Նրանք «ուշադրություն չդարձրեցին»
Նախազգուշացումներին անտարբերությամբ վերաբերվելը կարող է դժբախտություն բերել։
1974 թ.–ին Ավստրալիայի Դարվին քաղաքում մարդիկ տոնական նախապատրաստություններ էին տեսնում, երբ հանկարծ սուլիչները նախազգուշացրին մոտալուտ փոթորկի մասին։ Բայց Դարվինը մոտ 30 տարի էր, ինչ փոթորկից չէր տուժել, մի՞թե այս անգամ ինչ–որ արտառոց բան պիտի տեղի ունենար։ Քաղաքի բնակիչներից շատերը վտանգին լրջորեն չվերաբերվեցին, մինչև որ կատաղի քամին չսկսեց պոկել տների կտուրներն ու շուռ տալ պատերը, որոնց ետևում նրանք կուչ եկած ապաստան էին գտել։ Հաջորդ առավոտ քաղաքն ավերակի էր վերածվել։
1985 թ. նոյեմբերին Կոլումբիայում մի հրաբուխ ժայթքեց։ Հալած ձյունը, խառնվելով սառույցի կտորների հետ և ցեխաջուր կազմելով, սկսեց հեղեղի պես սարից գահավիժել։ Արդյունքը ողբերգական էր. Արմերո քաղաքի ավելի քան 20 հազար բնակիչներ թաղվեցին այդ ցեխաջրի մեջ։ Արդյո՞ք այդ մասին մարդկանց նախազգուշացում չէր տրվել։ Աղետից առաջ՝ մի քանի ամիսների ընթացքում, սարը ժամանակ առ ժամանակ ցնցվում էր։ Սակայն Արմերո քաղաքի բնակիչներից շատերին դա ամենևին էլ չէր մտահոգում, քանի որ նրանց համար հրաբխի ստորոտում ապրելը սովորական բան էր դարձել։ Թեև կառավարությունը նախազգուշացում ստացավ մոտալուտ աղետի մասին, սակայն ժողովրդին տեղյակ պահելու համար գրեթե ոչինչ չձեռնարկվեց։ Ռադիոյով տրվող հաղորդագրությունները մարդկանց հանգստացնում էին։ Եկեղեցում ժողովրդին բարձրախոսներով կոչ էր արվում հանգստություն պահպանել։ Այդ նույն երեկոյի ընթացքում երկու հզոր պայթյուն տեղի ունեցավ։ Եթե դուք լինեիք այնտեղ, կթողնեի՞ք ձեր ողջ ունեցվածքն ու փախուստի կդիմեի՞ք։ Միայն քչերն այդպես վարվեցին, մինչդեռ երբ մյուսներն ուշքի եկան, արդեն ուշ էր։
Հաճախ երկրաբանները կարողանում են բավական ստույգ կանխատեսել, թե որտեղ պետք է երկրաշարժ տեղի ունենա։ Սակայն նրանց հազվադեպ է հաջողվում ճշգրտորեն ասել, թե այն երբ պետք է տեղի ունենա։ 1999 թ.–ին ամբողջ աշխարհում երկրաշարժերի պատճառով զոհվել է մոտ 20 հազար մարդ։ Այդ մարդկանցից շատերը մտածում էին, որ դա իրենց հետ երբեք չի պատահի։
Ինչպե՞ս եք վերաբերվում այն նախազգուշացումներին, որոնց աղբյուրն անձամբ Աստված է
Աստվածաշնչում դեռ շատ վաղուց վառ կերպով նկարագրվել են վերջին օրերը մատնանշող իրադարձությունները, որոնք այսօր կատարվում են։ Այդ նկարագրությունը հորդորում է մեզ խորհել ‘Նոյի օրերի’ մասին։ Ճիշտ է, թեև «ջրհեղեղից առաջ եղած օրեր[ում]» մարդկանց իրոք մտահոգում էր բռնության համընդհանուր աճը, սակայն նրանք ամբողջապես կլանված էին իրենց առօրյա հոգսերով։ Իսկ Աստծո ծառայի՝ Նոյի միջոցով տրված նախազգուշացմանը նրանք «չ’գիտացին [«ուշադրություն չդարձրեցին», ՆԱ], մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ» (Մատթէոս 24։37–39)։ Եթե դուք ապրեիք Նոյի օրերում, ուշադրություն կդարձնեի՞ք այդ նախազգուշացմանը։ Իսկ այսօ՞ր...
Իսկ եթե ապրեիք Աբրահամի եղբորորդի Ղովտի օրերում՝ Մեռյալ ծովի մոտ գտնվող Սոդոմ քաղաքում... Այդ տեղանքը դրախտի էր նման։ Քաղաքը բարգավաճում էր։ Մարդիկ անհոգ կյանք էին վարում։ Ղովտի օրերում նրանք «ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին»։ Իսկ հասարակությունը ծայր աստիճան այլասերված էր։ Ականջ կդնեի՞ք Ղովտի նախազգուշացումներին՝ կապված չար գործերի հետ։ Կլսեի՞ք նրա այն խոսքերը, որ Աստված որոշել է կործանել Սոդոմը, թե՞ դրանք կատակի տեղ կընդունեիք, ինչպես արեցին Ղովտի ապագա փեսաները։ Իսկ եթե փախուստի դիմեիք, հետո ետ կնայեի՞ք, ինչպես Ղովտի կինն արեց։ Թեև մարդիկ լուրջ չվերաբերվեցին Ղովտի միջոցով տրվող նախազգուշացմանը, սակայն այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, «կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց» (Ղուկաս 17։28, 29)։
Այսօր մարդկանց մեծամասնությունը ուշադրություն չի դարձնում Աստվածաշնչի նախազգուշացումներին։ Մինչդեռ Աստծո Խոսքում պահված վերոհիշյալ նախազգուշական օրինակները մեզ կոչ են անում. «ԱՐԹՈ՛ՒՆ ԿԱՑԵՔ»։
[22–րդ էջի վրայի շրջանակը]
Իրո՞ք եղել է Համաշխարհային ջրհեղեղ
Շատ քննադատներ ասում են՝ ոչ, իսկ Աստվածաշունչն ասում է՝ այո։
Այդ Ջրհեղեղի ականատեսն է եղել Հիսուս Քրիստոսը, որն այդ ժամանակ կենդանի էր երկնքում։ Ավելի ուշ՝ երբ երկիր եկավ, նա խոսեց այդ Ջրհեղեղի մասին։
Իրո՞ք Սոդոմն ու Գոմորը ոչնչացվել են
Հնագիտությունն է հաստատում այդ փաստը։
Աշխարհի պատմության էջերում է հիշատակվում այդ մասին։
Հիսուս Քրիստոսն ինքը հաստատեց այդ իրադարձության եղելությունը։ Այդ մասին է խոսվում Աստվածաշնչի 14 գրքերում։