Մաս 1
Արդյոք կյանքն իմաստ ունի՞
1. Ի՞նչ են մարդիկ հաճախ հարցնում կյանքի իմաստի վերաբերյալ, և այդ մասին ի՞նչ ասաց մի երիտասարդ։
Վաղ, թե ուշ, գրեթե յուրաքանչյուր անհատ մտածում է, թե որն է կյանքի իմաստը։ Արդյոք ա՞յն է, որ մարդը ծանր աշխատի իր կենսապայմանները բարելավելու համար, նյութապես ապահովի իր ընտանիքն ու 70–80 տարի ապրելուց հետո մահանա և ընդմիշտ դադարի գոյություն ունենալուց։ Կյանքի վերաբերյալ նման կարծիք ունեցող մի երիտասարդ ասաց, որ կյանքի միակ նպատակն այն է, որ մարդ «ապրի, երեխաներ ունենա, երջանիկ լինի և հետո մահանա»։ Սակայն իրո՞ք այդպես է։ Իսկապե՞ս մահով ամեն բան վերջանում է։
2, 3. Ինչո՞ւ իրեր ձեռք բերելը կյանքն իմաստալից չի դարձնում։
2 Արևելքի և Արևմուտքի երկրներում շատերի համար կյանքի հիմնական նպատակը հարստություն ձեռք բերելն է։ Այդպիսի մարդիկ կարծում են, որ դրա շնորհիվ կարող են երջանիկ և իմաստալից կյանքով ապրել։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր արդեն իսկ նյութապես ապահովված են։ Կանադացի գրող Հարրի Բրուսն ասում է. «Բազմաթիվ հարուստ մարդիկ ասում են, որ երջանիկ չեն»։ Նա նաև նշում է. «Հարցումները ցույց են տալիս, որ Հյուսիսային Ամերիկայում տարածվել է մի սարսափելի հոռետեսություն.... Արդյոք աշխարհում կա՞ որևէ մեկը, ով երջանիկ է։ Եթե այո, ապա ո՞րն է երջանկության գաղտնիքը»։
3 ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմմի Քարթերն ասում է. «Մենք եկել ենք այն եզրակացության, որ իրեր ձեռք բերելը և օգտագործելը կյանքին իմաստ չեն հաղորդում.... Նյութական իրեր կուտակելը չի կարող լցնել դատարկությունը, որ զգում են այն մարդիկ, ովքեր չունեն վստահություն և կյանքի նպատակ»։ Իսկ մեկ ուրիշ քաղաքական գործիչ ասում է. «Մի քանի տարի շարունակ ջանադրաբար փնտրել եմ ճշմարտությունը իմ էության և կյանքիս մասին. գիտեմ, որ շատերն են այդպիսի որոնումների մեջ։ Գնալով ավելի շատ մարդիկ են ձգտում գտնել հետևյալ հարցերի պատասխանը. «Ո՞վ եմ ես։ Ո՞րն է իմ գոյության նպատակը»»։
Պայմաններն ավելի ծանր են դառնում
4. Ինչո՞ւ են ոմանք մտածում, թե կյանքն անիմաստ է։
4 Տեսնելով, որ կյանքի պայմաններն ավելի ծանր են դառնում՝ շատերը մտածում են, թե կյանքն անիմաստ է։ Ամբողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ տառապում է թերսնումից, և դրա հետևանքով ամեն տարի միլիոնավոր երեխաներ են մահանում։ Մոտ 7 միլիարդի հասնող երկրագնդի բնակչությունը շարունակում է աճել տարեկան ավելի քան 80 միլիոնով, և այդ աճը մեծամասամբ տեղի է ունենում զարգացող երկրներում։ Այդպիսի աճի պատճառով գնալով ավելի շատ սննդի ու կացարանի կարիք է զգացվում, նաև ընդլայնվում է արդյունաբերությունը, իսկ արդյունաբերական թափոնները և այլ աղտոտիչ նյութեր մեծ վնաս են հասցնում հողին, ջրին և օդին։
5. Ի՞նչ վնաս է հասցվում բուսականությանը։
5 «1991թ.՝ աշխարհի ռազմական և հասարակական ծախսերը» հրատարակության մեջ նշվում է. «Ամեն տարի ոչնչացվում են [Մեծ Բրիտանիայի] տարածքի չափով անտառներ։ Եթե (անտառահատումը) շարունակվի այդպիսի տեմպերով, ապա մինչև 2000 թվականը արևադարձային խոնավ անտառների 65 տոկոսը ոչնչացված կլինի» (World Military and Social Expenditures 1991)։ Ըստ ՄԱԿ-ի մի գործակալության՝ այդ տարածքներում կտրվում է 10 ծառ, բայց տնկվում է ընդամենը 1-ը, իսկ Աֆրիկայում կտրվում է ավելի քան 20-ը, բայց տնկվում 1-ը։ Դրա հետևանքով ավելանում են անապատացած հողատարածքները, և ամեն տարի Բելգիայի տարածքի չափով հողային մակերևույթ դառնում է գյուղատնտեսության համար անպիտան։
6, 7. Որո՞նք են մարդկության խնդիրներից մի քանիսը, որ աշխարհի կառավարիչները չեն կարողանում լուծել, և ի՞նչ հարցեր են առաջանում։
6 Բացի այդ, 20-րդ դարում պատերազմները չորս անգամ ավելի շատ կյանքեր են խլել, քան անցած չորս հարյուրամյակների ընթացքում։ Ամենուրեք ավելանում են ոճրագործությունները, հատկապես բռնարարքները։ Ընտանիքների քայքայումը, թմրամոլությունը, ՁԻԱՀ-ը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և բացասական այլ գործոններ նույնպես դժվարացնում են կյանքը։ Բայց աշխարհի կառավարիչները ի վիճակի չեն լուծելու մարդկության բազմաթիվ խնդիրները։ Ուստի հասկանալի է, թե ինչու են մարդիկ հարցնում՝ ո՞րն է կյանքի իմաստը։
7 Ինչպե՞ս են այդ հարցին պատասխանում գիտնականները և կրոնական առաջնորդները։ Արդյոք նրանք կարողացե՞լ են գոհացուցիչ պատասխան տալ այդ հարցին։
Ինչ են ասում նրանք
8, 9. ա) Ի՞նչ է ասել կյանքի իմաստի վերաբերյալ չինացի գիտնական Դու Ուեյ Մինը։ բ) Ի՞նչ ասաց նացիստական մահվան ճամբարներից վերապրած մի մարդ։
8 Գիտնական Դու Ուեյ Մինը, որն ուսումնասիրում է կոնֆուցիականությունը, ասել է. «Կյանքի իմաստը հենց առօրյա կյանքն է»։ Ըստ այդ տեսակետի՝ մարդիկ կշարունակեն ծնվել, պայքարել գոյության համար և մահանալ։ Այդպիսի տեսակետը հուսադրող չէ։ Եվ, առհասարակ, ճի՞շտ է արդյոք այդ տեսակետը։
9 Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական մահվան ճամբարներից վերապրած մի մարդ՝ Էլի Վիզել անունով, ասել է. «Ինչո՞ւ ենք ապրում. սա մարդուն հուզող ամենակարևոր հարցն է.... Ես համոզված եմ, որ կյանքն իմաստ ունի, թեև ականատես եմ եղել, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ անիմաստ կորցրել իրենց կյանքը»։ Սակայն նա չկարողացավ ասել, թե ո՞րն է կյանքի իմաստը։
10, 11. ա) Ինչպե՞ս մի խմբագիր ցույց տվեց, որ մարդը չի կարողացել գտնել կարևոր հարցերի պատասխանները։ բ) Ինչո՞ւ հուսադրող չէ վերոհիշյալ էվոլյուցիոնիստի տեսակետը։
10 Խմբագիր Վերմոնտ Ռոյստերը նշեց. «Երբ խորհրդածում ենք.... այն մասին, թե որն է մարդ էակի տեղը տիեզերքում, հասկանում ենք, որ կյանքի ծագումից ի վեր այդքան էլ առաջ չենք գնացել։ Դեռևս անպատասխան են մնացել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ո՞վ ենք մենք, ինչո՞ւ ենք ապրում, և ի՞նչ ապագա է մեզ սպասում»։
11 Էվոլյուցիոնիստ Ստիվեն Ջեյ Գուլդը նշեց. «Գուցե մենք փափագում ենք ավելի «վեհ» պատասխանի, բայց այն գոյություն չունի»։ Էվոլյուցիոնիստների կարծիքով՝ կյանքը գոյության պայքար է, որը վերջանում է մահով։ Այդ կարծիքը նույնպես հուսադրող չէ։ Եվ կրկին հարց է առաջանում՝ արդյո՞ք դա ճիշտ տեսակետ է։
12, 13. Ի՞նչ տեսակետներ ունեն կրոնական առաջնորդները, և արդյոք դրանք հուսադրո՞ղ են։
12 Կրոնական առաջնորդներից շատերն ասում են, որ կյանքի իմաստը ճիշտ ձևով ապրելն է, ինչի շնորհիվ մահից հետո մարդու հոգին կգնա երկինք ու այնտեղ հավիտյան կապրի, իսկ չար մարդիկ հավիտյան կչարչարվեն դժոխքի կրակներում։ Սակայն ըստ այդ համոզմունքի՝ երկրի վրա շարունակելու է գոյություն ունենալ նույն անիմաստ կյանքը, ինչպես որ եղել է դարերի ընթացքում։ Իսկ եթե Աստծու նպատակն էր, որ մարդիկ երկնքում ապրեին հրեշտակների պես, ապա ինչո՞ւ հենց սկզբից նրանց չստեղծեց որպես հրեշտակներ։
13 Նույնիսկ հոգևորականների համար է դժվար պատասխանել նման հարցերի։ Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարի նախկին ավագ քահանա դոկտոր Ու. Ռ. Ինգը մի առիթով ասաց. «Ամբողջ կյանքում փորձել եմ գտնել կյանքի նպատակը։ Ձգտել եմ հասկանալ երեք հարց, որոնք, իմ կարծիքով, շատ կարևոր են՝ հավիտենականության հարցը, մարդկային էության և չարության հարցը։ Ինձ դա չհաջողվեց։ Չկարողացա հասկանալ դրանցից և ոչ մեկը»։
Տարբեր տեսակետների ազդեցությունը
14, 15. Ի՞նչ ազդեցություն են թողնում մարդկանց վրա հակասական տեսակետները։
14 Ի՞նչ ազդեցություն են թողնում մարդկանց վրա գիտնականների և կրոնական առաջնորդների այդքան տարբեր տեսակետները։ Շատերն արձագանքում են այնպես, ինչպես մի տարեց մարդ. «Գրեթե ամբողջ կյանքում ինքս ինձ հարցրել եմ՝ ինչո՞ւ եմ ապրում։ Եվ եթե նույնիսկ կյանքը որևէ իմաստ ունի, ինձ համար արդեն միևնույնն է»։
15 Տեսնելով աշխարհի կրոնների մեջ տեսակետների այդ բազմազանությունը՝ շատերը եզրակացնում են, որ իրականում կարևոր չէ, թե մարդ ինչին է հավատում։ Նրանց համար կրոնը պարզապես միտքն ինչ-որ բանով զբաղեցնելու միջոց է, մի բան, որը փոքր-ինչ խաղաղեցնում ու սփոփում է հոգին, որ մարդը կարողանա հաղթահարել իր առօրյա խնդիրները։ Ուրիշների կարծիքով՝ կրոնը ընդամենը սնահավատություն է։ Այդպիսի մարդիկ համարում են, որ բազմադարյան կրոնական մտորումները չեն օգնել գտնելու կյանքի իմաստի վերաբերյալ հարցի պատասխանը և չեն բարելավել մարդկանց կյանքը։ Իրականում, ինչպես ցույց է տալիս պատմությունը, աշխարհի կրոնները հաճախ խոչընդոտել են մարդկության զարգացումը և ատելության ու պատերազմների պատճառ են եղել։
16. Որքանո՞վ է կարևոր գտնել կյանքի իմաստը։
16 Իսկ կարևո՞ր է արդյոք գտնել ճշմարտությունը կյանքի իմաստի մասին։ Հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը այսպես է պատասխանում այդ հարցին. «Կյանքի իմաստը գտնելու ձգտումը մարդու գլխավոր մղիչ ուժն է.... Համարձակվում եմ ասել, որ ուրիշ ոչինչ աշխարհում այնքան չի օգնում մարդուն տոկալու ամենասարսափելի պայմաններում, որքան այն բանի իմացությունը, որ կյանքն իմաստ ունի»։
17. Ո՞ր հարցերի պատասխանն է անհրաժեշտ գտնել։
17 Մարդկային փիլիսոփայություններն ու կրոնները համոզիչ կերպով չեն բացատրել, թե որն է կյանքի իմաստը։ Այդ դեպքում որտե՞ղ կարելի է գտնել պատասխանը։ Արդյոք կա՞ գերագույն իմաստության որևէ աղբյուր, որը կարող է այդ հարցի վերաբերյալ ճշմարտությունը հայտնել մեզ։
[նկար 4-րդ էջի վրա]
«Ամեն տարի ոչնչացվում են [Մեծ Բրիտանիայի] տարածքի չափով անտառներ»
[նկար 5-րդ էջի վրա]
«Գրեթե ամբողջ կյանքում ինքս ինձ հարցրել եմ՝ ինչո՞ւ եմ ապրում»