Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • pr մաս 2 էջ 6–10
  • Ո՞վ կարող է ասել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ կարող է ասել
  • Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կյանքը պատահականորե՞ն է առաջացել
  • Նախագծված ամեն բան պետք է նախագծող ունենա
  • Ինչ է ասում Աստվածաշունչը
  • «Զարմանալի կերպով եմ ստեղծված»
  • Ինչպես կարող ենք իմանալ, որ գոյություն ունի Աստված
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • Ճանաչեք Հեղինակին, հիացեք նրա գործերով
    2007 Դիտարան
  • Ծրագիր՝ առանց հեղինակի՞
    2007 Դիտարան
  • Որքանո՞վ է խելամիտ հավատալ Աստծուն
    2010 Արթնացե՛ք
Ավելին
Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
pr մաս 2 էջ 6–10

Մաս 2

Ո՞վ կարող է ասել

1, 2. Ո՞րն է լավագույն կերպը իմանալու, թե ինչ նպատակով է նախագծված որևէ բան։

1 Ո՞վ կարող է մեզ ասել, թե որն է իրականում կյանքի իմաստը։ Ենթադրենք՝ գալիս ենք մի կոնստրուկտորի մոտ և տեսնում ենք, որ նա աշխատում է մեզ անծանոթ բարդ մեխանիզմի վրա։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ նպատակի է ծառայելու այն։ Լավագույն միջոցը հենց կոնստրուկտորին հարցնելն է։

2 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր շուրջը գտնվող ստեղծագործությունների հրաշալի կառուցվածքի մասին՝ սկսած կենդանի օրգանիզմներից մինչև ամենափոքր կենդանի բջիջը։ Նույնիսկ բջջի փոքր մոլեկուլներն ու ատոմները զարմանալի կառուցվածք ունեն և գործում են կանոնակարգված ձևով։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մարդու ուղեղի, Արեգակնային համակարգի, Ծիր Կաթին գալակտիկայի և տիեզերքի մասին. չէ՞ որ այդ բոլոր հրաշալի կառուցվածքները պետք է որ Նախագծող ունենան։ Անկասկած, այդ Նախագծողը կարո՛ղ է մեզ հայտնել, թե ինչու է ստեղծել այդ ամենը։

Կյանքը պատահականորե՞ն է առաջացել

3, 4. Որքանո՞վ է հավանական, որ կյանքն առաջացել է պատահականորեն։

3 «Ամերիկանա հանրագիտարանը», խոսելով «կենդանի օրգանիզմների չափազանց բարդ կառուցվածքի և կազմակերպված գործելու» մասին, նշում է. «Ծաղիկների, միջատների և կաթնասունների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց բաղկացուցիչ մասերը կանոնակարգված են ապշեցուցիչ ճշգրտությամբ» (The Encyclopedia Americana)։ Բրիտանացի աստղագետ Բերնարդ Լովելը կենդանի օրգանիզմների քիմիական բաղադրության մասին գրել է. «Այն, որ նույնիսկ ամենափոքր սպիտակուցային մոլեկուլը կարող էր ձևավորվել պատահականորեն.... չափազանց անհավանական է.... Ըստ էության՝ դրա հավանականությունը հավասար է զրոյի»։

4 Իսկ աստղագետ Ֆրեդ Հոյլը ասաց. «Կենսաբանության ողջ համակարգը դեռևս պաշտպանում է այն տեսակետը, թե կյանքն առաջացել է պատահականորեն։ Սակայն կենսաքիմիկոսները նորանոր մանրամասներ են բացահայտում կենդանի օրգանիզմների ապշեցուցիչ բարդ կառուցվածքի վերաբերյալ։ Այդպիսով ակնհայտ է դառնում, որ կյանքի պատահական առաջացման հավանականությունն այնքան փոքր է, որ կարելի է լիովին բացառել։ Անհնար է, որ կյանքը պատահականորեն առաջացած լինի»։

5-7. Ինչպե՞ս է մոլեկուլային կենսաբանությունը հաստատում, որ կենդանի օրգանիզմները չեն կարող պատահականորեն առաջանալ։

5 Մոլեկուլային կենսաբանությունը, որը գիտության նոր բնագավառ է, ուսումնասիրում է կենդանի օրգանիզմները գենային, մոլեկուլային և ատոմային մակարդակով։ Մոլեկուլային կենսաբան Մայքլ Դենտոնը, խոսելով նոր հայտնաբերումների մասին, ասաց. «Մեզ հայտնի ամենապարզ բջիջն անգամ այնքան բարդ կառուցվածք ունի, որ անհնար է ընդունել, թե նման բանը կարող էր առաջանալ ինչ-որ արտառոց պատահականության հետևանքով.... Բայց հարցը ոչ միայն կենդանի համակարգերի բարդությունն է, այլ նաև այն, որ դրանք կառուցված են անհավատալի հանճարեղությամբ.... Կենսաբանական կառուցվածքի հանճարեղությունը և իրագործված նպատակների կատարելությունը ավելի ակնհայտ երևում է.... հատկապես մոլեկուլային մակարդակում»։

6 Դենտոնը նաև ասում է. «Ուր էլ որ նայենք, ինչ խորությամբ էլ որ ուսումնասիրենք, կտեսնենք այնպիսի գերազանց նրբագեղություն և հնարագիտություն, որ անչափ նվազեցնում են պատահականության հավանականությունը։ Արդյոք հավանակա՞ն է, որ պատահական պրոցեսներից առաջանար մի իրականություն, որի ամենափոքր տարրը՝ ֆունկցիոնալ սպիտակուցը կամ գենը, իր բարդությամբ գերազանցում է մեր ստեղծագործական կարողությունները. մի իրականություն, որը պատահականության ճիշտ հակառակն է և մարդկային բանականությամբ ստեղծված ամեն բանից վեր է»։ Դենտոնը ավելացնում է. «Աներևակայելիորեն մեծ մի անդունդ գոյություն ունի կենդանի բջջի և լավագույնս կանոնակարգված անօրգանական կառուցվածքների միջև, ինչպիսին բյուրեղն է կամ ձյան փաթիլը»։ Իսկ ֆիզիկայի պրոֆեսոր Չետ Ռեյմոն նշում է. «Ես ուղղակի ապշած եմ.... Թվում է, թե ամեն մի մոլեկուլ հրաշալիորեն նախագծված է իր առաջադրանքը կատարելու համար»։

7 Մայքլ Դենտոնը հետևություն է անում, որ «նրանք, ովքեր դեռևս անթեքորեն պաշտպանում են այն տեսակետը, թե այդ ողջ նոր բացահայտված իրականությունը պարզապես պատահականության արդյունք է», ըստ էության՝ հավատում են առասպելի։ Դենտոնը կենդանի օրգանիզմների պատահական առաջացման մասին դարվինյան համոզմունքը կոչում է «քսաներորդ դարի տիեզերածին մեծ առասպել»։

Նախագծված ամեն բան պետք է նախագծող ունենա

8, 9. Բերեք օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ նախագծված ամեն բան պետք է նախագծող ունենա։

8 Շատ փոքր է հավանականությունը, որ անկենդան նյութը կարող է կենդանի դառնալ պատահականության շնորհիվ։ Ուստի կարելի է ասել, որ դա անհնարին է։ Իսկապես անհնար է, որ հրաշալի կառուցվածք ունեցող բոլոր կենդանի օրգանիզմները, որ գոյություն ունեն երկրի վրա, պատահականորեն առաջացած լինեն, քանի որ նախագծված ամեն բան պետք է նախագծող ունենա։ Ձեզ հայտնի՞ է որևէ բացառություն։ Իրականում բացառություն չկա։ Դեռ ավելին, որքան բարդ է կառուցվածքը, այնքան հմուտ պետք է լինի նախագծողը։

9 Մենք կարող ենք դա պատկերացնել հետևյալ օրինակներով. երբ որևէ նկար ենք տեսնում, ընդունում ենք, որ այն նկարիչ է ունեցել։ Երբ որևէ տուն ենք տեսնում, հասկանում ենք, որ այն կառուցող է ունեցել։ Երբ որևէ գիրք ենք կարդում, ընդունում ենք, որ այն հեղինակ ունի։ Երբ լուսացույց ենք տեսնում, հասկանում ենք, որ գոյություն ունի օրենսդիր մարմին։ Դրանք բոլորը ստեղծող են ունեցել և ստեղծվել են որոշակի նպատակով։ Ու թեև այդ մարդկանց մասին ամեն ինչ չէ, որ գիտենք, սակայն բոլորովին չենք կասկածում, որ նրանք գոյություն ունեն։

10. Ի՞նչն է փաստում, որ գոյություն ունի գերագույն Նախագծող։

10 Նմանապես կենդանի օրգանիզմների կառուցվածքը, կարգավորվածությունը և բարդությունը փաստում են, որ կա գերագույն Նախագծող։ Դրանք բոլորն էլ վկայում են գերագույն բանականության գոյության մասին։ Նույնը կարելի է ասել նաև տիեզերքի և միլիարդավոր աստղերից բաղկացած գալակտիկաների կառուցվածքի, կարգավորվածության ու բարդության մասին։ Այդ բոլոր երկնային մարմինները ենթարկվում են ճշգրիտ օրենքների, ինչպիսիք են այն օրենքները, որոնք ղեկավարում են շարժումը, ջերմությունը, լույսը, ձայնը, էլեկտրամագնիսականությունը և ձգողականությունը։ Արդյոք կարո՞ղ են գոյություն ունենալ օրենքներ, եթե չլինի օրենսդիր։ Հրթիռներ նախագծող ինժեներ Վեռներ ֆոն Բրաունը ասաց. «Տիեզերքի բնական օրենքներն այնքան ճշգրիտ են, որ մենք կարող ենք առանց որևէ դժվարության տիեզերանավ կառուցել Լուսին թռչելու համար և ծրագրել թռիչքի ժամանակը վայրկյանի ճշգրտությամբ։ Այդ օրենքները պետք է ստեղծված լինեն ինչ-որ մեկի կողմից»։

11. Ինչո՞ւ ճիշտ չի լինի հերքել գերագույն Նախագծողի գոյությունը լոկ այն պատճառով, որ չենք տեսնում նրան։

11 Ճիշտ է, մենք չենք կարող տեսնել գերագույն Նախագծողին և Օրենսդրին։ Սակայն հերքո՞ւմ ենք արդյոք այնպիսի բաների գոյությունը, ինչպիսիք են ձգողականությունը, մագնիսականությունը, էլեկտրականությունը կամ ռադիոալիքները լոկ այն պատճառով, որ չենք տեսնում դրանք։ Ո՛չ, չենք հերքում, քանի որ տեսնում ենք դրանց ազդեցությունը։ Այդ դեպքում ճիշտ կլինի՞ արդյոք հերքել գերագույն Նախագծողի և Օրենսդրի գոյությունը զուտ այն պատճառով, որ չենք տեսնում նրան, մինչդեռ տեսնում ենք նրա ձեռքի ապշեցուցիչ գործերը։

12, 13. Ի՞նչ են ցույց տալիս փաստերը Արարչի գոյության մասին։

12 Ֆիզիկայի պրոֆեսոր Փոլ Դեյվիսը եզրակացնում է, որ մարդը պարզապես ճակատագրի բերումով չէ, որ գոյություն ունի։ Նա ասում է. «Մեր այստեղ լինելը պատահական չէ»։ Իսկ տիեզերքի մասին նա նշում է. «Գիտական աշխատանքիս արդյունքում ավելի ու ավելի եմ համոզվում, որ տիեզերքը նախագծված է այնպիսի ապշեցուցիչ հանճարեղությամբ, որ չեմ կարող դրա գոյությունն ընդունել ուղղակի որպես անբացատրելի իրողություն։ Իմ կարծիքով՝ պետք է ավելի խոր բացատրություն լինի»։

13 Այսպիսով՝ փաստերը ցույց են տալիս, որ տիեզերքը, երկրագունդը և կենդանի օրգանիզմները չէին կարող պատահականորեն առաջանալ։ Դրանք բոլորն էլ լուռ վկայում են, որ գոյություն ունի գերագույն բանականության ունեցող հզոր Արարիչ։

Ինչ է ասում Աստվածաշունչը

14. Ի՞նչ եզրակացություն է արվում Աստվածաշնչում Արարչի գոյության վերաբերյալ։

14 Պատմության ամենահին գրքում՝ Աստվածաշնչում, նույնպես այդպիսի եզրակացություն է արվում։ Օրինակ՝ «Եբրայեցիներ» գրքում, որը գրել է Պողոս առաքյալը, հետևյալն է ասվում. «Անշուշտ, ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է» (Եբրայեցիներ 3։4)։ Իսկ Աստվածաշնչի վերջին գրքում, որը գրել է Հովհաննես առաքյալը, ասվում է. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին» (Հայտնություն 4։11)։

15. Ինչի՞ միջոցով կարող ենք տեսնել Աստծու հատկություններից մի քանիսը։

15 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ թեև Աստված անտեսանելի է, նրա հատկությունները կարելի է տեսնել ստեղծագործությունների միջոցով։ Այնտեղ ասվում է. «[Արարչի] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։

16. Ինչո՞ւ պետք է ուրախ լինենք, որ մարդիկ չեն կարող տեսնել Աստծուն։

16 Այսպիսով՝ Աստվածաշունչն օգնում է մեզ հետևանքի միջոցով տեսնել պատճառը։ «Հետևանքը»՝ ակնածանք ներշնչող ստեղծագործությունը, վկայում է բանական, հզոր «պատճառի»՝ Աստծու մասին։ Մենք պետք է ուրախ լինենք, որ Աստված անտեսանելի է, քանի որ, լինելով ամբողջ տիեզերքի Արարիչը, նա այնքան մեծ զորություն ունի, որ միս և արյուն ունեցող մարդիկ չեն կարող տեսնել նրան ու ողջ մնալ։ Եվ Աստվածաշունչը հենց դա է շեշտում. «Ոչ մի մարդ չի կարող տեսնել ինձ [Աստծուն] ու ողջ մնալ» (Ելք 33։20)։

17, 18. Ինչո՞ւ պետք է Արարչի գոյության գաղափարը հետաքրքրի մեզ։

17 Մեծագույն Նախագծողի՝ Բարձրյալ Աստծու գոյության գաղափարը պետք է խորապես հետաքրքրի մեզ։ Եթե մենք Արարչի կողմից ենք ստեղծվել, ապա, անկասկած, նա պետք է որ որոշակի պատճառ ու նպատակ ունենար։ Եվ եթե ստեղծվել ենք որոշակի նպատակի համար, ապա կարող ենք ավելի լավ ապագայի հիմնավոր հույս ունենալ։ Բայց եթե ստեղծված չենք, ապա պարզապես ապրում ենք և մահանում, առանց հույսի։ Ուստի շատ կարևոր է իմանալ, թե որն է Աստծու նպատակը մեր առնչությամբ։ Այդ դեպքում կարող ենք որոշել՝ արդյոք ուզում ենք ապրել այդ նպատակին ներդաշնակ, թե ոչ։

18 Աստվածաշունչը հայտնում է, որ Արարիչը սիրող Աստված է և հոգ է տանում մեր մասին։ Պետրոս առաքյալն ասաց. «Նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7; տե՛ս նաև Հովհաննես 3։16 և 1 Հովհաննես 4։8, 16)։ Մեր հանդեպ Աստծու մեծ հոգատարությունը երևում է նաև այն բանից, թե ինչ մտային ու ֆիզիկական կարողություններով է ստեղծել մեզ։

«Զարմանալի կերպով եմ ստեղծված»

19. Ո՞ր ճշմարտության վրա է ուշադրություն հրավիրում սաղմոսերգու Դավիթը։

19 Սաղմոսերգու Դավիթն ասաց. «Զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում» (Սաղմոս 139։14)։ Անկասկած, այս խոսքերը ճշմարիտ են, քանի որ մարդու ուղեղն ու մարմինը հրաշալիորեն նախագծված են գերագույն Նախագծողի կողմից։

20. Ի՞նչ է ասվում մի հանրագիտարանում մարդու ուղեղի մասին։

20 Օրինակ՝ մարդու ուղեղը շատ ավելի բարդ է, քան ցանկացած համակարգիչ։ «Նոր բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Նյարդային համակարգի ներսում ինֆորմացիայի փոխանցումը ավելի բարդ է, քան խոշորագույն հեռախոսացանցերի ներսում տեղեկությունների փոխանցման պրոցեսը. ուղեղի՝ խնդիրներ լուծելու ունակությունը մեծապես գերազանցում է ամենահզոր համակարգիչների հնարավորությունները» (The New Encyclopædia Britannica)։

21. Հասկանալով, թե ինչ հնարավորություններ ունի մարդու ուղեղը՝ ի՞նչ եզրակացության ենք գալիս։

21 Մարդու ուղեղը մտապահում է հարյուր միլիոնավոր փաստեր ու պատկերներ, սակայն այն լոկ տեղեկությունների շտեմարան չէ։ Ուղեղի շնորհիվ մենք կարող ենք սովորել սուլել, հաց թխել, օտար լեզուներով խոսել, համակարգչով աշխատել կամ ինքնաթիռ վարել։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես կանցկացնենք մեր արձակուրդը, կամ թե ինչ սքանչելի համ ունի որևէ միրգ։ Կարող ենք վերլուծություններ անել և ինչ-որ բաներ իրագործել։ Նաև կարող ենք պլաններ կազմել, սիրել, գնահատել, մտածել անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Քանի որ մարդը ընդունակ չէ նախագծելու այնպիսի ապշեցուցիչ բան, ինչպիսին մարդկային ուղեղն է, ակնհայտ է, որ դրա Նախագծողը շատ ավելի մեծ իմաստություն և զորություն ունի, քան ցանկացած մարդ։

22. Ի՞նչ են ասում գիտնականները մարդու ուղեղի մասին։

22 Ուղեղի վերաբերյալ գիտնականները նշում են. «Պարզապես անըմբռնելի է, թե հիանալիորեն նախագծված, համակարգված և աներևակայելիորեն բարդ այս մեխանիզմը ինչպես է կատարում այդ բոլոր գործողությունները.... Մարդը թերևս երբեք չկարողանա հասկանալ ուղեղի հետ կապված ամեն մի առեղծված» (Scientific American)։ Իսկ ֆիզիկայի պրոֆեսոր Ռեյմոն ասում է. «Անկեղծ ասած՝ մինչև հիմա էլ մենք շատ բան չգիտենք այն մասին, թե ինչպես է ուղեղը պահպանում ինֆորմացիան կամ թե ինչպես է, ըստ ցանկության, մտաբերում տարբեր տեղեկություններ.... Մարդու ուղեղում կա մոտ հարյուր միլիարդ նյարդային բջիջ։ Յուրաքանչյուր բջիջ սինապսների ծառանման շղթաների միջոցով հաղորդակցվում է հազարավոր այլ բջիջների հետ։ Բջիջների միջև կարող է լինել այնպիսի բարդ փոխկապվածություն, որ պարզապես դժվար է պատկերացնել»։

23, 24. Նշեք, թե ինչ հիանալի կառուցվածք ունեն մարմնի մասերից մի քանիսը, և թե ինչ ասաց մի ինժեներ։

23 Մարդու աչքը ցանկացած լուսանկարչական ապարատից ավելի ճշգրիտ և հարմարունակ է. ըստ էության՝ այն լիովին ավտոմատացված, ինքնաֆոկուսացման հնարավորությունով, գունավոր շարժական պատկերներ նկարահանող ապարատ է։ Իսկ մեր ականջներն ընկալում են տարբեր ձայներ և օգնում են մեզ, որ որոշենք ձայնի ուղղությունը և հավասարակշռություն պահպանենք։ Մարդու սիրտն այնպիսի պոմպ է, որի ունեցած հնարավորությունները չեն կարողացել կրկնօրինակել նույնիսկ լավագույն ինժեներները։ Հիանալի կառուցվածք ունեն նաև մարմնի մյուս մասերը, օրինակ՝ քիթը, լեզուն, ձեռքերը, ինչպես նաև արյունատար և մարսողական համակարգերը։

24 Մի ինժեներ, որը հզոր համակարգիչ նախագծելու և հավաքելու պատվեր էր ստացել, ասաց. «Եթե իմ ստեղծած համակարգիչը նախագծողի կարիք ուներ, ապա անշուշտ նախագծող պետք է ունենար այնպիսի բարդ ֆիզիկա-քիմիա-կենսաբանական մեխանիզմը, ինչպիսին մարդու մարմինն է, որն էլ, իր հերթին, պարզապես մի աննշան մասնիկ է գրեթե անծայրածիր տիեզերքում»։

25, 26. Ի՞նչ կարող է մեզ հայտնել գերագույն Նախագծողը։

25 Ինչպես մարդիկ են ստեղծում ինքնաթիռներ, համակարգիչներ, հեծանիվներ և այլ սարքավորումներ՝ ունենալով որոշակի նպատակ, այնպես էլ մարդու ուղեղն ու մարմինը Նախագծողն է մեզ ստեղծելիս նպատակ ունեցել։ Եվ այդ Նախագծողը պետք է որ մարդկանցից շատ ավելի իմաստուն լինի, քանի որ ոչ ոք չի կարող կրկնօրինակել նրա ստեղծագործությունները։ Ուստի տրամաբանական է, որ միայն նա կարող է մեզ հայտնել, թե ինչու է մեզ ստեղծել, բնակեցրել երկրի վրա, և թե ապագայում մեզ ինչ է սպասում։

26 Իմանալով այդ ամենը՝ մենք կկարողանանք Աստծու տված հրաշալի ուղեղն ու մարմինը օգտագործել մեր առնչությամբ նրա նպատակներին ներդաշնակ։ Բայց որտեղի՞ց և ինչպե՞ս կարելի է իմանալ Աստծու նպատակների մասին։

[նկար 7-րդ էջի վրա]

Նախագծված որևէ բանի նպատակն իմանալու լավագույն միջոցը կոնստրուկտորին հարցնելն է

[նկար 8-րդ էջի վրա]

ԴՆԹ-ի մոլեկուլից երևում է, որ կենդանի օրգանիզմները ունեն բարդ կառուցվածք և նախագծված են

[նկար 9-րդ էջի վրա]

«Ուղեղի՝ խնդիրներ լուծելու ունակությունը մեծապես գերազանցում է ամենահզոր համակարգիչների հնարավորությունները»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը