Մի՞թե երկիրը պարզապես փորձադաշտ է
ԻՆՉՊԻՍԻ՜ սփոփանք... Նա հանձնեց։ Երկշաբաթյա լարված քննություններից հետո ուսանողուհին վերջիվերջո լավ գնահատականներով դիպլոմ ստացավ։ Այժմ նա կարող էր անցնել մի աշխատանքի, որի մասին վաղուց էր երազում։
Շատերը նման կերպ են գնահատում կյանքը երկիր մոլորակի վրա։ Նրանք կարծում են, որ երկրային կյանքը նախապատրաստական փորձ է, և այդ փորձին պետք է բոլորը ենթարկվեն։ Փորձն «անցնողներին» հանդերձյալ կյանքում երանություն է սպասում։ Իհարկե ցավալի կլիներ, եթե ներկայիս կյանքը՝ շատերի համար ընդամենը իրենց գոյությունը պահպանելը, լիներ լավագույնը, որը կարող են ակնկալել մարդիկ։ Չնայած որ աստվածաշնչյան կերպարներից մեկը՝ Հոբը, իր կյանքի մեծ մասն անցկացրեց հարստության մեջ և ֆիզիկապես առողջ վիճակում, սակայն նա նկատեց. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։
Արտացոլելով շատերի մտածելակերպը՝ «Նոր կաթոլիկական հանրագիտարանը» նշում է. «Աստված մարդուն ստեղծել է երկնային փառքի հասնելու համար։ ....Երջանիկ կյանքով մարդը կարող է ապրել միայն երկնքում»։ Վերջերս Քրիստոսի եկեղեցի ուղղության կողմից Միացյալ Նահանգներում հարցում անցկացվեց, որի ժամանակ պարզվեց, որ հարցման մասնակիցների 87 տոկոսը հավատում է, որ մահից հետո երկինք է գնալու։
Բազում ոչ–քրիստոնյա անհատներ նույնպես հույսեր են փայփայում՝ մահից հետո երկրից ավելի լավ բնակավայր տեղափոխվելու։ Մահմեդականներն, օրինակ, կարծում են, թե երկնային դրախտ են գնալու։ Չինաստանում և Ճապոնիայում տարածում գտած բուդդայականության «Մաքուր երկիր» ուղղության հետևորդները հավատում են, որ, «բարձրագույն պայծառացման»՝ Բուդդայի «Ամիթաբհա» անունն անընդմեջ կրկնելով, կվերածնվեն «մաքուր երկրում»՝ արևմտյան դրախտում, որտեղ նրանք երջանկություն կվայելեն։
Հետաքրքրական է, որ աշխարհի ամենաշատ լեզուներով թարգմանված և մեծ տարածում գտած Սուրբ գիրքը՝ Աստվածաշունչը, երկրի մասին չի խոսում որպես մի վայրի, որտեղից փախչել է պետք, և այն չի ներկայացնում որպես ավելի լավ կյանք տեղափոխվելու սանդուղք։ Օրինակ՝ այն ասում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։ Աստվածաշնչում կարելի է նաև գտնել Հիսուսի հանրաճանաչ խոսքերը. «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթէոս 5։5)։
Ըստ ընդունված տեսակետի՝ եթե երկիրը մեզ համար ժամանակավոր բնակավայր է, ուրեմն մահը երջանիկ, հանդերձյալ կյանքի ուղի է։ Եթե իրոք այս տեսակետը կշիռ ունի, ապա մահը օրհնություն պետք է համարել։ Բայց արդյո՞ք մարդիկ մահն այդպես են նկատում, թե՞ փորձում են երկարացնել իրենց երկրային կյանքը։ Կյանքի փորձը ցույց է տվել, որ մարդիկ բավարար չափով առողջ և ապահովված լինելու դեպքում չեն ուզում մահանալ։
Այնուամենայնիվ, քանի որ այսօր երկրի վրա կյանքը լի է չարությամբ ու տառապանքով, շատերի մտքում երկինքը մնում է միակ վայրը, որտեղ կարելի է խաղաղություն և երջանկություն գտնել։ Բայց արդյո՞ք երկինքն իրականում երջանկության ու խաղաղության վայր է՝ չարությունից ու աններդաշնակությունից զերծ։ Արդյո՞ք մահից հետո կյանք ստանալ կարելի է միայն երկնային ոլորտում։ Գուցե ձեզ զարմացնեն այս հարցերի վերաբերյալ Աստվածաշնչի պատասխանները։ Եկեք տեսնենք։