ԴԱՍ 35
Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ
Բոլորս էլ տարբեր հարցերի վերաբերյալ որոշումներ ենք կայացնում։ Դրանցից շատերը կարող են մեծ ազդեցություն ունենալ ինչպես մեզ, այնպես էլ Եհովայի հետ ունեցած մեր մտերմության վրա։ Օրինակ՝ գուցե հարկ լինի որոշել՝ որտեղ ապրել, ինչպես հոգալ մեր կարիքները կամ ամուսնանալ, թե ոչ։ Երբ ճիշտ որոշումներ ենք կայացնում, երջանիկ ենք լինում և հաճեցնում ենք Եհովային։
1. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ ճիշտ որոշումներ կայացնել
Նախքան որոշում կայացնելը աղոթիր Եհովային, որ օգնի քեզ, և նրա տեսակետը հասկանալու համար քննիր, թե Աստվածաշնչում ինչ է ասվում տվյալ հարցի վերաբերյալ (կարդա Առակներ 2։3-6)։ Որոշ հարցերի առնչությամբ Եհովան հստակ հրահանգներ է տալիս։ Այդպիսի դեպքերում նրան հնազանդվելը ամենաճիշտ որոշումը կլինի։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե Աստվածաշնչում քեզ հուզող խնդրի վերաբերյալ որևէ հստակ բան գրված չէ։ Այդ դեպքում նույնպես Եհովան կուղղորդի քեզ «այն ճանապարհով, որով պետք է գնաս» (Եսայիա 48։17)։ Ինչպե՞ս։ Սկզբունքների միջոցով։ Աստվածաշնչյան սկզբունքները հիմնարար ճշմարտություններ են, որոնք արտացոլում են Աստծու մտածելակերպն ու զգացմունքները։ Հաճախ այս կամ այն հարցի առնչությամբ Աստծու տեսակետը հնարավոր է հասկանալ՝ Աստվածաշնչից կարդալով որոշակի հատված։ Եհովայի տեսակետը հասկանալուց հետո միայն կկարողանաս նրան հաճելի որոշում կայացնել։
2. Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնես նախքան որոշում կայացնելը
Աստվածաշնչում ասվում է. «Խորագետը կշռադատում է իր ամեն մի քայլը» (Առակներ 14։15)։ Դա նշանակում է՝ որոշում կայացնելիս չպետք է շտապես։ Ծանրութեթև արա բոլոր տարբերակները և հարցրու ինքդ քեզ. «Ո՞ր աստվածաշնչյան սկզբունքն է առնչվում այս հարցին։ Միտքս հանգիստ կլինի՞, եթե կայացնեմ այս որոշումը։ Որոշումս ինչպե՞ս կազդի ուրիշների վրա։ Ամենակարևորը՝ այն հաճելի կլինի՞ Եհովային» (2 Օրենք 32։29)։
Եհովան իրավունք ունի ասելու մեզ, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Երբ սովորում ենք նրա օրենքներն ու սկզբունքները և վճռում ենք հետևել դրանց, այդպիսով կրթում ենք մեր խիղճը։ Խիղճը ներքին զգացողություն է, որն օգնում է տարբերակել ճիշտն ու սխալը (Հռոմեացիներ 2։14, 15)։ Աստվածաշնչով կրթված խիղճը օգնում է ճիշտ որոշումներ կայացնել։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Ուշադրություն դարձրու, թե աստվածաշնչյան սկզբունքները և մեր խիղճը ինչպես են օգնում ճիշտ որոշումներ կայացնել։
3. Թույլ տուր, որ Աստվածաշունչն ուղղորդի քեզ
Աստվածաշնչյան սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել որոշումներ կայացնելիս։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցերը.
Ի՞նչ է ազատ կամքը։
Եհովան ինչո՞ւ է մեզ ազատ կամք տվել։
Եհովան ի՞նչ միջոցներ է տվել, որ կարողանանք ճիշտ օգտագործել մեր ազատ կամքը։
Եփեսացիներ 5։15, 16-ում կարդացեք աստվածաշնչյան մի սկզբունք, այնուհետև քննարկեք, թե ինչպես կարող ես «ժամանակը ճիշտ օգտագործել», որպեսզի՝
կանոնավոր ընթերցես Աստվածաշունչը,
դառնաս ավելի լավ կողակից, ծնող, որդի կամ դուստր,
հաճախես ժողովներին։
4. Կրթիր խիղճդ, որ ճիշտ որոշումներ կայացնես
Երբ մեզ հուզող հարցի վերաբերյալ հստակ աստվածաշնչյան պատվեր կա, հեշտ է ճիշտ որոշում կայացնել։ Իսկ ի՞նչ անել, եթե չկա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Քույրն ի՞նչ քայլեր ձեռնարկեց, որ կրթի իր խիղճն ու Եհովային հաճելի որոշում կայացնի։
Ինչո՞ւ չպետք է ուրիշներին խնդրենք, որ մեր փոխարեն որոշում կայացնեն։ Կարդացեք Եբրայեցիներ 5։14-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Թեև գուցե ավելի հեշտ է ուրիշներին խնդրել մեր փոխարեն որոշում կայացնել, սակայն այդպես վարվելով՝ ի՞նչ չենք սովորի անել։
Ո՞ր գործիքները կարող են օգնել քեզ կրթել խիղճդ և ճիշտ որոշումներ կայացնել։
Մեր խիղճը քարտեզի պես ուղղություն է տալիս մեզ
5. Հարգիր ուրիշների խիղճը
Հնարավոր է՝ նույն հարցի վերաբերյալ տարբեր մարդիկ տարբեր որոշումներ կայացնեն։ Ինչպե՞ս կարող ենք հարգել ուրիշների խիղճը։ Քննենք երկու իրավիճակ։
Իրավիճակ 1։ Մի քույր, ով սիրում է շպարվել, տեղափոխվում է այնպիսի ժողով, որտեղ շատերի համար դա անընդունելի է։
Կարդացեք Հռոմեացիներ 15։1-ը և 1 Կորնթացիներ 10։23, 24-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Հաշվի առնելով այս համարները՝ այդ քույրը գուցե ի՞նչ որոշի։ Ինչպե՞ս կվարվես, եթե քո խիղճը թույլ տա անել մի բան, ինչը դիմացինիդ խիղճն արգելում է։
Իրավիճակ 2։ Եղբայրը գիտի, որ Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլի չափավոր օգտագործումը, սակայն որոշում է կայացրել ընդհանրապես չխմել։ Նրան հավաքույթի են հրավիրել։ Այնտեղ նա տեսնում է, որ եղբայրներն ալկոհոլային խմիչք են օգտագործում։
Կարդացեք Ժողովող 7։16 և Հռոմեացիներ 14։1, 10 համարները ու քննարկեք հետևյալ հարցերը.
Հաշվի առնելով այս համարները՝ եղբայրը գուցե ի՞նչ որոշի։ Ինչպե՞ս կվարվես, եթե տեսնես, որ ինչ-որ մեկն այնպիսի բան է անում, որը քո խիղճը դատապարտում է։
Ո՞ր քայլերը կօգնեն ճիշտ որոշում կայացնել
1. Եհովային խնդրիր, որ քեզ օգնի ճիշտ որոշում կայացնել (Հակոբոս 1։5)։
2. Փնտրտուքներ արա Աստվածաշնչում և դրա վրա հիմնված հրատարակություններում, որպեսզի քո հարցին առնչվող սկզբունքներ գտնես։ Նաև կարող ես խորհրդակցել փորձառու քրիստոնյաների հետ։
3. Մտածիր, թե ինչ ազդեցություն կունենա որոշումդ քո և ուրիշների խղճի վրա։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Արա սրտիդ ուզածը։ Կարևոր չէ՝ ուրիշներն ինչ են մտածում»։
Ինչո՞ւ պետք է հաշվի առնենք և՛ Աստծու, և՛ մարդկանց զգացմունքները։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ճիշտ որոշում կայացնելու համար պետք է հասկանանք տվյալ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը, ինչպես նաև մտածենք՝ մեր արարքները ուրիշների համար օգտակար կլինեն, թե վնասակար։
Վերհիշենք
Ինչպե՞ս կարող ես Եհովային հաճելի որոշումներ կայացնել։
Ինչպե՞ս կարող ես կրթել խիղճդ։
Ինչպե՞ս կարող ես հարգել ուրիշների խիղճը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ինչպե՞ս կարող ես այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կամրացնեն Եհովայի հետ քո մտերմությունը։
«Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն» («Դիտարան», 2011, ապրիլի 15)
Ավելին իմացիր այն մասին, թե Եհովան ինչպես է ուղղորդում մեզ։
Մի մարդ կանգնած էր բարդ խնդրի առաջ։ Տես, թե ինչն օգնեց նրան ճիշտ որոշում կայացնել։
Ինչպե՞ս կարող ես քո որոշմամբ հաճեցնել Եհովային, եթե տվյալ հարցի առնչությամբ նա հստակ հրահանգ չի տվել։
«Արդյո՞ք ամեն պարագայում ունեք աստվածաշնչյան օրենքի կարիք» («Դիտարան», 2003, դեկտեմբերի 1)