ԳԼՈՒԽ 15
«Ես վերջ կդնեմ քո մարմնավաճառությանը»
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. ինչ ենք սովորում «Եզեկիել» և «Հայտնություն» գրքերում նկարագրված մարմնավաճառների մասին արձանագրություններից
1, 2. Կնոջ ինչպիսի՞ վարքն է առավել մեծ նողկանք առաջացնում։
ՈՐՔԱ՜Ն ցավալի է տեսնել մի կնոջ, ով մարմնավաճառ է դարձել։ Ակամայից մտածում ես. «Տեսնես ի՞նչն է դրդել նրան այդ ստորացուցիչ ուղին բռնել»։ Գուցե ընտանեկան բռնության պատճառով է նա այդքան երիտասարդ տարիքում ստիպված եղել հեռանալ տնից ու փողոց ընկնել։ Կամ գուցե ծայրահեղ աղքատությունն է ստիպել նրան վաճառել իր մարմինը։ Հնարավոր է՝ բռնարար ամուսնուց է փախել։ Ցավոք, նման ողբերգական պատմություններ կարելի է շատ հաճախ լսել այս չար աշխարհում։ Բնավ զարմանալի չէ, որ Հիսուս Քրիստոսը որոշ մարմնավաճառների բարությամբ է վերաբերվել։ Նա նշել է, որ այն մարդիկ, ովքեր զղջում են ու փոխում իրենց ապրելակերպը, կարող են օրհնություններով լի կյանքի հույս ունենալ (Մատթ. 21։28-32; Ղուկ. 7։36-50)։
2 Բայց կան մարմնավաճառներ, որ ընդհանրապես խղճահարություն չեն առաջացնում։ Այս անգամ պատկերացնենք մի կնոջ, ով իր կամքով է ընտրել կյանքի այդ ուղին։ Մարմնավաճառությամբ զբաղվելը նրա համար ոչ թե ստորացուցիչ գործ է, այլ միջոց՝ ստանալու այն, ինչ ուզում է։ Դրանով նա ձգտում է շատ փող ունենալ և ազդեցիկ լինել։ Բայց ամենասարսափելին այն է, որ նա լավ ու նվիրված ամուսին ունի, սակայն առանց խղճի խայթ զգալու՝ դավաճանում է նրան և մարմնավաճառությամբ զբաղվում։ Այսպիսի կինն ու նրա բռնած ընթացքը միայն զզվանք են առաջացնում մեր մեջ։ Նման ուժգին զգացումը օգնում է մեզ հասկանալ, թե Եհովա Աստված ինչ է զգում կեղծ կրոնի հանդեպ՝ այն հաճախ համեմատելով մարմնավաճառի հետ։
3. Ո՞ր արձանագրությունները կքննենք այս գլխում։
3 «Եզեկիել» գրքի երկու գլուխներում նկարագրվում է Իսրայելում և Հուդայում ապրած Աստծու ժողովրդի հոգևոր մարմնավաճառությունը՝ զազրելի անհավատարմությունը (գլուխներ 16 և 23)։ Սակայն նախքան այս արձանագրությունն ավելի մանրակրկիտ քննելը խոսենք մեկ այլ փոխաբերական մարմնավաճառի մասին։ Նա սկսել է մարմնավաճառությամբ զբաղվել Եզեկիելի օրերից դեռ շատ առաջ, անգամ Իսրայելի գոյությունից առաջ, և մինչ օրս ակտիվ գործունեություն է ծավալում։ Այս մարմնավաճառի մասին խոսվում է Աստվածաշնչի վերջին գրքում՝ «Հայտնությունում»։
«Մարմնավաճառների.... մայրը»
4, 5. Ի՞նչ է ներկայացնում «Մեծ Բաբելոնը», և որտեղից գիտենք դա (տես առաջին նկարը)։
4 Առաջին դարի վերջում Հիսուսը Հովհաննես առաքյալին տեսիլք ցույց տվեց, որում մի արտասովոր կին կար, ով կոչվում է «մեծ մարմնավաճառ» և «Մեծ Բաբելոն՝ մարմնավաճառների.... մայրը» (Հայտն. 17։1, 5)։ Դարեր շարունակ կրոնական առաջնորդների ու աստվածաշնչագետների համար նրա ինքնությունն անհայտ է եղել։ Ոմանք կարծել են, թե նա ներկայացնում է Բաբելոն քաղաքը, մյուսները՝ Հռոմը, ուրիշներն էլ՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին։ Սակայն Եհովայի վկաները արդեն տասնամյակներ է, ինչ գիտեն, թե ով է իրականում «մեծ մարմնավաճառը»։ Նա խորհրդանշում է կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ Ինչո՞ւ ենք եկել այդ եզրահանգմանը։
5 Աստվածաշնչում այդ մարմնավաճառը դատապարտվում է «երկրի թագավորների»՝ քաղաքական ուժերի հետ անբարո հարաբերություններ ունենալու համար։ Ուստի հստակ է, որ նա քաղաքական ուժ չէ։ Ավելին՝ «Հայտնություն» գրքում նշվում է, որ «երկրի վաճառականները», որոնք ներկայացնում են այս աշխարհի առևտրային և բիզնես համակարգը, կողբան Մեծ Բաբելոնի կործանման համար։ Փաստորեն, Մեծ Բաբելոնը չի կարող ներկայացնել առևտրային համակարգը։ Այդ դեպքում, ի՞նչ է նա ներկայացնում։ Նա մեղավոր է ոգեհարցության, կռապաշտության և խաբեության մեջ։ Մի՞թե սրանով չեն հայտնի այս աշխարհի ապականված կրոնական կազմակերպությունները։ Նկատի առնենք նաև, որ այս մարմնավաճառը նկարագրվում է որպես մեկը, ով նստած է քաղաքական ուժերի վրա, ինչը մատնանշում է, որ նա որոշակի ազդեցություն ունի նրանց վրա։ Նա նաև հալածում է Եհովա Աստծու հավատարիմ ծառաներին (Հայտն. 17։2, 3; 18։11, 23, 24)։ Հենց սա է առ այսօր անում կեղծ կրոնը։
Հին Բաբելոնում են ի հայտ եկել կեղծ կրոնական տարբեր կառույցները, սովորույթները և ուսմունքները (տես պարբերություն 6)
6. Ի՞նչ առումով է Մեծ Բաբելոնը «մարմնավաճառների մայրը»։
6 Ինչո՞ւ է Մեծ Բաբելոնը ոչ միայն «մեծ մարմնավաճառ» կոչվում, այլ նաև «մարմնավաճառների մայր»։ Կեղծ կրոնը անթիվ-անհամար ուղղություններ ունի։ Կան անհաշիվ կրոնական ճյուղավորումներ, աղանդներ և պաշտամունքի ձևեր։ Սկսած այն ժամանակվանից, երբ հին Բաբելոնում Աստված մարդկանց տարբեր լեզուներ տվեց, աշխարհով մեկ բազմաթիվ հավատալիքներ տարածվեցին՝ առաջ բերելով կրոնական տարբեր ճյուղավորումներ։ Ուստի շատ տեղին է, որ Մեծ Բաբելոնը իր անունը ստացել է Բաբելոն քաղաքի անունից, քաղաք, որը կեղծ կրոնների ծննդավայրն է եղել (Ծննդ. 11։1-9)։ Այսպիսով՝ այս բոլոր կրոնները կարող են համարվել մեկ մեծ մարմնավաճառի «դուստրերը»։ Սատանան հաճախ այդ կրոններն օգտագործում է, որպեսզի մարդկանց ներքաշի ոգեհարցության և կռապաշտության մեջ ու աստվածանարգ սովորույթներ և հավատալիքներ տարածի։ Զարմանալի չէ, որ Աստված իր ժողովրդին նախազգուշացրել է այս աշխարհում խոր արմատներ գցած այդ պիղծ կառույցի մասին՝ ասելով. «Դո՛ւրս արի նրա միջից, ի՛մ ժողովուրդ, որ մասնակից չլինես նրա մեղքերին» (կարդա Հայտնություն 18։4, 5)։
7. Ինչո՞ւ է Մեծ Բաբելոնից «դուրս գալու» նախազգուշացումը կարևոր մեզ համար։
7 Ականջ դրե՞լ ես այս նախազգուշացմանը։ Հիշիր, որ Եհովան է մարդկանց ստեղծել «հոգևոր կարիքներով» (Մատթ. 5։3)։ Այդ կարիքը կարելի է բավարարել միայն՝ Եհովային մաքուր երկրպագություն մատուցելով։ Եհովայի ծառաները ցանկանում են ամեն բան անել, որ հեռու մնան հոգևոր մարմնավաճառությունից։ Բայց Բանսարկու Սատանան այլ ծրագրեր ունի։ Նրան դուր է գալիս Աստծու ծառաներին բռնել հոգևոր մարմնավաճառության որոգայթով։ Ցավոք, հաճախ նրան դա հաջողվում է։ Եզեկիելի օրերում հրեաներն արդեն երկար տարիներ էր, ինչ հոգևոր մարմնավաճառության ծուղակի մեջ էին գտնվում։ Նրանց պատմությունը քննելը մեզ շատ բան կսովորեցնի Եհովայի սահմանած չափանիշների, արդարության ու գթասրտության մասին։
«Դու.... մարմնավաճառ դարձար»
8-10. Մաքուր երկրպագության վերաբերյալ ո՞ր չափանիշներն են օգնում մեզ հասկանալ, թե Եհովան ինչ է զգում, երբ իր ծառաները մխրճվում են կեղծ կրոնի մեջ։ Պարզաբանիր օրինակով։
8 «Եզեկիել» գրքում Եհովան օգտագործում է մարմնավաճառի օրինակը՝ ցույց տալու համար, թե իր ժողովրդի անհավատարմությունը ինչ մեծ ցավ է պատճառել իրեն։ Աստծու ներշնչմամբ գրված Եզեկիելի երկու արձանագրություններում նկարագրվում է, թե Եհովան որքան խորն է վիրավորվել իր ժողովրդի դավաճանության ու անբարո վարքի պատճառով։ Ինչո՞ւ նա համեմատեց նրան մարմնավաճառի հետ։
9 Պատասխանը գտնելու համար հիշենք մաքուր երկրպագության վերաբերյալ սահմանված մի կարևոր պահանջ, որի մասին խոսվում է այս գրքի 5-րդ գլխում։ Իսրայելին տված Օրենքում Եհովան ասել էր. «Ինձնից բացի՝ [կամ՝ «Ինձ մարտահրավեր նետելով», ծնթ.] ուրիշ աստվածներ չունենաս.... որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ» (Ելք 20։3, 5)։ Հետագայում նա նույն կարգադրությունը տվեց՝ ասելով. «Ուրիշ աստծու առաջ չխոնարհվեք, որովհետև ես՝ Եհովաս, հայտնի եմ որպես բացարձակ նվիրվածություն պահանջող։ Այո՛, ես բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ» (Ելք 34։14)։ Դժվար թե ավելի պարզ ձև լիներ ասելու այս ամենը։ Որպեսզի մեր երկրպագությունը ընդունելի լինի Եհովային, մենք պետք է բացառապես նրան երկրպագենք։
10 Այս ամենն ավելի լավ հասկանալու համար նկատի առնենք, թե ինչ հարաբերություններ ունեն ամուսինները ընտանիքում։ Թե՛ ամուսինը և թե՛ կինը իրավամբ նվիրվածություն են ակնկալում միմյանցից։ Եթե կողակիցներից մեկը ռոմանտիկ հետաքրքրություն է ցույց տալիս ուրիշի հանդեպ կամ դավաճանում է իր կողակցին, վերջինս, բնականաբար, խանդում և դավաճանված է զգում իրեն (կարդա Եբրայեցիներ 13։4)։ Նույն բանը զգում է Եհովան, երբ իր ծառաները, ովքեր խոստացել են բացառապես իրեն նվիրված լինել, սկսում են կեղծ աստվածների պաշտել։ Իր խոր ցավն ու հիասթափությունը նա ազդեցիկ կերպով նկարագրել է Եզեկիել 16-րդ գլխում։
11. Եհովան ի՞նչ պատմեց Երուսաղեմի մասին։
11 16-րդ գլխում արձանագրված է «Եզեկիել» գրքում տեղ գտած Եհովայի խոսքերից ամենաերկարը և Եբրայերեն Գրվածքներում տեղ գտած ամենաերկար մարգարեական խոսքերից մեկը։ Եհովան գլխավորապես դիմում է Երուսաղեմ քաղաքին, որը ներկայացնում էր Հուդայի անհավատարիմ ժողովրդին։ Նա մի տխուր ու ցնցող պատմություն է պատմում այն մասին, թե Երուսաղեմը ինչպես է «ծնվել» և հետագայում ինչպես է դավաճանել իրեն։ Եհովան նրան համեմատում է անօգնական ու անլվա նորածնի հետ, որին իր ծնողները՝ հեթանոս քանանացիները, լքել են։ Քանի դեռ Դավիթը չէր գրավել Երուսաղեմը, այն երկար ժամանակ մնում էր քանանական մի ցեղի՝ հեբուսացիների տիրապետության տակ։ Եհովան խղճաց այդ մանկիկին, լվաց նրան և հոգ տարավ նրա համար։ Ժամանակի ընթացքում, երբ իսրայելացիները բնակություն հաստատեցին Երուսաղեմում, այդ քաղաքը Աստծու համար իր կնոջ պես դարձավ։ Այդ հարաբերությունների հիմքում ընկած էր այն ուխտը, որը իսրայելացիները հոժարակամորեն Եհովայի հետ կապել էին Մովսեսի օրերում (Ելք 24։7, 8)։ Երբ Երուսաղեմը դարձավ Իսրայելի մայրաքաղաքը, Եհովան սկսեց օրհնել, հարստացնել և զարդարել այն, ինչպես որ հարուստ և ազդեցիկ ամուսինն է իր կնոջը թանկարժեք զարդերով պճնում (Եզեկ. 16։1-14)։
Սողոմոնը, ընկնելով իր օտարազգի կանանց ազդեցության տակ, Երուսաղեմը լցրեց կռապաշտությամբ (տես պարբերություն 12)
12. Երուսաղեմն ինչպե՞ս անհավատարիմ դարձավ։
12 Ի՞նչ եղավ հետո։ Նկատի առնենք Եհովայի հետևյալ խոսքերը. «Բայց դու սկսեցիր ապավինել քո գեղեցկությանը և համբավդ օգտագործելով՝ մարմնավաճառ դարձար։ Դու տրվում էիր յուրաքանչյուր անցորդի, և քո գեղեցկությունը նրան էիր նվիրում» (Եզեկ. 16։15)։ Սողոմոնի օրերում Եհովան առատաձեռնորեն օրհնում էր իր ժողովրդին, և Երուսաղեմը դարձավ Հին աշխարհի շքեղագույն և աչքի ընկնող քաղաքներից մեկը (1 Թագ. 10։23, 27)։ Բայց Երուսաղեմը կամաց-կամաց մխրճվեց կեղծ պաշտամունքի մեջ։ Սողոմոնը, ցանկանալով հաճեցնել իր օտարազգի կանանց, հեթանոս աստվածների պաշտեց, ինչով էլ պղծեց այդ քաղաքը (1 Թագ. 11։1-8)։ Նրան հաջորդող թագավորները ավելի վատ վարվեցին՝ կեղծ պաշտամունքը տարածելով ողջ երկրով մեկ։ Ըստ էության՝ ժողովուրդը սկսեց հոգևոր մարմնավաճառությամբ զբաղվել։ Եհովան ինչպե՞ս վերաբերվեց այդ դավաճանությանը։ Նա ասաց. «Նման բաներ չպետք է արվեն. այդպիսի բաներ երբեք չպետք է կատարվեն» (Եզեկ. 16։16)։ Բայց Եհովայի ժողովուրդը ականջ չդրեց նրա խոսքերին ու գնալով ավելի շատ այլասերվեց։
Որոշ իսրայելացիներ իրենց երեխաներին զոհում էին այնպիսի կեղծ աստվածների համար, ինչպիսին որ Մողոքն էր
13. Երուսաղեմում ապրող Աստծու ժողովուրդը ի՞նչ չարություն գործեց։
13 Պատկերացրու, թե Եհովան ինչ ցավով ու նողկանքով արտահայտվեց՝ խոսելով իր ժողովրդի չար գործերի մասին։ Նա ասաց. «Դու քո որդիներին ու աղջիկներին, որոնց ծնել էիր ինձ համար, զոհաբերում էիր այդ կուռքերին. մի՞թե քեզ համար բավական չէր այն, որ մարմնավաճառությամբ էիր զբաղվում։ Մորթում էիր իմ որդիներին ու այրում՝ նրանց զոհաբերելով այդ կուռքերին» (Եզեկ. 16։20, 21)։ Այդ զարհուրելի բաները բացահայտում են, թե որքան չար է Սատանայի սիրտը։ Նրան հաճույք է պատճառում Եհովայի ժողովրդին զզվելի գործերի մեջ ներքաշելը։ Բայց Եհովան ամեն ինչ տեսնում է։ Եվ ինչ չարագործություններ էլ որ Սատանան արած լինի, մեր Աստվածը ամեն բան կարող է շտկել. նա անպայման կվերականգնի արդարությունը (կարդա Հոբ 34։24)։
14. Եհովայի խոսքերի համաձայն՝ ովքեր էին Երուսաղեմի քույրերը, և ո՞ր մեկն էր նրանցից ամենաչարը։
14 Երուսաղեմը, սակայն, սխալ բան չէր տեսնում իր արած չար գործերի մեջ և շարունակում էր մարմնավաճառությամբ զբաղվել։ Եհովան, դիմելով Երուսաղեմին, ասաց, որ նա մյուս բոլոր մարմնավաճառներից ավելի անամոթ է, որովհետև նա ինքն է վճարում իր սիրեկաններին, որպեսզի իր հետ հարաբերություն ունենան (Եզեկ. 16։34)։ Աստված ասաց, որ Երուսաղեմը շատ նման է իր «մորը»՝ հեթանոս ցեղերին, որոնք մի ժամանակ տիրում էին այդ երկրին (Եզեկ. 16։44, 45)։ Աստված նշեց նաև, որ Երուսաղեմը ավագ քույր ունի՝ Սամարիան, որն իրենից առաջ էր հոգևոր մարմնավաճառության ուղին բռնել։ Եհովան Երուսաղեմի մեկ այլ քրոջ մասին էլ հիշատակեց՝ Սոդոմի։ Թեև այդ քաղաքը վաղուց կործանվել էր, բայց այն շարունակում էր գոռոզության և ծայրահեղ այլասերվածության խորհրդանիշ համարվել։ Եհովան ուզում էր ցույց տալ, որ Երուսաղեմը իր երկու քույրերի՝ Սամարիայի ու անգամ Սոդոմի գործած մեղքերից ավելի ծանր մեղքեր էր գործել (Եզեկ. 16։46-50)։ Սակայն Աստծու ժողովուրդը անտեսեց նրա արած անթիվ-անհամար նախազգուշացումները և շարունակեց իր բռնած ըմբոստ ուղով գնալ։
15. Ո՞րն էր նպատակը, որ Եհովան դատավճիռ կայացրեց Երուսաղեմի նկատմամբ։
15 Եհովան ի՞նչ արեց։ Նա դիմեց Երուսաղեմին հետևյալ խոսքերով. «Ես քո դեմ կհամախմբեմ քո բոլոր սիրեկաններին, որոնց դու հաճույք էիր պատճառում», և «քեզ կմատնեմ նրանց ձեռքը»։ Իսրայելի ժողովրդի հեթանոս նախկին դաշնակիցները կողոպտելու էին նրան ու կործանելու, և նրա երբեմնի գեղեցկությունից ոչինչ չէր մնալու։ «[Նրանք] կքարկոծեն ու սրերով կսպանեն քեզ»,– ասաց Եհովան։ Ինչո՞ւ նա այսպիսի դատավճիռ կայացրեց։ Արդյոք Աստված ուզում էր բնաջնջե՞լ իր ժողովրդին։ Ո՛չ։ Նա ասաց՝ «Ես վերջ կդնեմ քո մարմնավաճառությանը», ապա ավելացրեց. «Իմ ցասումը կհանգչի, և այլևս զայրացած չեմ լինի քեզ վրա, ես կհանդարտվեմ ու ինձ այլևս վիրավորված չեմ զգա»։ Ինչպես իմացանք այս գրքի 9-րդ գլխից, Եհովայի նպատակն էր իր ժողովրդին ազատել գերությունից և վերադարձնել հայրենիք։ Ինչո՞ւ։ Նա նշեց. «Ես կհիշեմ այն ուխտը, որ կապեցի քեզ հետ, երբ մանուկ էիր» (Եզեկ. 16։37-42, 60)։ Ի տարբերություն իր ժողովրդի՝ Եհովան փաստելու էր, որ անսահման նվիրված է (կարդա Հայտնություն 15։4)։
16, 17. ա) Ինչո՞ւ այլևս չենք ասում, որ Օոլան և Օոլիբան նախապատկերում են քրիստոնյա աշխարհը (տես «Մարմնավաճառ քույրերը» շրջանակը)։ բ) Ի՞նչ դասեր ենք քաղում Եզեկիել 16-րդ և 23-րդ գլուխներից։
16 Եզեկիել 16-րդ գլխում արձանագրված՝ Եհովայի երկար և ազդեցիկ խոսքից շատ բան ենք իմանում նրա բարձր չափանիշների, արդարության և անհուն գթասրտության մասին։ Նույնը կարելի է ասել նաև 23-րդ գլխի վերաբերյալ։ Ճշմարիտ քրիստոնյաները լուրջ են վերաբերվում Եհովայի աներկիմաստ խոսքերին, որ նա ասել է՝ իր ժողովրդի մարմնավաճառությունը դատապարտելով։ Մենք երբեք չենք ցանկանա Հուդայի ու Երուսաղեմի պես վիրավորել ու ցավ պատճառել Եհովային։ Այդ պատճառով ձգտում ենք բացարձակապես հեռու մնալ կռապաշտությունից իր բոլոր դրսևորումներով, այդ թվում՝ ագահությունից և նյութապաշտությունից (Մատթ. 6։24; Կող. 3։5)։ Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ նա, այս վերջին օրերում գթասրտություն դրսևորելով, վերականգնել է մաքուր երկրպագությունը, և որ երբեք թույլ չի տա՝ այն նորից ապականվի։ Եհովան հոգևոր Իսրայելի հետ «հարատև ուխտ» է կապել, որը երբեք չի դրժվի, քանի որ այդ ժողովուրդը չի դավաճանի նրան ու հոգևոր մարմնավաճառությամբ չի զբաղվի (Եզեկ. 16։60)։ Ուստի եկեք թանկ գնահատենք Եհովայի մաքուր ժողովրդի հետ նրան երկրպագելու հնարավորությունը։
17 Այժմ տեսնենք, թե «Եզեկիել» գրքում արձանագրված մարմնավաճառների մասին Եհովայի ասած խոսքից ինչ ենք իմանում «մեծ մարմնավաճառի»՝ Մեծ Բաբելոնի մասին։
«Նա այլևս չի լինի»
18, 19. Ի՞նչ նմանություններ ենք նկատում «Եզեկիել» և «Հայտնություն» գրքերում նկարագրված մարմնավաճառների միջև։
18 Եհովան չի փոխվում (Հակ. 1։17)։ Մեծ մարմնավաճառի գոյության ողջ ընթացքում Եհովայի զգացումները կեղծ կրոնի հանդեպ նույնն են մնացել։ Ուստի չենք զարմանում, որ «Եզեկիել» գրքում հիշատակված մարմնավաճառների և «Հայտնություն» գրքում նշված «մեծ մարմնավաճառի» նկատմամբ կայացված դատավճիռները շատ նման են իրար։
19 Օրինակ՝ Եզեկիելի մարգարեության մեջ հիշատակված մարմնավաճառներին՝ իր անհավատարիմ ժողովրդին, Եհովան չի պատժել անձամբ, այլ պատժել է այն ազգերի ձեռքով, որոնց հետ նրանք հոգևոր անբարոյականություն էին գործել։ Այսօր կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը անբարոյականություն է գործում «երկրի թագավորների» հետ։ Ո՞ւմ ձեռքով է նա իր պատիժը ստանալու։ «Հայտնություն» գրքում կարդում ենք, որ քաղաքական ուժերը «կատեն մարմնավաճառին, կթալանեն, կմերկացնեն նրան ու կուտեն նրա մարմինը և վերջնականապես կայրեն նրան»։ Ինչո՞ւ են այս աշխարհի կառավարությունները նման անսպասելի որոշում կայացնելու։ Գրված է. «Որովհետև Աստված նրանց սրտում ցանկություն դրեց, որ իրագործեն իրենց նպատակը, որն իրականում Իր մտադրությունն է» (Հայտն. 17։1-3, 15-17)։
20. Ի՞նչն է փաստում, որ Բաբելոնի դեմ կայացված դատավճիռն անփոփոխ է։
20 Այսպիսով՝ Եհովան ազգերի միջոցով դատաստան կտեսնի բոլոր կեղծ կրոնների, այդ թվում՝ քրիստոնեական ուղղությունների նկատմամբ։ Այս դատավճիռը վերջնական է. ոչ մի ներում, փոխվելու ոչ մի հնարավորություն չի տրվի։ «Հայտնություն» գրքում ասվում է, որ Մեծ Բաբելոնը «այլևս չի լինի» (Հայտն. 18։21)։ Աստծու հրեշտակները, նրա վախճանի համար ցնծալով, կասեն. «Գովաբանե՛ք Յահին։ Բաբելոնից դուրս եկող ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից» (Հայտն. 19։3)։ Այս դատավճիռը հավիտյան անփոփոխ կլինի։ Եհովան երբեք թույլ չի տա, որ որևէ կեղծ կրոն ձևավորվի, և դրա պատճառով մաքուր երկրպագությունն ապականվի։ Մեծ Բաբելոնը փոխաբերական իմաստով կայրվի, և նրանից դուրս եկող ծուխը կբարձրանա հավիտյանս հավիտենից։
Այն ազգերը, որոնց Մեծ Բաբելոնը հմայելով իր ազդեցության տակ է պահում, նրա դեմ դուրս կգան և կկործանեն նրան (տես պարբերություններ 19, 20)
21. Կեղծ կրոնի կործանումը ի՞նչ ժամանակաշրջանի սկիզբ է դնելու, և ինչպե՞ս է այն ավարտվելու։
21 Այս աշխարհի կառավարությունները, Մեծ Բաբելոնի դեմ դուրս գալով, կիրագործեն Աստծու դատաստանը։ Այս իրադարձությամբ սկիզբ կդրվի Եհովայի նպատակի իրագործման կարևոր փուլին՝ մեծ նեղությանը՝ մարդկության պատմության ամենամռայլ ժամանակաշրջանին (Մատթ. 24։21)։ Այդ նեղությունը կավարտվի Արմագեդոնով՝ այս չար աշխարհի դեմ Եհովայի մղած պատերազմով (Հայտն. 16։14, 16)։ Ինչպես կտեսնենք հաջորդող գլուխներում, «Եզեկիել» գրքում շատ է խոսվում այն մասին, թե մեծ նեղության ժամանակ ինչեր են տեղի ունենալու։ Իսկ մինչ այդ քննենք, թե Եզեկիել 16-րդ և 23-րդ գլուխներից ինչ դասեր կարող ենք քաղել ու կիրառել մեր կյանքում։
Կառավարությունները դուրս կգան Մեծ Բաբելոնի դեմ և այդպիսով կիրագործեն Աստծու դատաստանը (տես պարբերություն 21)
22, 23. «Եզեկիել» և «Հայտնություն» գրքերում նշված մարմնավաճառների մասին արձանագրությունն ուսումնասիրելը ինչի՞ է մեզ մղում։
22 Սատանային դուր է գալիս Աստծուն մաքուր երկրպագություն մատուցողներին հեռացնել ճիշտ ճանապարհից։ Ոչինչ ավելի մեծ հաճույք չի պատճառում նրան, քան որևէ մեկին հոգևոր մարմնավաճառության մեջ ներքաշելն ու մաքուր երկրպագությունից հեռացնելը, ինչի մասին խոսվում է «Եզեկիել» գրքում։ Մենք պետք է հիշենք, որ Եհովան իր հետ մրցակցություն, ինչպես նաև դավաճանություն չի հանդուրժում (Թվեր 25։11)։ Մենք զգույշ ենք, որ որևէ առնչություն չունենանք կեղծ կրոնի հետ, որ չդիպչենք մի բանի, ինչը Աստծու տեսանկյունից «անմաքուր» է (Ես. 52։11)։ Նույն պատճառով մենք նվիրվածորեն չեզոք ենք մնում այս պառակտված աշխարհում քաղաքական վեճերի և բախումների ժամանակ (Հովհ. 15։19)։ Ազգայնամոլությունը մեզ համար Սատանայի հրամցրած կեղծ կրոններից մեկն է, և մենք ոչ մի ընդհանուր բան չունենք դրա հետ։
23 Եկեք չմոռանանք, որ մեծ պատիվ ունենք երկրպագելու Եհովային նրա մաքուր ու սուրբ հոգևոր տաճարում։ Քանի որ բարձր ենք գնահատում այս անգին հնարավորությունը, թող որ ավելի քան երբևէ վճռական լինենք մոտ անգամ չգնալու կեղծ կրոնին ու նրա զզվելի «մարմնավաճառությանը»։