում այս հրաշալի պարգևը։ Քանի որ նրանք կազմում են այն խումբը, որը երևաց Հովհաննեսին տեսիլքում. նրանք «կեանք ստացան ու թագաւորեցին Քրիստոսի հետ հազար տարի» (Յայտնութիւն 14։1, 3; 20։4–6)։ Եթե այս 144 000–ին համեմատենք երկրի միլիարդավոր մարդկանց հետ, իսկապես նրանք «փոքրի՛կ հօտ» են (Ղուկաս 12։32)։ Այդ քրիստոնյաներն անձամբ հաղթահարել են նույն խնդիրները, ինչ որ մարդիկ են հաղթահարում այսօր, ուստի, Հիսուսի նման նրանք կկարողանան «չարչարակից լինել մեր տկարութեանը»՝ մարդկանց և երկիրը կատարելության առաջնորդելիս (Եբրայեցիս 4։15)։
Երկիրը՝ որպես մարդկության հավիտյան բնակարան
Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը հայթայթելով՝ մոտավորապես 2 000 տարի առաջ Աստված սկսեց հավաքել 144 000 քրիստոնյաներին, և հիմքեր կան ընդունելու, որ այս խմբի հավաքն այսօր արդեն վերջացել է (Գործք 2։1–4; Գաղատացիս 4։4–7)։ Այնուամենայնիվ, Հիսուսի զոհաբերությունը միայն այս 144 000 հոգու մեղքերի համար չտրվեց, «այլեւ՝ ամբողջ աշխարհի» (Ա Յովհաննէս 2։2)։ Այստեղից հետևություն. Հիսուսի հանդեպ հավատ դրսևորողները հավիտենական կյանքի հեռանկար ունեն (Յովհաննէս 3։16)։ Նրանք, ովքեր այժմ գերեզմաններում են, սակայն կենդանի են Աստծո հիշողության մեջ, հարություն կառնեն, բայց ոչ թե երկնային կյանքի համար, այլ՝ մաքրված երկրում ապրելու (Ժողովող 9։5; Յովհաննէս 11։11–13, 25; Գործք 24։15)։ Իսկ ի՞նչ է սպասում նրանց այնտեղ։
Յայտնութիւն 21։1–4-ը պատասխանում է այդ հարցին. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. ....եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»։ Հապա պատկերացրեք... մարդիկ հավիտյան ազատված են մահվան ճանկերից, հիվանդություն և լաց այլևս չկա։ Վերջիվերջո, երկրի և մարդկության նկատմամբ Եհովայի սկզբնական նպատակը կհասնի իր փառահեղ կատարմանը (Ծննդոց 1։27, 28)։
Կյանք թե մահ՝ ընտրությունը մեր ձեռքում է
Ադամին ու Եվային երկինք գնալու ընտրություն երբեք տրված չի եղել։ Նրանց ընտրությունն էր՝ կամ Աստծուն հնազանդվել և երկրային դրախտում հավիտյան ապրել, կամ չհնազանդվել և մահանալ։ Ցավալի է, բայց նրանք ընտրեցին անհնազանդ գտնվելը և արդյունքում՝ դարձան դեպի «հողը» (Ծննդոց 2։16, 17; 3։2–5, 19)։ Մարդկության համար Եհովայի նպատակը բոլորովին էլ չի եղել այն, որ մարդը մահանար և գերեզմանի միջով տեղափոխվեր երկինք։ Երկնքում բնակվելու համար Աստված ստեղծել է միլիարդավոր հրեշտակների. այս ոգեղեն արարածները նախկինում մահացած և երկինք համբարձված մարդիկ չեն (Սաղմոս 104։1, 4; Դանիէլ 7։10)։
Ի՞նչ է հարկավոր անել երկրային Դրախտում հավիտյան ապրելու օրհնությունը ստանալու համար։ Առաջին քայլը՝ Աստծո Խոսքը՝ Սուրբ Գրությունները ուսումնասիրելն է։ «Յաւիտենական կեանքը այս է,— ասաց Հիսուսն իր աղոթքում,— որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։
Դրախտ–երկրում հավիտյան երջանկություն վայելելու համար հաջորդ անհարժեշտ քայլը՝ այդ ստացված գիտելիքները կիրառելն է (Յակոբոս 1։22–24)։ Աստծո Խոսքի հետ ներդաշնակ կյանք վարող անհատները կարող են իրենց աչքերով տեսնել հուզիչ մարգարեությունների կատարումը, ինչպես օրինակ, Եսայիա 11։9–ում արձանագրվածը, որտեղ կարդում ենք. «Նրանք [մարդիկ] չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը»։
[ծանոթագրություն]
a Քննարկելու համար այն հարցը, թե ինչո՛ւ է Աստված հանդուրժել չարությունը երկնքում և երկրի վրա, տե՛ս «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, էջ 70–79՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից։
[նկարներ 7–րդ էջի վրա]
«Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։