ԳԻՏԵԼԻՔ
Գիտելիքը որևէ բնագավառի վերաբերյալ մարդու ունեցած փաստերի ամբողջությունն է, որը նա ձեռք է բերում անձնական փորձի, դիտարկումների կամ ուսումնասիրության արդյունքում։ Աստվածաշունչն ասում է, որ ճշմարիտ գիտելիքները ոսկուց արժեքավոր են, և լրջորեն խրախուսում է փնտրել ու թանկ համարել դրանք (Առ 8։10; 20։15)։ Հիսուսը շեշտեց, որ շատ կարևոր է գիտելիքներ ստանալ իր և իր Հոր մասին։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում բազմիցս խոսվում է գիտելիք ունենալու կարևորության մասին (Հվ 17։3; Փպ 1։9; 2Պտ 3։18)։
Գիտելիքի Աղբյուրը։ Գիտելիքի հիմնական աղբյուրը Եհովան է։ Նա կյանք է տալիս, իսկ առանց դրա անհնար է գիտելիք ձեռք բերել (Սղ 36։9; Գրծ 17։25, 28)։ Բացի այդ, քանի որ Աստված է ստեղծել ամեն բան, մարդը գիտելիք է ստանում՝ ուսումնասիրելով Աստծու ձեռքի գործերը (Հտն 4։11; Սղ 19։1, 2)։ Աստված նաև ներշնչել է մարդկանց, որ գրի առնեն իր Խոսքը, որտեղից կարելի է իմանալ նրա կամքի ու նպատակների մասին (2Տմ 3։16, 17)։ Հետևաբար ճշգրիտ գիտելիքները Եհովայից են բխում, և նա, ով փնտրում է այդ գիտելիքները, պետք է աստվածավախ լինի, որ զգուշանա Աստծուն տհաճ բաներ անելուց։ Այսպիսի վախը գիտելիքների սկիզբն է (Առ 1։7)։ Աստվածավախությունը օգնում է ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել։ Բայց երբ մարդիկ հաշվի չեն առնում Աստծուն, իրենց դիտարկումների պատճառով հաճախ սխալ եզրահանգումներ են անում։
Աստվածաշունչը բազմիցս ցույց է տալիս Եհովայի ու գիտելիքների միջև կապը։ Այն կոչում է Եհովային «ամեն ինչ իմացող Աստված» և նշում է, որ նա «ամեն ինչ գիտի կատարելապես» (1Սմ 2։3; Հոբ 36։4; 37։14, 16)։
Իր նպատակներն իրագործելու հարցում Եհովան այնպիսի կարևոր դեր է հատկացրել իր Որդուն՝ Հիսուսին, որ վերջինիս մասին ասվում է. «Նրա մեջ խնամքով պահված են անգին գանձեր՝ ողջ իմաստությունն ու գիտելիքները» (Կղ 2։3)։ Եթե անհատը չի հավատում, որ Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է, չի կարող իրապես ըմբռնել Աստվածաշունչը և հասկանալ, թե Աստծու նպատակներն ինչպես են իրագործվում Նրա հայտնած մարգարեություններին ներդաշնակ։
Գիտելիքի նշանակությունն ու կարևորությունը լիարժեք հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել հաճախ այդ բառով թարգմանված եբրայերեն ու հունարեն բառերը և ուշադրություն դարձնել, թե ինչ կապ կա գիտելիքի և իմաստության, հասկացողության, խորհելու կարողության ու խորաթափանցության միջև։
Նշանակությունը։ Եբրայերեն Գրվածքներում կան մի քանի գոյականներ, որոնք կարող են թարգմանվել «գիտելիք» բառով և կապ ունեն յադա բայի հետ։ Այդ բայը հետևյալ իմաստային երանգներն ունի՝ «իմանալ (ուրիշի պատմածով)», «իմանալ (դիտարկումների արդյունքում)», «իմանալ (անձամբ ճանաչելով, անձնական փորձով)» կամ «լինել փորձառու, հմուտ»։ Բառի իմաստային երանգը և թարգմանությունը որոշվում է համատեքստով։ Օրինակ՝ Ծննդոց 18։19-ում (ծնթ.) յադա բայը թարգմանվել է «ճանաչել»։ Այնտեղ Աստված ասում է, որ ճանաչում է Աբրահամին, ուստի համոզված է, որ հավատի տեր այդ մարդը իր սերունդներին կպատվիրի անել այն, ինչ ճիշտ է։ Այս համատեքստում բնագրային բառը ոչ թե նշանակում է, որ Եհովան պարզապես գիտի Աբրահամի գոյության մասին, այլ որ լավ ճանաչում է նրան, քանի որ տարիների ընթացքում տեսել է նրա հնազանդությունն ու ճշմարիտ երկրպագության հանդեպ նվիրվածությունը (Ծն 18։19, ծնթ.; 22։12; հմմտ. ԵՀՈՎԱ, «Անվան գործածությունը հնում և դրա նշանակությունը»)։
«Գիտելիք» բառով հիմնականում թարգմանվել է եբրայերեն դաաթ գոյականը, որը, ինչպես և յադա (իմանալ) բայը, փոխանցում է փաստերին տիրապետելու կամ տեղեկություն ունենալու իմաստ, բայց երբեմն ավելին է ընդգրկում։ Օրինակ՝ Օսեե 4։1, 6-ում ասվում է, որ ինչ-որ ժամանակ Իսրայելում մարդիկ «չէին ճանաչում Աստծուն [բռց.՝ «Աստծու մասին գիտելիք չկար»]»։ Դա չի նշանակում, որ իսրայելացիները չգիտեին, որ Եհովան է Աստված, ով անցյալում փրկել ու առաջնորդել էր իրենց նախահայրերին (Օս 8։2)։ Սակայն սպանություն, գողություն և ամուսնական անհավատարմություն գործելով՝ նրանք ճշմարիտ գիտելիքներին հակառակ էին վարվում և այդպիսով մերժում էին դրանք (Օս 4։2)։
Յադա բայը երբեմն մատնանշում է սեռական հարաբերություն։ Օրինակ՝ որոշ թարգմանություններում Ծննդոց 4։17-ում այդ բայը բառացի թարգմանվել է «գիտաց», «գիտցաւ» (ԱԹ, ԱԱ)։ Մինչդեռ այլ թարգմանություններում ասվում է, որ Կայենը «մերձեցավ իր կնոջը» (Նոր ԷԹ) կամ «հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ» (ՆԱԹ)։ Մատթեոս 1։25 և Ղուկաս 1։34 համարներում այդ նույն իմաստով թարգմանվել է հունարեն գինոսկո բայը։
Երբ Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը (Ծն 2։17; 3։5, 6), Եհովան արարչագործության մեջ իր օգնականին (Հվ 1։1-3) ասաց. «Այժմ մարդը մեզնից մեկի պես է դարձել՝ բարին ու չարը իմացող» (Ծն 3։22, ծնթ.)։ Դա, ըստ ամենայնի, չէր նշանակում, որ առաջին տղամարդն ու կինը մինչ այդ չգիտեին, թե իրենց համար ինչն է բարին, և ինչը՝ չար. նրանք դա արդեն գիտեին Աստծու տված պատվիրաններից։ Բացի այդ՝ Ծննդոց 3։22-ում արձանագրված Աստծու խոսքերը չէին կարող նշանակել, որ նրանք իրենց փորձով իմացան՝ ինչն է չար, քանի որ Եհովան ասաց, որ նրանք դարձել են իր պես, իսկ նա չարիք գործելով չէ, որ իմացել է, թե ինչն է չար (Սղ 92։14, 15)։ Ըստ երևույթին, Ադամն ու Եվան դարձան բարին ու չարը իմացող այն իմաստով, որ իրենք սկսեցին որոշել, թե ինչն է բարի, և ինչն է չար։ Եհովային հնազանդվելու փոխարեն, ով և՛ իրավունք, և՛ իմաստություն ունի որոշելու բարին ու չարը, նրանք սեփական դատողությունը նրա դատողությունից վեր դասեցին և ըմբոստացան նրա դեմ՝ ըստ էության դառնալով իրենք իրենց աստվածն ու օրենսդիրը։ Բարու և չարի վերաբերյալ նրանց գիտելիքները, այսինքն՝ սահմանած չափանիշները, տարբերվում էին Եհովայի չափանիշներից և միայն տառապանք պատճառեցին իրենց (Եր 10։23)։
Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում «գիտելիք» բառով հիմնականում թարգմանված է երկու բառ՝ գնոսիս և էպիգնոսիս։ Այդ բառերը կապ ունեն գինոսկո բայի հետ, որը նշանակում է «իմանալ», «հասկանալ», «ըմբռնել»։ Սակայն Աստվածաշնչից պարզ է դառնում, որ այդ բայը կարող է մատնանշել իրար «ճանաչող» երկու անձանց միջև մտերիմ հարաբերություններ (1Կթ 8։3; 2Տմ 2։19)։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում գիտելիքը (գնոսիս) դրական լույսի ներքո է ներկայացվում, բայց այնտեղ նաև ասվում է, որ պետք չէ ուշադրություն դարձնել ամեն բանի, ինչ մարդիկ «գիտելիք» են կոչում, քանի որ փիլիսոփայական տեսություններն ու որոշ ուսմունքներ իրականում «այսպես կոչված «գիտելիքներ»» են (1Տմ 6։20)։ Խրախուսվում է գիտելիքներ ձեռք բերել Աստծու և նրա նպատակների մասին (2Պտ 1։5)։ Դա նշանակում է, որ ոչ թե պետք է պարզապես տեղյակ լինել փաստերին, ինչպես աթեիստների պարագայում է, այլև նվիրված լինել Աստծուն և Քրիստոսին (Հվ 17։3; 6։68, 69)։ Եթե անհատը միայն գիտելիք (տեղեկություն) ունի, նրա մեջ կարող է գերազանցության զգացում ձևավորվել։ Իսկ եթե նա «ճանաչի Քրիստոսի սերը, որը բարձր է գիտելիքներից», այսինքն՝ ընդօրինակելով նրան՝ սեփական փորձով հասկանա, թե ինչ սեր է դա, կարող է հավասարակշռված տեսակետ ունենալ իր մասին և ճիշտ օգտագործել իր գիտելիքները (Եփ 3։19)։
Էպիգնոսիս բառը գնոսիս բառի սաստկական ձևն է (էպի նախածանցը նշանակում է «հավելյալ»), և ինչպես հաճախ երևում է համատեքստից, այն նշանակում է «ստույգ, ճշգրիտ, ամբողջական գիտելիքներ»։ Պողոսը գրեց, որ որոշ մարդիկ Աստծուն ծառայելու հարցում եռանդ ունեն, «բայց այն չեն դրսևորում ճշգրիտ գիտելիքների [«ճշմարիտ գիտության», ԱՆԹ] համաձայն» (Հռ 10։2, ծնթ.)։ Նա նաև աղոթում էր, որ Կողոսայի ժողովի անդամները, ովքեր, դառնալով քրիստոնյա, որոշ չափով գիտելիքներ ունեին Աստծու կամքի մասին, «ճշգրտորեն իմանան նրա կամքը [«կամքի կատարյալ գիտությունը», ԱՆԹ], ունենան իսկական իմաստություն ու հոգևոր հասկացողություն» (Կղ 1։9)։ Բոլոր քրիստոնյաները պետք է ձգտեն ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել (Եփ 1։15-17; Փպ 1։9; 1Տմ 2։3, 4)։ Դրանք անհրաժեշտ են «նոր անձնավորությունը» հագնելու և խաղաղություն ունենալու համար (Կղ 3։10; 2Պտ 1։2)։
Ինչի հետ կապ ունի։ Աստվածաշնչում հաճախակի ընդգծվում է գիտելիքի կապը իմաստության, հասկացողության, խորաթափանցության և խորհելու կարողության հետ (Առ 2։1-6, 10, 11)։ Դրանց միջև եղած հիմնական տարբերությունները հասկանալը օգնում է ավելի լավ ըմբռնել աստվածաշնչյան շատ համարներ։ Սակայն պետք է ընդունել, որ հայերենում միշտ չէ, որ հնարավոր է գտնել բնագրային բառերի ճշգրիտ համարժեքը։ Համարի իմաստը կախված է համատեքստից և բառի գործածությունից։ Այնուամենայնիվ, նկատի առնելով, թե Աստվածաշնչում ինչ է ասվում գիտելիքի, իմաստության, հասկացողության, խորաթափանցության ու խորհելու կարողության մասին՝ կարելի է տեսնել, թե երանգային ինչ հետաքրքիր տարբերություններ ունեն դրանք։
Իմաստություն։ Իմաստությունը գիտելիքները գործնականում կիրառելու, դրանք խելամտորեն օգտագործելու ունակությունն է։ Մարդը գուցե շատ գիտելիքներ ունենա, բայց իմաստության պակասի պատճառով չիմանա՝ ինչպես կիրառել դրանք։ Հիսուսը բացատրեց, որ իմաստությունը կապ ունի մարդու գործերի հետ։ Նա ասաց. «Իմաստությունը փաստվում է գործերով» (Մթ 11։19)։ Սողոմոնը Աստծուց ոչ միայն գիտելիք խնդրեց, այլև իմաստություն, և ստացավ իր խնդրածը (2Տգ 1։10; 1Թգ 4։29-34)։ Նրա իմաստությունը, օրինակ, վառ կերպով դրևսորվեց այն ժամանակ, երբ նա կիրառեց մայրական ուժգին սիրո մասին իր գիտելիքները և իմաստուն լուծում տվեց երկու կանանց միջև ծագած վեճին, որոնցից յուրաքանչյուրը պնդում էր, թե ինքն է երեխայի մայրը (1Թգ 3։16-28)։ «Իմաստությունը ամենակարևոր բանն է», քանի որ առանց դրա՝ գիտելիքները չնչին արժեք ունեն (Առ 4։7; 15։2)։ Եհովան անսահման գիտելիք ու իմաստություն ունի և առատաձեռնորեն տալիս է դրանք ուրիշներին (Հռ 11։33; Հկ 1։5)։
Հասկացողություն։ Հասկացողությունը որևէ երևույթի տարբեր կողմերի միջև կապը նկատելու, հարցն ամբողջությամբ, ոչ թե մաս-մաս դիտարկելու ունակությունն է։ Եբրայերեն բին բայարմատի հիմնական նշանակությունն է՝ «առանձնացնել» կամ «տարբերել»։ Հաճախ այն թարգմանվում է «հասկանալ» կամ «ըմբռնել»։ Դրա հունարեն համարժեքը սինիեմի բառն է։ Օրինակ՝ Գործեր 28։26-ում (որտեղ մեջբերված է Եսայիա 6։9, 10-ը) ասվում է, որ հրեաները լսում էին, բայց չէին հասկանում, այսինքն՝ չէին կարողանում ի մի բերել իրենց լսածները։ Նրանք չէին կարողանում համադրել առանձին մտքերը, որ ըմբռնեն դրանց իմաստը։ Առակներ 9։10-ում ասվում է. «Ամենասուրբի մասին գիտելիքները հասկացողություն են տալիս»։ Փաստորեն, ինչ-որ բան իսկապես հասկանալու համար հարկավոր է տեսնել, թե այն ինչ կապ ունի Աստծու և նրա նպատակների հետ։ Քանի որ «հասկացողություն ունեցողը» նոր տեղեկությունը կարող է համադրել իր իմացածի հետ, կարելի է ասել, որ նա «հեշտությամբ է գիտելիքներ ձեռք բերում» (Առ 14։6)։ Գիտելիքն ու հասկացողությունը փոխկապակցված են, և երկուսն էլ հարկավոր է փնտրել (Առ 2։5; 18։15)։
Խորաթափանցություն։ Եբրայերեն տեվունա բառը, որը հաճախ թարգմանվում է «խորաթափանցություն», կապ ունի բինա բառի հետ, որը թարգմանվում է «հասկացողություն»։ Երկու բառերն էլ հանդիպում են Առակներ 2։3-ում, որտեղ ասվում է. «Եթե աղերսես հասկացողություն ձեռք բերելու համար և աղաչես խորաթափանցություն ունենալու համար…»։ Ինչպես հասկացողությունը, այնպես էլ խորաթափանցությունը մի բան տեսնելու կամ ճանաչելու ունակությունն է, բայց խորաթափանցության դեպքում շեշտը դրվում է հարցի առանձին մասերը տարբերակելու, փաստերը կշռադատելու և մի փաստը մյուսների լույսի ներքո վերլուծելու վրա։ Նա, ով գիտելիքը համատեղում է խորաթափանցության հետ, զսպում է իր լեզուն և անվրդով է (Առ 17։27)։ Եհովային հակառակվողը չունի խորաթափանցություն (Առ 21։30)։ Իր Որդու միջոցով Աստված օգնում է ամեն ինչ խորությամբ հասկանալ, այսինքն՝ խորաթափանցություն է տալիս (2Տմ 2։1, 7)։
Գիտելիքը նաև կապված է մի հասկացության հետ, որը որոշ դեպքերում թարգմանվել է «խորհելու կարողություն» (եբր.՝ մեզիմմա)։ Այս եբրայերեն բառը կարող է գործածվել և՛ բացասական իմաստով (չար մտադրություններ, ծրագրեր, դավեր), և՛ դրական (խորագիտություն, խելամտություն) (Սղ 10։2, ԱՆԹ; Առ 1։4)։ Փաստորեն, մարդու միտքը կարող է կենտրոնացած լինել կա՛մ ճիշտ ու արժանավայել, կա՛մ էլ չար ու վնասաբեր բաների վրա։ Ուշադրություն դարձնելով Եհովայի գործելակերպին և ականջ դնելով այն ամենին, ինչ կապված է նրա կամքի ու նպատակների հետ՝ անհատը չի կորցնում իր խոհեմությունը՝ խորհելու կարողությունը, և այն ճիշտ է օգտագործում՝ միտքը կենտրոնացնելով ճիշտ բաների վրա (Առ 5։1, 2)։ Եթե մարդը իր խորհելու կարողությունը գործի դնի Աստծու իմաստությանը և գիտելիքներին ներդաշնակ, պաշտպանված կլինի բարոյազուրկ ընթացքից (Առ 2։10-12)։
Զգուշություն դրսևորել գիտելիքներ ձեռք բերելու հարցում։ Սողոմոնն ասել է. «Շատ իմաստուն լինելը հիասթափություն է բերում, և որքան շատ ես իմանում, այնքան ցավն ավելանում է» (Ժղ 1։18)։ Ըստ ամենայնի, նա նկատի ուներ, որ գիտելիք ստանալը կարող է բացասաբար ազդել մարդու վրա։ Գուցե թվա, թե դա հակասում է գիտելիքի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետին։ Սակայն իրականում Սողոմոնը ցանկանում էր ընդգծել, որ մարդկանց բոլոր ձգտումները փուչ են՝ բացի Աստծու պատվիրանները կատարելու ձգտումից (Ժղ 1։13, 14)։ Մարդը կարող է գիտելիքներ և իմաստություն ձեռք բերել տարբեր բնագավառներում կամ խորությամբ ուսումնասիրել կոնկրետ մի բնագավառ։ Թեև այդ գիտելիքներն ու իմաստությունը ուղղակիորեն կապված չեն Աստծու նպատակի հետ, որը նա հայտնել է մարդկանց, դրանց մեջ ոչ մի սխալ բան չկա։ Սակայն ավելի շատ գիտելիք և իմաստություն ձեռք բերելով՝ մարդը ավելի հստակ է գիտակցում, թե որքան սահմանափակ են դրանք կիրառելու իր հնարավորությունները կյանքի կարճատևության, ինչպես նաև անկատար հասարակության մեջ տիրող վատ պայմանների ու տարբեր խնդիրների պատճառով։ Դա ցավ ու հիասթափություն է պատճառում նրան (հմմտ. Հռ 8։20-22; Ժղ 12։13, 14; տես ԺՈՂՈՎՈՂ (ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԳԻՐՔ))։ Նմանապես՝ գրքերով «չափից շատ տարվելու» արդյունքում գիտելիքներ ձեռք բերելը «հոգնեցուցիչ է», եթե դրանք գործի չեն դրվում Աստծու պատվիրանները կատարելու համար (Ժղ 12։12)։