Բարի լուրը, որ նրանք ցանկանում են հայտնել ձեզ
Երբ Հիսուսը երկրի վրա էր, աշակերտները մոտեցան նրան ու հարցրին. «Ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը»։ Որպես պատասխան՝ Հիսուսն ասաց, որ կլինեն պատերազմներ, որոնցում ներգրավված կլինեն շատ ազգեր, կլինեն սովեր, համաճարակներ, երկրաշարժներ, անասելի չափերի կհասնի անօրենությունը, շատերին կմոլորեցնեն կեղծ կրոնական ուսուցիչները, և կհալածվեն ու ատելության թիրախ կդառնան իր իսկական հետևորդները, շատերի սերը կսառի արդարության հանդեպ և այլն։ Այս իրադարձությունների սկիզբը նշանավորելու էր Քրիստոսի անտեսանելի ներկայության և նրա երկնային Թագավորության մոտալուտ լինելը։ Հենց սա էր լինելու լուր՝ բարի լուր։ Ուստի՝ այդ բաղադրյալ նշանին Հիսուսը նաև հետևյալն ավելացրեց. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։3–14)։
Թեև վերջին տարիներին տեղի ունեցած համաշխարհային դեպքերը ցավալի են, սակայն դրանցով նշանավորվել է մի ուրախալի իրադարձություն, այն է՝ Քրիստոսի ներկայությունը։ Վերը հիշատակված դեպքերը սկսեցին կատարվել նշանակալից տարեթվից՝ 1914 թ.–ից ի վեր։ Այդ թվականին լրացան հեթանոսաց ժամանակները, և սկսվեց մարդկային իշխանությունից դեպի Քրիստոսի Հազարամյա թագավորությունն անցնելու ժամանակահատվածը։
Այդ անցումային ժամանակաշրջանի մասին մարգարեացվել է 110–րդ սաղմոսի 1–ին և 2–րդ, ինչպես նաև «Յայտնութիւն» գրքի 12։7–12-րդ համարներում։ Այս համարներից երևում է, որ մինչև իր թագավոր դառնալը Քրիստոսը երկնքում նստած էր լինելու Աստծո աջ կողմը։ Ապա երկնքում բռնկված պատերազմի հետևանքով Սատանան վայր էր գցվելու երկրի վրա, ինչը տառապանք էր բերելու աշխարհին, իսկ Քրիստոսն իշխելու էր իր թշնամիների միջև։ Չարության վերջնական ավարտը վրա է հասնելու «մեծ նեղությանը», որի գագաթնակետն է լինելու Արմագեդոն պատերազմը։ Ապա սկսվելու է Քրիստոսի Հազարամյա խաղաղ թագավորությունը (Մատթէոս 24։21, 33, 34; Յայտնութիւն 16։14–16)։
Սակայն «սա գիտացիր,— ասում է Աստվածաշունչը,— որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր. որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր» (Բ Տիմոթէոս 3։1–5)։
Ոմանք գուցե առարկեն՝ ասելով, որ մարդկության պատմության ընթացքում միշտ էլ եղել են այդպիսի դեպքեր, սակայն փաստերը ցույց են տալիս, որ դրանք նախկինում երբեք նման մասշտաբներ չեն ունեցել։ Ըստ պատմաբանների և մեկնաբանների՝ աշխարհը երբեք չի տեսել այնպիսի ժամանակներ, ինչպիսին որ ապրել է 1914–ից սկսած (տե՛ս 7–րդ էջը)։ Այդ թվականից ի վեր դժբախտությունները շատ ավելի մեծ ծավալ են ընդգրկում, քան պատմության որևէ այլ ժամանակաշրջանում։ Բացի այդ, վերջին օրերի մասին Քրիստոսի տված նշանի մեջ մտնող մյուս առանձնահատկությունների հետ կապված, հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ փաստերին. Քրիստոսի ներկայության և նրա Թագավորության ազդարարությունը ամբողջ աշխարհում հասել է պատմության մեջ չտեսնված չափերի։ Քարոզչության պատճառով ոչ ոք չի կրել այնպիսի հալածանք, ինչպիսին կրել են Եհովայի վկաները։ Հարյուրավոր Վկաներ մահապատժի են ենթարկվել նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Մինչև օրս Եհովայի վկաների գործունեությունը որոշ երկրներում արգելված է, իսկ այլ երկրներում նրանց շարունակում են ձերբակալել, բանտարկել, չարչարել ու սպանել։ Այս ամենը Հիսուսի տված նշանի մի մասն է կազմում։
Ինչպես և կանխագուշակված է Յայտնութին 11։18–ում, «ազգերը բարկացան» Եհովայի հավատարիմ վկաների վրա, իսկ դա նշանակում է, որ այդ ազգերի վրա շուտով թափվելու է Աստծո «բարկութիւնը»։ Նույն համարը հայտնում է նաև, որ Աստված ‘ապականելու է երկիրն ապականողներին’։ Պատմության ընթացքում երբեք չի եղել մի այնպիսի ժամանակաշրջան, որ երկրագնդի՝ կյանքը պահպանելու կարողությանը վտանգ սպառնար։ Այսօր, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է։ Բազմաթիվ գիտնականներ զգուշացնում են, որ, եթե մարդը շարունակի ապականել երկրագունդը, ապա վերջինս կարող է դառնալ բնակության համար ոչ պիտանի։ Սակայն Եհովան «բնակուելու համար ստեղծեց» այն, ուստի անշուշտ կմաքրի երկիրը ապականողներից, նախքան նրանց կողմից այն կործանելը (Եսայիա 45։18)։
Երկրային օրհնություններ՝ թագավորության ներքո
Աստվածաշնչին հավատ ընծայող շատ մարդկանց, որոնց կարծիքով բոլոր փրկվածները երկինք են գնալու, գուցե զարմանալի թվա այն գաղափարը, որ մարդիկ ապրելու են երկրի վրա՝ որպես Աստծո Թագավորության հպատակներ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երկինք գնացողների թիվը սահմանափակ է, իսկ երկրի վրա հավիտյան ապրողները անսահմանափակ թվով մեծ բազմություն են կազմելու (Սաղմոս 37։11, 29; Յայտնութիւն 7։9; 14։1–5)։ Այն մասին, որ Քրիստոսի իշխանությամբ Աստծո Թագավորությունը տարածելու է իր տիրապետությունն ամբողջ երկրի վրա, պատմում է Աստվածաշնչի «Դանիէլ» գրքի մարգարեություններից մեկը։
Այդ մարգարեության մեջ Քրիստոսի Թագավորությունը ներկայացված է քարով, որը կտրվել է Եհովայի՝ խորհրդանշականորեն ներկայացված լեռնանման գերիշխանությունից։ Այդ քարը հարվածում ու կոտրում է աշխարհի հզոր տերությունները խորհրդանշող մի արձան, և «քարը, որ զարկեց արձանին,— ասում է մարգարեությունը,— մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը»։ Շարունակության մեջ կարդում ենք. «Այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։34, 35, 44)։
Հենց այս Թագավորության ու մաքրված, գեղեցկացված երկրի վրա հավիտյան ապրելու աստվածաշնչյան հույսի մասին է, որ Եհովայի վկաները ցանկանում են ձեզ պատմել։ Այժմ ապրող միլիոնավոր մարդիկ, ինչպես նաև գերեզմաններում գտնվող շատ ու շատ մահացածներ հնարավորություն կունենան հավիտյան ապրելու երկրի վրա։ Այնժամ՝ Հիսուս Քրիստոսի Հազարամյա թագավորության ներքո, կիրագործվի Եհովայի սկզբնական նպատակը, որը նա ուներ երկրագունդը ստեղծելիս ու մարդկային առաջին զույգին այնտեղ բնակեցնելիս։ Այդ երկրային Դրախտում կյանքը երբեք ձանձրալի չի լինի։ Ինչպես Ադամին էր Եդեմի պարտեզում հանձնարարություն տրվել, այն ժամանակ ևս մարդկությունը առաջադրանքներ կստանա՝ կապված երկրի մշակման, նրա բուսական ու կենդանական աշխարհի խնամքի հետ։ Մարդիկ «երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը» (Եսայիա 65։22, ԷԹ; Ծննդոց 2։15)։
Աստվածաշնչից շատ համարներ կարելի է մեջբերել ցույց տալու համար, թե կյանքի ինչպիսի պայմաններ են տիրելու, երբ կատարվի մեր խնդրանքը ի պատասխան այն աղոթքի, որը սովորեցրել է Հիսուսը. «[Թող] գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։ Սակայն առայժմ բավարարվենք Աստվածաշնչի հետևյալ խոսքերով. «Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։ Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են» (Յայտնութիւն 21։3–5)։
[մեջբերում 15–րդ էջի վրա]
«Չար ժամանակներ կ’գան»,
ՈՒ «այն ժամանակ կ’գայ վերջը»
[նկար 18–րդ էջի վրա]
Նիդերլանդներ
[նկար 18–րդ էջի վրա]
Նիգերիա