Հավելյալ տեղեկություններ
1. Ի՞նչ է խորհրդանշում Մեծ Բաբելոնը
Որտեղի՞ց գիտենք, որ «Մեծ Բաբելոնը» ներկայացնում է բոլոր կեղծ կրոնները (Հայտնություն 17։5)։ Քննիր հետևյալ փաստերը։
Մեծ Բաբելոնը համաշխարհային ազդեցություն ունի։ Աստվածաշնչում ասվում է, որ Մեծ Բաբելոնը նստած է «բազմությունների և ազգերի» վրա։ Նա նաև «իշխում է երկրի թագավորների վրա» (Հայտնություն 17։15, 18)։
Մեծ Բաբելոնը քաղաքական կամ առևտրային կազմակերպություն չէ։ «Երկրի թագավորները» և «վաճառականները» սգալու են նրա մահը (Հայտնություն 18։9, 15)։
Մեծ Բաբելոնը վարկաբեկում է Աստծուն։ Նա կոչվում է մարմնավաճառ, քանի որ շահադիտական նկատառումներով սերտորեն համագործակցում է իշխանությունների հետ (Հայտնություն 17։1, 2)։ Նա մոլորեցնում է բոլոր ազգերի մարդկանց և պատասխանատու է շատերի մահվան համար (Հայտնություն 18։23, 24)։
Վերադառնալ 13-րդ դասի 6-րդ կետ
2. Ե՞րբ էր հայտնվելու Մեսիան
Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ Մեսիան հայտնվելու էր 69 շաբաթ տևողությամբ ժամանակահատվածի վերջում (կարդա Դանիել 9։25)։
Ե՞րբ սկսվեցին 69 շաբաթները։ Մ.թ.ա. 455 թ.-ին՝ այն նույն տարում, երբ Նեեմիան եկավ Երուսաղեմ և սկսեց «վերականգնել ու վերակառուցել» ավերված քաղաքը (Դանիել 9։25; Նեեմիա 2։1, 5-8)։
Որքա՞ն տևեցին 69 շաբաթները։ Աստվածաշնչյան որոշ մարգարեություններում մեկ օրը ներկայացնում է մեկ տարի (Թվեր 14։34; Եզեկիել 4։6)։ Այսպիսով՝ եթե մեկ շաբաթը յոթ տարի է, ուրեմն 69 շաբաթը 483 տարի է (69 x 7)։
Ե՞րբ ավարտվեցին 69 շաբաթները։ Եթե մ.թ.ա. 455 թ.-ից հաշվենք 483 տարի, կհասնենք մ.թ. 29 թ.։a Հենց այդ տարի Հիսուսը մկրտվեց և դարձավ Մեսիա (Ղուկաս 3։1, 2, 21, 22)։
Վերադառնալ 15-րդ դասի 5-րդ կետ
3. Արյան գործածմամբ բժշկական պրոցեդուրաներ
Կան բժշկական պրոցեդուրաներ, որոնցում մարդու սեփական արյունն է օգտագործվում։ Դրանցից մի քանիսն անընդունելի են քրիստոնյաների համար։ Օրինակ՝ նրանք արյան դոնոր չեն դառնում, նաև չեն պահեստավորում իրենց արյունը վիրահատությունից առաջ, որ հետո այն կրկին իրենց ներարկվի (2 Օրենք 15։23)։
Սակայն կան պրոցեդուրաներ, որոնք կարող են ընդունելի լինել։ Օրինակ՝ արյան ախտորոշումը, հեմոդիալիզը (արյունատարրալուծում), հեմոդիլյուցիան (արյունանոսրացում), սել սելվիջը (վիրահատության ժամանակ արտահոսող արյան հավաքում, ֆիլտրում և վերադարձ օրգանիզմ) կամ արյան արհեստական շրջանառության սարքավորման օգտագործումը։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի, թե իր արյունը ինչպես է օգտագործվելու վիրահատական միջամտության, ախտորոշման կամ բուժման ընթացքում։ Հնարավոր է՝ ամեն բժիշկ յուրովի կիրառի այս պրոցեդուրաները։ Ուստի նախքան որևէ վիրահատական միջամտության, ախտորոշման կամ բուժմեթոդի համաձայնություն տալը քրիստոնյան պետք է մանրամասնորեն ճշտի, թե կոնկրետ ինչպես է օգտագործվելու իր արյունը։ Մտածիր հետևյալ հարցերի շուրջ.
Եթե իմ արյան մի մասը դուրս է բերվելու իմ օրգանիզմից, և արյան հոսքը, հնարավոր է, նույնիսկ դադարեցվելու է որոշ ժամանակով, խիղճս թույլ կտա՞, որ այդ արյունը դիտարկեմ որպես օրգանիզմիս մի մաս, թե՞ ճիշտ կհամարեմ, որ այն «գետնին թափվի» (2 Օրենք 12։23, 24)։
Աստվածաշնչով դաստիարակված խիղճս չի՞ տանջի, եթե բժշկական պրոցեդուրայի ժամանակ իմ արյան որոշ մասը վերցվի, բուժական նպատակներով որոշակի փոփոխության ենթարկվի (օրինակ՝ խառնվի ինչ-որ դեղորայքի հետ) ու կրկին վերադարձվի իմ օրգանիզմ կամ օգտագործվի վիրահատական վերքի բուժման համար։
Վերադառնալ 39-րդ դասի 3-րդ կետ
4. Անջատ ապրել
Աստծու Խոսքը չի խրախուսում կողակիցներին անջատ ապրել և հստակ նշում է, որ անջատ ապրելու դեպքում նրանք իրավունք չունեն ուրիշի հետ ամուսնանալու (1 Կորնթացիներ 7։10, 11)։ Այնուամենայնիվ, կան իրավիճակներ, երբ քրիստոնյան գուցե որոշի անջատ ապրել։
Երբ կողակիցը միտումնավոր հոգ չի տանում ընտանիքի մասին։ Ամուսինը հրաժարվում է հոգալ ընտանիքի անդամների նյութական կարիքները՝ նրանց թողնելով առանց անհրաժեշտ դրամական միջոցների և ուտելիքի (1 Տիմոթեոս 5։8)։
Երբ կողակիցը ծայրահեղ ֆիզիկական բռնություն է գործադրում։ Ամուսինը կամ կինը այն աստիճանի է բռնություն գործադրում, որ կողակցի առողջությանը կամ կյանքին վտանգ է սպառնում (Գաղատացիներ 5։19-21)։
Երբ Եհովայի հետ հարաբերությունները ծայրաստիճան վտանգված են։ Կինը կամ ամուսինը կողակցի համար անհնարին է դարձնում Եհովային ծառայելը (Գործեր 5։29)։
5. Տոներ և տոնակատարություններ
Քրիստոնյաները չեն մասնակցում այնպիսի տոների, որոնք տհաճ են Եհովային։ Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա, շարժվելով Աստվածաշնչով կրթված իր խղճով, ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել տոներին առնչվող տարբեր իրավիճակներում։ Քննենք դրանցից մի քանիսը։
Որևէ մեկը տոնի կապակցությամբ շնորհավորում է քեզ։ Դու կարող ես պարզապես ասել՝ շնորհակալություն։ Եթե նա այլ հարցեր տա, կարող ես բացատրել, թե ինչու չես նշում տվյալ տոնը։
Քո ոչ Վկա կողակիցը ասում է, որ միասին գնաք՝ ձեր ազգականների հետ տոնական ճաշկերույթի։ Եթե խիղճդ թույլ է տալիս, որ գնաս, այդ դեպքում կարող ես կողակցիդ բացատրել, որ եթե ճաշկերույթի ժամանակ աստվածաշնչյան սկզբունքներին հակասող սովորույթներ լինեն, ապա դու չես մասնակցի դրանց։
Գործատերդ քեզ պարգևավճար է առաջարկում տոների ժամանակ։ Պե՞տք է մերժես այն։ Պարտադիր չէ։ Փորձիր հասկանալ՝ նա պարգևավճարը համարում է տոնակատարության մի մաս, թե պարզապես գնահատանք արտահայտելու միջոց։
Ինչ-որ մեկը տոնական օրերին քեզ նվեր է տալիս։ Նվեր տվողը գուցե ասի. «Գիտեմ, որ չես նշում այս տոնը, բայց ուզում եմ սա սրտանց քեզ նվիրել»։ Գուցե այդ մարդը պարզապես ուզում է բարություն դրսևորել քո հանդեպ։ Սակայն խորհիր՝ հիմքեր կա՞ն մտածելու, որ նա այդպիսով ուզում է ստուգել, թե որքանով ես հավատարիմ քո սկզբունքներին, կամ փորձում է ներգրավել քեզ այդ տոնակատարության մեջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ ինքդ պետք է որոշես՝ ընդունել նվերը, թե ոչ։ Ցանկացած իրավիճակում մենք ուզում ենք այնպիսի որոշումներ կայացնել, որ մաքուր խիղճ ունենանք և հավատարիմ մնանք Եհովային (Գործեր 23։1)։
Վերադառնալ 44-րդ դասի 1-ին կետ
6. Վարակիչ հիվանդություններ
Մարդկանց հանդեպ սիրուց մղված՝ մենք զգուշություն ենք դրսևորում, որպեսզի չտարածենք վարակիչ հիվանդություններ։ Մենք այդպես ենք վարվում ոչ միայն այն ժամանակ, երբ վարակիչ հիվանդություն ունենք, այլև անգամ այն ժամանակ, երբ կասկածում ենք, որ գուցե վարակակիր ենք։ Այդպես հետևում ենք աստվածաշնչյան այս պատվերին. «Սիրիր դրացուդ քո անձի պես» (Հռոմեացիներ 13։8-10)։
Գործնականում ինչպե՞ս կարող ենք կիրառել այս պատվերը։ Վարակված մարդը չպետք է ողջագուրվի ուրիշների հետ կամ համբուրի նրանց։ Նա չպետք է վատ զգա, եթե ոմանք, չցանկանալով վտանգել ընտանիքի առողջությունը, նրան չհրավիրեն իրենց տուն։ Վարակիչ հիվանդություն ունեցողը նաև պետք է նախքան մկրտվելը այդ մասին տեղյակ պահի երեցների խորհրդի համակարգողին, որպեսզի որոշակի քայլեր ձեռնարկվեն մկրտության մյուս թեկնածուների առողջությունը չվտանգելու համար։ Նա, ով, հնարավոր է, վարակիչ հիվանդություն ունի, նախքան հակառակ սեռի անհատի հետ մտերմություն անելը պետք է իր նախաձեռնությամբ հետազոտության համար արյուն հանձնի։ Այդպես վարվելով՝ քրիստոնյան ցույց կտա, որ հետևում է այս հորդորին. «Մի՛ մտածեք միայն ձեր մասին, մտածեք նաև ուրիշների մասին» (Փիլիպպեցիներ 2։4)։
Վերադառնալ 56-րդ դասի 2-րդ կետ
7. Գործարքային և դատաիրավական հարցեր
Մենք կխուսափենք շատ խնդիրներից, եթե մեր բոլոր ֆինանսական գործարքները գրավոր կնքենք, անգամ եթե գործ ենք ունենում հավատակիցների հետ (Երեմիա 32։9-12)։ Եթե քրիստոնյաները որևէ գործարքային հարցի հետ կապված տարաձայնություն են ունենում, պետք է փորձեն անմիջապես լուծել այն խաղաղ կերպով և առանց այլ անձանց միջամտության։
Իսկ ինչպե՞ս պետք է լուծենք այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են զրպարտությունը կամ խարդախությունը (կարդա Մատթեոս 18։15-17)։ Հիսուսը պատվիրել է անել հետևյալ երեք քայլերը.
Փորձել երկուսով հարթել խնդիրը (տես 15 համարը)։
Եթե չի հաջողվում, դիմել ժողովից մեկ կամ երկու հասուն քրիստոնյայի օգնությանը (տես 16 համարը)։
Եթե այս քայլերն անելուց հետո հարցը չի լուծվում, դիմել երեցներին (տես 17 համարը)։
Հարցը լուծելու համար չպետք է շտապենք դիմել դատարան, քանի որ դա կարող է վարկաբեկել Եհովայի անունը և ժողովի համբավը (1 Կորնթացիներ 6։1-8)։ Սակայն լինում են իրավիճակներ, որոնց դեպքում գուցե հարկավոր լինի իրավական մարմիններին դիմել, օրինակ՝ ամուսնալուծության, երեխայի խնամակալության, ալիմենտի վճարման, ապահովագրական հատուցման, անվճարունակ ճանաչվելու, կտակի դեպքում։ Երբ քրիստոնյան դատարան է դիմում, որ խնդիրը հնարավորինս խաղաղ ձևով լուծվի, դրանով չի ոտնահարում աստվածաշնչյան սկզբունքը։
Քրիստոնյան նաև չի խախտում աստվածաշնչյան սկզբունքը, երբ պետական մարմիններին հայտնում է այնպիսի լուրջ հանցագործությունների մասին, ինչպիսիք են, օրինակ, բռնաբարությունը, մանկապղծությունը, հարձակումը, խոշոր գողությունը կամ սպանությունը։
a Մ.թ.ա. 455 թվականից մինչև մ.թ.ա. 1 թվականը 454 տարի է։ Մ.թ.ա. 1 թվականից մինչև մ.թ. 1 թվականը 1 տարի է (0 թվական չկա)։ Իսկ մ.թ. 1 թվականից մինչև մ.թ. 29 թվականը 28 տարի է։ Այս երեք թվերը իրար գումարելով՝ ստանում ենք 483 տարի։