Հոգու մասին ճշմարտությունը
«Կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի»։ (ՅՈՎՀԱՆՆԷՍ 8։32)
1. Ինչո՞ւ է կարևոր քննել հոգու և մահվան հետ կապված մեր հավատալիքները։
ՄԱՀՎԱՆ և հանդերձյալ աշխարհի վերաբերյալ մարդու ունեցած պատկերացումների վրա մեծ չափով ազդեցություն են գործում կրոնական և մշակութային ազդակները։ Ինչպես տեսանք, այդ հավատալիքները խիստ բազմազան են՝ սկսած այն համոզմունքից, որ հոգին հասնում է իր վերջնական նպատակակետին միայն բազմաթիվ վերածնունդներից հետո, և վերջացրած այն գաղափարով, թե մեկ անգամ ապրած կյանքը որոշակի դեր է խաղում մարդուն սպասող վերջնական դատավճռի հարցում։ Հետևաբար կան մարդիկ, ովքեր համոզված են, որ մահից հետո վերջնականորեն ձուլվելու են բացարձակ ճշմարտությանը, ուրիշները՝ որ կհասնեն նիրվանային, իսկ կան անհատներ, ովքեր երկնային կյանքի հատուցմանն են սպասում։ Այդ դեպքում ո՞րն է ճշմարտությունը։ Քանի որ մեր ունեցած հավատն ազդում է մեր հայացքների, արարքների և որոշումների վրա, մի՞թե չպետք է ջանք գործադրենք այդ հարցի պատասխանը գտնելու համար։
2, 3. ա) Ինչո՞ւ կարելի է վստահել հոգու մասին Աստվածաշնչի հայտնած տեղեկությանը։ բ) Ի՞նչ ճշմարտություն է բացահայտում Աստվածաշունչը հոգու վերաբերյալ։
2 Աշխարհի ամենահին գիրքը՝ Աստվածաշունչը, ներկայացնում է մարդկության պատմությունը՝ սկսած առաջին մարդկային հոգու արարումից։ Աստվածաշնչի ուսմունքները զերծ են փիլիսոփայական գաղափարներից և մարդկային ավանդույթներից։ Հոգու մասին նրանում պարունակվող ճշմարտությունը բավականին պարզ է. քո հոգին դու ինքդ ես, մահացածները բոլորովին անգիտակից վիճակում են, իսկ Աստծո հիշողության մեջ գտնվող բոլոր մարդիկ հարություն կառնեն իրենց համար սահմանված ժամանակին։ Ի՞նչ կտա ձեզ այս ամենի մասին գիտությունը։
3 «Կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի», — իր հետևորդներին ասաց Հիսուս Քրիստոսը (Յովհաննէս 8։32)։ Այո՛, ճշմարտությունն ազատագրում է։ Բայց ինչի՞ց է ազատում հոգու մասին ճշմարտությունը։
Ազատություն՝ վախից և հուսահատության զգացումից
4, 5. ա) Հարության հույսը ինչի՞ հանդեպ ունեցած վախն է փարատում։ բ) Հարության հույսն ինչպե՞ս ամրացրեց մահացու հիվանդ աղջկան։
4 «Մարդկանց մեծամասնությունը սարսափում է մահից և փորձում է չմտածել դրա մասին», — գրում է «Համաշխարհային հանրագիտարանը» («The World Book Encyclopedia»)։ «Արևմուտքում, — նշում է մի պատմաբան, — «մահ» բառը պարզապես անվայել խոսք է դարձել»։ Որոշ մշակույթներում մարդու մահվան մասին հայտնելու համար գործածում են «հեռացավ», «գնաց» մեղմ երանգ կրող բառերը։ Մահվան հանդեպ վախի այս զգացումը գալիս է չիմացությունից, որովհետև շատերի համար մահն առեղծված է։ Ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում մահացածի հետ, մեղմացնում է վախի այդ զգացումը։
5 Եկեք տեսնենք, թե ինչ մտածելակերպ ուներ տասնհինգամյա Միկելենը։ Աղջիկը տառապում էր սպիտակարյունությամբ, և նրան դաժան մահ էր սպասում։ Մայրը՝ Պաուլան, հիշում է. «Միկելենը չէր ընկճվում մահվան մտքից, որովհետև գիտեր, որ մահը սոսկ ժամանակավոր վիճակ է։ Մենք երկար զրույցներ էինք ունենում Աստծո նոր աշխարհի մասին և բոլոր նրանց, ովքեր հարություն են առնելու այնտեղ։ Միկելենն ամուր հավատ ուներ դեպի Եհովան, և նրա մոտ հարության հանդեպ կասկածի նշույլ անգամ չէր զգացվում»։ Հարության հույսը այս քաջ երիտասարդուհուն ազատել էր մահվան առջև վախի ճնշող զգացումից։
6, 7. Ո՞ր հուսահատ վիճակից է ազատում հոգու մասին ճշմարտությունը։ Բացատրեցեք։
6 Իսկ ճշմարտությունն ինչպե՞ս օգնեց Միկելենի ծնողներին։ «Մեր զավակի մահը երկուսիս կյանքում պատահած ամենաողբերգական դեպքն է, — պատմում է աղջկա հայրը՝ Ջեֆը, — բայց մենք վստահում ենք Եհովայի խոստումին, որ հարություն է տալու մահացածներին և սպասում ենք այն օրվան, երբ վերջապես կգրկենք ու ամուր կրծքներիս կսեղմենք մեր սիրելի դստրիկին։ Ի՜նչ հանդիպում կլինի դա»։
7 Իսկապես, հոգու մասին ճշմարտությունը մարդուն ազատում է այն հուսահատ վիճակից, որում նա կարող է հայտնվել հարազատի մահվան պատճառով։ Իհարկե, հնարավոր չէ ամբողջովին վերացնել կորստի ցավն ու վիշտը։ Բայց հարության հույսը թեթևացնում է կսկիծը, ուժ է տալիս հաղթահարելու կորստի պատճառած ցավը։
8, 9. Ինչի՞ հանդեպ ունեցած վախից է ազատում մահացածների վիճակի մասին ճշմարտությունը։
8 Մահացածների մասին ճշմարտությունը, որ ամփոփված է Գրություններում, մեզ ազատում է նաև մահացածների հանդեպ ունեցած վախից։ Բազում անհատներ, ովքեր մի ժամանակ մահացածների հետ կապված սնոտիապաշտական ծիսակատարությունների գերին էին դարձել, ճանաչելով ճշմարտությունը՝ դադարել են այլևս զանազան անեծքների, նախանշանների, հուռութքների և ֆետիշների մասին մտածելուց, ոչ էլ մեծածախս զոհաբերություններ են մատուցում նախնիների հոգիները խաղաղեցնելու և ողջերից նրանց հեռու պահելու համար։ Եվ իրոք, եթե «մեռելները մի բան չ‘գիտեն», նման արարողությունները ոչ մի օգուտ չեն բերի (Ժողովող 9։5)։
9 Հոգու մասին Աստվածաշնչի ճշմարտությունն իսկապես ազատագրություն է և արժանի է վստահության։ Իսկ այժմ եկեք տեսնենք, թե անձամբ ձեզ Աստվածաշունչն ինչ հրաշալի հեռանկար է խոստանում։
[Հավելված]
Հոգու մասին ճշմարտությունն ազատում է մահվան և մահացածների հանդեպ տածած վախից, ինչպես նաև հարազատի մահվան պատճառած հուսահատությունից