ԴԱՍ 09
Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
Լինո՞ւմ են դեպքեր, երբ չես իմանում՝ ինչպես վարվել, և խորհրդի կարիք ես զգում։ Կա՞ն հարցեր, որոնք մտահոգում են քեզ։ Մխիթարության կամ քաջալերանքի կարիք ունե՞ս։ Կցանկանայի՞ր ավելի մտերիմ լինել Եհովայի հետ։ Աղոթքը կարող է օգնել քեզ այս բոլոր հարցերում։ Իսկ ո՞րն է աղոթելու ճիշտ ձևը։ Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում։ Ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ նա կլսի քո աղոթքները։ Եկ տեսնենք։
1. Ո՞ւմ պետք է աղոթենք և ինչի՞ մասին
Հիսուսը սովորեցրեց, որ միայն մեր երկնային Հորը պետք է աղոթենք։ Հիսուսը ինքն էլ էր Եհովային աղոթում։ Նա ասաց. «Դուք այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»» (Մատթեոս 6։9)։ Աղոթելով մենք ամրացնում ենք Եհովայի հետ մեր ընկերությունը։
Մենք կարող ենք աղոթել ցանկացած բանի մասին։ Սակայն որպեսզի Աստված պատասխանի մեր աղոթքին, այն պետք է ներդաշնակ լինի իր կամքին։ «Ինչ էլ խնդրում ենք Աստծուն իր կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Հիսուսը սովորեցրեց, թե որ հարցերի մասին տեղին կլինի աղոթել (կարդա Մատթեոս 6։9-13)։ Անձնական մտահոգությունների մասին աղոթելուց բացի՝ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն նրա տված բոլոր բարիքների համար և չմոռանանք խնդրել, որ ուրիշներին էլ օգնի։
2. Ինչպե՞ս պետք է աղոթենք
Աստվածաշունչը հորդորում է, որ «մեր սիրտը դատարկենք» Աստծու առաջ (Սաղմոս 62։8)։ Հետևաբար մեր աղոթքները պետք է լինեն անկեղծ և սրտաբուխ։ Մենք կարող ենք աղոթել Աստծուն թե՛ բարձրաձայն, թե՛ մտքում։ Նաև կարող ենք աղոթել ցանկացած հարգալից դիրքով, ցանկացած ժամի և ցանկացած վայրում։
3. Ինչպե՞ս է Աստված պատասխանում մեր աղոթքներին
Նա դա անում է տարբեր կերպերով։ Եհովան տվել է իր Խոսքը՝ Աստվածաշունչը, որտեղ մենք կարող ենք գտնել մեր հարցերի պատասխանները։ Աստծու Խոսքն ընթերցելը կարող է «անփորձին իմաստուն դարձնել» (Սաղմոս 19։7; կարդա Հակոբոս 1։5)։ Դժվարությունների ժամանակ Աստված կարող է մեզ մտքի խաղաղություն տալ և մղել իր մյուս ընկերներին օգնության հասնելու մեզ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես Աստծուն հաճելի, սրտաբուխ աղոթքներ մատուցել, և թե աղոթքն ինչպես կարող է օգնել քեզ։
4. Աստծուն ընդունելի աղոթքներ
Ինչի՞ց է կախված՝ Աստված կլսի մեր աղոթքները, թե ոչ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Եհովան ուզում է, որ աղոթենք իրեն։ Կարդացեք Սաղմոս 65։2-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Քո կարծիքով՝ «աղոթքներ Լսողը» ուզո՞ւմ է, որ դու աղոթես իրեն։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։
Եթե ուզում ենք, որ Աստված լսի մեր աղոթքները, պետք է ձգտենք ապրել նրա չափանիշների համաձայն։ Կարդացեք Միքիա 3։4-ը և 1 Պետրոս 3։12-ը, այնուհետև քննարկեք ներքոհիշյալ հարցը.
Ի՞նչ պետք է անենք, որ Եհովան լսի մեր աղոթքները։
Պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ աղոթում են հաղթանակի համար։ Խելամի՞տ է ակնկալել, որ Աստված կպատասխանի նրանց աղոթքներին
5. Մենք պետք է մեր բառերով աղոթենք
Որոշ մարդկանց սովորեցրել են, որ հարկավոր է աղոթքներ անգիր անել և բառ առ բառ կրկնել դրանք։ Բայց արդյո՞ք Աստված ուզում է, որ իրեն այդպես աղոթենք։ Կարդացեք Մատթեոս 6։7-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչը կօգնի, որ աղոթելիս «նույն խոսքերը նորից ու նորից չկրկնես»։
Ամեն օր կարող ես մտածել մի առանձնահատուկ օրհնության մասին, որ ունես քո կյանքում, և շնորհակալություն հայտնել Եհովային դրա համար։ Եթե ամեն օր այդպես վարվես, ապա շաբաթվա վերջում աղոթած կլինես յոթ տարբեր թեմաների մասին առանց նույն մտքերը կրկնելու։
Ինչպես լավ հայրն է ուզում, որ երեխան իր հետ անկեղծ խոսի, այնպես էլ Եհովան է ուզում, որ աղոթենք սրտաբուխ ու մեր բառերով
6. Աղոթքը նվեր է Աստծուց
Ինչպե՞ս կարող է աղոթքը օգնել մեզ ծանր ժամանակներում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Աստվածաշնչում գրված է, որ աղոթքը կարող է օգնել մեզ մտքի խաղաղություն ձեռք բերել։ Կարդացեք Փիլիպպեցիներ 4։6, 7-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Անգամ եթե աղոթելու արդյունքում մեր խնդիրը չլուծվի, միևնույն է, ինչո՞ւ պետք է աղոթենք։
Ինչերի՞ մասին կցանկանայիր աղոթել։
Գիտեի՞ր
«Ամեն» բառը նշանակում է «թող այդպես լինի» կամ «անշուշտ»։ Աղոթքի վերջում «ամեն» ասում են դեռևս աստվածաշնչյան ժամանակներից (1 Տարեգրություն 16։36)։
7. Ժամանակ հատկացրու աղոթելուն
Երբեմն գուցե այնքան զբաղված լինենք, որ մոռանանք աղոթել։ Հիսուսի համար որքա՞ն կարևոր էր աղոթքը։ Կարդացեք Մատթեոս 14։23-ը և Մարկոս 1։35-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ էր անում Հիսուսը՝ աղոթելուն ժամանակ հատկացնելու համար։
Իսկ դո՞ւ երբ կարող ես աղոթել։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աղոթքը ինքնախաբեություն է, պարզապես սրտահովանք»։
Դու ի՞նչ կասես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Անկեղծ աղոթքները մտերմացնում են մեզ Աստծու հետ, տալիս են մտքի խաղաղություն և ուժ, որ կարողանանք հաճեցնել Եհովային։
Վերհիշենք
Ո՞ւմ պետք է աղոթենք։
Ինչպե՞ս պետք է աղոթենք։
Ի՞նչ օգուտներ կարող է տալ աղոթքը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Գտիր աղոթքի մասին հաճախ տրվող հարցերի պատասխանները։
«Յոթ բան, որ արժե իմանալ աղոթքի մասին» («Դիտարան», 2010, հոկտեմբերի 1)
Իմացիր, թե աղոթելու ինչ կարևոր պատճառներ կան, և թե ինչպես կարող ես բարելավել քո աղոթքների որակը։
Տես, թե ինչ է ասվում Աստվածաշնչում այն մասին, թե ում պետք է աղոթենք։
Երաժշտական տեսանյութը դիտելիս ուշադրություն դարձրու՝ արդյոք նշանակություն ունի՞, թե երբ և որտեղ ենք աղոթում։