ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐ
Կոնկրետ «օր», կամ՝ ժամանակաշրջան, երբ Աստված պատասխանատվության է կանչում մարդկանց որոշակի խմբերի, ազգերի կամ առհասարակ ողջ մարդկությանը։ Այն կարող է լինել մի ժամանակ, երբ իրագործվում է մահվան արժանացածների մահապատիժը, կամ էլ այնպիսի ժամանակ, երբ ոմանց հնարավորություն է ընձեռվում փրկվելու և անգամ հավիտենական կյանք ստանալու։ Հիսուս Քրիստոսն ու նրա առաքյալները խոսել են գալիք «Դատաստանի օրվա» մասին, որն անդրադառնալու է ոչ միայն ողջերի վրա, այլև մահացածների (Մթ 10։15; 11։21-24; 12։41, 42; 2Տմ 4։1, 2)։
Երբեմն Եհովան պատժում էր մարդկանց իրենց մեղավոր ապրելակերպի համար։ Այդպես եղավ Սոդոմ և Գոմոր քաղաքների դեպքում։ Նախքան այդ քաղաքները կործանելը Եհովան ուշադրություն դարձրեց, թե ինչ էր կատարվում դրանցում, ու տեսավ, որ դրանց բնակիչների մեղքը շատ ծանր է (Ծն 18։20, 21; 19։14)։ Հետագայում Հուդան գրեց, որ Սոդոմն ու Գոմորը «դատապարտվեցին ու պատժվեցին [հուն.՝ դիկեն; «դատաստանն ընդունեցին», ԱԹ; «դատապարտութիւնը ընդունեցին», ԱԱ] հավիտենական կրակով» (Հդ 7)։ Կարելի է ասել, որ այդ քաղաքների համար դա դատաստանի «օր» էր։
Եհովան դատավարություն սկսեց ընդդեմ հին Բաբելոնի, որն իր և իր ժողովրդի վաղեմի թշնամին էր։ Բաբելոնը պետք է դատաստանի ենթարկվեր, որովհետև հրեաների նկատմամբ չափազանց դաժան վերաբերմունք էր դրսևորում, չէր ցանկանում նրանց ազատել 70 տարվա գերությունից հետո և Աստծու ժողովրդի նկատմամբ հաղթանակը վերագրում էր Մարդուկին (Եր 51։36; Ես 14։3-6, 17; Դն 5։1-4)։ Այդ դատաստանն իրագործվեց մ.թ.ա. 539 թ.-ին, երբ մարերն ու պարսիկները տապալեցին Բաբելոնը։ Քանի որ Եհովան էր նրա դատավճիռը կայացրել, այդ ժամանակաշրջանը կոչվում է «Եհովայի օր» (Ես 13։1, 6, 9)։
Երեմիան մարգարեացավ, որ Աստված «դատելու էր» Եդոմին և ուրիշ ազգերի (Եր 25։17-31)։ Այդ ազգերը ատում էին Եհովային ու նրա ժողովրդին, ուստի «Եհովայի օրը» նրանք դատաստանի ենթարկվեցին ու կործանվեցին (Աբդ 1, 15, 16)։
Երբ Հուդան ու Երուսաղեմը անհավատարիմ գտնվեցին Աստծու հանդեպ և կորցրին նրա հավանությունը, նա խոստացավ, որ «դատաստան կտեսնի» նրանց նկատմամբ (Եզկ 5։8)։ «Եհովայի ցասման օրը» եկավ մ.թ.ա. 607-ին, երբ իրագործվեց նրա կործանարար դատաստանը (Եզկ 7։19)։ Սակայն Երուսաղեմին դատաստանի մեկ ուրիշ «օր», կամ՝ ժամանակաշրջան էր սպասում։ Հովելը մարգարեացավ, որ նախքան «Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը» նրա ոգին պետք է թափվեր (Հվլ 2։28-31)։ Մ.թ. 33 թ. Պենտեկոստեին Պետրոսը Աստծու ներշնչմամբ բացատրեց, որ այդ օրը կատարվեց Հովելի մարգարեությունը (Գրծ 2։16-20)։ Եհովայի կործանարար օրը եկավ մ.թ. 70 թ.-ին, երբ հռոմեական զորքերը հրեաների նկատմամբ իրագործեցին Աստծու դատաստանը։ Ինչպես և Հիսուսը մարգարեացել էր, «այդ օրերին Աստված արդար հատուցում տվեց» (Ղկ 21։22; տես ԿՈՐԾԱՆՈՒՄ)։
Դատաստաններ, որ իրագործվելու են ապագայում։ Եբրայերեն Գրվածքների մարգարեություններում հիշատակված դատաստաններից բացի՝ Աստվածաշնչում կան նաև մարգարեություններ ապագայում տեղի ունենալիք դատաստանի օրերի մասին, որոնց ընթացքում Աստված կիրագործի իր դատավճիռները։ «Հայտնություն» գրքում մարգարեացվել է, որ «Մեծ Բաբելոնը» վերջնականապես կայրվի։ Նա դատաստանի կենթարկվի, քանի որ անբարոյականություն է գործում ազգերի հետ և հարբած է Հիսուսի վկաների արյունով (Հտն 17։1-6; 18։8, 20; 19։1, 2)։ Պետրոսը նշեց մեկ ուրիշ մահաբեր դատաստանի մասին։ Վկայակոչելով Նոյի օրերում տեղի ունեցածը՝ նա կանխագուշակեց, որ «կգա Դատաստանի օր, երբ անարդար մարդիկ կկործանվեն» (2Պտ 3։7)։ «Հայտնություն» գրքի համաձայն՝ այդ կործանումը կբերի «Աստծու Խոսքը», որը երկար սրով կհարվածի ազգերին (Հտն 19։11-16; հմմտ. Հդ 14, 15)։ Առաջին դարում Բանսարկուի համար դատաստանն արդեն կայացվել էր, և դևերը, որոնց նա առաջնորդում է, գիտեին, որ նրա պես անդունդն են գցվելու (1Տմ 3։6; Ղկ 8։31; Հտն 20։1-3)։ Հետևաբար նրանց սպասող դատաստանը արդեն իսկ որոշված դատավճռի իրագործումն է լինելու (Հդ 6; 2Պտ 2։4; 1Կթ 6։3)։
Միշտ չէ, որ մահ է նշանակում։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում օգտագործված «դատաստան» (հուն.՝ կրիսիս և կրիմա) բառը մեծ մասամբ հաղորդում է դատապարտության կամ մեղադրական դատավճռի իմաստ։ Հովհաննես 5։24 (ծնթ.), 29-ում «դատաստանը» հակադրվում է «կյանքին» և «հավիտենական կյանքին», հետևաբար այն ենթադրում է մեղադրական դատավճիռ, ինչը մահ է նշանակում (2Պտ 2։9; 3։7; Հվ 3։18, 19)։ Սակայն ոչ բոլոր դեպքերում է մեղադրական դատավճիռը անխուսափելիորեն կործանում նշանակում։ Դա երևում է, օրինակ, Տիրոջ ընթրիքը նշելու մասին Պողոսի խոսքերից, որոնք գրված են 1 Կորնթացիներ 11։27-32-ում։ Եթե այդ ընթրիքի ժամանակ որևէ մեկը ուտում և խմում էր առանց արարողության իմաստը ըմբռնելու, «իր վրա դատապարտություն էր բերում»։ Սակայն Պողոսն ավելացնում է. «Երբ արժանանում ենք Եհովայի դատապարտությանը, նա խրատում է մեզ, որ աշխարհի հետ դատաստանի չենթարկվենք»։ Այսպիսով՝ թեև մարդը գուցե դատապարտության արժանանար, սակայն եթե զղջար, չէր ենթարկվի հավիտենական կործանման։
2 Կորնթացիներ 5։10-ը նույնպես փաստում է, որ դատաստանը, կամ՝ դատվելը միշտ չէ, որ մահապատիժ է նշանակում։ Դատավորական աթոռի առաջ կանգնողների մասին ասվում է, որ «ամեն մեկը կստանա արժանի հատուցումը իր արած գործերի համար՝ թե՛ բարի, թե՛ չար»։ Հայտնություն 20։13-ում հիշատակված դատը, ըստ ամենայնի, դրական ելք կունենա շատերի համար։ Թեև «մահացածներից» ոմանց հանդեպ մեղադրական դատավճիռ կկայացվի, ու նրանք կգցվեն «կրակե լիճը», մյուսների հանդեպ դրական դատավճիռ կկայացվի, քանի որ նրանց «անունը գրված կլինի կյանքի գրքում» (Հտն 20։15)։
Անհատական պատասխանատվություն։ Նախաքրիստոնեական ժամանակներում ապրած եբրայեցիների համար խորթ չէր այն գաղափարը, որ Աստված իրենցից հաշիվ է պահանջելու իրենց արածների համար (Ժղ 11։9; 12։14)։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներից երևում է, որ ապագայում լինելու է կոնկրետ «օր», կամ՝ ժամանակաշրջան, երբ բոլոր մարդիկ՝ թե՛ ողջերը, թե՛ մեռածները, անհատապես դատվելու են (2Տմ 4։1, 2)։
Ովքե՞ր են դատավորները։ Եբրայերեն Գրվածքներում Եհովայի մասին ասվում է, որ նա «ողջ երկրի Դատավորն» է (Ծն 18։25)։ Նմանապես՝ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում նա կոչվում է «ամենքի Դատավորը» (Եբ 12։23)։ Սակայն Աստված դատելու իշխանությունը իր Որդուն է տվել (Հվ 5։22)։ Աստվածաշունչը Հիսուսի մասին խոսում է որպես «նշանակված» դատավորի, ով «դատելու է» (Գրծ 10։42; 17։31; 2Տմ 4։1)։ Այն փաստը, որ Հիսուսը Աստծու կողմից լիազորված է դատելու, օգնում է հասկանալ, որ որևէ հակասություն չկա աստվածաշնչյան հետևյալ երկու համարների միջև՝ «Բոլորս էլ Աստծու դատաստանի առաջ ենք կանգնելու», և՝ «Բոլորս էլ.... պետք է կանգնենք Քրիստոսի դատավորական աթոռի առաջ» (Հռ 14։10; 2Կթ 5։10)։
Հիսուսը ասաց իր առաքյալներին, որ երբ «վերստեղծման ժամանակ» նստի իր գահին, նրանք նույնպես կնստեն «12 գահերին», որպեսզի դատեն (Մթ 19։28; Ղկ 22։28-30)։ Պողոսը նշեց, որ քրիստոնյաները, ովքեր «կանչվել են սուրբ լինելու», դատելու են աշխարհը (1Կթ 1։2; 6։2)։ Բացի այդ՝ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ, որ գահերի վրա նստածները «դատելու իշխանություն ստացան» (Հտն 20։4)։ Հաշվի առնելով վերոնշյալ համարները՝ կարելի է եզրակացնել, որ այստեղ խոսքը առաքյալների և մյուս սրբերի մասին է։ Դա է վկայում նաև համարի վերջնամասը, որտեղ խոսվում է նրանց մասին, ովքեր Քրիստոսի հետ թագավորելու են Հազարամյակի ընթացքում։ Հիսուսի պես նրանք լինելու են թագավորներ ու դատավորներ։
Կասկած չկա, որ Դատաստանի օրը Եհովան արդար դատ կտեսնի, քանի որ «նրա դատավճիռները ճիշտ են ու արդար» (Հտն 19։1, 2)։ Նրա անունով կայացված դատավճիռները նույնպես արդար ու ճիշտ կլինեն (Հվ 5։30; 8։16; Հտն 1։1; 2։23)։ Արդարադատությունը չի խեղաթյուրվի, և փաստերը չեն թաքցվի։
Կապ ունի հարության հետ։ «Դատաստանի օրվա» մասին խոսելիս Հիսուսը անուղղակիորեն հիշատակեց մահացածների հարության մասին։ Նա իր առաքյալներին զգուշացրեց, որ գուցե որևէ քաղաք չընդունի նրանց ու չլսի նրանց հայտնած լուրը, ապա ավելացրեց. «Սոդոմի ու Գոմորի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար» (Մթ 10։15)։ Թեև Հիսուսը, ըստ ամենայնի, չափազանցություն օգտագործեց (քանի որ Սոդոմն ու Գոմորը առհավետ կործանվել էին)։ Նրա խոսքերից երևում է, որ առաջին դարում բարի լուրը մերժող հրեական քաղաքների առնվազն որոշ բնակիչներ ապագայում դատաստանի էին ենթարկվելու (հմմտ. Մթ 11։22-24; Ղկ 10։13-15; Հդ 7)։ Դատաստանի և հարության միջև կապը Հիսուսն ավելի հստակ ցույց տվեց, երբ ասաց. «Հարավի թագուհին Դատաստանի ժամանակ հարություն կառնի» (Մթ 12։41, 42; Ղկ 11։31, 32)։ Այն փաստը, որ Դատաստանի օրը կապ ունի հարության հետ, օգնում է հասկանալ, թե ինչու է Աստվածաշունչն ասում, որ Հիսուսը «դատելու է ողջերին ու մեռածներին» (2Տմ 4։1; Գրծ 10։42)։
Հայտնություն 20։12, 13 համարներից նույնպես պարզ է դառնում, որ Դատաստանի օրը դատվողների թվում լինելու են հարություն առած բազմաթիվ մարդիկ։ Տեսիլքում Հովհաննեսը տեսավ, որ մահացածները «կանգնած են գահի առաջ»։ Նա ասաց, որ «մահն ու գերեզմանը իրենց միջի մահացածներին տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց»։
Ե՞րբ է սկսվելու Դատաստանի օրը։ Հովհաննես 12։48-ում գրված է, որ մարդիկ դատվելու են «վերջին օրը»։ Համաձայն Հայտնություն 11։17, 18 համարների՝ մահացածները դատվելու են այն բանից հետո, երբ Աստված գործի դնի իր մեծ զորությունը և սկսի թագավորել առանձնահատուկ կերպով։ Հայտնություն 19-րդ և 20-րդ գլուխներում նկարագրված իրադարձությունների հաջորդականությունն ավելի շատ լույս է սփռում այդ հարցի վրա։ Այնտեղ կարդում ենք մի պատերազմի մասին, որի ժամանակ «թագավորների Թագավորը» սպանում է «երկրի թագավորներին ու նրանց զորքերին» (Հայտնություն 16։14-ում ասվում է, որ այդ պատերազմը «տեղի է ունենալու Ամենակարող Աստծու մեծ օրը»)։ Դրանից հետո նա 1 000 տարով անդունդն է գցում Սատանային։ Այդ ընթացքում Քրիստոսի թագավորակիցները նրա հետ ծառայում են որպես դատավորներ։ Նույն համատեքստում հիշատակվում է մահացածների հարության և նրանց դատվելու մասին։ Այս ամենն օգնում է հասկանալ, թե երբ է սկսվելու Դատաստանի օրը։ Զարմանալի չէ, որ 1 000 տարվա ժամանակահատվածը համեմատվում է մեկ «օրվա» հետ, քանի որ Աստվածաշնչում գրված է, որ Եհովայի համար հազար տարին մեկ օրվա պես է (2Պտ 3։8; Սղ 90։4)։
Հիմք՝ դատաստանի համար։ Հայտնություն 20։12-ում նկարագրվում է, թե Դատաստանի օրը ինչ է տեղի ունենալու երկրի վրա. հարություն առածները, «ըստ իրենց գործերի, դատվելու են.... գրքերում գրվածների համաձայն»։ Այդ մարդիկ չեն դատվելու անցյալում կատարած իրենց գործերի հիման վրա, քանի որ համաձայն Հռոմեացիներ 6։7-ում գրված սկզբունքի՝ «նա, ով մահանում է, ազատվում է մեղքից»։
Այնուամենայնիվ, Հիսուսն ասաց, որ Դատաստանի օրը դժվար էր լինելու նրանց համար, ովքեր չէին ցանկացել ուշադրություն դարձնել իր հրաշքներին և զղջալ, կամ ովքեր չէին արձագանքել Աստծու խոսքերին (Մթ 10։14, 15; 11։21-24)։