ԴԱՍ 03
Արժե՞ վստահել Աստվածաշնչին
Աստվածաշնչում բազմաթիվ լավ խորհուրդներ ու խոստումներ կան։ Գուցե քեզ հետաքրքրում է, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը, սակայն միևնույն ժամանակ թերահավատությամբ ես վերաբերվում այդ գրքին։ Արժե՞ վստահել Աստվածաշնչում գրվածին։ Արդյո՞ք այդ հին գրքում տեղ գտած խորհուրդները գործնական են մեր օրերի համար։ Արժե՞ հավատալ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումներին։ Միլիոնավոր մարդիկ այս հարցերին կպատասխանեն՝ այո՛։ Իմացիր, թե ինչու՝ քննելով հետևյալը։
1. Աստվածաշնչում գրվածը փա՞ստ է, թե՞ հորինվածք
Աստվածաշնչում «ճիշտ ու ստույգ խոսքեր» են գրված (Ժողովող 12։10)։ Այդ գրքում նկարագրված են իրական դեպքեր, որոնք պատահել են իրական մարդկանց (կարդա Ղուկաս 1։3; 3։1, 2)։ Շատ պատմաբաններ ու հնագետներ հաստատում են, որ Աստվածաշնչում նշված տարեթվերը, մարդիկ, վայրերը, ինչպես նաև իրադարձությունները ճշգրիտ են։
2. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստվածաշունչը հնացած գիրք չէ
Աստծու Խոսքում գրվել է այնպիսի բաների մասին, որոնք մարդկությունը հայտնագործել է միայն հազարամյակներ անց։ Օրինակ՝ ներկայացված են գիտական փաստեր, որոնցից շատերի վերաբերյալ մարդիկ հակասական կարծիքներ են ունեցել։ Սակայն ժամանակակից գիտությունը հաստատում է, որ Աստվածաշնչում գրվածը ճշգրիտ է։ Այո՛, այդ գիրքը «վստահարժան է.... հիմա և հավիտյան» (Սաղմոս 111։7, 8)։
3. Արժե՞ հավատալ ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի խոստումներին
Աստվածաշունչը պարունակում է մարգարեություններ,a որոնք «վաղօրոք հայտնում են այն, ինչը դեռ չի եղել» (Եսայիա 46։10)։ Այդ գրքում կան ճշգրտորեն նկարագրված պատմական իրադարձություններ, որոնք գրի են առնվել դրանց տեղի ունենալուց շատ տարիներ առաջ։ Այնտեղ նաև ապշեցնող ճշգրտությամբ մարգարեացվել է աշխարհում ներկայումս տիրող իրավիճակի մասին։ Այս դասում կքննենք այդ մարգարեություններից մի քանիսը։ Դրանց ճշգրտությունը իսկապես կտպավորի քեզ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Նկատի առ, թե ժամանակակից գիտությունը ինչպես է հաստատում Աստվածաշնչի արժանահավատ լինելը, և քննիր որոշ տպավորիչ մարգարեություններ։
4. Աստվածաշունչը ներդաշնակ է գիտությանը
Հին ժամանակներում մարդիկ մտածում էին, թե երկիրը հենարան ունի։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Տես, թե ինչ է գրվել «Հոբ» գրքում մոտ 3 500 տարի առաջ։ Կարդացեք Հոբ 26։7-ը և քննարկեք այս հարցը.
Ինչո՞ւ է զարմանալի, որ «Հոբ» գրքում այսպիսի տեղեկություն է գրված։
Մինչև 1800-ականները մարդիկ լավ չէին պատկերացնում, թե ինչպես է տեղի ունենում ջրի շրջապտույտը։ Սակայն ուշադրություն դարձրու, թե հազարավոր տարիներ առաջ Աստվածաշնչում ինչ է գրվել այդ մասին։ Կարդացեք Հոբ 36։27, 28-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչո՞ւ է տպավորիչ այն, որ Աստվածաշնչում նկարագրված է ջրի շրջապտույտը։
Քո ընթերցած համարները ամրացրի՞ն Աստվածաշնչի հանդեպ վստահությունդ։
5. Աստվածաշնչում մարգարեացվել են կարևոր իրադարձություններ
Կարդացեք Եսայիա 44։27-45։2 համարները, այնուհետև քննարկեք այս հարցը.
Ի՞նչ մանրամասներ է հայտնել Աստվածաշունչը Բաբելոնի անկումից 200 տարի առաջ։
Պատմությունը հաստատում է, որ Պարսկաստանի Կյուրոս թագավորը մ.թ.ա. 539 թ.-ինb իր զորքով գրավեց Բաբելոնը։ Նրանք փոխեցին քաղաքը պաշտպանող գետի հունը, ինչից հետո բաց թողնված դարպասներով ներս մտան և առանց պայքարի գրավեցին քաղաքը։ Այսօր՝ 2 500 տարի անց, Բաբելոնը շարունակում է ավերակների մեջ մնալ։ Տես, թե ինչ էր մարգարեացվել Աստվածաշնչում։
Կարդացեք Եսայիա 13։19, 20-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս կատարվեց Բաբելոնի մասին այս մարգարեությունը։
Բաբելոնի ավերակներն այսօր (Իրաք)
6. Աստվածաշնչում մարգարեացվել են մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունները
Աստվածաշնչում ասվում է, որ մենք ապրում ենք «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1)։ Նկատի առ, թե այնտեղ ինչ է մարգարեացվել այս ժամանակաշրջանի վերաբերյալ։
Կարդացեք Մատթեոս 24։6, 7-ը և քննարկեք այս հարցը.
Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ իրադարձություններ էին լինելու վերջին օրերում։
Կարդացեք 2 Տիմոթեոս 3։1-5-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Վերջին օրերում ապրող մարդկանց բնորոշ ի՞նչ վարքագիծ է նկարագրվում Աստվածաշնչում։
Այս հատկանիշներից որո՞նք ես նկատել մարդկանց մեջ։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշունչը լեգենդների ու առասպելների գիրք է»։
Ո՞ր փաստն է ամենաշատը համոզում քեզ, որ Աստվածաշունչը վստահարժան է։
ԱՄՓՈՓՈՒՄ
Պատմությունը, գիտությունը և կատարված մարգարեությունները փաստում են, որ Աստվածաշունչը վստահարժան գիրք է։
Վերհիշենք
Աստվածաշունչը փաստերի՞, թե՞ առասպելների գիրք է։
Ո՞ր օրինակներն են փաստում, որ Աստվածաշունչը ներդաշնակ է գիտությանը։
Քո կարծիքով՝ կարո՞ղ ենք վստահել աստվածաշնչյան մարգարեություններին։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Աստվածաշնչում կա՞ն գիտական տեսանկյունից անճշտություններ։
Ի՞նչ փաստեր կան, որ ապրում ենք «վերջին օրերում»։
«6 աստվածաշնչյան մարգարեություններ այժմ իրականանում են» («Դիտարան», 2011, մայիսի 1)
Իմացիր, թե ինչպես կատարվեցին Հունական կայսրության վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները։
Տես, թե մի մարդ ինչպես փոխեց Աստվածաշնչի վերաբերյալ իր կարծիքը, երբ քննեց մարգարեությունները։
a Մարգարեությունների միջոցով Աստված տեղեկություններ է հայտնել ապագա իրադարձությունների վերաբերյալ։
b «Մ.թ.ա.» հապավումը նշանակում է «մեր թվարկությունից առաջ», իսկ «մ.թ.» հապավումը՝ «մեր թվարկության»։