Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 12/1 էջ 18–23
  • ‘Ատված’ են իրենց հավատի համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Ատված’ են իրենց հավատի համար
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աշակերտության «ծախսը»
  • Լի է ատելությամբ և ատված է
  • Ովքե՞ր էին ատում առաջին քրիստոնյաներին
  • Ինչո՞ւ էին առաջին քրիստոնյաները հռոմեացիների կողմից ատված
  • Պաշտպանում ենք մեր հավատը
    1998 Դիտարան
  • Վաղ քրիստոնյաները և Մովսիսական օրենքը
    2003 Դիտարան
  • Եհովայի քրիստոնյա վկաները առաջին դարում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Նրանք «այս աշխարհքիցը չեն»
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Ավելին
1998 Դիտարան
w98 12/1 էջ 18–23

‘Ատված’ են իրենց հավատի համար

«Իմ անուան համար բոլորից պիտի ատուէք» (Մատթէոս 10։22)։

1, 2. Պատմեք դեպքեր, երբ Եհովայի վկաները դժվարություններ են կրել իրենց կրոնական համոզմունքների պատճառով։

ԿՐԵՏԵ կղզում բնակվող մի ազնիվ խանութպան բազմաթիվ անգամներ ձերբակալվել էր և հաճախակի կանգնել Հունաստանի դատարանի առաջ։ Ընդհանուր առմամբ, վեց տարուց ավել բանտում էր անցկացրել՝ հեռու կնոջից ու հինգ երեխաներից։ Ճապոնիայում դպրոցից վտարել էին տասնյոթամյա մի պատանու, չնայած այն բանին, որ ուսման մեջ և իր վարքով դասարանի քառասուներկու աշակերտներից լավագույնն էր։ Ֆրանսիայում բազմաթիվ մարդիկ, բարեխիղճ և ջանասեր աշխատողի անուն կրելով հանդերձ, վտարվում են աշխատանքից։ Թվարկված դեպքերում ի՞նչն է որոշիչ դեր խաղում։

2 Հիշատակված այս բոլոր անհատները Եհովայի վկաներ են։ Նրանց «մե՞ղքը»... Հիմնականում իրենց կրոնի դավանանքն է։ Հնազանդվելով Հիսուս Քրիստոսի տված պատգամին՝ խանութպանը իր հավատը կիսում էր ուրիշների հետ (Մատթէոս 28։19, 20)։ Նա հիմնականում դատապարտվել էր Հունաստանի հնացած օրենքի հիման վրա, որի համաձայն դավանափոխությունը քրեական հանցանք էր համարվում։ Աշակերտը դպրոցից վտարվել էր այն պատճառով, որ Աստվածաշնչի հիման վրա կրթված իր խիղճը թույլ չէր տալիս իրեն մասնակցել կենդուի (ճապոնական սուսերամարտի) պարտադիր պարապմունքներին (Եսայիա 2։4)։ Իսկ Ֆրանսիայում աշխատանքից վտարվածներին տեղյակ է պահվել, որ իրենց հեռացման միակ պատճառը նրանց Եհովայի վկա լինելն է։

3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մարդկանց կողմից խիստ տառապանքների ենթարկվելը Եհովայի վկաների մեծամասնության համար համեմատաբար հազվադեպ երևույթ է։

3 Վերջին ժամանակներում ուրիշ երկրներում ևս Եհովայի վկաները նման ծանր փորձությունների են ենթարկվում։ Սակայն նրանցից շատերի համար մարդկանցից հալածվելը համեմատաբար հազվադեպ բնույթ է կրում։ Եհովայի ժողովուրդը համայն աշխարհում հայտնի է իր բարի վարքով, իսկ նման բնութագիրն ինքնին արդեն բացառում է, որ այդպիսի վարքագիծ ունեցող մեկը ցանկանա վնաս հասցնել (Ա Պետրոս 2։11, 12)։ Նրանք դավադրություններ չեն կազմակերպում և միջամուխ չեն լինում ոչ մի չարագործության (Ա Պետրոս 4։15)։ Ընդհակառակը, Վկաները ջանում են ապրել Աստվածաշնչի խորհուրդներին ներդաշնակ՝ հնազանդ լինելով նախ՝ Աստծուն, ապա՝ պետական իշխանություններին։ Նրանք վճարում են օրենքով սահմանված հարկերը և ամեն կերպ աշխատում են «բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն» պահպանել (Հռովմայեցիս 12։18; 13։6, 7; Ա Պետրոս 2։13—17)։ Աստվածաշնչի իրենց կրթական ծրագրի համաձայն՝ Վկաները քաջալերում են հարգել օրենքը, գնահատել ընտանեկան արժեքներն ու խրախուսում են բարոյականության։ Բազմաթիվ իշխանությունների կողմից նրանք, որպես օրինապահ քաղաքացիներ, գովասանքի են արժանացել (Հռովմայեցիս 13։3)։ Այնուհանդերձ, ինչպես հոդվածի սկզբում տեսանք, պատահում է, երբ Վկաները որոշ երկրներում հալածանքների թիրախ են դառնում նույնիսկ պետության կողմից։ Արդյոք դա մեզ պե՞տք է զարմացնի։

Աշակերտության «ծախսը»

4. Հիսուսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ պետք է ակնկալեին նրանք, ովքեր դառնում էին նրա աշակերտները։

4 Հիսուսը լիովին պարզաբանեց, թե ինչ էր նշանակելու իր աշակերտը լինելը։ «Ծառան մեծ չէ, քան իր տէրը,— ասաց նա իր հետևորդներին,— եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն»։ Հիսուսին «առանց պատճառի» ատեցին (Յովհաննէս 15։18—20, 25; Սաղմոս 69։4; Ղուկաս 23։22)։ Նրա աշակերտները պետք է միևնույն ակնկալիքն ունենային, այն է՝ հակառակություն առանց արդարացի պատճառների։ Կրկին ու կրկին նա զգուշացրեց, թե՝ «բոլորից պիտի ատուէք» (Մատթէոս 10։22; 24։9)։

5, 6. ա) Հիսուսն ինչո՞ւ հորդորեց իր գալիք աշակերտներին ‘հաշվելու ծախսը’։ բ) Ինչո՞ւ մեզ չի զարմացնում մեր ճանապարհին հանդիպած հակառակությունը։

5 Հետևաբար, Հիսուսը հորդորեց իր գալիք հետևորդներին ‘հաշվել’ աշակերտ դառնալու ‘ծախսերը’ (Ղուկաս 14։28)։ Ինչո՞ւ։ Ոչ թե նրա համար, որպեսզի որոշեին՝ դառնա՞լ նրա աշակերտները, թե՝ ոչ, այլ որպեսզի վճռական լինեին սկսածը մինչև վերջ տանելու գործում։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած փորձության կամ զրկանքի, որոնք գալիս են այդ մեծ առանձնաշնորհման հետ զուգահեռ (Ղուկաս 14։27)։ Ոչ ոք մեզ չի պարտադրում դառնալ Քրիստոսի հետեվորդը և ծառայել Եհովային։ Դա ինքնակամ որոշում է. բացի այդ, դա նաև լիովին իրազեկորեն կայացված որոշում է։ Մենք նախօրոք իմանում ենք, որ, որպես նվիրված ծառաներ, Աստծո հետ ունեցած փոխհարաբերություններից բխող օրհնությունները վայելելուց բացի, մենք ‘ատված ենք լինելու’։ Ուստի, հակառակության հանդիպելով, անակնկալի չենք գալիս։ Մենք ‘հաշվել ենք ծախսը’ և լիովին պատրաստ ենք վճարելու (Ա Պետրոս 4։12—14)։

6 Ինչո՞ւ են, սակայն, ոմանք, այդ թվում նաև որոշ պետական իշխանություններ, փորձում հակառակվել ճշմարիտ քրիստոնյաներին։ Որպեսզի պատասխանենք այս հարցին, եկեք աչքի անցկացնենք մ.թ. առաջին դարում գործող կրոնական երկու խմբերի օրինակը։ Երկուսն էլ ատված էին, սակայն բոլորովին տարբեր պատճառներով։

Լի է ատելությամբ և ատված է

7, 8. Ո՞ր գաղափարներն էին արհամարհանքի դրդում դեպի հեթանոսները, և, որպես արդյունք, հրեաներն ինչպե՞ս էին վերաբերվում վերջիններիս։

7 Մ.թ. առաջին դարում Իսրայելը գտնվում էր Հռոմի լծի տակ, իսկ հրեական կրոնական համակարգը՝ հուդայականությունը, ընդհանուր առմամբ, դաժան առաջնորդների՝ դպիրների և փարիսեցիների ձեռքում էր (Մատթէոս 23։2—4)։ Այս մոլեռանդ առաջնորդները մնացած ազգերից անջատ մնալու Մովսիսական օրենքի պատվիրաններն աղավաղել էին՝ արհամարհանքի դրդելով հրեաներին դեպի այլ ազգերը։ Ժամանակի ընթացքում այդ կրոնն ատելություն առաջ բերեց հեթանոսների հանդեպ, ու ինքն էլ իր հերթին ատվեց հեթանոսների կողմից։

8 Հրեա առաջնորդների համար դժվար չէր մարդկանց մեջ ատելություն սերմանել դեպի հեթանոսները, քանի որ հրեաներն այդ ժամանակ նրանց արդեն համարում էին նողկալի արարածներ։ Հրեա կնոջն արգելվում էր հեթանոսի հետ մենակ գտնվել, քանի որ նրանց «կասկածում էին անպարկեշտության մեջ»։ Հրեա տղամարդը չպետք է «մենակ մնար հեթանոսների հետ, քանի որ նրանք արյունահեղության կասկածանքի տակ էին»։ Հեթանոսի կթած կաթը չէին օգտագործում, եթե կթելիս հրեաներից ոչ ոք նրա կողքին չէր եղել։ Իրենց առաջնորդների ազդեցության ներքո հրեաներն օտարացել էին հեթանոսներից և վերջիններիս համար խիստ անմատչելի դարձել (համեմատեք Յովհաննէս 4։9)։

9. Ինչպիսի՞ հետևանք ունեցավ այլ ազգերի մասին հրեա առաջնորդների ուսուցանած գաղափարը։

9 Այլ ազգերին վերաբերվող այդ ուսմունքները բոլորովին չէին նպաստում հրեաների և հեթանոսների միջև շինիչ փոխհարաբերությանը։ Հեթանոսների կարծիքով հրեաներն ատում էին ողջ մարդկությանը։ Հռոմեացի պատմագիր Տակիտոսը (ծնվել է մ.թ. մոտ 56 թ.) գրում է, որ հրեաները «բոլոր մարդկանց հանդեպ թշնամանքով էին տրամադրված»։ Տակիտոսը նաև գրում է, որ դավանափոխ հեթանոսներին սովորեցնում էին ուրանալ իրենց հայրենիքը և մոռանալ ընտանիքներին ու ընկերներին։ Հռոմեացիները հիմնականում հանդուրժում էին հրեաներին, քանի որ նրանք բավականին մեծաթիվ էին, ուստի և դժվար էր նրանց հաղթելը։ Սակայն մ.թ. 66–ին հրեաների ապստամբությունը հռոմեացիների կողմից դաժան փոխճնշման պատճառ դարձավ, որի հետևանքով էլ մ.թ. 70–ին ավերվեց Երուսաղեմը։

10, 11. ա) Օտարերկրացիների հանդեպ ինչպիսի՞ վերաբերմունք էր պահանջում Մովսիսական օրենքը։ բ) Ի՞նչ դաս ենք քաղում հուդայականության հետ պատահածից։

10 Ինչպե՞ս կարելի էր օտարերկրացիների վերաբերյալ այս տեսակետը համեմատել Մովսիսական օրենքում տեղ գտած պաշտամունքի կերպի հետ։ Օրենքն, իրոք, կոչ էր անում այլ ազգերից անջատ մնալ, սակայն նպատակը միայն իսրայելացիներին՝ հատկապես նրանց մաքուր պաշտամունքը պահպանելն էր (Յեսու 23։6—8)։ Օրենքը նույնիսկ պահանջում էր, որ հրեաներն օտարների հետ արդարությամբ և ազնվությամբ վարվեին, հյուրընկալություն ցուցաբերեին նրանց հանդեպ, եթե վերջիններս ոտնակոխ չէին անում Իսրայելի օրենքները (Ղեւտացոց 24։22)։ Հեռանալով Օրենքի ոգուց, որը բացահայտորեն հարգանք էր արտացոլում օտարերկրացիների հանդեպ՝ Հիսուսի օրերի հրեա կրոնականները երկրպագության մի ձև էին ստեղծել, որն ատելություն էր ներշնչում դեպի օտարները, և ինքն էլ նրանց կողմից ատված էր։ Արդյունքում, հրեա ազգն առաջին դարում կորցրեց Եհովայի հովանավորությունը (Մատթէոս 23։38)։

11 Այդ ամենից որևէ դաս կարո՞ղ ենք արդյոք քաղել։ Ինչ խոսք, որ կարող ենք։ Սեփական անձն արդարացնող վարքագիծը, այսինքն՝ մեր կրոնական համոզմունքները չկիսող անհատներին վերևից նայելը, ոչ մի կապ չունեն Եհովային մատուցած մաքուր պաշտամունքի հետ և չեն հաճեցնում նրան։ Հիշո՞ւմ եք առաջին դարի քրիստոնյաներին։ Նրանք ատելությամբ չէին լցված այն մարդկանց հանդեպ, ովքեր չէին ընդունում քրիստոնեությունը, և ոչ էլ մասնակցեցին Հռոմի դեմ ապստամբությանը։ Սակայն այդ քրիստոնյաները «ատուած» էին։ Ինչո՞ւ, ովքե՞ր էին նրանց ատողները։

Ովքե՞ր էին ատում առաջին քրիստոնյաներին

12. Գրություններն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Հիսուսը ոչ քրիստոնյաների հանդեպ հավասարակշռված վերաբերմունք է պահանջում իր հետևորդներից։

12 Հիսուսի ուսմունքներից ակնհայտ է դառնում, որ նա իր աշակերտներից ակնկալում էր հավասարակշռված դիրք ունենալ ոչ քրիստոնյաների հանդեպ։ Հիսուսը նաև նշեց, որ իր հետևորդներն աշխարհից հեռու կլինեն, այսինքն՝ կխուսափեն Եհովայի արդար ճանապարհներին հակասող մտածելակերպից ու վարքից։ Նրանք չեզոք դիրք պետք է բռնեին պատերազմական և քաղաքական հարցերում (Յովհաննէս 17։14, 16)։ Մյուս կողմից, ոչ քրիստոնյաների հանդեպ արհամարհանք սերմանելու փոխարեն՝ Հիսուսը սովորեցնում էր իր աշակերտներին ‘սիրել իրենց թշնամիներին’ (Մատթէոս 5։44)։ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին՝ ասելով. «Եթէ քաղցած է քո թշնամին, հաց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջուր տուր նրան» (Հռովմայեցիս 12։20)։ Նա նաև խորհուրդ տվեց նրանց. «Բարին գործենք բոլորի հանդէպ» (Գաղատացիս 6։10)։

13. Ինչո՞ւ էին հրեա կրոնական առաջնորդները հակառակվում քրիստոնյաներին։

13 Այնուամենայնիվ, Քրիստոսի աշակերտները շուտով համոզվեցին, որ ‘ատված են’ երեք խմբավորումների կողմից։ Առաջինը հրեա կրոնական առաջնորդներն էին։ Զարմանալի չէ, որ քրիստոնյաներն անմիջապես գրավել էին նրանց ուշադրությունը։ Քրիստոնյաները բարոյականության և անարատության բարձր չափանիշներ ունեին ու, բացի այդ, ժրաջանորեն հույս ներշնչող լուր էին տարածում մարդկանց մեջ։ Հազարավորները լքում էին հուդայականությունը և միանում քրիստոնյաներին (Գործք 2։41; 4։4; 6։7)։ Հրեա կրոնական առաջնորդների համար Հիսուսի հրեա աշակերտները պարզապես հավատուրացներ էին (համեմատեք Գործք 13։45)։ Այս զայրացած առաջնորդները գիտակցում էին, որ քրիստոնեությունը զրոյի էր հավասարեցնում իրենց ավանդույթները։ Այն նույնիսկ ժխտում էր հեթանոսների հանդեպ նրանց ունեցած տեսակետը։ Մ.թ. 36 թ.–ից ի վեր հեթանոսները հնարավորություն ստացան քրիստոնյա դառնալ, միևնույն հավատն ունենալ և քրիստոնյա հրեաների նման վայելել նույն առանձնաշնորհումները (Գործք 10։34, 35)։

14, 15. ա) Ինչո՞ւ էին քրիստոնյաները հեթանոսական աստվածներ պաշտողների ատելությանն արժանացել։ բ) Ուրիշ էլ ովքե՞ր էին ‘ատում’ առաջին դարի քրիստոնյաներին։

14 Քրիստոնյաները նաև հեթանոսական աստվածներ պաշտողների ատելության առարկան էին դարձել։ Հին Եփեսոսում Արտեմիս աստվածուհու համար արծաթապատ տաճարներ կառուցելը եկամտաբեր գործ էր։ Սակայն բավականին մեծ թվով եփեսացիներ դրականորեն արձագանքեցին Պողոսի քարոզին և թողեցին Արտեմիսի պաշտամունքը։ Զգալով, որ վտանգ է սպառնում իրենց գործին՝ արծաթագործները խռովություն բարձրացրին (Գործք 19։24—40)։ Համանման դեպք տեղի ունեցավ, երբ քրիստոնեությունը տարածվեց Բութանիայում (Թուրքիայի այժմյան հարավարևմտյան մասը)։ Քրիստոնեական հունարեն գրություններն ամբողջացվելուց կարճ ժամանակ անց Բութանիայի կառավարիչը՝ Պլինիոս Կրտսերը հաղորդեց, որ հեթանոսական տաճարներն ամայանում են, և որ խիստ նվազել է զոհաբերության համար նախատեսված անասունների կերի վաճառքը։ Մեղադրվում էին քրիստոնյաները, հալածվում, քանի որ նրանց պաշտամունքում ընդունված չէին անասնական զոհերը և կուռքերի երկրպագությունը (Եբրայեցիս 10։1—9; Ա Յովհաննէս 5։21)։ Պարզ է, որ քրիստոնեության տարածումը բացասաբար էր անդրադառնում հեթանոսական պաշտամունքի հետ կապված որոշ մարդկանց անձնական հետաքրքրությունների վրա. նրանք խիստ դժգոհ էին այդ բանից, քանի որ կորցնում էին իրենց զբաղմունքն ու դրամը։

15 Եվ երրորդ՝ քրիստոնյաներն «ատուած» էին ազգայնամոլ հռոմեացիների կողմից։ Նախ և առաջ, քրիստոնյաները հայտնի էին որպես փոքր ու, թերևս, մոլեռանդ կրոնական մի խումբ։ Այնուհանդերձ, ժամանակի ընթացքում, քրիստոնյա դառնալը սկսեց մահապատժի արժանի հանցանք համարվել։ Ինչո՞ւ էին քրիստոնյայի կյանքով ապրող բարեկիրթ քաղաքացիները հալածանքների թիրախ դարձել և մահվան դատապարտվում։

Ինչո՞ւ էին առաջին քրիստոնյաները հռոմեացիների կողմից ատված

16. Ի՞նչ կերպով էին քրիստոնյաները հեռու մնում աշխարհից, և ինչո՞ւ էր նրանց այդ արարքը հռոմեացիների հակակրանքին արժանանում։

16 Առաջին հերթին՝ հռոմեացիները քրիստոնյաներին ատում էին նրանց կրոնական համոզմունքների և դրանք կյանքում կիրառելու համար։ Քրիստոնյաներն, օրինակ, անջատ էին մնում աշխարհից (Յովհաննէս 15։19)։ Նրանք պետական պաշտոններ չէին զբաղեցնում և հրաժարվում էին զինվորական ծառայությունից։ Դրա համար «որակավորվում էին որպես աշխարհի հանդեպ մեռած և կյանքի համար անպիտան անհատներ»,— գրում է պատմիչ Օգոստոս Նեանդերը։ Աշխարհի մասը չկազմելը նշանակում էր նաև խուսափել հռոմեացիների այլասերված սովորություններից։ «Քրիստոնյաների փոքրիկ համայնքներն իրենց բարեպաշտությամբ և պարկեշտությամբ գրգռում էին հաճույքների տենչացող հեթանոսական աշխարհի զայրույթը»,— բացատրում է պատմաբան Ուիլ Դյուրանդը (Ա Պետրոս 4։3, 4)։ Հետապնդելով ու մահապատժի ենթարկելով քրիստոնյաներին՝ հռոմեացիները փորձում էին լռեցնել իրենց տանջող խղճի ձայնը։

17. Ինչի՞ց է երևում, որ առաջին դարի քրիստոնյաների տարած քարոզչական աշխատանքներն արդյունավետ էին։

17 Առաջին դարի քրիստոնյաներն անկոտրում եռանդով էին քարոզում Աստծո Թագավորության ավետիսը (Մատթէոս 24։14)։ Մ.թ. 60 թ. Պողոսն իրեն թույլ տվեց ասելու, թե՝ բարի լուրը «քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23)։ Առաջին դարի վերջին Հիսուսի հետևորդներն արդեն ուսուցանում էին ողջ Հռոմեական կայսրությունում՝ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում։ Նույնիսկ «Կայսրի տնից» ոմանք ընդունել էին քրիստոնեությունըa (Փիլիպպեցիս 4։23)։ Այդ եռանդուն քարոզչությունը խիստ ընդվզումներ էր առաջացրել։ «Քրիստոնեությունը,— գրում է Նեանդերը,— առաջ էր ընթանում բոլոր խավերի մարդկանց մեջ և սպառնում էր պետության կրոնին»։

18. Ինչպե՞ս էր Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն ցուցաբերելը հակառակություն առաջ բերում Հռոմի իշխանության հետ։

18 Հիսուսի հետևորդները Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն էին ցուցաբերում (Մատթէոս 4։8—10)։ Հավանաբար, հենց սա էր հռոմեացիների՝ նրանց հանդեպ ցուցաբերած հակառակության ամենամեծ պատճառը։ Հռոմեացիները հանդուրժողաբար էին մոտենում այլ կրոններին այն դեպքում միայն, եթե դրանց ներկայացուցիչները մասնակցում էին նաև կեսարի պաշտամունքին։ Իսկ առաջին քրիստոնյաները պարզապես չէին կարող մասնակցել նման պաշտամունքին։ Նրանք գտնում էին, որ հաշվետու են ավելի բարձր մի իշխանության, քան ինքը Հռոմի պետությունն է, այսինքն՝ Եհովա Աստծուն (Գործք 5։29)։ Այդ իսկ պատճառով, չնայած այն բանին, որ մնացած հարցերում քրիստոնյան իրեն դրսևորում էր որպես բարեկիրթ քաղաքացի, նա համարվում էր պետության թշնամի։

19, 20. ա) Հիմնականում ովքե՞ր էին հավատարիմ քրիստոնյաների մասին տարածվող զրպարտությունների համար պատասխանատուները։ բ) Ի՞նչ սուտ մեղադրանքներ էին բարձրացվել քրիստոնյաների դեմ։

19 Սակայն մի այլ պատճառ ևս կար, ինչի համար որ հավատարիմ քրիստոնյաներն ‘ատված էին’ հռոմեական աշխարհում. մարդիկ հեշտությամբ հավատում էին տարածվող զրպարտություններին, որոնց պատասխանատվությունն ընկած էր հրեա կրոնական առաջնորդների վրա (Գործք 17։5—8)։ Մոտավորապես մ.թ. 60—61 թթ., երբ Պողոսը Հռոմում սպասում էր Ներոնի կողմից նշանակված իր դատավճռին, հրեա առաջնորդները քրիստոնյաների մասին ասացին. «Այդ աղանդի համար մեզ յայտնի է, որ ամեն տեղ դորա դէմ են խօսում» (Գործք 28։22, ԱԹ)։ Դժվար թե Ներոնը լսած չլիներ քրիստոնյաների մասին տարածված զրպարտիչ պատմությունները։ Արձանագրություններից հայտնի է դարձել, որ մ.թ. 64–ին, երբ Ներոնը մեղադրվեց Հռոմը հրդեհելու մեջ, նա որպես «քավության նոխազ» վերցրեց արդեն զրպարտվող քրիստոնյաներին։ Այդ հայտարարությունը բիրտ հալածանքների մի նոր ալիք առաջ բերեց, որը լի էր քրիստոնյաներին բնաջինջ անելու վճռականությամբ։

20 Քրիստոնյաների դեմ այդ մեղադրանքները հաճախ հիմնված էին նրանց կրոնական համոզմունքների աղավաղված ու կեղծ տեղեկությունների վրա։ Քանի որ նրանք միաստվածական էին ու չէին երկրպագում կեսարին, անաստվածների պիտակ էին ստացել։ Քրիստոնյաները նաև մեղադրվում էին ընտանիքները պառակտելու մեջ, քանզի նրանց ընտանիքների ոչ քրիստոնյա անդամները հակառակվում էին իրենց հավատացյալ հարազատներին (Մատթէոս 10։21)։ Նրանց համարում էին «մարդակերներ». ըստ որոշ աղբյուրների, այդ զրպարտության միակ հիմքը իր վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսի արտասանած խոսքերն էին (Մատթէոս 26։26—28)։

21. Ո՞ր երկու պատճառներով էին քրիստոնյաներն «ատուած»։

21 Այսպիսով՝ քրիստոնյաները հռոմեացիների համար «ատելի» էին հիմնականում երկու պատճառով. 1) Աստվածաշնչի վրա հիմնված նրանց հավատի և գործերի համար և 2) քրիստոնյաների դեմ ուղղված սուտ ամբաստանությունների։ Առանց հաշվի առնելու պատճառները՝ հակառակորդների միակ նպատակը քրիստոնեությունը ճնշելն էր։ Ինչ խոսք, քրիստոնյաների գլխավոր հալածողները, որոնք և դրդում էին մարդկանց այդ քայլին դիմելու, գերմարդկային, անտեսանելի, հոգեղեն չար ուժերն էին (Եփեսացիս 6։12)։

22. ա) Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Եհովայի վկաները ջանում են ‘բարին գործել բոլորի հանդեպ’ (տեսեք շրջանակը 22–րդ էջի վրա)։ բ) Ինչի՞ մասին ենք խոսելու հաջորդ հոդվածում։

22 Առաջին դարի քրիստոնյաների նման, Եհովայի վկաների նկատմամբ տարբեր երկրներում այսօր ատելություն է սերմանվում։ Սակայն իրենց կողմից նրանք ատելությամբ լցված չեն այն մարդկանց հանդեպ, ովքեր Եհովայի վկա չեն հանդիսանում, և իրենք երբեք չեն եղել իշխանությունների դեմ որևէ խռովության նախաձեռնողներ։ Ընդհակառակը, աշխարհով մեկ նրանք հայտնի են նրանով, որ անկեղծ սեր են ցուցաբերում, որը տալիս–անցնում է հասարակական, ռասայական և էթնիկական բոլոր արգելքները (տեսեք շրջանակը «Բարին գործենք բոլորի հանդէպ» վերնագրի տակ)։ Ինչո՞ւ են, ուրեմն, նրանք հալածվում։ Եվ ինչպե՞ս են արձագանքում այդ հալածանքներին։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a «Կայսրի տնից» արտահայտությունն անպայման չէ հասկանալ, որ քրիստոնյաները այն ժամանակ իշխող Ներոնի տան անդամներն էին։ Արտահայտությունը կարող է վերաբերվել տան ծառաներին կամ փոքր պաշտոններ զբաղեցնողներին, որոնք, թերևս, կերակուր էին պատրաստում կամ կայսեր տան անդամների հագուստները լվանում։

Ինչպե՞ս կպատասխանեիք

◻ Ինչո՞ւ Հիսուսը կոչ արեց իր ապագա հետևորդներին հաշվել աշակերտ դառնալու «ծախսը»։

◻ Ի՞նչ ազդեցություն էր ունեցել ոչ հրեաների մասին տարածված կարծիքը հուդայականության վրա, և ի՞նչ դաս ենք մենք այսօր քաղում այդ օրինակից։

◻ Որո՞նք էին առաջին դարի հավատարիմ քրիստոնյաների երեք հակառակորդ խմբերը։

◻ Հիմնականում ո՞ր երկու պատճառներով էին առաջին դարի քրիստոնյաներն «ատելի» հռոմեացիների համար։

[շրջանակ 22–րդ էջի վրա]

«Բարին գործենք բոլորի հանդէպ»

Եհովայի վկաները ջանում են հետևել Աստվածաշնչի հորդորին՝ ‘բարին գործել բոլորի հանդեպ’ (Գաղատացիս 6։10)։ Դրացու հանդեպ սերը մղում է նրանց նեղության ժամանակ օգնելու այն մարդկանց, ովքեր բոլորովին չեն կիսում իրենց կրոնական համոզմունքները։ Օրինակ՝ 1994–ին՝ Ռուանդայի աղետալի օրերին, Եվրոպայից բազում Վկաներ ցանկություն հայտնեցին մեկնելու Աֆրիկա և օգնություն ցույց տալու տուժածներին։ Արագորեն կառուցվեցին լավ կազմակերպված ճամբարներ և բացօթյա հիվանդանոցներ։ Ինքնաթիռով բերվեցին հսկայական քանակությամբ կերակուր, հագուստեղեն և վերմակներ։ Օգնություն ստացող գաղթականների թիվը երեք անգամ գերազանցում էր այդ տարածքում ապրող Վկաների թվին։

[նկար 21–րդ էջի վրա]

Առաջին դարի քրիստոնյաները բարի լուրը քարոզում էին անկոտրում եռանդով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը