Արժե՞ մաքսիմալիստ լինել
Ջանո՞ւմ եք ամեն կերպ հասնել հնարավորին չափ լավագույն արդյունքների։ Իհարկե, նման վերաբերմունքը շատ հարցերում կարող է օգտավետ լինել թե՛ ձեզ, և թե՛ ձեր շուրջը գտնվող մարդկանց համար։ Սակայն ոմանք, ծայրահեղությունների մեջ ընկնելով, դարձել են մաքսիմալիստ։ Տեսնենք, թե ի՞նչ է դա իրենից ներկայացնում։
ՀԱՄԱՁԱՅՆ մի բառարանի՝ «մասքիմալիզմ» բառը ունի «պահանջների չափազանցում» իմաստը։ Հավանաբար, հանդիպած կլինեք այդպիսի հակում ունեցող մարդկանց։ Եվ նկատած կլինեք, որ չափազանց բարձ պահանջներ ներկայացնելը բազում խնդիրների պատճառ է դառնում՝ անբավարարվածության և հուսահատության զգացում առաջացնելով։ Հավասարակշռված տեսակետ ունեցող շատ անհատներ գտնում են, որ կյանքի բոլոր մարզերում չափից ավել և անհիմն պահանջկոտությունը անցանկալի հատկություն է, որի դեմ հարկավոր է պայքարել։ Այնուհանդերձ, խնդիրը կայանում է նրանում, որ, երբ խոսքը մեզ է վերաբերվում, գուցե դժվարանանք ընդունել այդպիսի մտածելակերպի կամ հակվածության առկայությունը, ուստիև այն զսպելը թերևս իրենից դժվարություն ներկայացնի։
Բերենք Նելսոնի օրինակը, որը խիստ պատասխանատու դիրքի տեր մարդ է և լուծելու շատ խնդիրներ ունի։ Նա մշտապես վերլուծության է ենթարկում վիճակագրական տվյալները, և նրա ուղեղում հիմնականում տեղ են զբաղեցնում արդյունաբերության ոլորտին վերաբերող հարցերը։ Իրոք որ, հաջողության հասնելու համար ծայրահեղ պահանջներ ներկայացնելը հաճախ է անհրաժեշտություն համարվում աշխատանքի շուկայում. մի բնագավառ, որտեղ առկա է մրցակցության ոգին։ Թեպետ հնարավոր է, որ ոմանք գնահատանքով վերաբերվեն Նելսոնին՝ իր գործունյա և եռանդուն լինելու համար, սակայն, մյուս կողմից, ծայրահեղ պահանջկոտությունը արդեն ֆիզիկական դժվարությունների՝ գլխացավերի, լարվածության պատճառ է դարձել։ Գուցե ընդհանուր նմանությո՞ւն եք տեսնում ձեր և նրա միջև։
Ծայրահեղ պահանջկոտության դրսևորումները այսօր նկատվում են նաև երիտասարդների շրջանում։ Նման մտածելակերպի տեր երիտասարդուհիներից է Ռիո դե Ժանեյրոյում բնակվող Րիտա անունով մեկը։ Դպրոցական տարիներին նա միշտ փորձում էր խուսափել փառասեր երևալուց, բայցև, միաժամանակ, ընկճվում էր, երբ բարձր գնահատականներ չէր ստանում։ Նա պատմում է. «Մանկուց ինքս ինձ մտովի համեմատել եմ այն մարդկանց հետ, որոնք իրենց տրամադրության տակ շատ ազատ ժամանակ են ունեցել։ Ինչ–որ գործ կատարելիս ես միշտ ինձ ընկճված ու ճնշված եմ զգացել։ Երբեք լիարժեք հանգստության զգացում չեմ ապրել, քանի որ միշտ էլ անելու բան եղել է»։
Մեկ ուրիշ օրինակ. փոքրիկ Մարիան լաց էր լինում, երբ նրան չէր հաջողվում ուրիշների պես նկարել։ Բացի այդ, նա ձգտում էր երաժշտության բնագավառում հասնել փայլուն հաջողությունների, սակայն հաճախ նյարդայնանում ու անհանգստանում էր՝ փոխանակ բավականություն ստանալու իր կատարումից՝ լիներ դա երգել, թե՝ նվագել։ Իսկ Տանյա անունով մի բրազիլացի աղջիկ, որն աշխատում էր լինել զգույշ և խուսափում էր մրցակցության ոգի դրսևորելուց, խոստովանում է, որ, այդուհանդերձ, նա իր առաջ չափազանց բարձր պահանջներ էր դնում թե՛ դպրոցում, և թե՛ տանը։ Նա կարծում էր, որ, մինչև իր գործն անթերի չաներ, մարդիկ իրեն չէին գնահատի։ Երբեմն Տանյան ուրիշներից էլ ակնկալում էր պետք եղածից ավելին և արդյունքում հիասթափություն ու ցավ ապրում։
Թեև կարևոր է ունակ ու ջանասեր լինելը, ինչպես նաև բավարարվածության զգացում ունենալը, սակայն անհասանելի նպատակներ հետապնդելը կարող է այնպիսի բացասական զգացումներ առաջ բերել, ինչպիսին անհաջողություն կրելու վախն է։ Երբեմն պատահում է, որ ծնողները կամ այլ անձինք երեխաներին դպրոցական առաջադրանքները կատարելու կամ սպորտի հարցում չափազանց մեծ պահանջներ են ներկայացնում, իսկ վերջիններս տագնապում են զգալով, որ ի վիճակի չեն բավարարել դրանք։ Նման սպասելիքներ ուներ իր որդուց Ռիկարդոյի մայրը։ Նա ցանկանում էր, որ իր տղան դառնար բժիշկ, միաժամանակ դաշնամուր նվագեր, նաև տիրապետեր մի քանի լեզուների։ Չե՞ք կարծում, որ այդ աստիճանի պահանջներ ներկայացնելն ինքնին ծայրահեղություն է և բազում խնդիրների ու հիասթափությունների պատճառ կարող է դառնալ։
Ինչո՞ւ խուսափել չափազանց պահանջկոտ լինելուց
Բացարձակ ճշգրտությամբ և հմտորեն կատարված բարձրորակ աշխատանքը, ինչ խոսք, արժեքավոր է. մի հանգամանք, որը աշխատանքի շուկայում մրցակցության է դրդում բազմաթիվ մարդկանց։ Ապրելու վերջին միջոցը կորցնելու վախը մարդկանցից գնալով ավելի շատ ջանքեր է պահանջում։ Որոշ աշխատողների կարելի է համեմատել մարզիկի հետ, որը ամեն զոհողության պատրաստ է, միայն թե նոր ռեկորդ սահմանի։ Բայց ուժեղ մրցակցության հանդիպելուց հետո նա գուցե ստիպված լինի ավելի շատ մարզվել, թերևս քիմիական նյութեր է ընդունել՝ հույս ունենալով հաղթանակը այդ ձևով շահել։ Մի գրքում ասվում է, որ երբ որևէ մեկը, բնականոն ընթացքով կատարելության ձգտելու փոխարեն, իր առջև չափազանց բարձր պահանջներ է դնում, դա պատճառ է դառնում «անհաջողություն կրելու վախով» ապրելու կամ էլ «միշտ առաջինը լինելու» («The Feeling Good Handbook»)։
Ճիշտ է, ոմանց թվում է, թե մշակույթի կամ սպորտի բնագավառում կարելի է անվերջ կատարելագործվել։ Սակայն, ըստ դոկտոր Ռոբերտ Ս. Էլիոթի, «մաքսիմալիզմը ցանկալիին հասնելու ապարդյուն ձգտումն է»։ Նա նաև ավելացնում է. «Այն մեղավորության զգացում, նաև ինքնապաշտպանության ու ծաղրանքի ենթարկվելու վախ է առաջացնում»։ Ուստի, որքա՜ն ճշմարիտ են իմաստուն Սողոմոն թագավորի խոսքերը. «Ես տեսայ բոլոր աշխատութիւնը եւ բոլոր յաջող գործքը, որի համար մարդս նախանձում է իր ընկերին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք» (Ժողովող 4։4)։
Ի՞նչ քայլի կարող եք դիմել, եթե զգում եք, որ չափազանցնում եք ձեր պահանջները։ Որքան շատ եք ջանք թափում, այնքան ավելի՞ եք հիասթափվում։ Կցանկանայի՞ք լինել նվազ պահանջկոտ և ավելի մեղմ անձնավորություն, քան իրականում եք։ Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում կատարյալ լինել։ Չէի՞ք ցանկանա պահանջներ ներկայացնելու հարցում ավելի զուսպ լինել և, միևնույն ժամանակ, օգտագործել ձեր ունեցած հնարավորությունները։ Եթե անկատար մարդիկ կարող են օգտագործել իրենց աստվածատուր կարողությունները և ի շահ ուրիշների նոր գաղափարներ առաջ քաշել, ապա որքա՜ն ավելի հզոր գործեր կկատարի մարդկությունը կատարյալ պայմանների և Աստծո ղեկավարության ներքո։
[նկար 4–րդ էջի վրա]
Հնարավոր է, որ ծնողները կամ ուրիշ մարդիկ չափազանց բարձր պահանջներ ներկայացնեն երեխաներին, մինչդեռ վերջիններս ի վիճակի չլինեն դրանք
բավարարելու։