Դաս 7
Աստծո հետ մտերմություն հաստատել աղոթքի միջոցով
Ինչո՞ւ է կարևոր կանոնավորապես աղոթելը (1)
Ո՞ւմ է հարկավոր մեր աղոթքներն ուղղել և ինչպե՞ս (2, 3)
Ինչի՞ մասին տեղին կլինի աղոթել (4)
Ե՞րբ պետք է աղոթել (5, 6)
Արդյո՞ք Աստված լսում է բոլոր աղոթքները (7)
1. Աղոթել նշանակում է խոնարհաբար խոսել Աստծո հետ։ Դուք պետք է կանոնավորապես աղոթեք Աստծուն։ Այդպիսով, դուք ձեզ մոտիկ կզգաք նրան՝ ինչպես սիրելի ընկերոջ։ Ապա մտածե՛ք. Եհովան որքա՜ն մեծ է ու հզոր, բայց և այնպես, լսում է մեր աղոթքները։ Դուք աղոթո՞ւմ եք Աստծուն կանոնավորապես (Սաղմոս 65։2; Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։
2. Աղոթքը մեր երկրպագության մասն է կազմում։ Ուստի, մեր աղոթքները պիտի ուղղվեն միայն Աստծուն՝ Եհովային։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը աղոթքով միշտ իր Հորն էր դիմում և ոչ ուրիշ որևէ մեկի։ Մենք նույնը պետք է անենք (Մատթէոս 4։10; 6։9)։ Սակայն մեր բոլոր աղոթքները պիտի ասվեն Հիսուսի անունով։ Դա ցույց է տալիս, որ մենք հարգում ենք Հիսուսի դիրքը և հավատ ընծայում նրա տված փրկանքին (Յովհաննէս 14։6; Ա Յովհաննէս 2։1, 2)։
3. Աղոթելիս պետք է սրտանց խոսել Աստծո հետ։ Մենք չպետք է մեր աղոթքներն անգիր ասենք կամ կարդանք աղոթագրքից (Մատթէոս 6։7, 8)։ Կարելի է աղոթել ցանկացած հարգալից դիրքով, ցանկացած ժամանակ և տեղ։ Նույնիսկ եթե աղոթում ենք մտքում, Աստված լսում է (Ա Թագաւորաց 1։12, 13)։ Մեր անձնական աղոթքների համար լավ է գտնել հանգիստ մի անկյուն ու առանձնանալ (Մարկոս 1։35)։
4. Ինչի՞ մասին կարելի է Աստծուն աղոթել։ Ամեն բանի, ինչը որ առնչվում է նրա հետ ունեցած մեր բարեկամության հետ (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Հիսուսի տիպար աղոթքը ցույց է տալիս, որ հարկավոր է աղոթել Եհովայի անվան և նպատակի մասին։ Կարելի է նաև խնդրել, որ մեր ապրուստը ապահովվի, մեր հանցանքները ներվեն, և որ մենք օգնություն ստանանք՝ փորձությանը դիմադրելու (Մատթէոս 6։9–13)։ Խնդրելիս չպետք է եսասիրություն դրսևորել։ Հարկավոր է խնդրել միայն այն բաների մասին, որոնք ներդաշնակ են Աստծո կամքին (Ա Յովհաննէս 5։14)։
5. Դուք կարող եք աղոթել, երբ էլ որ ձեր սիրտը մղի ձեզ Աստծուն շնորհակալություն հայտնել կամ նրան փառաբանել (Ա Մնացորդաց 29։10–13)։ Ձեզ հարկավոր է աղոթել, երբ խնդիրներ ունեք և ձեր հավատը փորձության է ենթարկվում (Սաղմոս 55։22; 120։1)։ Տեղին է աղոթել հաց ուտելուց առաջ (Մատթէոս 14։19)։ Եհովան մեզ հրավիրում է աղոթել «ամեն ժամանակ» (Եփեսացիս 6։18)։
6. Հատկապես անհրաժեշտ է աղոթել, երբ ծանր մեղք ենք գործել։ Այդ դեպքում պետք է աղերսել Եհովային, որ ողորմի ու ների։ Եթե խոստովանենք նրան մեր մեղքերը և ջանանք դրանք այլևս չկրկնել, ապա Աստված «ողորմութիւնով հարուստ» կլինի մեր հանդեպ (Սաղմոս 86։5; Առակաց 28։13)։
7. Եհովան միայն արդար մարդկանց աղոթքներն է լսում։ Որպեսզի ձեր աղոթքներն Աստծո կողմից լսելի լինեն, դուք պետք է անեք հնարավոր ամեն բան, որպեսզի ապրեք նրա օրենքներին համաձայն (Առակաց 15։29; 28։9)։ Աղոթելիս պիտի խոնարհ լինեք (Ղուկաս 18։9–14)։ Անհրաժեշտ է աշխատել այն բաների վրա, ինչի մասին որ խնդրում եք։ Այսպիսով, կապացուցեք, որ հավատ ունեք, և որ դրանք ձեզ համար իսկապես նշանակություն ունեն։ Միայն այդ ժամանակ Եհովան կպատասխանի ձեր աղոթքներին (Եբրայեցիս 11։6)։