Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 12/1 էջ 23–28
  • Պաշտպանում ենք մեր հավատը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պաշտպանում ենք մեր հավատը
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ‘Թող ձեր ողջամտությունը հայտնի լինի բոլոր մարդկանց’
  • Երբ է հարկավոր լռել, իսկ երբ՝ խոսել։
  • Իսկ վարկաբեկիչ հոդվածնե՞րը
  • Օրինական կերպով պաշտպանում ենք բարի լուրը
  • ‘Ատված’ են իրենց հավատի համար
    1998 Դիտարան
  • Ինչպե՞ս են Եհովայի վկաները ձեռք բերում Աստվածաշնչի հասկացողությունը
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչո՞ւ Եհովայի վկաները իրենց դեմ ուղղված ոչ բոլոր մեղադրանքներին են պատասխանում
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Ճանաչվում ենք մեր վարքով
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
1998 Դիտարան
w98 12/1 էջ 23–28

Պաշտպանում ենք մեր հավատը

«Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում. պատրա՛ստ եղէք.... պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը» (Ա Պետրոս 3։15)։

1, 2. Ինչո՞ւ Եհովայի վկաներն անակնկալի չեն գալիս իրենց ուղղված հակառակություններից, սակայն ի՞նչ են նրանք փափագում անել։

ԵՀՈՎԱՅԻ վկաները շատ երկրներում ճանաչված են որպես ազնիվ և բարոյապես մաքուր ժողովուրդ։ Շատերի համար նրանք լավ դրացիներ են, որոնք ոչ ոքի վնաս չեն հասցնում։ Այնուհանդերձ, այս խաղաղասեր քրիստոնյաները հալածվում են՝ լինի դա խաղաղ, թե պատերազմական ժամանակներում։ Սակայն նրանց չի զարմացնում նման հակառակությունը, և դրանից նրանք անակնկալի չեն գալիս։ Վկաներին քաջ հայտնի է, որ առաջին դարի հավատարիմ քրիստոնյաները «ատուած» էին. ինչո՞ւ, ուրեմն, նրանք, ովքեր ջանում են այսօր լինել Քրիստոսի ճշմարիտ հետևորդները, պետք է այլ վերաբերմունք ակնկալեն (Մատթէոս 10։22)։ Բացի այդ, Աստվածաշունչն ասում է. «Բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն» (Բ Տիմոթէոս 3։12)։

2 Եհովայի վկաները հալածանքներ չեն փնտրում, ոչ էլ հաճույք են ստանում այդ հալածանքների պատճառած նեղություններից՝ տուգանքներից, բանտարկություններից կամ կոպիտ վերաբերմունքից։ Նրանք ցանկանում են ‘խաղաղ ու հանդարտ կյանք վարել’, որպեսզի կարողանան անխոչընդոտ քարոզել Աստծո Թագավորության բարի լուրը (Ա Տիմոթէոս 2։1, 2)։ Նրանք գնահատում են շատ երկրներում երկրպագության համար իրենց ունեցած ազատությունը և բարեխղճորեն ջանում են ամեն բան անել ‘խաղաղություն պահելու բոլոր մարդկանց հետ’, ինչպես նաև մարդկային իշխանությունների հետ (Հռովմայեցիս 12։18; 13։1—7)։ Ինչո՞ւ են, ուրեմն, Վկաներն «ատուած»։

3. Ինչո՞ւ են Եհովայի վկաներն անարդարացիորեն ատելության առարկա դարձել։

3 Եհովայի վկաները անարդարացիորեն վատ վերաբերմունքի են արժանանում հիմնականում միևնույն պատճառներով, ինչի համար որ հալածվում էին առաջին քրիստոնյաները։ Նախ՝ Եհովայի վկաների գործելակերպն իրենց հավատի առումով բոլորովին չի վայելում ոմանց համակրանքը։ Օրինակ՝ Վկաները ժրաջանորեն քարոզում են Աստծո Թագավորության ավետիսը, սակայն մարդիկ նրանց ժրաջանությունը շփոթում են «ագրեսիվ դավանափոխության» հետ (համեմատեք Գործք 4։19, 20)։ Նրանք նաև չեզոք դիրք են բռնում քաղաքականությանը վերաբերվող հարցերում ու պատերազմներում, և հաճախ նրանց այս դիրքը սխալ կերպով է մեկնաբանվում, թե՝ Վկաները դավաճաններ են (Միքիա 4։3, 4)։

4, 5. ա) Ինչպե՞ս են Եհովայի վկաները ամբաստանությունների թիրախ դարձել։ բ) Հաճախ ովքե՞ր են եղել Եհովայի վկաների դեմ ուղղված հալածանքների գլխավոր կազմակերպիչները։

4 Երկրորդ՝ Եհովայի վկաները ամբաստանությունների՝ բացահայտ ստերի թիրախ են դարձել, և աղավաղվում են նրանց կրոնական համոզմունքները։ Որպես արդյունք՝ որոշ երկրներում Վկաները անարդար կերպով հալածվում են։ Բացի այդ, ցանկանալով հնազանդ լինել Աստվածաշնչի պատվիրանին՝ ‘հեռու մնալ արյունից’՝ նրանք առանց արյան ներարկման բուժման միջոցներ են փնտրում, ինչի համար և նրանց անարդարացիորեն կոչում են «որդեսպաններ» ու «ինքնասպանության խրախուսողներ» (Գործք 15։29)։ Սակայն իրողությունն այն է, որ Եհովայի վկաները բարձր են գնահատում կյանքը ու փորձում են ստանալ իրենց համար մատչելի լավագույն բժշկական օգնությունը և նույնն անել իրենց երեխաների համար։ Այն մեղադրանքը, թե բազմաթիվ Եհովայի վկաների երեխաներ տարեկան մահանում են արյան ներարկումից հրաժարվելու պատճառով, լիովին անհիմն մեղադրանք է։ Բացի դրանից, քանի որ Աստվածաշնչի ճշմարտությունը ընտանիքի բոլոր անդամների կողմից միևնույն կերպով չի ընկալվում, Եհովայի վկաները մեղադրվում են նաև ընտանիքներ կործանելու մեջ։ Սակայն Եհովայի վկաներին ճանաչողները գիտեն, որ նրանք բարձր են գնահատում ընտանիքը և ջանում են հետևել Աստվածաշնչի պատվիրաններին, թե ամուսինները պետք է սիրեն և հարգեն միմյանց, իսկ երեխաները հնազանդ լինեն իրենց ծնողներին, անկախ այն բանից՝ վերջիններս հավատացյալ են, թե՝ ոչ (Եփեսացիս 5։21—6։3)։

5 Շատ դեպքերում Եհովայի ծառաների դեմ ուղղված հալածանքների հիմնական կազմակերպիչները կրոնական հակառակորդներն են, որոնք իշխանությունների և մամուլի հետ ունեցած իրենց կապերի շնորհիվ ազդեցություն են բանեցնում Վկաների գործունեությունը ճնշելու նպատակով։ Ինչպե՞ս պետք է մենք՝ Եհովայի վկաներս, արձագանքենք նման հալածանքներին, լինեն դրանք մեր հավատի և գործունեության, թե սուտ մեղադրանքների պատճառով։

‘Թող ձեր ողջամտությունը հայտնի լինի բոլոր մարդկանց’

6. Ինչո՞ւ է կարևոր հավասարակշռված տեսակետ ունենալ քրիստոնեական ժողովից դուրս գտնվողների հանդեպ։

6 Նախ և առաջ՝ հարկավոր է ճիշտ տեսակետ ունենալ՝ Եհովայի տեսակետը այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կիսում մեր կրոնական համոզմունքները։ Հակառակ դեպքում՝ ուրիշների կողմից զուր տեղը կշտամբանքի և թշնամական վերաբերմունքի կարժանանանք։ «Թող ձեր հեզութիւնը [«ողջամտությունը», ՆԱ] յայտնի լինի բոլոր մարդկանց»,— գրեց Պողոս առաքյալը (Փիլիպպեցիս 4։5)։ Ուստի, Աստվածաշունչը հորդորում է հավասարակշռված տեսակետ ունենալ քրիստոնեական ժողովներից դուրս գտնվողների հանդեպ։

7. Ի՞նչ է նշանակում ‘անձը անարատ պահել աշխարհից’։

7 Միևնույն ժամանակ, Գրությունները հստակորեն զգուշացնում են մեզ ‘անարատ պահել մեր անձը աշխարհից’ (Յակոբոս 1։27; 4։4)։ «Աշխարհ» բառն այստեղ, ինչպես և Աստվածաշնչի շատ այլ տեղերում, վերաբերվում է ճշմարիտ քրիստոնեությունից անջատ մարդկանց։ Մենք ապրում ենք մարդկային հասարակության մեջ, նրանց հետ շփվում ենք աշխատավայրում, դպրոցում, հարևանությամբ (Յովհաննէս 17։11, 15; Ա Կորնթացիս 5։9, 10)։ Սակայն մեր անձն անարատ ենք պահում աշխարհից՝ խուսափելով Աստծո արդար չափանիշներին հակասող մտածելակերպից, խոսելաձևից և վարքից։ Կարևոր է նաև, որպեսզի ընդունենք, թե որքան վտանգավոր է աշխարհի հետ սերտ փոխհարաբերություն հաստատելը, հատկապես նրանց հետ, ովքեր բացահայտ արհամարհանքով են վերաբերվում Եհովայի արդար չափանիշներին (Առակաց 13։20)։

8. Ինչո՞ւ աշխարհից անարատ մնալու խորհուրդը մեզ ոչ մի հիմք չի տալիս ուրիշներին վերևից նայելու։

8 Սակայն անձն աշխարհից անարատ պահելու խորհուրդը մեզ ոչ մի հիմք չի տալիս նվաստացնելու նրանց, ովքեր Եհովայի վկաներ չեն հանդիսանում (Առակաց 8։13)։ Հիշենք նախորդ հոդվածում քննարկված հրեա կրոնական առաջնորդների օրինակը։ Նրանց կողմից մատուցվող երկրպագության ձևը Եհովայի հաճությունը չէր վայելում, ոչ էլ այլ ազգերի հետ լավ փոխհարաբերություն ունենալուն էր նպաստում (Մատթէոս 21։43, 45)։ Սեփական անձը բարձրացրած այդ մոլեռանդ մարդիկ վերևից էին նայում հեթանոսներին։ Մենք հոգևոր նման սահմանափակ տեսակետ չենք ընդունում՝ քամահրանքով վերաբերվելով նրանց հետ, ովքեր Եհովայի վկաներ չեն։ Պողոս առաքյալի նման ցանկանում ենք լսել տալ բոլորին Աստվածաշնչի բարի լուրի ճշմարտության մասին և ձեռք բերել Աստծու բարեհաճությունը (Գործք 26։29; Ա Տիմոթէոս 2։3, 4)։

9. Գրությունների հետ ներդաշնակ, հավասարակշռված տեսակետն ինչպե՞ս պետք է ազդի մեր խոսքի վրա, երբ արտահայտվում ենք նրանց մասին, ովքեր չեն կիսում մեր հավատը։

9 Երբ խոսում ենք ուրիշների մասին, պետք է Աստվածաշնչի սկզբունքների հետ ներդաշնակ, հավասարակշռված տեսակետ ունենանք։ Պողոսը հրահանգ տվեց Տիտոսին հիշեցնել Կրետե կղզու քրիստոնյաներին, որ «ոչ ոքի չչարախօսեն, չլինեն կռուարար, այլ՝ հեզահամբոյր, բոլոր մարդկանց հանդէպ քաղցրութեամբ վերաբերուեն» (Տիտոս 3։2)։ Ուշադրություն դարձրեք, որ քրիստոնյաները պետք է «ոչ ոքի» չչարախոսեին, նույնիսկ Կրետեում ապրող այն մարդկանց, ովքեր քրիստոնյա չէին, և նույնիսկ նրանցից ոմանք հայտնի էին իրենց խաբեբայությամբ, շատակերությամբ ու ծուլությամբ (Տիտոս 1։12)։ Հասկանալի է, որ Աստվածաշնչի սկզբունքներին ներդաշնակ չէր լինի, եթե որևէ մեկի հասցեին, ով չի կիսում մեր հավատը, արտահայտվեինք նսեմացնող, սուրսայր խոսքերով։ Ինքներս մեզ բարձր դասող մեր պահելակերպը տեսնելով՝ մարդիկ չեն տրամադրվի դեպի Եհովայի պաշտամունքը։ Եվ եթե ուրիշներին վերաբերվում ենք Եհովայի Խոսքի ողջամիտ սկզբունքների համաձայն, ‘զարդարում ենք Աստծու վարդապետությունը’ (Տիտոս 2։10)։

Երբ է հարկավոր լռել, իսկ երբ՝ խոսել։

10, 11. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, թե երբ է ա) «խօսելու ժամանակը», բ) երբ՝ «լռելու»։

10 Կա «լռելու ժամանակ եւ խօսելու ժամանակ»։ Այսպես են հնչում «Ժողովող» գրքի 3։7–ում արձանագրված խոսքերը։ Այստեղ էլ հենց հարց է ծագում. ե՞րբ է հարկավոր անտեսել հակառակորդների զրպարտությունները և ե՞րբ՝ խոսքով պաշտպանել մեր հավատը։ Շատ բան կարելի է սովորել Հիսուսի օրինակից, որը որոշումներ կայացնելու հարցում կատարելապես ճարտար էր (Ա Պետրոս 2։21)։ Նա գիտեր, թե երբ է «լռելու ժամանակը»։ Երբ քահանայապետերն ու ծերերը ամբաստանում էին Հիսուսին Պիղատոսի առջև, նա «ոչինչ չպատասխանեց» (Մատթէոս 27։11—14)։ Նա չցանկացավ որևէ բան ասել, ինչը կարող էր խախտել իր նկատմամբ ունեցած Աստծո ծրագիրը։ Բայց նախընտրեց, որ իր փոխարեն իր գործերը խոսեն։ Հիսուսը գիտեր, որ նույնիսկ ճշմարտությունը չի փոխի այդ գոռոզ մարդկանց մտածելակերպն ու սրտերը։ Ուստի արհամարհեց նրանց մեղադրանքները և չխախտեց պահած իմաստալից լռությունը (Եսայիա 53։7)։

11 Բայց Հիսուսը գիտեր նաև, թե երբ է «խօսելու ժամանակը»։ Մի առիթով նա վիճաբանության մեջ մտավ իրեն քննադատողների հետ և բացեիբաց հերքեց նրանց սուտ մեղադրանքները։ Օրինակ՝ երբ դպիրներն ու փարիսեցիները փորձեցին բազմության առաջ վարկաբեկել Հիսուսին՝ հայտարարելով, թե նա դևերին հանում է Բեհեղզեբուղի օգնությամբ, Հիսուսը թույլ չտվեց, որ իր հասցեին ուղղված սուտ մեղադրանքները շարունակվեն։ Տրամաբանորեն և ներկայացրած վառ օրինակով նա հերքեց այդ սուտը (Մարկոս 3։20—30; տեսեք նաև Մատթէոս 15։1—11; 22։17—21; Յովհաննէս 18։37)։ Մեկ ուրիշ դեպքում, երբ Հիսուսն իր մատնությունից և ձերբակալությունից հետո բերվել էր գերագույն ատյան, քահանայապետ Կայիափան խորամանկորեն ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու որդին»։ Այդ պահը ևս «խօսելու ժամանակ» էր, քանի որ նրա լռությունը կարող էր մեկնաբանվել որպես ժխտում, որ նա Քրիստոսն է։ Ուստի Հիսուսը պատասխանեց. «Դու ասացիր» («Ես եմ», ՆԱ) (Մատթէոս 26։63, 64; Մարկոս 14։61, 62)։

12. Ի՞նչ հանգամանքների ներքո Պողոսն ու Բառնաբասը ստիպված եղան համարձակորեն խոսել Իկոնիայում։

12 Նկատի առնենք նաև Պողոսի և Բառնաբասի օրինակը։ Գործք 14։1, 2–ում կարդում ենք. «Իկոնիոնում Պօղոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը եւ նոյն ձեւով խօսում, այնպէս որ թէ՛ հրեաների եւ թէ՛ հեթանոսների մի մեծ բազմութիւն հաւատաց։ Բայց չհաւատացող հրեաները հեթանոսների մտքերը եւս չարացրին եղբայրների դէմ»։ Չբավարարվելով նրանով, որ չընդունեցին լուրը՝ հրեա հակառակորդները սկսեցին ստեր տարածել և հեթանոսներին տրամադրել քրիստոնյաների դեմ։a Որքա՜ն մեծ էր նրանց ատելությունը քրիստոնյաների հանդեպ (համեմատեք Գործք 10։28)։ Եվ այստեղ Պողոսն ու Բառնաբասը զգացին, որ հարկավոր է «խօսել», որպեսզի նոր աշակերտները չվհատվեին հրապարակավ նախատինքի ենթարկվելուց։ Ուստի «նրանք [Պողոսն ու Բառնաբասը] երկար ժամանակ շրջում էին եւ համարձակ խօսում. եւ Տէրը վկայում էր իր շնորհի խօսքի մասին»՝ զարմանալի հրաշքներ գործելու զորություն շնորհելով նրանց և դրանով իսկ ցույց տալով իր հավանությունը։ Որպես հետևանք՝ ոմանք «հրեաների կողմն էին, եւ ոմանք՝ առաքեալների» (Գործք 14։3, 4)։

13. Ամբաստանությունների հետ բախվելիս՝ ե՞րբ է «լռելու ժամանակը»։

13 Հետևաբար, ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ ամբաստանվում ենք որևէ հարցում. ամեն բան կախված է հանգամանքներից։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում կիրառել «լռելու» սկզբունքը։ Այս սկզբունքը հատկապես տեղին է, երբ հակառակորդները ջանում են մեզ անիմաստ բանավեճերի մեջ ներքաշել։ Պետք չէ մոռանալ՝ ոմանք պարզապես չեն ցանկանում լսել ճշմարտությունը (Բ Թեսաղոնիկեցիս 2։9—12)։ Մեր ջանքերը ոչ մի օգուտ չեն բերի, եթե վիճաբանության մեջ մտնենք նրանց հետ, ում հպարտությունը թույլ չի տալիս ընդունել Աստծուն։ Բացի այդ, եթե ամեն անգամ երկար–բարակ բանավեճերի մեջ մտնենք ամեն մի ամբաստանողի հետ, ապա կշեղվենք մի ավելի կարևոր գործից՝ այն մարդկանց օգնելուց, ովքեր անկեղծորեն ցանկանում են իմանալ Աստվածաշնչի ճշմարտությունը։ Աստծո Խոսքը խորհուրդ է տալիս ‘հեռու քաշվել’ ախոյաններից, որոնք նպատակադրված են ստեր տարածել մեր մասին (Հռովմայեցիս 16։17, 18; Մատթէոս 7։6)։

14. Ինչպե՞ս կարող ենք մեր հավատը պաշտպանել մարդկանց առջև։

14 Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք չենք պաշտպանում մեր հավատը։ Վերջապես, կա նաև «խօսելու ժամանակ»։ Մենք իրոք մտահոգվում ենք այն անկեղծ մարդկանց համար, ովքեր լսել են մեր մասին վարկաբեկիչ քննադատությունը։ Մենք պատրաստ ենք մարդկանց բացատրելու մեր անկեղծ համոզմունքները և սիրով համաձայնվում ենք այդ անել, երբ հնարավորություն է ստեղծվում։ «Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում,— գրել է Պետրոսը,— պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը» (Ա Պետրոս 3։15)։ Երբ անկեղծորեն հետաքրքրված մարդիկ հարցնում են մեր հավատի մասին, որն այնքան թանկ է մեզ համար և ցանկանում են իմանալ հակառակորդների՝ մեզ ուղղված սուտ մեղադրանքների պատճառները, մեր պարտականությունն է, Աստվածաշնչով հիմնավորված պատասխաններ տալով, պաշտպանել մեր հավատը։ Ի վերջո, մեծ վկայություն կարող է լինել նաև մեր բարի վարքը։ Անկանխակալ մարդիկ, տեսնելով, որ մենք իսկապես ջանում ենք ապրել Աստծո արդար չափանիշների համաձայն, կհասկանան, որ մեր դեմ հարուցված մեղադրանքները սուտ են (Ա Պետրոս 2։12—15)։

Իսկ վարկաբեկիչ հոդվածնե՞րը

15. Ո՞ր օրինակով կարելի է տեսնել, որ Եհովայի վկաները լրատվական միջոցներում աղավաղված ինֆորմացիայի զոհ են դարձել։

15 Երբեմն Եհովայի վկաները աղավաղված ինֆորմացիայի թիրախ են դառնում զանգվածային լրատվական միջոցներում։ Օրինակ՝ 1997 թ. օգոստոսի 1–ին ռուսական պարբերականներից մեկում զրպարտիչ հոդված էր տպագրվել, որտեղ մի շարք այլ բաների հետ մեկտեղ հայտարարվում էր, թե Վկաները պահանջում են «հրաժարվել իրենց կանանցից, ամուսիններից և ծնողներից, եթե վերջիններս չեն ընդունում և չեն կիսում իրենց հավատը»։ Ամեն ոք, ով մոտիկից ճանաչում է Եհովայի վկաներին, գիտի, որ դա սուտ մեղադրանք է։ Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաները պետք է սիրով ու հարգանքով վերաբերվեն իրենց կրոնական համոզմունքները չկիսող ընտանիքի անդամներին, և Վկաներն ամեն կերպ ջանում են հետևել այդ հրահանգին (Ա Կորնթացիս 7։12—16; Ա Պետրոս 3։1—4)։ Այնուամենայնիվ, հոդվածը լույս էր տեսել, և բազմաթիվ ընթերցողներ սխալ տեղեկություն էին ստացել։ Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեր հավատը, երբ զրպարտվում ենք։

16, 17 և 26–րդ էջի շրջանակը. ա) Ի՞նչ է ասվում «Դիտարան» ամսագրի համարներից մեկում զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած սուտ տեղեկություններին արձագանքելու մասին։ բ) Եհովայի վկաները ո՞ր հանգամանքներում կարող են արձագանքել զանգվածային լրատվական միջոցներում հայտնվող բացասական լուրերին։

16 Այստեղ ևս կա «լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ»։ «Դիտարանի» համարներից մեկում դրա մասին ասվում է հետևյալը. «Անտեսում ենք արդյոք զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած սխալ ինֆորմացիան, թե պատշաճորեն պաշտպանում ենք ճշմարտությունը, կախված է տվյալ պահին առկա հանգամանքներից՝ թե ո՛վ է քննադատությունների հեղինակը, և ո՛րն է նրա նպատակակետը»։ Որոշ դեպքերում ավելի ճիշտ կլինի ուշադրություն չդարձնել բացասական լուրերին՝ դրանով իսկ կանխելով հետագա սուտ հրապարակայնությունը։

17 Ուրիշ դեպքերում տեղին է ‘խոսելը’։ Թերևս որևիցե վստահություն ներշնչող լրագրող սխալ տեղեկություններ ստացած լինի Եհովայի վկաների մասին և ուրախ լինի ճշմարտությունն իմանալու (տեսեք շրջանակը «Ճշտել աղավաղված տեղեկությունը» վերնագրի տակ)։ Եթե զանգվածային լրատվական միջոցներում լույս տեսնող բացասական հոդվածները կանխակալ կարծիքներ են ստեղծում, որոնք խանգարում են մեր քարոզչական գործունեությանը, ապա «Դիտարան» ընկերության մասնաճյուղի ներկայացուցիչները կարող են նախաձեռնություն վերցնել համապատասխան միջոցներով ճշմարտությունը պաշտպանելու համար։b Օրինակ՝ այդ գործում պատրաստված երեցները անհրաժեշտության դեպքում կարող են հեռուստացույցով ելույթ ունենալ փաստերը ներկայացնելու համար, հակառակ դեպքում կարող է այնպիսի կարծիք տարածվել, թե Եհովայի վկաները ոչ մի պատասխան չունեն տալու։ Անհատական Վկաներ խելամտորեն համագործակցում են «Դիտարան» ընկերության ներկայացուցիչների հետ և նման դեպքերում հետևում են նրա տված հրահանգներին (Եբրայեցիս 13։17)։

Օրինական կերպով պաշտպանում ենք բարի լուրը

18. ա) Քարոզելու համար ինչո՞ւ մարդկային իշխանությունների թույլտվության կարիքը չունենք։ բ) Ինչպիսի՞ ընթացք ենք բռնում, երբ քարոզելու թույլտվություն ստանալու մերժում ենք ստանում։

18 Աստծո Թագավորության բարի լուրը քարոզելու հրահանգը մենք ստացել ենք երկնքից։ Հիսուսին է «տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ», և նա է մեզ լիազորել այս աշխատանքը կատարելու (Մատթէոս 28։18—20; Փիլիպպեցիս 2։9—11)։ Ուստի մենք քարոզելու համար իշխանությունների թույլտվության կարիքը չունենք։ Ամեն դեպքում գիտակցում ենք, որ կրոնական ազատությունը նպաստում է Թագավորության լուրի տարածման գործին։ Այն երկրներում, որտեղ երկրպագության ազատություն ենք ձեռք բերել, կարող ենք պաշտպանել մեր ազատությունը՝ դիմելով իրավական համակարգերի օգնությանը։ Իսկ այն երկրներում, որտեղ մերժվել ենք նման ազատություն ստանալ, գործելով օրենքի սահմաններում, ջանք չենք խնայի, որպեսզի այն վաստակենք։ Մեր նպատակը ոչ թե հասարակական բարեփոխումներ մտցնելն է, այլ՝ «բարի լուրը պաշտպանելն ու իրավականորեն հաստատելը»c (Փիլիպպեցիս 1։7, ՆԱ)։

19. ա) Ի՞նչ արդյունքի կարող է հանգեցնել մեր «Աստծունը՝ Աստծուն» տալը։ բ) Ի՞նչ ենք վճռականորեն պատրաստ անելու։

19 Մենք՝ Եհովայի վկաներս, ընդունում ենք Եհովային որպես Տիեզերքի Գերիշխանի։ Նրա օրենքը գերագույնն է։ Մենք բարեխղճորեն հնազանդվում ենք մարդկային կառավարություններին՝ այդպիսով տալով «կայսրինը՝ կայսեր»։ Սակայն ոչ մեկին թույլ չենք տա խանգարել մեզ կատարելու ավելի կարևոր մի պարտականություն՝ տալ «Աստծունը՝ Աստծուն» (Մատթէոս 22։21)։ Լիովին գիտակցում ենք, որ այդ վարքով ժողովուրդների ատելության առարկան ենք դառնալու, բայց ընդունում ենք դա որպես աշակերտության ‘ծախս’։ 20–րդ դարում Եհովայի վկաների դատական պրոցեսների պատմությունը վկայում է հավատը պաշտպանելու մեր վճռականության մասին։ Եհովայի օգնությամբ և աջակցությամբ մենք չենք դադարի «ուսուցանել եւ աւետարանել» բարի լուրը (Գործք 5։42)։

[ծանոթագրություններ]

a Մի աշխատության մեջ ասվում է, որ հրեա հակառակորդները «իրենց արհեստն էին դարձրել նպատակադրված գնալ իրենց քիչ թե շատ ծանոթ հեթանոսների մոտ և քրիստոնյաների մասին այնքան սուտ պատմություններ հորինել, որքան թույլ էր տալիս իրենց բանականությունն ու չարությունը, միայն թե կարողանային մարդկանց մոտ վատ կարծիք ստեղծել նրանց մասին» («Matthew Henry’s Commentary on the Whole Bible»)։

b Ռուսական թերթերից մեկում տպագրված վարկաբեկիչ հոդվածից հետո (որի մասին հիշատակվում է մեր հոդվածի 15–րդ պարբերության մեջ), Եհովայի վկաները խնդրագրով դիմեցին Ռուսաստանի Ֆեդերացիայի զանգվածային լրատվական միջոցների վիճելի հարցերի գծով դատական պալատին՝ ստուգելու հոդվածում զետեղված ամբաստանությունները։ Վերջերս դատարանը պատիժ էր հարուցել լրագրի խմբագրության դեմ՝ վերջինիս կողմից զրպարտիչ հոդվածներ հրատարակվելու համար (տեսեք «Արթնացե՛ք» 1998, նոյեմբերի 22, էջ 26, 27, ռուս.)։

c Տեսեք «Օրինապես պաշտպանում ենք բարի լուրը» հոդվածը («Դիտարան» 1998 թ., դեկտեմբերի 1, էջ 19—22, ռուս.)։

Հիշո՞ւմ եք

◻ Ինչո՞ւ են Եհովայի վկաներն «ատուած»։

◻ Ինչպիսի՞ տեսակետ է հարկավոր ունենալ նրանց նկատմամբ, ովքեր չեն կիսում մեր կրոնական համոզմունքները։

◻ Իրեն մեղադրողների հետ շփվելիս՝ ի՞նչ հավասարակշռված օրինակ թողեց Հիսուսը։

◻ Երբ նախատվում ենք, ինչպե՞ս կարող ենք կիրառել կա «լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ» սկզբունքը։

[շրջանակ 26–րդ էջի վրա]

Խեղաթյուրման ուղղումը

«Յակուիբա քաղաքում (Բոլիվիա) ավետարանչական խմբի անդամները մի հեռուստաընկերության ալիքով ֆիլմ ցուցադրեցին, որն, ակներևաբար, հավատուրացների մտահղացման արդյունքն էր։ Նկատի առնելով ֆիլմի թողած վատ ազդեցությունը՝ տեղի երեցները այցելեցին երկու հեռուստաընկերություններ և առաջարկեցին ցուցադրել երկու տեսաֆիլմ՝ «Եհովայի վկաներ՝ կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» և «Աստվածաշունչը փաստերի և մարգարեությունների գիրք» վերնագրերով. խոստացան նաև դրանց ցուցադրման համար վճարել։ Ընկերության ֆիլմերը դիտելուց հետո մի ռադիոընկերության սեփականատեր, վրդովված աղավաղված փաստերի հիման վրա հավատուրացների պատրաստած ծրագրից, առաջարկել էր անվճար հայտարարություն տալ Եհովայի վկաների առաջիկայում կայանալիք նահանգային համաժողովի մասին։ Համաժողովի այցելուների թիվը սովորականից ավելի բարձր էր, իսկ քարոզչական ծառայության ժամանակ անկեղծորեն հետաքրքրված մարդիկ սկսել էին լրացուցիչ հարցեր տալ» («Եհովայի վկաների 1997 թ. տարեգիրքը», էջ 61, 62, ռուս.)։

[նկար 25–րդ էջի վրա]

Առիթի դեպքում Հիսուսը բացահայտ հերքում էր քննադատողների հարուցած սուտ մեղադրանքները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը