Դաս 8
Աստվածահաճո ընտանիք
Ո՞րն է ամուսնու դիրքը ընտանիքում (1)
Ինչպե՞ս պետք է ամուսինը վերաբերվի իր կնոջը (2)
Որո՞նք են հոր պարտականությունները (3)
Ո՞րն է ընտանիքում կնոջ դերը (4)
Ի՞նչ է Աստված ծնողներից ու երեխաներից պահանջում (5)
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը առանձին ապրելու և ամուսնալուծության վերաբերյալ (6, 7)
1. Աստվածաշունչն ասում է, որ ամուսինը իր ընտանիքի գլուխն է (Ա Կորնթացիս 11։3)։ Ամուսինը պիտի միայն մեկ կին ունենա։ Զույգը պետք է օրինական կերպով գրանցված լինի (Ա Տիմոթէոս 3։2; Տիտոս 3։1)։
2. Ամուսինը, ինչպես որ սիրում է ինքն իրեն, այնպես էլ պարտավոր է սիրել իր կնոջը։ Նա պետք է վերաբերվի նրան այնպես, ինչպես Հիսուսն իր հետևորդներին (Եփեսացիս 5։25, 28, 29)։ Նա երբեք իր կնոջը չպիտի հարվածի կամ նրա հետ կոպիտ վարվի։ Ընդհակառակը՝ պիտի նրան պատվի ու հարգանքի արժանացնի (Կողոսացիս 3։19; Ա Պետրոս 3։7)։
3. Հայրը պետք է ջանասիրությամբ աշխատի, որպեսզի իր ընտանիքի կարիքները հոգա։ Նա պարտավոր է իր կնոջն ու երեխաներին ուտելիքով, հագուստով ու բնակարանով ապահովել։ Նաև նրա պարտականությունն է բավարարել իր ընտանիքի հոգևոր կարիքները (Ա Տիմոթէոս 5։8)։ Նա նախաձեռնություն է հանդես բերում՝ օգնելով ընտանիքին ճանաչել Աստծուն և նրա նպատակները (Բ Օրինաց 6։4–9; Եփեսացիս 6։4)։
4. Կինը ամուսնուն բարեխիղճ օգնական պիտի լինի (Ծննդոց 2։18)։ Նա պետք է աջակցի իր ամուսնուն երեխաներին կրթելու և դաստիարակելու մեջ (Առակաց 1։8)։ Ըստ Եհովայի չափանիշների՝ կինը պարտավոր է ընտանիքին սիրով հոգ տանել (Առակաց 31։10, 15, 26, 27; Տիտոս 2։4, 5)։ Նա պիտի իր ամուսնու հանդեպ խոր հարգանք տածի (Եփեսացիս 5։22, 23, 33)։
5. Աստված երեխաներից պահանջում է, որ իրենց ծնողներին հնազանդ լինեն (Եփեսացիս 6։1–3)։ Նա ծնողներից ակնկալում է, որ դաստիարակեն ու խրատեն իրենց երեխաներին։ Անհրաժեշտ է, որ ծնողներն իրենց երեխաների հոգևոր և էմոցիոնալ պահանջների մասին հոգան՝ նրանց հետ ժամանակ անցկացնելով և Աստվածաշունչն ուսումնասիրելով (Բ Օրինաց 11։18, 19; Առակաց 22։6, 15)։ Ծնողներն իրենց երեխաներին խրատելիս երբեք չպետք է կոպտություն ու դաժանություն դրսևորեն (Կողոսացիս 3։21)։
6. Երբ կողակիցները դժվարանան ընդհանուր լեզու գտնել, նրանք պետք է աշխատեն գործադրել Աստվածաշնչի խրատը։ Աստվածաշունչը հորդորում է, որ սեր և ներողամտություն ցուցաբերենք (Կողոսացիս 3։12–14)։ Առանձին ապրելը Աստծո Խոսքում չի առաջարկվում իբրև չնչին խնդիրների լուծում։ Սակայն կինը կարող է դիմել այդ ծայրահեղ միջոցին, եթե՝ 1) ամուսինը համառորեն հրաժարվում է իր ընտանիքի ապրուստը հոգալուց, 2) ամուսինը այնքան կատաղի է, որ կնոջ առողջությունը և կյանքը վտանգի տակ են, և 3) ամուսնու ծայրահեղ հակառակության պատճառով կնոջն անկարելի է Եհովային երկրպագություն մատուցել (Ա Կորնթացիս 7։12, 13)։
7. Ամուսինները պարտավոր են մեկը մյուսին հավատարիմ լինել։ Շնությունը մեղք է Աստծո և կողակցի դեմ (Եբրայեցիս 13։4)։ Կողակցի արտամուսնական սեռային հարաբերությունը միակ հիմքն է, որի պատճառով Աստվածաշունչը թույլատրում է ամուսնությունը լուծել և հետո վերամուսնանալ (Մատթէոս 19։6–9; Հռովմայեցիս 7։2, 3)։ Եհովային ատելի է, երբ մարդիկ, առանց աստվածաշնչային հիմքի, ապահարզան են տալիս և ուրիշի հետ ամուսնանում (Մաղաքիա 2։14–16)։
[Նկարազարդում 17–րդ էջի վրա]
Աստված ծնողներից ակնկալում է, որ իրենց երեխաներին դաստիարակեն ու խրատեն
Սիրառատ հայրը հոգ է տանում իր ընտանիքի նյութական և հոգևոր կարիքների մասին