ԴԱՍ 51
Ինչպիսի՞ խոսելաձևն է հաճելի Եհովային
Երբ Եհովան ստեղծեց մեզ, հիանալի պարգև տվեց՝ խոսելու ունակություն։ Իսկ նրա համար կարևո՞ր է, թե ինչպես ենք օգտագործում այդ պարգևը։ Իհարկե կարևոր է (կարդա Հակոբոս 1։26)։ Ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող ենք մեր խոսելու ունակությունը Եհովային հաճելի ձևով օգտագործել։
1. Ինչպե՞ս պետք է օգտագործենք խոսելու պարգևը
Աստվածաշունչը հորդորում է, որ «շարունակենք քաջալերել ու զորացնել միմյանց» (1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։ Մտածիր, թե ով քաջալերանքի կարիք ունի։ Ի՞նչ կարող ես անել նրա տրամադրությունը բարձրացնելու համար։ Հավաստիացրու, որ գնահատում ես նրան։ Օրինակ՝ կոնկրետ նշիր, թե նրա մեջ հատկապես ինչն է քեզ դուր գալիս։ Նաև կարող ես աստվածաշնչյան որևէ համարով ոգևորել նրան։ Աստվածաշնչում բազմաթիվ քաջալերական համարներ կան։ Հիշիր նաև, որ ասելուդ ձևը նույնքան կարևոր է, որքան ասելիքդ։ Ուստի միշտ փորձիր սիրալիր ու մեղմ խոսել (Առակներ 15։1)։
2. Ինչպիսի՞ խոսելաձևից պետք է խուսափենք
Աստվածաշնչում ասվում է. «Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից» (կարդա Եփեսացիներ 4։29)։ Հետևելով այս հորդորին՝ մենք գռեհիկ բառեր չենք օգտագործում և չենք հայհոյում։ Նաև խուսափում ենք կոպիտ, կծու, վիրավորական խոսքերից, որոնք ցավ են պատճառում մարդկանց։ Բացի այդ՝ հեռու ենք մնում բամբասանքից և զրպարտությունից (կարդա Առակներ 16։28)։
3. Ի՞նչ կարող ենք անել, որ մեր խոսքը քաջալերական լինի
Հաճախ մեր խոսակցությունները ցույց են տալիս, թե ինչ կա մեր սրտում ու մտքում (Ղուկաս 6։45)։ Հետևաբար պետք է սովորենք կենտրոնանալ դրական բաների վրա՝ այն ամենի, ինչը ներդաշնակ է Աստծու արդար չափանիշներին, մաքուր է, մղում է սիրելու և գովելի է (Փիլիպպեցիներ 4։8)։ Այսպիսի բաների վրա կենտրոնանալու համար պետք է խելամիտ լինենք ժամանցի ու ընկերների ընտրության հարցում (Առակներ 13։20)։ Լավ կլինի նաև, որ խոսելուց առաջ մտածենք, թե մեր ասածն ինչպես կազդի դիմացինի վրա։ Աստվածաշնչում ասվում է. «Անմտածված խոսքը սրի պես խոցում է, բայց իմաստունների լեզուն բուժում է» (Առակներ 12։18)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես կարող ես քո խոսելաձևով հաճեցնել Եհովային և քաջալերել ուրիշներին։
4. Հսկիր խոսքդ
Բոլորս էլ երբեմն ասում ենք բաներ, որոնց համար հետո ափսոսում ենք (Հակոբոս 3։2)։ Կարդացեք Գաղատացիներ 5։22, 23-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ո՞ր հատկանիշներն ունենալու համար կարող ես աղոթել Եհովային։ Դրանք ինչպե՞ս կարող են օգնել, որ հսկես խոսքդ։
Կարդացեք 1 Կորնթացիներ 15։33-ը և քննարկեք այս հարցը.
Ընկերների ու ժամանցի ընտրությունն ինչպե՞ս կարող է ազդել քո խոսելաձևի վրա։
Ի՞նչը կարող է ազդել քո խոսելաձևի վրա
Կարդացեք Ժողովող 3։1, 7 համարները և քննարկեք հետևյալ հարցը.
Ե՞րբ տեղին կլինի լռել կամ խոսելու համար սպասել ավելի հարմար ժամանակի։
5. Ուրիշների մասին դրական արտահայտվիր
Ի՞նչ կարող ենք անել, որ ուրիշներին չվիրավորենք և ցավ չպատճառենք։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցերը.
Եղբայրն ինչո՞ւ որոշեց ուշադիր լինել, թե ինչպես է արտահայտվում ուրիշների մասին։
Նա ի՞նչ արեց փոխվելու համար։
Կարդացեք Ժողովող 7։16-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ պետք է հիշենք, երբ ուրիշների մասին բացասաբար արտահայտվելու ցանկություն է առաջանում։
Կարդացեք Ժողովող 7։21, 22-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Այս համարներն ինչպե՞ս կարող են օգնել քեզ սուր չարձագանքել, երբ ինչ-որ մեկը բացասաբար է արտահայտվում քո մասին։
6. Սիրալիր եղիր ընտանիքիդ անդամների հետ խոսելիս
Եհովան ուզում է, որ մեր ընտանիքի անդամների հետ բարությամբ ու սիրալիր խոսենք։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Ի՞նչը կօգնի, որ սիրալիր լինես ընտանիքիդ անդամների հետ խոսելիս։
Կարդացեք Եփեսացիներ 4։31, 32-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս կարող ես քո խոսելաձևով ընտանիքիդ անդամներին ցույց տալ, որ սիրում ու գնահատում ես նրանց։
Եհովան բացահայտ ասաց իր Որդուն, որ սիրում է նրան։ Կարդացեք Մատթեոս 17։5-ը, այնուհետև քննարկեք այս հարցը.
Ընտանիքիդ անդամների հետ շփվելիս ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եհովային։
Ուրիշներին գովելու առիթներ փնտրիր
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Ինձ համար մեկ է՝ ուրիշներին դա դուր է գալիս, թե ոչ»։
Համամի՞տ ես։ Ինչո՞ւ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Խոսքը մեծ ուժ ունի։ Հետևաբար պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք ասում, երբ ենք ասում և ինչպես ենք ասում։
Վերհիշենք
Ինչպե՞ս կարող ես քո խոսքերով օգնել ուրիշներին։
Ինչպիսի՞ խոսելաձևից ես ցանկանում խուսափել։
Ի՞նչը կօգնի, որ մեր խոսքը միշտ բարի ու քաջալերական լինի։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ինչի՞ շնորհիվ կարող ենք մեր խոսքը ավելի քաջալերական դարձնել։
Քննիր, թե ինչը կարող է օգնել քեզ խուսափել անվայել խոսքերից։
Իմացիր, թե ինչպես կարող ես խուսափել բամբասանքի մեջ ներքաշվելուց։
Տես, թե Եհովան ինչպես օգնեց մի մարդու ձերբազատվել հայհոյելու սովորությունից։
«Սկսեցի լրջորեն մտածել, թե որն է կյանքիս իմաստը» («Դիտարան», 2013, օգոստոսի 1)