ԴԱՍ 49
Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 1)
Նորապսակների անկեղծ ցանկությունն է, որ իրենց երջանկությունը հարատև լինի։ Եվ դա սոսկ երազանք չէ։ Բազմաթիվ քրիստոնյաներ, ովքեր երկար ժամանակ է՝ ամուսնացած են, վայելում են իրենց ամուսնական կյանքը։ Նրանց երջանկության գաղտնիքը աստվածաշնչյան սկզբունքները կիրառելն է։
1. Աստվածաշունչը ի՞նչ խորհուրդ է տալիս ամուսիններին
Եհովան ամուսնուն նշանակել է ընտանիքի գլուխ (կարդա Եփեսացիներ 5։23)։ Աստված ակնկալում է, որ նրա կայացրած որոշումները կծառայեն իր ընտանիքի բարօրությանը։ Աստվածաշունչը հետևյալ խորհուրդն է տալիս ամուսիններին. «Շարունակեք սիրել ձեր կանանց» (Եփեսացիներ 5։25)։ Ի՞նչ է դա նշանակում։ Սիրող ամուսինը կնոջ հանդեպ սիրալիր է թե՛ տանը, թե՛ ուրիշների ներկայությամբ։ Նա պաշտպանում է նրան և իր լավագույնն է անում, որպեսզի հոգա կնոջ ֆիզիկական և էմոցիոնալ կարիքները (1 Տիմոթեոս 5։8)։ Բայց, որ ամենակարևորն է, ամուսինը հոգում է նրա հոգևոր կարիքները (Մատթեոս 4։4)։ Օրինակ՝ նա իր կնոջ հետ Աստվածաշունչ է կարդում և աղոթում է։ Երբ ամուսինը սիրով հոգ է տանում կնոջը, պահպանում է Եհովայի հետ իր մտերմությունը (կարդա 1 Պետրոս 3։7)։
2. Աստվածաշունչը ի՞նչ խորհուրդ է տալիս կանանց
Աստծու Խոսքում ասվում է, որ «կինը պետք է խորապես հարգի իր ամուսնուն» (Եփեսացիներ 5։33)։ Ինչպե՞ս նա կարող է դա անել։ Կինը կարող է խորհել ամուսնու լավ հատկանիշների մասին, և թե ինչ ջանքեր է նա գործադրում, որ հոգա ընտանիքի կարիքները։ Կինը նաև պետք է թիկունք կանգնի ամուսնու կայացրած որոշումներին և հարգանքով խոսի նրա հետ ու նրա մասին, նույնիսկ եթե վերջինս չի ծառայում Եհովային։
3. Ինչպե՞ս կարող են կողակիցները ամրացնել իրենց ամուսնական միությունը
Աստվածաշնչում ամուսնական զույգերի մասին հետևյալն է ասվում. «Երկուսը մեկ մարմին կլինեն» (Մատթեոս 19։5)։ Դա նշանակում է, որ նրանք պետք է պայքարեն ցանկացած բանի դեմ, ինչը կարող է սեպ խրել իրենց հարաբերությունների մեջ։ Ուստի կողակիցները կանոնավոր ժամանակ են անցկացնում իրար հետ և անկաշկանդ ու սիրալիր զրուցում են իրենց մտքերի և զգացմունքների մասին։ Նրանք թույլ չեն տալիս, որ բացի Եհովայից՝ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան իրենց կողակցից ավելի կարևոր լինի։ Նրանք հատկապես զգույշ են, որ անհարկի մտերմություն չզարգացնեն որևէ մեկի հետ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե աստվածաշնչյան որ խորհուրդները կօգնեն ամրացնել ձեր ամուսնական միությունը։
4. Ամուսիննե՛ր, սիրեք և հոգ տարեք ձեր կանանց
Աստվածաշնչում ասվում է, որ «ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինը» (Եփեսացիներ 5։28, 29)։ Ի՞նչ է դա նշանակում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը.
Ամուսինն ի՞նչ կերպերով կարող է ցույց տալ, որ սիրում և հոգ է տանում իր կնոջը։
Կարդացեք Կողոսացիներ 3։12-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ամուսինն ինչպե՞ս կարող է դրսևորել այս հատկանիշները։
5. Կանա՛յք, սիրեք և հարգեք ձեր ամուսիններին
Աստվածաշունչը կանանց հորդորում է հարգել իրենց ամուսիններին՝ անկախ նրանից՝ վերջիններս ծառայում են Եհովային, թե ոչ։ Կարդացեք 1 Պետրոս 3։1, 2-ը, այնուհետև քննարկեք այս հարցերը.
Եթե ամուսինդ չի կիսում քո հավատալիքները, անկասկած ցանկանում ես, որ մի օր նա էլ պաշտի Եհովային։ Քո կարծիքով՝ ի՞նչը ավելի արդյունավետ կլինի՝ անընդհատ նրան քարոզե՞լը, թե՞ լավ վարք ունենալը և նրա հանդեպ հարգալից լինելը։ Ինչո՞ւ։
Կողակիցները, իրար հետ խորհրդակցելով, կարող են լավ որոշումներ կայացնել։ Սակայն երբեմն կինը գուցե չհամաձայնի ամուսնու հետ։ Այդպիսի դեպքերում նա կարող է հարգալից արտահայտել իր կարծիքը, բայց պետք է հաշվի առնի նաև, որ Եհովան ամուսնուն է պատասխանատվություն տվել որոշելու, թե որն է լավագույնը ընտանիքի համար։ Կինը պետք է ջանա թիկունք կանգնել ամուսնու որոշումներին։ Այդպես նա կնպաստի, որ ընտանիքում ուրախ ու խաղաղ մթնոլորտ տիրի։ Կարդացեք 1 Պետրոս 3։3-5-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ է զգում Եհովան, երբ կինը հարգանքով է վերաբերվում ամուսնուն։
6. Ընտանեկան խնդիրները հնարավո՛ր է հաղթահարել
Ոչ մի ամուսնություն կատարյալ չէ, ուստի զերծ չէ խնդիրներից։ Կողակիցները պետք է միասնական գործեն, որ հաղթահարեն դրանք։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը.
Ինչի՞ց է երևում, որ կողակիցների հարաբերությունները սառել էին։
Նրանք ի՞նչ քայլեր ձեռնարկեցին, որ ամրացնեն իրենց հարաբերությունները։
Կարդացեք 1 Կորնթացիներ 10։24-ը և Կողոսացիներ 3։13-ը։ Յուրաքանչյուր համար ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը.
Այս խորհուրդը կիրառելը ինչպե՞ս կարող է ամրացնել ամուսնական միությունը։
Աստվածաշունչն ասում է, որ պետք է պատվենք միմյանց։ Դա նշանակում է լինել սիրալիր և հարգալից։ Կարդացեք Հռոմեացիներ 12։10-ը և քննարկեք այս հարցերը.
Արդյո՞ք պետք է սպասես, որ առաջինը կողակիցդ պատվի քեզ։ Ինչո՞ւ։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես ու կողակիցս առաջվա պես մտերիմ չենք»։
Ըստ քեզ՝ աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել նրանց։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եթե կողակիցները հարգեն ու սիրեն իրար, ինչպես նաև կիրառեն աստվածաշնչյան սկզբունքները, երջանիկ կլինեն։
Վերհիշենք
Ի՞նչ կարող է անել ամուսինը, որ ընտանիքը երջանիկ լինի։
Ի՞նչ կարող է անել կինը, որ ընտանիքը երջանիկ լինի։
Եթե ամուսնացած ես, աստվածաշնչյան ո՞ր սկզբունքը կօգնի քեզ ամրացնել կողակցիդ հետ քո հարաբերությունները։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե որ գործնական քայլերը կօգնեն քեզ երջանիկ ընտանիք ունենալ։
Հետևյալ երաժշտական տեսանյութը ցույց է տալիս, թե ամուսնական կյանքում աստվածաշնչյան խորհուրդները կիրառելը ինչ օրհնություններ է բերում։
Ի՞նչ է նշանակում հնազանդվել ամուսնու գլխավորությանը։
«Կանա՛յք, ինչո՞ւ պետք է հնազանդվեք գլխավորությանը» («Դիտարան», 2010, մայիսի 15)
Տես, թե ինչն օգնեց մի ամուսնալուծված զույգի հաղթահարել լուրջ խնդիրները և վերականգնել հարաբերությունները։
«Աստծու օգնությամբ վերականգնեցինք մեր ամուսնությունը» (5։14)