Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Գլուխ»
  • Գլուխ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գլուխ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Գլխավորությունը ժողովում
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • Երբ և ինչու պետք է քույրը ծածկի գլուխը
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Աստվածաշնչի ըմբռնում
it «Գլուխ»

ԳԼՈՒԽ

Մարդու մարմնի վերին մասը, որում գտնվում է ուղեղը, ինչպես նաև տեսողության, լսողության, հոտառության ու համի զգայարանները։ Աստվածաշնչում գլխի (եբր.՝ ռոշ, հուն.՝ կեֆալե) մասին հաճախ խոսվում է թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստներով։

Գլուխը ջարդել, փշրել, ջախջախել։ «Ժողովող» գրքում այլաբանական լեզվով նկարագրվում են ծերության հետևանքները, որոնք ի վերջո մահվան են տանում (Ժղ 12։1-7)։ «Ոսկե գավաթը կոտրվել» արտահայտությամբ նկարագրվում է գավաթի նմանեցվող գանգում տեղակայված գլխուղեղի մահը և դրա կենսագործունեության դադարումը։ «Գլուխը ջարդել (կամ՝ ջախջախել, փշրել)» արտահայտությունը նշանակում է «մահ պատճառել», «կործանում բերել» (Սղ 68։21; 74։13, 14)։ Աստվածաշնչյան առաջին մարգարեության մեջ (Ծն 3։15) նշվում է, որ այն բանից հետո, երբ «կնոջ» «սերնդի» կրունկը խայթվեր, այդ «սերունդը» պետք է ջախջախեր օձի գլուխը։ Աստվածաշնչյան այլ համարներից պարզ է դառնում, թե ինչպես կկատարվի այդ մարգարեությունը. օձը՝ Բանսարկու Սատանան, անդունդը կգցվի, որտեղ հազար տարի ոչինչ չի կարողանա անել, և դրանից կարճ ժամանակ անց հավիտյան կոչնչացվի «կրակե լճում», որը «երկրորդ մահն է» (Հտն 20։1-3, 7, 10, 14; 12։9)։

«Գլուխը բարձրացնել»։ Դավիթ թագավորը, որը նվաստացած վիճակում էր և ծանր դժվարություններով էր անցնում, Եհովային համարում էր իր Վահանը և իր «գլուխը բարձրացնողը», ով կօգներ իրեն կրկին թև առնել (Սղ 3։3; հմմտ. Ղկ 21։28)։ Ի կատարումն Հովսեփի մեկնած երազի՝ փարավոնը «բարձրացրեց [իր գլխավոր գինեմատույցի] գլուխը»՝ նրան իր պաշտոնին վերադարձրեց։ Սակայն նա գլխավոր հացագործի «գլուխը բարձրացրեց նրանից», այսինքն՝ գլխատելով մահապատժի ենթարկեց նրան (Ծն 40։13, ծնթ., 19-22, ծնթ.)։

Օրհնություն, օծում, երդում։ Հին ժամանակներում ինչ-որ մեկին օրհնելիս ձեռքը դնում էին նրա գլխին (Ծն 48։13-20; 49։26)։ Աստծու հավանությունը, առաջնորդությունն ու իմաստությունը նմանեցվում են մարդու գլխավերևում փայլող ճրագի և գլուխը զարդարող սքանչելի պսակի (Հոբ 29։3; Առ 4։7-9)։ Օծման յուղը գլխին էին լցնում (Ղև 8։12; Սղ 133։2)։ Լեռան քարոզում Հիսուսը ծոմ պահողներին խորհուրդ տվեց յուղով օծել գլուխն ու խնամված տեսք ունենալ և ոչ թե ցուցադրաբար հրաժարվել ինչ-որ բանից՝ ուրիշների հիացմունքին արժանանալու նպատակով (Մթ 6։17, 18)։ Հյուրի գլխին յուղ լցնելը հյուրասիրության կարևոր դրսևորումներից էր (Ղկ 7։46)։ Հրեաները սովորություն էին ձեռք բերել երդվել իրենց գլխով (այսինքն՝ կյանքով), բայց Հիսուսը դատապարտեց այդ սովորությունը (Մթ 5։36, 37; տես ԵՐԴՈՒՄ)։

Ներկայացնում է մարդուն։ Քանի որ գլուխը կառավարում է ողջ մարմինը, Աստվածաշնչում այն նաև գործածվում է հենց մարդու առնչությամբ։ Երբ Հիսուս Քրիստոսն ասաց, որ «գլուխը դնելու տեղ չունի», նկատի ուներ, որ տուն չունի (Մթ 8։20)։ Ուխտավորի գլուխը, այսպես ասած, երդման տակ էր դրված, ինչի մասին վկայում էին նրա երկար մազերը (Թվ 6։5, 18-20)։ Մարդու մեղքերի և հանցանքների մասին ասվում է, որ դրանք կիտվել են նրա գլխավերևում, կամ որ նա ոտքից գլուխ թաղված է դրանց մեջ (Եզր 9։6; Սղ 38։4; հմմտ. Դն 1։10, ԱԹ, ԱԱ)։ Դավթի համար թանկ էր արդարի տված խրատը. դա նրա համար նույնն էր, ինչ իր գլխին լցված յուղը, որը նա երբեք չէր մերժի (Սղ 141։5)։ Երբ Աստվածաշնչում ասվում է, որ անօրենի չարագործությունները կամ նրա պատիժը նրա գլխին է բերվում կամ գալիս, նշանակում է, որ նրա դեմ դատաստան է իրագործվում, և նա հատուցում է ստանում (Դտ 9։57; 1Սմ 25։39; Եր 23։19; 30։23; Հվլ 3։4, 7; Աբդ 15; հմմտ. Նեմ 4։4)։ Եթե մարդու մասին ասվում էր, որ նրա արյունը իր գլխին է, դա նշանակում էր, որ մահապատժի արժանի գործեր անողը ինքն էր մեղավոր, որ կյանքից զրկվում էր (2Սմ 1։16, ծնթ.; 1Թգ 2։37, ծնթ.; Եզկ 33։2-4, ծնթ.; Գրծ 18։6, ծնթ.)։ Սպանված մարդու արյունը նրան սպանողի գլխին հետ դարձնել նշանակում էր դատաստան տեսնել մարդասպանի հանդեպ, ով արյուն էր թափել (1Թգ 2։32, 33, ծնթ.)։

Ամեն տարի Իսրայելի քահանայապետը, ձեռքերը դնելով ազազելի համար այծի գլխին (այդպիսով մեղքերը փոխանցելով այծին), խոստովանում էր ժողովրդի մեղքերը, որից հետո նշանակված մարդու ձեռքով կենդանուն արձակում էր դեպի անապատ, որպեսզի այն տաներ նրանց անօրենությունները, և դրանք մոռացության մատնվեին (Ղև 16։7-10, 21, 22)։ Նմանապես՝ Հիսուս Քրիստոսը «տարավ մեր տկարությունները, կրեց մեր ցավերը» և «իր վրա վերցրեց շատերի մեղքերը» (Ես 53։4, 5; Եբ 9։28; 1Պտ 2։24)։

Քահանաները և նրանք, ում համար որոշակի զոհեր էին մատուցվում, իրենց ձեռքերը դնում էին կենդանու գլխին և այդպիսով ընդունում էին, որ այդ զոհը իրենց համար է բերվում (Ղև 1։2-4; 8։14; Թվ 8։12)։

Քահանաները և նրանք, ում համար որոշակի զոհեր էին մատուցվում, իրենց ձեռքերը դնում էին կենդանու գլխին և այդպիսով ընդունում էին, որ այդ զոհը իրենց համար է բերվում (Ղև 1:2–4; 8:14; Թվ 8:12)։

Մեծարանք, ստորացում և արհամարհանք։ Որոշ ազգերի մեջ ընդունված էր ռազմիկներին թաղել՝ նրանց սրերը իրենց գլուխների տակ դրված։ Այդպիսով նրանց զինվորական պատվի էին արժանացնում (Եզկ 32։27)։ Աստվածաշնչում հանդիպող «իմաստունի աչքերը նրա գլխում են» արտահայտությունը նշանակում է, որ նա պարզ տեսնում է իր ճանապարհը (Ժղ 2։14, ծնթ., ԷԹ)։ Գլխին հող կամ մոխիր էին լցնում ի նշան վշտի, սգի, տառապանքի կամ ստորացման (Հս 7։6; 1Սմ 4։12; 2Սմ 13։19)։ Սաղմոսերգուն, խոսելով Իսրայելի կրած փորձությունների ու դժվարությունների մասին, ասաց. «Մահկանացու մարդը մեզ կոխկրտեց [բռց.՝ «անցավ մեր գլխի վրայով»]»։ Նա ակներևաբար նկատի ուներ, որ Աստծու ժողովուրդը սովորական մահկանացուների (եբր.՝ էնոշ) տիրապետության տակ էր, որոնք զորավոր էին, դաժան ու մեծամիտ (Սղ 66։12; հմմտ. Ես 51։23)։ Գլուխը խոնարհելը սգի կամ խոնարհության նշան էր (Ես 58։5), գլուխը շարժելը կամ տարուբերելը խորհրդանշում էր ծաղրանք, արհամարհանք կամ զարմանք (Սղ 22։7; Եր 18։15, 16; 48։27; Մթ 27։39, 40; Մկ 15։29, 30)։

Բարություն՝ թշնամիների հանդեպ։ Աստվածաշունչը հորդորում է բարությամբ վարվել թշնամու հետ և բացատրում է. «Այդպես դու նրա գլխին այրվող ածուխներ կդիզես» (Հռ 12։20; Առ 25։21, 22)։ Այս փոխաբերությունը սկիզբ է առել մետաղը հալեցնելու հին մեթոդից, ըստ որի՝ հանքանյութը վերևից ու ներքևից ծածկում էին ածխով։ Նմանապես՝ բարություն դրսևորելով՝ կարելի է «հալեցնել», այսինքն՝ փափկացնել անհատի կարծր սիրտը և այդպիսով մաքրել նրան խարամի նմանվող վատ հատկանիշներից և ի հայտ բերել նրա լավ կողմերը։

Իշխանության խորհրդանիշ։ «Գլուխ» բառը կարող է վերաբերել ազգատոհմի, գերդաստանի, ցեղի, ժողովրդի առաջնորդին կամ կառավարության ղեկավարին (2Օր 33։5; 1Սմ 15։17; 1Թգ 8։1; 1Տգ 5։24)։ «Նահապետ» բառով թարգմանված հունարեն պատրիարխես բառը բառացի նշանակում է «տոհմի գլուխ» (Գրծ 2։29; 7։8, ծնթ.; Եբ 7։4)։ Նրանց մասին, ովքեր գնում են ինչ-որ մեկի ուղղորդմամբ, ասվում է, որ գնում են նրա «գլխավորությամբ» (Մք 2։13)։ Եթե Իսրայելը հնազանդվեր Աստծուն, նա ազգերի գլուխ կդառնար՝ նրանց առջևում կլիներ այն իմաստով, որ կդառնար անկախ ու բարգավաճող ազգ և նույնիսկ ուրիշ ազգերի պարտատերը (2Օր 28։12, 13)։ Իսկ եթե իսրայելացիները չհնազանդվեին Աստծուն, պանդուխտները «առջևում կլինեին, ինչպես գլուխ»՝ դառնալով նրանց պարտատերը (2Օր 28։43, 44)։

Վիշապի յոթ գլուխները։ Տեսիլքում Հովհաննես առաքյալը մի «վիշապ» տեսավ երկնքում, որը յոթ գլուխ ուներ։ Այդ վիշապը Բանսարկու Սատանան է (Հտն 12։3, 9)։ Յոթ գլուխ ունեն նաև երկրի վրա գտնվող «գազանը», որն իր զորությունը ստանում է վիշապից, և «ալ կարմիր գազանը»։ Այդ գլուխները խորհրդանշում են աշխարհակալ տերությունները (Հտն 13։1; 17։3, 9, 10; հմմտ. Դն 2։32, 37, 38, որտեղ Նաբուգոդոնոսոր թագավորի դինաստիան կոչվում է «գլուխ»)։ Հետևաբար վիշապի յոթ գլուխները, որոնց վրա յոթ թագ կա, ըստ ամենայնի մատնացույց են անում այն, որ Սատանան գլխավորում է Աստվածաշնչի մարգարեություններում նկարագրված յոթ աշխարհակալ տերությունները (Եփ 6։12; տես ԳԱԶԱՆՆԵՐ (ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ))։

Քրիստոնեական ժողովի Գլուխը։ Հիսուս Քրիստոսը քրիստոնեական ժողովի Գլուխն է, իսկ ժողովը «նրա մարմինն է»՝ կազմված 144 000 անդամներից (Եփ 1։22, 23; Կղ 1։18; Հտն 14։1)։ Քանի որ Հիսուսը անմահ է, նա թե՛ անցյալում, թե՛ ներկայումս կոորդինացնում է ոգուց ծնված քրիստոնյաների՝ մարմնի անդամների գործունեությունը՝ տալով նրանց ամեն անհրաժեշտ բան, որ նրանք հոգևորապես աճեն և գործեն ի փառս Աստծու (1Կթ 12։27; Եփ 4։15, 16; Կղ 2։18, 19)։ Ինչպես որ բառացի տաճարը «գլխաքար» ուներ (Զք 4։7), այնպես էլ Հիսուսը հոգևոր տաճարի գլխավոր անկյունաքարն է (Գրծ 4։8-11; 1Պտ 2։7)։ Նա նաև «ամեն կառավարության ու իշխանության գլուխն է», բայց միևնույն ժամանակ ենթակա է Աստծուն, ով բոլորի և ամեն ինչի Գլուխն է (Կղ 2։10; 1Կթ 11։3)։ Աստվածաշունչը Քրիստոսի՝ որպես ժողովի Գլխի դիրքը նմանեցնում է ամուսնու դիրքին, որն իր կնոջ գլուխն է, որպեսզի ամուսնացած զույգերին հստակ ցույց տա, որ ամուսինը պետք է սիրով ու հոգատարությամբ բանեցնի իր իշխանությունը, և որ կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն (Եփ 5։22-33)։

Հիմնվելով այն սկզբունքի վրա, ըստ որի՝ Աստված՝ Քրիստոսի Գլուխը, բոլորի լիիրավ Գլուխն է, իսկ տղամարդը՝ կնոջ հարաբերական գլուխը, Պողոս առաքյալը սահմանեց մեկ այլ սկզբունք, որը գործում է քրիստոնեական ժողովում. կինը ժողովում աղոթելիս կամ մարգարեանալիս, «ի նշան հնազանդության», պետք է ծածկի իր գլուխը և այդպիսով ընդունի տղամարդու գլխավորությունը, որն Աստված է հաստատել (1Կթ 11։3-16; տես ՄԱԶԵՐ; ԳԼԽԻ ԾԱԾԿՈՑ; ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ)։

Այլ կիրառություններ։ «Գլուխ» թարգմանված եբրայերեն բառը այլ բաների թվում գործածվում է խորանի, գավիթի և տաճարի սյուների գագաթների (Ելք 36։37, 38; 38։17; 1Թգ 7։16), լեռների գագաթների (Ծն 8։5), թփերի վերնամասի կամ ծառերի կատարների (1Տգ 14։15), սանդուղքի ծայրի (Ծն 28։12) և գավազանի ծայրի առնչությամբ (Եսթ 5։2)։ Այն նաև կիրառվում է ինչ-որ բանի սկզբի, օրինակ՝ գետերի կամ ճանապարհների (Ծն 2։10, ԱԹ; Եզկ 21։21), ինչպես նաև առաջին ամսվա առնչությամբ («ամիսների սկիզբը [գլուխը]» (Ելք 12։2))։ Հրեական Նոր տարին կոչվում է Ռոշ Հաշանա, որը բառացի նշանակում է «տարեգլուխ» (տես ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԵՎ ԺԵՍՏԵՐ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը