Բարի լուրը, որ նրանք ցանկանում են հայտնել ձեզ
Երբ Հիսուսը երկրի վրա էր, աշակերտները մոտեցան նրան ու հարցրեցին. «Քո ներկայության ու իրերի դրության վախճանի նշանն ի՞նչ կը լինի» (ՆԱ)։ Նա պատասխանեց, որ կլինեն շատ ազգեր ներգրավող պատերազմներ, սովեր, համաճարակներ, երկրաշարժներ, կշատանա անօրենությունը, շատերին կմոլորեցնեն սուտ կրոնական ուսուցիչները, կատեն ու կհալածեն նրա իսկական հետևորդներին, և կպաղի շատերի սերն արդարության նկատմամբ։ Այդ ամենի կատարվելը Քրիստոսի անտեսանելի ներկայության և նրա Երկրային Թագավորության մոտալուտ լինելու նշանն էր հանդիսանալու։ Դա ավետիս՝ բարի լուր էր լինելու։ Այդ պատճառով էլ Հիսուսն ավելացրեց հետևյալը, որը մտնում է նշանի մեջ. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ աշխարհում ի վկայություն բոլոր ազգերին. և ապա պիտի գա վախճանը» (Մատթէոս 24։3—14, ՆԱ)։
Վերջերս տեղի ունեցած համաշխարհային դեպքերը ինքնըստինքյան ցավալի են, սակայն դրանք նշանակում են, որ Քրիստոսը ներկա է, իսկ դա ուրախալի է։ Այդ դեպքերը սկսեցին կատարվել ամենուրեք ազդարարված 1914 թվականից։ Այդ թվականին լրացան հեթանոսաց ժամանակները և սկսվեց մարդու իշխանությունից դեպի Քրիստոսի Հազարամյա թագավորություն անցման ժամանակահատվածը։
Այդպիսի անցումային ժամանակաշրջանի գալու մասին է խոսվում 110–րդ Սաղմոսի 1–ին և 2–րդ համարներում և Յայտնութեան 12։7—12–ում։ Այնտեղ ցույց է տրվում, որ Քրիստոսը նստելու էր Աստծու աջ կողմը՝ երկնքում, մինչև իր երկրորդ գալստյան ժամանակի հասնելը։ Ապա, երկնքում բռնկված պատերազմի հետևանքով, Սատանան վայր էր գցվելու դեպի երկիր, ինչը վիշտ էր բերելու աշխարհին, իսկ Քրիստոսը պետք է իշխեր իր թշնամիների մեջ համեմատաբար կարճ ժամանակահատված։ Չարության լրիվ ոչնչացումը տեղի է ունենալու «մեծ նեղության» միջոցով, որը հասնելու է իր գագաթնակետին Արմագեդոնի պատերազմում և որին հաջորդելու է Քրիստոսի Հազարամյա խաղաղ թագավորությունը (Մատթէոս 24։21, 33, 34; Յայտնութիւն 16։14—16)։
«Այս բանն իմացիր,— ասում է Աստվածաշունչը,— որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։ Նաեւ խորշի՛ր նրանցից» (Բ Տիմոթէոս 3։1—5)։ Այստեղ ոմանք կարող են առարկել՝ պատճառաբանելով, որ մարդկային պատմության ընթացքում միշտ եղել են նման բաներ։
Սակայն, ըստ պատմաբանների ու մեկնաբանների, երբեք չեն եղել այնպիսի ժամանակներ, ինչպիսիք աշխարհն ապրել է 1914 թվականից ի վեր։ Դժբախտությունները շատ ավելի ծավալվեցին, քան երբևիցե։ Բացի դրանից, վերջին օրերի մասին Քրիստոսի տված նշանի մեջ մտնող ուրիշ առանձնահատկությունների կապակցությամբ հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ փաստերի վրա. Քրիստոսի ներկայության և թագավորության ազդարարումն ամբողջ աշխարհում հասել է պատմության մեջ չտեսնված չափերի։ Երբեք չի եղել քարոզչության պատճառով այնպիսի հալածանք, ինչպիսին կրել են Եհովայի Վկաները։ Նրանք հարյուրներով մահապատժի են ենթարկվել հիտլերյան համակենտրոնացման ճամբարներում։ Մինչև օրս Եհովայի Վկաները արգելքի տակ են գտնվում բազմաթիվ երկրներում, իսկ այլ երկրներում նրանք ձերբակալվում, բանտարկվում, խոշտանգվում և սպանվում են։ Այդ ամենը ապացույցն է Հիսուսի տված նշանի։
Յայտնութեան 11։18–ում կանխագուշակվածի համաձայն, «հեթանոսները [«ազգերը», ՆԱ] զայրացան» Եհովայի հավատարիմ Վկաների վրա, ինչը նշանակում է, որ այդ ազգերի վրա շուտով թափվելու է Եհովայի «բարկությունը»։ Նույն համարը հայտնում է նաև, որ Աստված մտադրվել է «ոչնչացնել երկրի կործանիչներին»։ Մինչ այժմ մարդկության պատմության ընթացքում չէր ստեղծվել այնպիսի վիճակ, որ երկրագնդի կյանք պահպանելու կարողությանը վտանգ սպառնար։ Մեր օրերում, սակայն, վիճակը այլ է։ Ըստ բազմաթիվ գիտական զգուշացումների, եթե մարդը շարունակի ապականել երկիրը, վերջինս անբնակելի կդառնա։ Իսկ Եհովան «բնակուելու համար ստեղծեց նորան», ուստի կբնաջնջի երկիրն ապականողներին՝ մինչև նրանց կողմից երկրի լիովին կործանելը (Եսայիա 45։18)։
ԵՐԿՐԱՅԻՆ ԲԱՐԻՔՆԵՐ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Աստվածաշնչին հավատ ընծայող շատերին, որոնց կարծիքով բոլոր փրկվածները գնալու են երկինք, գուցե զարմանալի թվա այս գաղափարը, որ մարդիկ ապրելու են երկրի վրա որպես Աստծու թագավորության հպատակներ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երկինք գնացողների թիվը սահմանափակ է, իսկ երկրի վրա հավիտյան ապրողները կկազմեն անսահմանափակ թվով մեծ բազմություն (Յայտնութիւն 14։1—5; 7։9; Սաղմոս 37։11, 29)։ Այն մասին, որ Հիսուսի իշխանությամբ Աստծու Թագավորությունը տարածելու է իր տիրապետությունը ամբողջ երկրի վրա, պատմում է Աստվածաշնչի Դանիէլ գրքի մարգարեություններից մեկը։
Այնտեղ Քրիստոսի Թագավորությունը նկարագրված է որպես Եհովայի լեռնանման գերիշխանությունից կտրված մի քար։ Վերջինս խփում ու ջարդում է մի արձան, որը ներկայացնում է աշխարհի հզոր տերությունները, և «այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը»։ Մարգարեությունը շարունակվում է. «Այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։34, 35, 44)։
Այդ Թագավորության և Աստվածաշնչի վրա հիմնված՝ մաքրված և գեղեցկացված երկրի վրա հավիտյան ապրելու հույսի մասին է, որ Եհովայի Վկաները ցանկանում են ձեզ պատմել։ Այժմ ապրող մարդկանցից միլիոնավոր անհատներ, ինչպես նաև գերեզմաններում ննջող շատ ու շատ միլիոնավորներ հնարավորություն կունենան երկրի վրա հավիտյան բնակվելու։ Այն ժամանակ, Հիսուս Քրիստոսի Հազարամյա թագավորության ներքո կիրագործվի երկրագունդը ստեղծելիս և մարդկային առաջին զույգին բնակեցնելիս Եհովայի սկզբնապես ունեցած նպատակը։ Այդպիսի երկրային դրախտում կյանքը երբեք տաղտկալի չի դառնա։ Ինչպես որ Ադամին էր աշխատանք հանձնարարվել Եդեմի պարտեզում, այնպես էլ մարդկությունը հետաքրքրական առաջադրանքներ կունենա՝ զբաղվելով երկրի և նրա բուսական ու կենդանական աշխարհի պահպանությամբ։ Մարդիկ «երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը» (Եսայիա 65։22, ԷԹ; Ծննդոց 2։15)։
Կարելի է Աստվածաշնչից բազմաթիվ համարներ բերել ցույց տալու համար, թե կյանքի ինչպիսի պայմաններ են տիրելու, երբ կատարվի մեր խնդրանքը ի պատասխան այն աղոթքի, որը սովորեցրեց Հիսուսը. «Քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛» (Մատթէոս 6։10)։ Սակայն, թերևս բավական լինի թեկուզ այս համարը. «Երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ. եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը. եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»։ Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»։ Ապա ինձ ասաց. «Գրի՛ր. այս խօսքերը ճշմարիտ եւ վստահելի են»» (Յայտնութիւն 21։3—5)։
[15 էջի վրայի ներդիրը]
«Չար ժամանակներ պիտի գան», ԲԱՅՑ «Աստծու արքայութիւնը մօտ է»