Ուշադրություն դարձնելով՝ նրանք փրկվեցին
Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին նախօրոք զգուշացրեց, որ հրեական համակարգին, որի կենտրոնը Երուսաղեմի տաճարն էր, վերջ էր դրվելու։ Այդ իրադարձության օրն ու ժամը նա չնշեց, սակայն բնութագրեց, թե ինչ դեպքեր պետք է տեղի ունենային այդ կործանումից առաջ։ Հիսուսն իր աշակերտներին խրախուսեց արթուն մնալ ու հեռանալ վտանգավոր գոտուց։
Հիսուսը նախագուշակեց. «Երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է»։ Նա նաև ասաց. «Երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը.... սրբութեան տեղումը կանգնած.... այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը»։ Հիսուսն իր աշակերտներին խորհուրդ տվեց ետ չվերադառնալ՝ փորձելով փրկել իրենց նյութական ունեցվածքը։ Իրենց կյանքը փրկելու համար նրանք պետք է անհապաղ փախչեին (Ղուկաս 21։20, 21; Մատթէոս 24։15, 16)։
Հրեաների երկարատև ապստամբությունը ճնշելու նպատակով մ.թ. 66 թ.–ին հռոմեական զորքերը Կեստիոս Գալլոսի ղեկավարությամբ շրջապատեցին Երուսաղեմը։ Հռոմեացիներին նույնիսկ հաջողվեց մտնել քաղաք ու պաշարել տաճարը։ Ամբողջ քաղաքում իրարանցում սկսվեց։ Նրանք, ովքեր «արթուն» էին, հասկացան, որ աղետն անխուսափելի է։ Սակայն ինչպե՞ս փախչել։ Անսպասելիորեն Կեստիոս Գալլոսն իր զորքերին ետ քաշեց։ Հրեա ապստամբները սկսեցին հետապնդել նրանց։ Ահա հիմա՛ էր ժամանակը փախչելու ինչպես Երուսաղեմից, այնպես էլ ողջ Հրեաստանից։
Հաջորդ տարի հռոմեական զորքերը վերադարձան Վեսպասիանոսի ու նրա որդու՝ Տիտոսի գլխավորությամբ։ Ողջ երկիրն ընդգրկվեց պատերազմի մեջ։ Իսկ մ.թ. 70 թ. սկզբներին հռոմեական զորքերը Երուսաղեմի շուրջը սուր գերաններից պատնեշ կանգնեցրին։ Փախուստի ոչ մի հնարավորություն այլևս չկար (Ղուկաս 19։43, 44)։ Քաղաքում տարբեր խմբավորումներ սկսեցին իրար կոտորել։ Իսկ այդ ընդհարումներից ողջ մնացածներին հռոմեացիները կա՛մ սպանեցին, կա՛մ էլ գերի տարան։ Քաղաքն ու տաճարը հիմնովին ավերվեցին։ Առաջին դարի հրեա պատմաբան Հովսեպոս Փլավիոսի խոսքերով՝ մեկ միլիոնից ավելի հրեաներ տառապանքներ կրեցին ու մահացան, իսկ տաճարն այլևս երբեք չվերականգնվեց։
Եթե մ.թ. 70–ին քրիստոնյաները դեռ Երուսաղեմում գտնվեին, ապա մյուսների նման կա՛մ կսպանվեին, կա՛մ էլ գերության կտարվեին։ Սակայն, հին պատմաբանների արձանագրությունների համաձայն, նրանք ականջ դրեցին Աստծո նախազգուշացմանը և Հորդանան գետից դեպի արևելք գտնվող սարերը փախան ոչ միայն Երուսաղեմից, այլև ողջ Հրեաստանից։ Ոմանք բնակություն հաստատեցին Պիրեա գավառի Պելլա քաղաքում։ Այս քրիստոնյաները հեռացան Հրեաստանից և չվերադարձան այնտեղ։ Ուշադրություն դարձնելով Հիսուսի նախազգուշացմանը՝ նրանք փրկվեցին։
Լրջորե՞ն եք վերաբերվում հավաստի աղբյուրներից եկող նախազգուշացումներին
Տեսնելով, որ բազում նախազգուշացումներից հետո ոչինչ տեղի չի ունենում՝ շատ մարդիկ այլևս ոչ մի նախազգուշացման ուշադրություն չեն դարձնում։ Սակայն դուք կարող եք փրկել ձեր կյանքը, եթե նախազգուշացումներին ուշադրություն դարձնեք։
1975 թ.–ին Չինաստանում մոտալուտ երկրաշարժի մասին նախազգուշացում արվեց։ Կառավարությունը գործի անցավ։ Մարդիկ ականջ դրեցին այդ նախազգուշացմանը։ Հազարավոր կյանքեր փրկվեցին։
1991 թ. ապրիլին Ֆիլիպիններում գտնվող Պինատուբո սարի լանջին բնակվող գյուղացիներին տեղեկացվեց, որ սարից ծուխ ու մոխիր է դուրս գալիս։ Երկու ամիս ուշադրությամբ հետևելով իրավիճակին՝ Ֆիլիպինների Հրաբխագիտության ու սեյսմոլոգիայի ինստիտուտը նախազգուշացրեց մոտալուտ վտանգի մասին։ Արագորեն տասնյակ հազարավոր մարդիկ էվակուացվեցին այդ գոտուց։ Հունիսի 15–ի առավոտյան հզոր պայթյունի հետևանքով երկինք նետվեց ավելի քան 8 խորանարդ կիլոմետր մոխիր, որը պատեց գյուղի ողջ տարածքը։ Նախազգուշացմանը ուշադրություն դարձնելու շնորհիվ հազարավոր կյանքեր փրկվեցին։
Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ մոտ է ներկա համակարգի վախճանը։ Այժմ մենք ապրում ենք այդ համակարգի վերջին օրերում։ Մինչ մոտենում է վերջը, դուք արթո՞ւն եք։ Համապատասխան քայլերի դիմո՞ւմ եք, որպեսզի վտանգավոր գոտում չգտնվեք։ Հրատապության զգացումով նախազգուշացնո՞ւմ եք մարդկանց վտանգի մասին։
[նկար 20–րդ էջի վրա]
Ուշադրություն դարձնելով նախազգուշացմանը՝ շատերը փրկվեցին, երբ Պինատուբո հրաբխի ժայթքումից դուրս նետված մոխիրը ծածկեց նրանց բնակավայրը
[նկար 21–րդ էջի վրա]
Այն քրիստոնյաները, ովքեր ականջ դրեցին Հիսուսի նախազգուշացմանը, փրկվեցին, երբ մ.թ. 70–ին կործանվեց Երուսաղեմը