Գլուխ 116
Առաքյալներին պատրաստում է իր հեռանալուն
ՀԻՇԱՏԱԿԻ երեկոյի ընթրիքն ավարտվել է, բայց Հիսուսն ու իր առաքյալները դեռևս վերնասենյակում են։ Թեև Հիսուսը շուտով հեռանալու է նրանցից, սակայն դեռ ասելու շատ բան ունի։ «Թող ձեր սրտերը չխռովվեն,— մխիթարում է նրանց Հիսուսը։— Հավատացեք Աստծուն»։ Բայցև ավելացնում է. «Հավատացեք նաև ինձ»։
«Իմ Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան,— շարունակում է նա։— Ես գնում եմ, որ տեղ պատրաստեմ ձեզ համար, .... որպեսզի, որտեղ որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Եվ ուր որ ես գնում եմ, դուք ճանապարհը գիտեք»։ Առաքյալները չեն հասկանում, որ Հիսուսը խոսում է երկինք գնալու մասին, ուստի Թովմասը հարցնում է.
— Տե՛ր, մենք չգիտենք, թե դու ուր ես գնում։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը։
— Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը,— պատասխանում է Հիսուսը։
Այո՛, միմիայն Հիսուսին ընդունելով և նրա կյանքի ընթացքը որդեգրելով է, որ կարելի է մտնել Հոր երկնային բնակավայրը, ինչպես որ ասում է Հիսուսը. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»։
«Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը,— խնդրում է Փիլիպպոսը,— և դա բավական է մեզ համար»։ Ակներևաբար Փիլիպպոսը ցանկանում է, որ Հիսուսը Աստծուն տեսանելի դարձնի իրենց համար, ինչպես որ հին ժամանակներում Մովսեսը, Եղիան և Եսայիան տեսիլքի միջոցով տեսել էին Նրան։ Սակայն իրականում առաքյալները ավելին ունեն, քան այդ տեսիլքներն են, որովհետև Հիսուսն ասում է. «Այսքան ժամանակ է՝ ձեզ հետ եմ, և դո՛ւ, Փիլիպպո՛ս, չճանաչեցի՞ր ինձ։ Ով որ ինձ տեսավ, Հորը տեսավ»։
Հիսուսն այնքան կատարելապես է արտացոլում իր Հոր անձնավորությունը, որ նրա կողքին ապրելն ու նրա օրինակը տեսնելը հավասար է Հորը տեսնելուն։ Այնուամենայնիվ, Հայրը բարձր է Որդուց, և Հիսուսն ընդունում է դա՝ ասելով. «Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինձանից չէ»։ Հիսուսը իր ուսմունքների համար ամբողջ պատիվը պատշաճորեն վերագրում է երկնային Հորը։
Որքա՜ն են քաջալերում առաքյալներին Հիսուսի հետևյալ խոսքերը. «Նա, ով հավատ է դրսևորում իմ հանդեպ, կանի նաև այն գործերը, որ ես եմ անում, և սրանցից է՛լ ավելի մեծ գործեր կանի»։ Հիսուսը չի ուզում ասել, որ իր հետևորդները հրաշքներ գործելու ավելի մեծ զորություն կունենան, քան ինքը։ Նա նկատի ունի այն, որ նրանք կկատարեն իրենց ծառայությունը ավելի երկար ժամանակ, ավելի մեծ մասշտաբով և ավելի մեծ թվով մարդկանց համար։
Իր հեռանալուց հետո Հիսուսը չի լքի իր աշակերտներին։ «Ինչ որ խնդրեք իմ անունով,— խոստանում է նա,— ես կանեմ»։ Բացի այդ, նա ասում է. «Ես Հորը կխնդրեմ, և նա ձեզ ուրիշ օգնական կտա, որպեսզի այն հավիտյան ձեզ հետ մնա, այսինքն՝ ճշմարտության ոգին»։ Հետագայում՝ երկինք համբարձվելուց հետո, Հիսուսը իր աշակերտների վրա թափում է սուրբ ոգին, որն էլ այդ «ուրիշ օգնականն» է։
Հիսուսը շուտով հեռանալու է, ուստի նա ասում է. «Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի»։ Նա կդառնա ոգեղեն էակ, որին ոչ մի մարդ չի կարող տեսնել։ Սակայն նա իր հավատարիմ առաքյալներին կրկին խոստանում է. «Դուք կտեսնեք ինձ, որովհետև ես ապրում եմ, և դուք էլ կապրեք»։ Այո՛, հարություն առնելուց հետո Հիսուսը ոչ միայն կհայտնվի նրանց՝ մարդկային տեսքով, այլև հարմար ժամանակին հարություն կտա որպես ոգեղեն էակների՝ իր հետ երկնքում ապրելու համար։
Այժմ Հիսուսը մի պարզ սկզբունք է տալիս. «Ով որ ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է սիրում ինձ։ Եվ ով որ սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես կսիրեմ նրան ու ինձ հայտնի կդարձնեմ նրան»։
Այդ ժամանակ Հուդա առաքյալը, որը նաև Թադեոս է կոչվում, միջամտում է.
— Տե՛ր, ի՞նչ է եղել, որ դու ուզում ես քեզ հայտնի դարձնել մեզ և ոչ թե աշխարհին։
— Եթե որևէ մեկը սիրում է ինձ,— պատասխանում է Հիսուսը,— նա կպահի իմ խոսքը, և իմ Հայրը կսիրի նրան.... Իսկ նա, ով չի սիրում ինձ, չի պահում իմ խոսքերը։
Ի տարբերություն իր հնազանդ ծառաների՝ աշխարհը արհամարհանք է ցույց տալիս Հիսուսի ուսմունքների հանդեպ։ Այդ պատճառով նա իրեն հայտնի չի դարձնում աշխարհին։
Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսն իր առաքյալներին շատ բաներ է սովորեցրել։ Ինչպե՞ս են նրանք հիշելու այդ ամենը, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ մինչև այս պահը նրանք շատ բաներ չեն հասկացել։ Ի ուրախություն նրանց՝ Հիսուսը խոստանում է. «Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի այն բոլոր բաները, որ ասացի ձեզ»։
Կրկին նրանց մխիթարելով՝ Հիսուսն ասում է. «Ես խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս։ .... Թող որ ձեր սրտերը չխռովվեն»։ Ճիշտ է, Հիսուսը հեռանում է, սակայն նա ասում է. «Եթե սիրեիք ինձ, կուրախանայիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը ավելի մեծ է, քան ես»։
Քիչ ժամանակ է մնացել, որ Հիսուսը նրանց հետ լինի։ «Այլևս շատ չեմ խոսի ձեզ հետ,— ասում է նա,— որովհետև այս աշխարհի իշխանը գալիս է։ Եվ նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա»։ Աշխարհի իշխանը Բանսարկու Սատանան է, որը կարողացավ մտնել Հուդայի մեջ և իշխանություն ունենալ նրա վրա։ Սակայն Հիսուսը մեղքի հանդեպ ոչ մի թուլություն չունի, ինչը Սատանան կկարողանար օգտագործել՝ նրան Աստծուն ծառայելուց հեռացնելու համար։
Մտերիմ փոխհարաբերություններ Հիսուսի հետ
Հիշատակի երեկոյի ընթրիքից հետո Հիսուսը մտերմիկ ու ջերմ զրույց է ունենում իր առաքյալների հետ և հորդորում նրանց։ Հավանաբար կեսգիշերն արդեն անցել է։ Ուստի Հիսուսն ասում է. «Վե՛ր կացեք, գնա՛նք այստեղից»։ Սակայն մինչև հեռանալը Հիսուսը, նրանց հանդեպ սիրուց մղված, շարունակում է զրուցել և մի քաջալերական օրինակ է բերում։
«Ես եմ ճշմարիտ որթատունկը, իսկ իմ Հայրը մշակն է»,— ասում է նա։ Մեծ Մշակը՝ Եհովա Աստված, տնկեց այս այլաբանական որթատունկը, երբ մ. թ. 29–ի աշնանը Հիսուսի մկրտության ժամանակ սուրբ ոգով օծեց նրան։ Սակայն շարունակելով՝ Հիսուսը ցույց է տալիս, որ այդ որթատունկը ավելին է խորհրդանշում, քան միայն իրեն։ Նա ասում է. «Ամեն ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա հեռացնում է, և ամեն մեկին, որ պտուղ է տալիս, նա մաքրում է, որ ավելի շատ պտուղ տա։ .... Ինչպես որ ճյուղը չի կարող ինքն իրենից պտուղ տալ, եթե չմնա որթատունկի վրա, նույնպես էլ դուք չեք կարող, եթե ինձ հետ միության մեջ չմնաք։ Ես եմ որթատունկը, իսկ դուք ճյուղերն եք»։
Պենտեկոստեին՝ 51 օր անց, երբ սուրբ ոգին թափվում է առաքյալների և մյուս աշակերտների վրա, նրանք դառնում են որթատունկի ճյուղերը։ Ի վերջո այլաբանական որթատունկի ճյուղերի թիվը կազմում է 144 000։ Որթատունկի ցողունի՝ Հիսուս Քրիստոսի հետ միասին նրանք կազմում են այլաբանական որթատունկը, որը առաջ է բերում Աստծու Թագավորության պտուղները։
Հիսուսը բացատրում է, թե ինչպես կարելի է պտուղ բերել՝ ասելով. «Նա, ով միության մեջ է մնում ինձ հետ, և ես՝ նրա հետ, շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել»։ Սակայն եթե ինչ–որ մեկը պտուղ չի բերում, Հիսուսն ասում է, որ նա «իբրև ճյուղ նետվում է և չորանում, և մարդիկ հավաքում են այդ ճյուղերը ու գցում կրակի մեջ, և նրանք այրվում են»։ Մյուս կողմից՝ Հիսուսը խոստանում է. «Եթե դուք միության մեջ մնաք ինձ հետ, և իմ խոսքերը մնան ձեր մեջ, ինչ էլ որ կամենաք, խնդրե՛ք, և կլինի ձեզ համար»։
Այնուհետև Հիսուսն իր առաքյալներին ասում է. «Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շատ պտուղ բերեք և իմ աշակերտները լինեք»։ Պտուղը, որ Աստված ակնկալում է ճյուղերից, Քրիստոսին բնորոշ հատկությունների, հատկապես սիրո դրսևորումն է։ Ավելին, քանի որ Քրիստոսը Աստծու Թագավորության մասին էր հռչակում, ցանկալի պտուղը ներառում է նաև աշակերտներ պատրաստելու գործը, ինչպես որ նա էր անում։
«Մնացե՛ք իմ սիրո մեջ»,— հորդորում է Հիսուսը։ Բայց ինչպե՞ս առաքյալները կարող են անել դա։ «Եթե դուք իմ պատվիրանները պահեք,— ասում է նա,— կմնաք իմ սիրո մեջ»։ Շարունակելով՝ Հիսուսը բացատրում է. «Սա է իմ պատվիրանը, որ դուք սիրեք միմյանց, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկը իր հոգին տա իր ընկերների համար»։
Մի քանի ժամ հետո Հիսուսը կդրսևորի այդ գերազանց սերը՝ իր կյանքը տալով առաքյալների, ինչպես նաև իր հանդեպ հավատ ընծայող այլ մարդկանց համար։ Նրա օրինակը պետք է մղի իր հետևորդներին այդպիսի անձնազոհ սեր ունենալ իրար հանդեպ։ Այդ սերը նրանց բնորոշող հատկանիշը կլինի, ինչպես որ քիչ առաջ ասաց Հիսուսը. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք»։
Պարզաբանելով, թե ովքեր են իր ընկերները՝ Հիսուսն ասում է. «Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, քանի որ ծառան չգիտի, թե ինչ է անում իր տերը։ Բայց ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամեն բաները, որ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ»։
Ի՜նչ թանկագին փոխհարաբերություններ կարող են նրանք ունենալ. նրանք կարող են լինել Հիսուսի մտերիմ ընկերները։ Սակայն այդ փոխհարաբերությունները շարունակ վայելելու համար նրա հետևորդները պետք է «պտուղ բերեն»։ Եթե այդպես վարվեն, Հիսուսն ասում է, որ «ինչ էլ որ խնդրեն Հորից իր անունով, [կ]տա իրենց»։ Անշուշտ, նրանք մեծապես կպարգևատրվեն Թագավորության պտուղ բերելու համար։ Կրկին հորդորելով առաքյալներին «սիրել միմյանց»՝ Հիսուսն ասում է, որ աշխարհը ատելու է նրանց։ Սակայն նա նաև մխիթարում է. «Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել»։ Այնուհետև բացատրում է, թե ինչու է աշխարհն ատում իր հետևորդներին. «Քանի որ դուք աշխարհի մի մասը չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ»։
Հիսուսը ուրիշ պատճառ էլ է բերում, թե ինչու է աշխարհն ատելու իր հետևորդներին։ Նա ասում է. «Այս ամեն բաները ձեզ կանեն իմ անվան պատճառով, քանի որ չեն ճանաչում նրան [Եհովա Աստծուն], ով ուղարկեց ինձ»։ Հիսուսի հրաշքները դատապարտում են իրեն ատողներին, ինչպես որ նա նշում է. «Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ մեկը չարեց, նրանք ոչ մի մեղք չէին ունենա, սակայն հիմա նրանք տեսան և ատեցին ինձ էլ, իմ Հորն էլ»։ Հիսուսն ասում է, որ այդպիսով կատարվում է հետևյալ մարգարեությունը. «Առանց պատճառի ատեցին ինձ»։
Այժմ Հիսուսը նորից մխիթարում է նրանց՝ խոստանալով ուղարկել օգնականին՝ սուրբ ոգուն, որը Աստծու հզոր գործուն ուժն է։ «Նա՛ կվկայի իմ մասին, և դուք էլ կվկայեք»։
Հավելյալ հրահանգներ հեռանալուց առաջ
Հիսուսն ու առաքյալները պատրաստվում են հեռանալ վերնասենյակից։ «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ չգայթակղվեք»,— շարունակում է նա։ Ապա մի լուրջ նախազգուշացում է տալիս. «Ձեզ կվտարեն ժողովարանից։ Եվ գալիս է ժամը, երբ ամեն ոք, ով ձեզ սպանի, պիտի կարծի, թե սրբազան ծառայություն է մատուցում Աստծուն»։
Հավանաբար, առաքյալներին խորապես անհանգստացնում է այս նախազգուշացումը։ Թեև Հիսուսը քիչ առաջ զգուշացրեց, որ աշխարհն ատելու է նրանց, սակայն այդպես բացահայտորեն չասաց, որ նրանց սպանելու են։ «Այս բաները սկզբում չասացի ձեզ,— բացատրում է Հիսուսը,— քանի որ ձեզ հետ էի»։ Այնուհանդերձ, որքան լավ է, որ մինչ հեռանալը նա զգուշացնում է նրանց այդ մասին։
«Բայց հիմա,— շարունակում է Հիսուսը,— գնում եմ նրա մոտ, ով ուղարկեց ինձ, մինչդեռ ձեզանից ոչ մեկը չի հարցնում, թե՝ «ո՞ւր ես գնում»»։ Այդ երեկո առաքյալները հարցրել էին Հիսուսին, թե ուր է նա գնում, սակայն այժմ նրանք այնքան ցնցված են նրա խոսքերից, որ չեն կարողանում հարցնել այդ մասին, ինչպես որ ասում է Հիսուսը. «Քանի որ այս բաները ձեզ ասացի, տրտմությունը լցրեց ձեր սրտերը»։ Առաքյալները տրտմել են ոչ միայն այն պատճառով, որ նրանց ասվել է, թե իրենք պետք է սարսափելի հալածանքներ կրեն ու սպանվեն, բայց նաև այն պատճառով, որ իրենց Տերը հեռանում է իրենցից։
Ուստի Հիսուսը բացատրում է. «Ձեր օգտի համար է, որ ես գնում եմ։ Որովհետև եթե չգնամ, օգնականը չի գա ձեզ մոտ, սակայն եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ»։ Լինելով մարդ՝ Հիսուսը միևնույն ժամանակ կարող է միայն մեկ տեղում լինել, սակայն երբ երկինք գնա, կկարողանա իր հետևորդներին ուղարկել օգնականին՝ Աստծու սուրբ ոգուն, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն երկրի վրա։ Հետևաբար Հիսուսի հեռանալը օգտակար կլինի։
Սուրբ ոգին, ինչպես ասում է Հիսուսը, «աշխարհին համոզիչ ապացույցներ կբերի մեղքի մասին, արդարության մասին և դատաստանի մասին»։ Աշխարհի մեղքը՝ Աստծու Որդուն հավատ չցուցաբերելը, կբացահայտվի։ Բացի այդ, երբ Հիսուսը երկինք համբարձվի, կփաստվի նրա արդար լինելը։ Իսկ այն, որ Սատանան և իր չար աշխարհը չեն կարող կոտրել Հիսուսի անարատությունը, համոզիչ ապացույցն է այն բանի, որ աշխարհի իշխանը դատապարտված է։
«Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու,— շարունակում է Հիսուսը,— բայց դուք հիմա ի վիճակի չեք դրանք տանելու»։ Ուստի Հիսուսը խոսք է տալիս, որ երբ թափի սուրբ ոգին՝ Աստծու գործուն ուժը, այն կառաջնորդի նրանց, որպեսզի իրենց ընկալելու կարողության սահմաններում հասկանան այդ բաները։
Առաքյալները հատկապես չեն կարողանում հասկանալ այն, որ Հիսուսը մահանալու է և իր հարությունից հետո հայտնվելու է իրենց։ Դրա համար իրար հարցնում են. «Ի՞նչ է նշանակում, որ մեզ ասում է՝ «մի փոքր ժամանակ էլ, և դուք ինձ չեք տեսնի, և դարձյալ մի փոքր ժամանակ, և կտեսնեք ինձ», և՝ «որովհետև ես Հոր մոտ եմ գնում»»։
Հիսուսը հասկանում է, որ նրանք ցանկանում են հավելյալ հարցեր տալ, ուստի բացատրում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք լաց կլինեք ու կողբաք, բայց աշխարհը կուրախանա, դուք կտրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության կվերածվի»։ Ավելի ուշ՝ հենց այդ օրը, երբ Հիսուսը սպանվում է, կրոնական առաջնորդներն ուրախանում են, իսկ աշակերտները՝ տրտմում։ Սակայն նրանց տրտմությունը վերածվում է ուրախության, երբ Հիսուսը հարություն է առնում, և նրանց ուրախությունը շարունակվում է, երբ Հիսուսը Պենտեկոստեին Աստծու սուրբ ոգին թափելով՝ լիազորում է նրանց լինելու իր վկաները։
Առաքյալների իրավիճակը համեմատելով ծննդաբերող կնոջ իրավիճակի հետ՝ Հիսուսն ասում է. «Կինը ծննդաբերելիս տըրտմություն է ունենում, որովհետև իր ժամը եկել է»։ Բայց նա նշում է, որ երբ նրա երեխան ծնվում է, իր նեղությունն այլևս չի հիշում։ Ապա Հիսուսը քաջալերում է իր առաքյալներին՝ ասելով. «Ուստի դուք էլ հիմա տրտմած եք, բայց ես ձեզ նորից կտեսնեմ [երբ հարություն առնեմ], և ձեր սրտերը կուրախանան, և ձեր ուրախությունը ոչ ոք չի վերցնի ձեզանից»։
Մինչև հիմա առաքյալները երբեք Հիսուսի անունով որևէ բան չեն խնդրել։ Սակայն այժմ նա ասում է. «Եթե որևէ բան խնդրեք Հորից իմ անունով, նա կտա ձեզ։ .... Քանի որ Հայրն ինքն է սիրում ձեզ, որովհետև դուք սիրեցիք ինձ և հավատացիք, որ ես եկա որպես Հոր ներկայացուցիչ։ Ես Հորից դուրս ելա և աշխարհ եկա։ Նորից թողնում եմ աշխարհը ու Հոր մոտ եմ գնում»։
Հիսուսի խոսքերը մեծապես քաջալերում են առաքյալներին։ «Դրա համար էլ հավատում ենք, որ դու Աստծուց դուրս եկար»,— ասում են նրանք։ «Հիմա հավատո՞ւմ եք,— հարցնում է Հիսուսը։— Ահա ժամը գալիս է և արդեն եկել է, երբ դուք կցրվեք՝ ամեն մեկդ իր տունը, ու ինձ մենակ կթողնեք»։ Որքան էլ որ դա անհավատալի է թվում, այդ խոսքերն իրականանում են մինչև այդ գիշերվա ավարտը։
«Այս բաները ձեզ ասացի, որ իմ միջոցով խաղաղություն ունենաք,— եզրափակում է Հիսուսը։— Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի՛ աշխարհին»։ Հիսուսը հաղթեց աշխարհին՝ հավատարմորեն կատարելով Աստծու կամքը՝ չնայած այն ամենին, ինչ Սատանան և իր աշխարհը փորձեցին անել նրա անարատությունը կոտրելու համար։
Եզրափակիչ աղոթքը վերնասենյակում
Առաքյալների հանդեպ խորը սիրուց մղված՝ Հիսուսը պատրաստում է նրանց իր մոտալուտ հեռանալուն։ Մանրամասն հրահանգներ տալուց և նրանց մխիթարելուց հետո նա իր աչքերը երկինք է բարձրացնում և խնդրում Հորը. «Փառավորի՛ր քո որդուն, որ քո որդին էլ քեզ փառավորի, որովհետև իշխանություն տվեցիր նրան բոլոր մարդկանց վրա, որպեսզի բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր, հավիտենական կյանք տա»։
Ի՜նչ հուզիչ բան է ասում Հիսուսը՝ հավիտենական կյանք։ Ստանալով «իշխանություն բոլոր մարդկանց վրա»՝ նա կարող է իր քավիչ զոհաբերության օգուտները կիրառել մահվան դատապարտված մարդկանց համար։ Այնուամենայնիվ, «հավիտենական կյանքը» նա պարգևում է միայն նրանց, ում հավանություն է տալիս Հայրը։ Զարգացնելով հավիտենական կյանքի թեման՝ Հիսուսը շարունակում է աղոթել.
«Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր»։ Այո՛, մեր փրկությունը կախված է Աստծու և իր Որդու մասին գիտելիքներ ստանալուց։ Սակայն ավելին է պահանջվում, քան պարզապես մակերեսային գիտելիքներ ձեռք բերելը։
Անհատը պետք է մոտիկից ճանաչի նրանց և մտերիմ փոխհարաբերություններ զարգացնի նրանց հետ։ Նա պետք է Եհովայի ու Հիսուսի տեսակետը որդեգրի և իրերին նայի նրանց աչքերով։ Բացի այդ, ուրիշների հետ գործ ունենալիս անհատը պետք է ձգտի ընդօրինակել նրանց անզուգական հատկությունները։
Հիսուսը շարունակում է աղոթել. «Ես փառավորեցի քեզ երկրի վրա՝ ավարտելով այն գործը, որ տվել էիր ինձ անելու»։ Քանի որ մինչ այս պահը նա հավատարմորեն կատարել է իրեն հանձնարարված գործը և վստահ է, որ հաջողությամբ կավարտի այն, Հիսուսը խնդրում է. «Հա՛յր, փառավորի՛ր ինձ քեզ մոտ այն փառքով, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը»։ Այո, այժմ նա խնդրում է, որ հարության շնորհիվ վերականգնվի իր երկնային փառքը։
Ամփոփելով երկրի վրա իր գլխավոր գործը՝ Հիսուսն ասում է. «Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ։ Նրանք քոնն էին, և դու ինձ տվեցիր, և նրանք պահեցին քո խոսքը»։ Իր ծառայության ընթացքում Հիսուսը օգտագործում էր Աստծու անունը՝ Եհովա, և ցույց տալիս դրա ճիշտ արտասանությունը։ Սակայն նա Աստծու անունը իր առաքյալներին պարզապես հայտնի դարձնելուց ավելին արեց. նա օգնեց նրանց ավելի շատ իմանալ Եհովայի, նրա անձնավորության ու նպատակների մասին, ինչպես նաև ավելի լավ հասկանալ այդ ամենը։
Հիսուսն ընդունում է, որ Եհովան իր Գերիշխանն է, որի առաջնորդության ներքո ինքը ծառայում է, ուստի խոնարհաբար ասում է. «Այն խոսքերը, որ դու ինձ տվեցիր, ես էլ նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու իմացան, որ ես դուրս եկա որպես քո ներկայացուցիչ, և հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ»։
Տարբերություն դնելով իր հետևորդների և մնացած մարդկանց միջև՝ Հիսուսը շարունակում է աղոթել. «Խնդրում եմ ոչ թե աշխարհի համար, այլ նրանց համար, որ ինձ տվեցիր.... Երբ նրանց հետ էի, պահպանում էի նրանց.... և ես պահեցի նրանց, ու նրանցից և ոչ մեկը չկործանվեց՝ բացի կործանման որդուց [այսինքն՝ Հուդա Իսկարիովտացուց]»։ Հենց այդ պահին Հուդան Հիսուսին դավաճանելու իր նողկալի մտադրությունն է իրագործում։ Այդպիսով նա ակամայից կատարում է մարգարեությունը։
«Աշխարհը ատեց նրանց,— շարունակում է աղոթել Հիսուսը։— Խնդրո՛ւմ եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից։ Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ»։ Հիսուսի հետևորդները աշխարհում են, այսինքն՝ կազմակերպված մարդկային հասարակության մեջ, որը Սատանայի իշխանության տակ է, սակայն նրանք, ինչպես այժմ, այնպես էլ միշտ, պետք է հեռու մնան աշխարհից ու նրա չար գործերից։
«Սրբացրո՛ւ նրանց ճշմարտությամբ,— շարունակում է Հիսուսը.— քո խոսքը ճշմարտություն է»։ Այստեղ նա «ճշմարտություն» է անվանում Եբրայերեն Գրությունները, որտեղից միշտ մեջբերումներ էր կատարում։ Սակայն «ճշմարտություն» է նաև այն ամենը, ինչը Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին և ինչը նրանք հետագայում ներշնչման ներքո գրի առան՝ կազմելով Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Այս ճշմարտությունը կարող է սրբացնել անհատին՝ լիովին փոխել նրա կյանքը և հեռու պահել աշխարհից։
Այժմ Հիսուսն ասում է իր Հորը. «Ոչ միայն նրանց համար եմ խնդրում, այլ նաև նրանց համար, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ»։ Այսպիսով՝ նա աղոթում է իր ապագա օծյալ հետևորդների համար, ինչպես նաև մյուս աշակերտների համար, որոնք դեռևս պետք է հավաքվեն «մեկ հոտի» մեջ։ Ի՞նչ է նա խնդրում։
«Որպեսզի նրանք բոլորը մի լինեն, ինչպես որ դո՛ւ, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ, և ես էլ միության մեջ եմ քեզ հետ, .... որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք»։ Հիսուսն ու իր Հայրը բառի բուն իմաստով մեկ չեն, սակայն նրանք համամիտ են բոլոր հարցերում։ Հիսուսն աղոթում է, որ իր հետևորդները ունենան միևնույն միությունը, որպեսզի «աշխարհը իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր, և որ նրանց սիրեցիր այնպես, ինչպես որ ինձ սիրեցիր»։
Այժմ Հիսուսն իր ապագա օծյալ հետևորդների համար մի խնդրանք է ուղղում իր երկնային Հորը։ Ի՞նչ է նա խնդրում։ «Որտեղ որ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, որովհետև դու ինձ սիրեցիր աշխարհը հիմնվելուց առաջ», այսինքն՝ նախքան Ադամի ու Եվայի զավակներ ունենալը։ Դեռևս դրանից շատ առաջ Աստված արդեն սիրում էր իր միածին Որդուն, որը հետագայում դարձավ Հիսուս Քրիստոսը։
Ավարտելով իր աղոթքը՝ Հիսուսը կրկին ընդգծում է. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես էլ միության մեջ լինեմ նրանց հետ»։ Աստծու անունը ճանաչելով՝ առաքյալներն անհատապես ճանաչում են Աստծու սերը։ Հովհաննես 14։1–17։26; 13։27, 35, 36; 10։16; Ղուկաս 22։3, 4; Ելից 24։10; Գ Թագաւորաց 19։9–13; Եսայիա 6։1–5; Գաղատացիներ 6։16; Սաղմոս 35։19; 69։4; Առակաց 8։22, 30։
▪ Ո՞ւր է գնում Հիսուսը և ի՞նչ պատասխան է տալիս Թովմասի այն հարցին, թե ինչպես կարելի է իմանալ այնտեղ գնալու ճանապարհը։
▪ Իր խնդրանքով՝ ակներևաբար ի՞նչ է Փիլիպպոսը ցանկանում Հիսուսից։
▪ Ինչպե՞ս է Հիսուսին տեսնողը նաև Հորը տեսել։
▪ Ի՞նչ իմաստով Հիսուսի հետևորդները կարող են ավելի մեծ գործեր անել, քան ինքը։
▪ Ի՞նչ իմաստով Սատանան իշխանություն չունի Հիսուսի վրա։
▪ Ե՞րբ Եհովան տնկեց այլաբանական որթատունկը, և ե՞րբ ու ինչպե՞ս ուրիշները դարձան այդ որթատունկի մի մասը։
▪ Ի վերջո քանի՞ ճյուղ պետք է ունենա այլաբանական որթատունկը։
▪ Ի՞նչ պտուղ է Աստված ակնկալում ճյուղերից։
▪ Ինչպե՞ս կարող ենք լինել Հիսուսի ընկերները։
▪ Ինչո՞ւ է աշխարհը ատում Հիսուսի հետևորդներին։
▪ Հիսուսի ո՞ր նախազգուշացումն է մտահոգում իր առաքյալներին։
▪ Ինչո՞ւ առաքյալները չեն հարցնում Հիսուսին այն մասին, թե ուր է նա գնում։
▪ Հատկապես ի՞նչ չեն կարողանում հասկանալ առաքյալները։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը պարզաբանում, որ առաքյալների տրտմությունը ուրախության է վերածվելու։
▪ Ըստ Հիսուսի խոսքերի՝ ի՞նչ են շուտով անելու առաքյալները։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը հաղթում աշխարհին։
▪ Ի՞նչ իմաստով է Հիսուսին «իշխանություն տրվում բոլոր մարդկանց վրա»։
▪ Ի՞նչ է նշանակում ճանաչել Աստծուն և իր Որդուն։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը հայտնի դարձնում Աստծու անունը։
▪ Ի՞նչ է «ճշմարտությունը», և ինչպե՞ս է այն «սրբացնում» քրիստոնյային։
▪ Ի՞նչ իմաստով են Աստված, իր Որդին և բոլոր ճշմարիտ երկրպագուները մի։
▪ Ե՞րբ եղավ «աշխարհի հիմնումը»։