Ինչպիսի՞ ապագա եք ցանկանում ձեր երեխաներին
ՁԵՐ զավակներին թանկագին ժառանգությո՞ւն եք համարում (Սաղմոս 127։3)։ Թե՞ նրանց մեծացնելու մեջ տեսնում եք ավելի շուտ ֆինանսական բեռ, որտեղ հաջողությունը երաշխավորված չէ։ Մինչև երեխաները կկարողանան իրենց ապահովել, նրանց պահելը կապված է մեծ ծախսերի հետ և ոչ մի դրամական շահույթ չի բերում։ Ինչպես ժառանգած հարստության տնօրինելն է խելացի պլանավորում պահանջում, այնպես էլ՝ հաջող հայր ու մայր լինելը։
Հոգատար ծնողները ցանկանում են իրենց զավակին օգնել ինքնուրույն մարդ դառնալու։ Չնայած այս աշխարհում յուրաքանչյուր րոպե սպասվելիք չարիքներին և ողբալի իրադարձություններին՝ այնուամենայնիվ, ծնողները կարող են մեծ դեր խաղալ զավակներին պաշտպանելու գործում։ Հիշենք նախորդ հոդվածում բերված Վեռների և Եվայի դեպքըa։
Ծնողական իսկական հոգատարությունը
Վեռները պատմում է, որ իրերն իրենց ընթացքին թողնելու փոխարեն, ծնողներն անկեղծորեն հետաքրքրվում էին իրենց դպրոցական անցուդարձով։ «Ես բարձր էի գնահատում նրանց օգտակար առաջարկությունները և զգում էի նրանց հետաքրքրվածությունը, աջակցությունը։ Որպես ծնողներ, բավականին խիստ էին, բայց ես գտնում էի, որ նրանք են իմ իսկական ընկերները»։ Նմանապես, երբ Եվայի հանգիստը վրդովել էին պարապմունքները՝ սրտնեղություն ու անքնություն պատճառելով, հայրն ու մայրը՝ Ֆրանցիսկոն ու Ինեսը, ժամերով զրուցել էին նրա հետ և ամեն կերպ աջակցություն ցույց տվել մինչև նրա մտավոր ու հոգևոր հավասարակշռվածության վերադառնալը։
Ֆրանցիսկոն ու Ինեսն ի՞նչ կերպեր էին բանեցնում երեխաներին թիկունք կանգնելու ու չափահասության պատրաստելու համար։ Այս բարեհամբույր ծնողները նրանց փոքրուց ներգրավել էին իրենց առօրյա գործերի մեջ։ Չսահմանափակելով իրենց շփումը միայն չափահասների հասարակությամբ՝ ընկերական որևէ հանդիպմանը նրանք միշտ երեխաներին էլ էին տանում։ Որպես նվիրված ծնողներ՝ աղջկան ու տղային նաև պատշաճ դաստիարակություն տվեցին։ Ահա թե ինչ է պատմում Ինեսը. «Մենք նրանց սովորեցնում էինք տնային գործերով զբաղվել, լինել խնայող և խնամքով վերաբերվել իրենց հագուստներին։ Նաև օգնեցինք յուրաքանչյուրին մասնագիտություն ընտրելու հարցում ու հավասարակշռելու իրենց պարտականությունները հոգևորի հետ»։
Խիստ կարևոր է լավ ճանաչել ձեր երեխաների առանձնահատկությունները և ծնողական առաջնորդություն ապահովել։ Այսպիսի աջակցությունը հարկավոր է երեք ոլորտում. առաջին՝ հարմար աշխատանք ընտրելու, երկրորդ՝ դպրոցում և աշխատավայրում նյարդային լարվածությունը հաղթահարելու և երրորդ՝ իրենց հոգևոր պահանջները բավարարելու տարբերակները որոշելու հարցերում։
Օգնեք հարմար աշխատանք ընտրել
Քանի որ աշխատանքը եկամուտ բերելուց բացի զբաղեցնում է մարդկանց ժամանակի մեծ մասը, լավ ծնող լինելը նշանակում է նաև նկատի առնել յուրաքանչյուր երեխայի ձգտումներն ու ունակությունները։ Քանի որ խղճի տեր ոչ մի մարդ չի ցանկանում ուրիշի համար բեռ լինել, ծնողները պետք է նախօրոք մտածեն, թե երեխային ինչպես նախապատրաստել, որպեսզի նա ի վիճակի լինի իր կամ հետագայում իր ընտանիքի ապրուստն ապահովել։ Հարկ եղած ապրուստը վաստակելու համար ձեր տղան կամ աղջիկը որևէ արհեստ սովորելու պահանջը զգո՞ւմ են։ Որպես նվիրված ծնողներ՝ հետևողապես աշխատեցեք երեխայի մեջ այնպիսի հատկություններ մշակել, ինչպիսիք են՝ աշխատասիրությունը, սովորելու ձգտումը, մարդկանց հետ համերաշխ ապրելու ունակությունը։
Նիկոլի օրինակը։ Նա պատմում է. «Ծնողներս ինձ աշխատեցնում էին իրենց սեփական կենցաղ–ծառայության ձեռնարկությունում։ Նրանց առաջարկությամբ՝ ստացածս գումարի մի մասը հատկացնում էի տան ծախսերին, իսկ մնացածը՝ պահում անձնական ծախսերի կամ խնայողությունների համար։ Այդ ձևով իմ մեջ զարգացավ պատասխանատվության զգացումը, ինչը շատ օգտակար եղավ հետագայում»։
Թեպետ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, չի նշում այն մասին, թե ինչպիսի աշխատանք է հարկավոր ընտրել, սակայն նրա էջերում գտնում ենք ողջամիտ հրահանգներ։ Հիշենք Պողոս առաքյալի ակնարկը. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։ Թեսաղոնիկեի քրիստոնյաներին ուղղված այս խոսքերին նա ավելացրեց. «Ձեզնից ոմանց մասին լսում ենք, թէ ծոյլ կեանքով են ապրում, որեւէ գործ չեն անում, այլ ծոյլ–ծոյլ շրջում են՝ դատարկ բաներով հետաքրքրուելով։ Այդպիսիներին պատուիրում ենք եւ յորդորում Տէր Յիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտությամբ եւ իրե՛նց հացն ուտեն» (Բ Թեսաղոնիկեցիս 3։10—12)։
Չնայած մարդու կյանքում էական է աշխատանք գտնելը և փող վաստակելը, բայց դա էլ կյանքի իմաստ չէ։ Հավանական է, որ փառքի ետևից ընկնողը երբեք էլ բավարարվածություն չզգա և, գուցե, ի վերջո գլխի ընկնի, որ իր աշխատանքը «քամիի աշխատանք» է (Ժողովող 1։14)։ Ուստի, ծնողները լավ կանեն, որ չդրդեն երեխաներին ճանաչում ձեռք բերելուն ու բարեկեցության հետևից ընկնելուն, այլ ավելի շուտ օգնեն, որպեսզի նրանք ըմբռնեն Աստծու ներշնչմամբ գրված Հովհաննես առաքյալի հետևյալ իմաստալի խոսքերը. «Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ։ Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից։ Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։15—17)։
Ինչպե՞ս կարող եք բավարարել նրանց էմոցիոնալ պահանջները
Որպես հայր կամ մայր՝ կարող եք օրինակ վերցնել մարզիչից։ Մարզիչը չի կենտրոնանում միայն արագ վազքի կամ թռիչք–երկարության մեջ իր ատլետների ֆիզիկական կարողությունները զարգացնելու վրա։ Ամենայն հավանականությամբ, նաև օգնում է, որպեսզի նրանք հաղթահարեն ցանկացած բացասական մտածելակերպ և կարողանան ամրացնել իրենց էմոցիոնալ ուժերը։ Իսկ դուք ինչպե՞ս կարող եք քաջալերել, զորացնել և խրախուսել ձեր երեխաներին։
Նկատի առեք տասներեք տարեկան մի պատանու՝ Ռոժերիոյի դեպքը։ Բացի այն, որ իրեն անհանգստացնում էին անցումային տարիքին հատուկ մարմնական փոփոխությունները, նա ճնշված էր ծնողների անհամերաշխությունից և իր նկատմամբ անտարբերությունից։ Ի՞նչ կարելի է անել այս տարիքի պատանիների համար։ Թեև երեխաներին հուզմունքներից և վատ ազդեցություններից չեք կարող զերծ պահել, բայց և չպետք է դադարեք ձեր՝ ծնողի դերը կատարելուց։ Սահմանափակումների մեջ ծայրահեղություններից խուսափելով հանդերձ, ձեր զավակներից յուրաքանչյուրին բնորոշ հատկությունների համեմատ խելացի խրատներ տվեք։ Ձեր գուրգուրանքը և ուշադրությունը կնպաստեն, որպեսզի երեխան իրեն ապահով զգա։ Այսպիսի վերաբերմունքը նույնպես անհրաժեշտ է, որպեսզի նա չմեծանա անվստահ կամ թերարժեքության զգացումով։
Անկախ այն բանից, թե ժամանակին ձեր ծնողները որքանով են կարողացել բավարարել ձեր էմոցիոնալ պահանջները, իրապես աջակցող ծնող լինելու մեջ հաջողության հասնելու համար ձեզ կօգնեն երեք հանգամանք. առաջին՝ աշխատեք չտարվել անձնական դժվարություններով այնքան, որ արդյունքում անտեսվեն երեխաների չնչին թվացող պրոբլեմները. երկրորդ՝ ջանացեք ամենօրյա հաճելի և իմաստալից շփում մշակել նրանց հետ. երրորդ՝ դժվարությունները հաղթահարելու և մարդկանց հետ վերաբերվելու առնչությամբ ձեր զավակների մեջ դրական մտածելակերպ զարգացրեք։
Հիշելով իր պատանեկությունը՝ Բիրգիտը պատմում է. «Ստիպված եմ եղել ընդունելու, որ հնարավոր չէ մարդուն փոխել այնպես, ինչպես դու ես ուզում, որ նա դառնա։ Մայրս ինձ օգնեց այն եզրակացությանը հանգել, որ երբ ուրիշի մեջ ինձ համար ոչ հաճելի հատկություն եմ նկատում, կարող եմ ընդամենը խուսափել այդ մարդուն նմանվելուց։ Նա ասում էր նաև, որ եթե որոշել եմ փոխվել, ապա դրա համար ամենահարմար ժամանակը պատանեկության տարիներն են»։
Եվ դարձյալ, աշխատանք և էմոցիոնալ կայունություն ունենալուց բացի, ձեր երեխաներն ուրիշ կարիքներ էլ ունեն։ Ինքներդ ձեզ հարց տվեք, թե՝ իմ երեխաներին մեծացնելն արդյո՞ք Աստծուց շնորհված պատասխանատվություն եմ համարում։ Եթե այդպես է, պիտի ձգտեք ուշադիր լինել նաև նրանց հոգևոր պահանջների նկատմամբ։
Հոգևոր պահանջներին գոհացում տալու եղանակները
«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը»,— իր Լեռան քարոզում հայտարարեց Հիսուս Քրիստոսը (Մատթէոս 5։3)։ Ի՞նչ է բովանդակում հոգևոր պահանջների գոհացումը։ Երեխաները մեծ օգուտներ են քաղում՝ իրենց աչքի առաջ ունենալով Եհովա Աստծո նկատմամբ ծնողների հավատի օրինակը։ Պողոս առաքյալը գրեց. «Առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն» (Եբրայեցիս 11։6)։ Իսկ իմաստալից հավատին զուգակցում է աղոթքը (Հռովմայեցիս 12։12)։ Եթե գիտակցեք, որ հոգևոր առումով աղքատ եք, ապա Աստծո առաջնորդությունը կփնտրեք, ինչպես որ հնում վարվեց այն հայրը, որի մանուկը հետագայում դարձավ իսրայել ազգի հայտնի դատավոր Սամսոնը (Դատաւորաց 13։8)։ Եվ ոչ միայն կաղոթեք, այլև օգնության համար կդիմեք իր ներշնչմամբ գրված Աստծո Խոսքին՝ Աստվածաշնչին (Բ Տիմոթէոս 3։16, 17)։b
Չնայած խելացի առաջնորդության, էմոցիոնալ աջակցության և հոգևոր օգնության համար թափված ջանքերին՝ երեխաներ մեծացնելը կարող է վարձատրվել։ Երկու զավակի տեր բրազիլացի մի հայր պատմում է իր զգացմունքներից. «Չեմ կարող անգամ պատկերացնել կյանքս առանց իմ երեխաների։ Այնքան հետաքրքիր ժամանակ կարելի է անցկացնել նրանց հետ»։ Մայրը երեխաների հաջողությունն այսպես է բացատրում. «Միշտ միասին ենք լինում և ինչ էլ որ ձեռնարկենք, դրա համար ուրախ մթնոլորտ ենք ստեղծում, իսկ կարևորը՝ միշտ աղոթում ենք երեխաների համար»։
Մտաբերելով ծնողների ցուցաբերած սերն ու համբերությունը ամեն անգամ, երբ որևէ խնդիր էր ունենում՝ Պրիսիլան պատմում է. «Նրանք իմ հարազատ ընկերներն էին և ամեն ինչում ինձ օգնում էին,— ասում է նա,— երեխա լինելով հանդերձ ես զգում էի, որ ինձ հետ վերաբերվում էին ինչպես «Տիրոջ ժառանգության» հետ (Սաղմոս 127։3)։ Ինչպե՞ս կարձագանքեիք այն մտքին, որ դուք էլ, ուրիշ բազմաթիվ ծնողների նման, ժամանակ տրամադրեիք ձեր երեխաների հետ միասին Աստվածաշունչ և քրիստոնեական հրատարակություններ կարդալուն։ Սուրբ գրություններում արձանագրված պատմությունները և սկզբունքները բարենպաստ մթնոլորտում քննարկելը երեխաների մեջ կզարգացնի վստահությունը և կհաստատի խոստացված գեղեցիկ ապագայի հեռանկարը։
Երբ բոլոր երեխաները ապահով կլինեն
Թեև բազում երեխաների համար ապագան այսօր մռայլ է թվում, Աստծո Խոսքը երաշխավորում է, որ շուտով երկիրը ապահով կացարան կդառնա մարդկության համար։ Մի պահ երևակայեք Աստծո խոստացած նոր աշխարհը, երբ ծնողներին այլևս չի մտատանջի երեխաների ապահովության հարցը (Բ Պետրոս 3։13)։ Պատկերացրեք մարգարեության փառավոր կատարումը. «Գայլը կ’բնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կ’պառկէ. եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին, եւ մի փոքր երեխայ կ’քշէ նորանց» (Եսայիա 11։6)։ Նախագուշակված հոգևոր անվնասակարությունը փոխաբերական իմաստով արդեն իրականանում է Եհովային ծառայողների մեջ։ Նրանց ընկերակցությամբ դուք կզգաք Աստծո սիրալիր հոգատարությունը։ Եթե Աստծո նկատմամբ ձեր սերը դրսևորեք, վստահ եղեք, որ նա կհասկանա ծնողական ձեր զգացումները և կօգնի հաղթահարել ձեր ճանապարհին հանդիպող անհանգստություններն ու փորձությունները։ Ուսումնասիրեք նրա Խոսքը, և ձեր հույսը դրեք Թագավորության վրա։
Աջակցեք ձեր երեխաներին քայլել հավիտենական կյանք առաջնորդող ճանապարհով՝ նրանց համար լավ օրինակ ծառայելով։ Եթե ապավինեք Եհովային, ձեր, ինչպես նաև ձեր երեխաների ապագան, թերևս, գերազանցի ձեր բոլոր ակնկալիքները։ Դուք կարող եք այնպիսի վստահություն ունենալ, ինչպիսին ուներ սաղմոսերգուն, երբ երգեց. «Ցնծացիր Տէրով, եւ նա կ’տայ քեզ քո սրտի ուզածները» (Սաղմոս 37։4)։
[ծանոթագրություններ]
a Սույն հոդվածում անունները փոխված են։
b Տեսեք «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը (ռուս.), գլուխներ 5—7, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։