ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ
Արհամարհանքով լի հպարտություն, ինքնահավանություն, մեծամտություն։ Գոռոզությունը խոնարհության հակառակն է։ «Գոռոզություն», «գոռոզամտություն» և «գոռոզ» (նաև «մեծամտություն», «մեծամիտ», «հպարտ», «հպարտություն») թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը հիմնականում ունեն ինքն իրեն բարձր, ականավոր, երևելի, վերադաս ցույց տալու իմաստ։ Գոռոզ մարդը մեծ կարծիք ունի իր մասին և իրեն ուրիշներից բարձր ու կարևոր է համարում։ Այդպիսի անձնավորությունը որպես կանոն սիրում է ուշադրության կենտրոնում լինել և մեծ պատվի արժանանալ, նաև ուրիշներին անհարգալից և կոպիտ է վերաբերվում։
Սրտի վիճակ։ Գոռոզությունը ոչ թե պարզապես մտավիճակ է, այլ խոր արմատներ ունեցող բացասական հատկություն կամ բնավորության գիծ։ Հիսուս Քրիստոսը այդ հատկությունը դասեց սպանության, գողության, աստվածանարգության և այլ մեղքերի թվին, որոնք, ինչպես նա նշեց, «ներսից՝ մարդու սրտից են գալիս» (Մկ 7։21, 22)։ Հիսուսի մայրը՝ Մարիամը, ասաց, որ Եհովան «ցիրուցան է արել գոռոզամիտներին» (Ղկ 1։51)։ Իսկ Դավիթը Եհովային աղոթելիս ասաց. «Սրտիս մեջ չկա գոռոզություն» (Սղ 131։1; Ես 9։9; Դն 5։20)։
Նույնիսկ նա, ով խոնարհ սրտով է ծառայում Աստծուն, կարող է գոռոզանալ հարստություն ձեռք բերելու, իշխանություն ստանալու, ինչպես նաև գեղեցիկ, հաջողակ, իմաստուն լինելու կամ ուրիշների կողմից գովասանքի արժանանալու պատճառով։ Այդպիսի օրինակ է Հուդայի Օզիա թագավորը։ Երկար տարիներ նա լավ թագավոր էր և վայելում էր Եհովայի օրհնությունները (2Տգ 26։3-5)։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Երբ Օզիան հզորացավ, նրա սիրտը հպարտացավ, և հենց դա էլ կործանեց նրան։ Նա անհավատարմությամբ վարվեց իր Աստված Եհովայի հանդեպ՝ մտնելով Եհովայի տաճար, որպեսզի խնկարկության սեղանի վրա խունկ ծխեցնի» (2Տգ 26։16)։ Օզիան այնքան մեծամտացավ, որ իրեն իրավունք վերապահեց կատարելու քահանայական պարտականությունները, թեև Աստված թագավորական իշխանությունն ու քահանայությունը իրարից առանձնացրել էր և այդպիսով հստակ ցույց տվել, որ Իսրայելի թագավորները քահանայություն անելու իրավունք չունեին։
Եզեկիան աստվածավախ թագավոր էր, սակայն նրա կյանքում եղավ մի ժամանակ, երբ նրա սիրտը գոռոզացավ։ Ըստ ամենայնի, ժողովուրդը նույնպես վարակվեց այդ հատկությամբ։ Եզեկիան Եհովայի օրհնության շնորհիվ էր հաջողությամբ թագավորում, սակայն չգնահատեց դա ու մոռացավ այն փաստը, որ Աստված էր կանգնած իր հաջողության հետևում։ Տարեգիրը նրա մասին գրել է. «Սակայն Եզեկիան չգնահատեց իր հանդեպ ցուցաբերված բարությունը, որովհետև նրա սիրտը հպարտացել էր։ Այդ պատճառով Աստծու բարկությունը բորբոքվեց նրա, Հուդայի և Երուսաղեմի դեմ»։ Բարեբախտաբար, թագավորը ձերբազատվեց այդ վտանգավոր հատկությունից։ Աստվածաշունչն ասում է. «Եզեկիան խոնարհեցրեց իր հպարտ սիրտը, Երուսաղեմի բնակիչները նույնպես խոնարհեցրին իրենց, և Եհովան Եզեկիայի օրերում չպատժեց նրանց» (2Տգ 32։25, 26; հմմտ. Ես 3։16-24; Եզկ 28։2, 5, 17)։
Աստված ատում է գոռոզությունը։ Անկեղծ մարդիկ չեն սիրում գոռոզամիտներին, բայց շատ ավելի լուրջ է այն, որ Եհովա Աստված հակառակվում է նրանց (Հկ 4։6; 1Պտ 5։5)։ Գոռոզությունը հիմարություն է ու մեղք (Առ 14։3; 21։4), և Եհովան գործում է գոռոզների դեմ, որ ցածրացնի նրանց (2Սմ 22։28; Հոբ 40։11; Սղ 18։27; 31։18, 23; Ես 2։11, 17)։ Այս հատկությունից չձերբազատվելու դեպքում կործանումը անխուսափելի է։ Հնում ապրած մովաբացիները, որոնք հպարտացան ու Եհովայի և նրա ժողովրդի դեմ դուրս եկան, բնաջինջ եղան (Ես 16։6; 25։10, 11; Եր 48։29)։ Աստված չխնայեց նույնիսկ Իսրայելի տասցեղ թագավորությունը, երբ դրա բնակիչները մեծամիտ ու հանդուգն դարձան (Ես 9։8-12)։
Զգուշանալ գոռոզությունից։ Հաշվի առնելով այս ամենը՝ անհատը պետք է զգուշանա, որ իր սրտում գոռոզություն չզարգանա։ Նա հատկապես պետք է զգույշ լինի, երբ հաջողությունների է հասնում կամ երբ բարձր և պատասխանատու դիրք է ստանձնում։ Նա պետք է հիշի, որ «հպարտությունը նախորդում է կործանմանը, և գոռոզությունը՝ վայր ընկնելուն» (Առ 16։18)։ Եթե մարդը թույլ տա, որ իր մեջ գոռոզություն զարգանա, վտանգ կա, որ այն կտիրի նրան, և արդյունքում Եհովան այդ մարդուն կդասի նրանց թվին, ում թողել է, որ «անընդունելի մտավիճակի տրվեն», և ում մահվան արժանի է համարում (Հռ 1։28, 30, 32)։ Այս նախազգուշացմանը հարկավոր է ուշադրություն դարձնել հատկապես «վերջին օրերում», քանի որ ինչպես ասել է Պողոս առաքյալը, գոռոզությունը բնորոշ էր լինելու մարդկանց այդ չափազանց դժվար ժամանակներում (2Տմ 3։1, 2)։
Բացի այդ՝ նա, ով ուզում է Աստծու հավանությունն ունենալ, պետք է խուսափի շողոքորթությունից, քանի որ դրա պատճառով դիմացինը կարող է գոռոզանալ։ Առակագիրն ասում է. «Իր դրացուն շողոքորթողը նրա ոտքերի առաջ ցանց է գցում» (Առ 29։5)։ Շողոքորթ մարդը ոչ միայն «վնաս է հասցնում» իր ընկերոջը (Առ 26։28), այլև չունի Աստծու հավանությունը։ Պողոս առաքյալը ամեն ջանք գործադրում էր, որ ո՛չ շողոքորթեր ուրիշներին, ո՛չ էլ գոռոզամիտ լիներ (1Թղ 2։5, 6)։