ԴԱՍ 54
Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան», և ո՞րն է նրա դերը
Քրիստոնեական ժողովի Գլուխը Հիսուսն է (Եփեսացիներ 5։23)։ Այսօր նա երկնքից ուղղորդում է իր հետևորդներին «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (կարդա Մատթեոս 24։45)։ Հիսուսը անձամբ է նշանակել «ծառային» և նրան տվել է որոշակի իշխանություն։ Սակայն վերջինս հնազանդվում է Քրիստոսին և ծառայում է նրա եղբայրներին։ Իսկ ո՞վ է այդ ծառան։ Ինչպե՞ս է նա հոգ տանում մեր մասին։
1. Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»
Եհովան իր ժողովրդին միշտ ուղղորդել է մեկ մարդու կամ մարդկանց մի փոքր խմբի միջոցով (Մաղաքիա 2։7; Եբրայեցիներ 1։1)։ Հիսուսի մահից հետո առաքյալները և Երուսաղեմում գտնվող երեցները սկսեցին հրահանգներ տալ ժողովներին (Գործեր 15։2)։ Այդ օրինակին հետևելով՝ այսօր երեցների մի փոքր խումբ՝ Եհովայի վկաների կառավարիչ մարմինը, հոգևոր սնունդ է տրամադրում և կազմակերպում է քարոզչական գործը։ Այս խումբը «այն հավատարիմ և իմաստուն ծառան է, որին [Հիսուսը] նշանակել է» կատարելու այդ պարտականությունները (Մատթեոս 24։45ա)։ Կառավարիչ մարմնի բոլոր անդամները սուրբ ոգով օծված քրիստոնյաներ են, ովքեր իրենց երկրային կյանքի ավարտից հետո համալրելու են Քրիստոսի երկնային կառավարության կազմը։
2. Հավատարիմ ծառան ինչպե՞ս է հոգևոր սնունդ մատակարարում
Հիսուսն ասաց, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» իր հավատակիցներին «ճիշտ ժամանակին կերակուր կտա» (Մատթեոս 24։45բ)։ Ճիշտ ինչպես ֆիզիկական կերակուրն է նպաստում, որ առողջ և ուժեղ մնանք, այնպես էլ հոգևոր կերակուրը, այսինքն՝ աստվածաշնչյան կրթությունն է ուժ տալիս, որ նվիրված մնանք Եհովային և կատարենք Հիսուսի հանձնարարած գործը (1 Տիմոթեոս 4։6)։ Մենք հոգևոր կերակուրը ստանում ենք ժողովների և համաժողովների ժամանակ, ինչպես նաև Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների և տեսանյութերի միջոցով։ Դրանք մեզ օգնում են հասկանալ Աստծու կամքը և ամրացնել նրա հետ մեր մտերմությունը։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչու ունենք «հավատարիմ և իմաստուն ծառայի»՝ Կառավարիչ մարմնի կարիքը։
Կառավարիչ մարմինը ողջ աշխարհի Եհովայի վկաներին հոգևոր կերակուր է տալիս, ուղղորդում է և գործնական օգնություն տրամադրում
3. Եհովայի ժողովուրդը պետք է կազմակերպված լինի
Հիսուսի ուղղորդմամբ Կառավարիչ մարմինը կազմակերպում է Եհովայի վկաների գործունեությունը։ Նույն կարգը գործում էր նաև առաջին դարում. քրիստոնյաների գործունեությունը կազմակերպվում էր կառավարիչ մարմնի կողմից։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք 1 Կորնթացիներ 14։33, 40 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Այս համարներն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան ցանկանում է՝ իր ժողովուրդը կազմակերպված լինի։
4. Հավատարիմ ծառան կազմակերպում է քարոզչական գործը
Քարոզչությունը ամենակարևոր գործն էր, որ առաջին դարի քրիստոնյաները կատարում էին։ Կարդացեք Գործեր 8։14, 25 համարները և քննարկեք հետևյալ հարցերը.
Առաջին դարում ովքե՞ր էին կազմակերպում քարոզչական գործը։
Պետրոսն ու Հովհաննեսը ինչպե՞ս արձագանքեցին մյուս առաքյալների տված հրահանգներին։
Քարոզչությունը Կառավարիչ մարմնի կազմակերպած ամենակարևոր գործն է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Հիսուսն ընդգծեց, թե որքան կարևոր է քարոզչական գործը։ Կարդացեք Մարկոս 13։10-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Կառավարիչ մարմինն ինչո՞ւ է այդքան կարևորում քարոզչական գործը։
Այս համաշխարհային գործը կազմակերպելու համար ինչո՞ւ «հավատարիմ և իմաստուն ծառայի» կարիքը կա։
5. Հավատարիմ ծառան ուղղորդում է մեզ
Կառավարիչ մարմինը տարբեր հարցերի հետ կապված հրահանգներ է տալիս բոլոր Վկաներին։ Իսկ ինչպե՞ս են այդ եղբայրները որոշում՝ ինչ հրահանգներ տան։ Նախ իմացիր, թե առաջին դարի կառավարիչ մարմինն ինչպես էր դա անում։ Կարդացեք Գործեր 15։1, 2-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Առաջին դարում ո՞ր հարցի շուրջ տարաձայնություն առաջացավ։
Հարցը լուծելու համար Պողոսը, Բառնաբասը և մյուսները ո՞ւմ դիմեցին։
Կարդացեք Գործեր 15։12-18, 23-29 համարները, այնուհետև քննարկեք այս հարցը.
Նախքան որոշում կայացնելը կառավարիչ մարմինն ի՞նչ արեց, որ հետևի Աստծու ուղղորդմանը (տես 12, 15 և 28 համարները)։
Կարդացեք Գործեր 15։30, 31-ը և 16։4, 5-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Առաջին դարի քրիստոնյաներն ինչպե՞ս արձագանքեցին կառավարիչ մարմնի տված հրահանգներին։
Եհովան ինչպե՞ս օրհնեց նրանց հնազանդությունը։
Կարդացեք 2 Տիմոթեոս 3։16-ը և Հակոբոս 1։5-ը, այնուհետև քննարկեք այս հարցը.
Մեր օրերում Կառավարիչ մարմինը ինչպե՞ս է որոշումներ կայացնում։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Կառավարիչ մարմնի անդամները ընդամենը մարդիկ են։ Ստացվում է՝ դուք մարդկանց եք հետևում»։
Ի՞նչն է փաստում, որ Հիսուսն է ուղղորդում Կառավարիչ մարմնին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Կառավարիչ մարմինը Քրիստոսի կողմից նշանակված «հավատարիմ և իմաստուն ծառան» է։ Այն ուղղորդում է և հոգևոր կերակուր է տալիս բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին։
Վերհիշենք
Ո՞վ է նշանակել «հավատարիմ և իմաստուն ծառային»։
Կառավարիչ մարմինը ինչպե՞ս է հոգ տանում մեր մասին։
Հավատո՞ւմ ես, որ Կառավարիչ մարմինը «հավատարիմ և իմաստուն ծառան» է։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես է գործում Կառավարիչ մարմինը։
Իմացիր, թե Կառավարիչ մարմինն ինչպես է հոգ տանում, որ մեր հոգևոր սնունդը որակյալ լինի։
Կառավարիչ մարմնի անդամներն ինչպե՞ս են վերաբերվում Հիսուսի տված հանձնարարությանը։
Մեր հանդիպումներն ու համաժողովները ինչպե՞ս են փաստում, որ Եհովան է ուղղորդում Կառավարիչ մարմնին։