Գլուխ 114
Հիշատակի երեկոյի ընթրիքը
ԻՐ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ոտքերը լվանալուց հետո Հիսուսը մեջբերում է Սաղմոս 41։9–ը՝ ասելով. «Նա, ով իմ հացն էր ուտում, իր կրունկը բարձրացրեց իմ դեմ»։ Ապա իր հոգում խռովվելով՝ ասում է. «Ձեզանից մեկը մատնելու է ինձ»։
Առաքյալները տխրում են ու մեկը մյուսի հետևից հարցնում են Հիսուսին. «Մի՞թե ես եմ»։ Նույնիսկ Հուդա Իսկարիովտացին է այդ հարցը տալիս։ Հովհաննեսը, որ Հիսուսի կողքին թիկնել է սեղանի մոտ, հենվելով նրա կրծքին՝ հարցնում է. «Տե՛ր, ո՞վ է»։
«Տասներկուսիցդ մեկն է, նա, ով իր ձեռքը ինձ հետ նույն ամանի մեջ մտցնի»,— պատասխանում է Հիսուսը։ «Ճիշտ է, մարդու Որդին կհեռանա, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնվի։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, որ ծնված չլիներ»։ Դրանից հետո Սատանան դարձյալ մտնում է Հուդայի մեջ՝ օգտվելով նրա սրտի դատարկ մնացած տեղից, որն արդեն չար էր դարձել։ Ավելի ուշ այդ գիշեր Հիսուսը Հուդային անվանում է «կործանման որդի»։
Այժմ Հիսուսը Հուդային ասում է. «Ինչ որ անելու ես, շո՛ւտ արա»։ Մյուս առաքյալներից և ոչ մեկը չի հասկանում Հիսուսի խոսքերի իմաստը։ Քանի որ դրամների արկղը Հուդայի մոտ է, ոմանք կարծում են, թե Հիսուսը նրան ասում է՝ «գնի՛ր, ինչ որ այս տոնին մեզ անհրաժեշտ է», կամ էլ որ նա գնա և աղքատներին մի բան տա։
Երբ Հուդան հեռանում է, Հիսուսն իր հավատարիմ առաքյալների հետ հաստատում է բոլորովին նոր տոնակատարություն։ Նա վերցնում է հացը, շնորհակալական աղոթք մատուցում, կոտրում է այն ու նրանց տալով՝ ասում. «Վերցրե՛ք, կերե՛ք»։ Ապա բացատրում է. «Սա խորհրդանշում է իմ մարմինը, որը տրվելու է ձեզ համար։ Սա՛ արեք իմ հիշատակի համար»։
Այն բանից հետո, երբ յուրաքանչյուրն ուտում է հացը, Հիսուսը վերցնում է գինու բաժակը, որն, ակներևաբար, Պասեքի ժամանակ օգտագործվող չորրորդ բաժակն է։ Այդ բաժակի համար նույնպես շնորհակալական աղոթք է մատուցում, տալիս է իր առաքյալներին և ասում, որ խմեն դրանից՝ բացատրելով. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա, որ թափվելու է ձեզ համար»։
Սա, փաստորեն, Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն է։ Ինչպես ասում է Հիսուսը, ամեն տարի նիսանի 14–ին այն պետք է նշվի իր հիշատակի համար։ Տոնելով այն՝ մարդիկ կհիշեն, թե ինչ են արել Հիսուսն ու իր երկնային Հայրը՝ մահվան դատապարտությունից մարդկանց փրկելու համար։ Հրեաների համար, ովքեր դառնում են Քրիստոսի հետևորդները, Հիշատակի երեկոն կփոխարինի Պասեքին։
Նոր ուխտը, որը ուժի մեջ է մտնում Հիսուսի թափած արյան շնորհիվ, փոխարինում է Օրենքի հին ուխտին։ Հիսուս Քրիստոսը միջնորդ է հանդիսանում նոր ուխտի երկու կողմերի՝ Եհովա Աստծու և սուրբ ոգով օծված 144 000 քրիստոնյաների համար։ Բացի նրանից, որ այդ ուխտի հիման վրա ներվում են մեղքերը՝ այն նաև հնարավորություն է տալիս, որ ձևավորվի երկնային թագավորների ու քահանաների մի ազգ։ Մատթեոս 26։21–29; Մարկոս 14։18–25; Ղուկաս 22։19–23; Հովհաննես 13։18–30; 17։12; 1 Կորնթացիներ 5։7։
▪ Աստվածաշնչյան ո՞ր մարգարեությունն է Հիսուսը մեջբերում առաքյալներից մեկի վերաբերյալ և ինչպե՞ս է այն կիրառում։
▪ Ինչո՞ւ են առաքյալները խորապես տխրում, և ի՞նչ է նրանցից յուրաքանչյուրը հարցնում։
▪ Ի՞նչ է Հիսուսն ասում Հուդային, սակայն ինչպե՞ս են մյուս առաքյալները հասկանում նրա խոսքերը։
▪ Հուդայի հեռանալուց հետո ի՞նչ տոնակատարություն է հաստատում Հիսուսը, և այն ի՞նչ նպատակ ունի։
▪ Ովքե՞ր են նոր ուխտի կողմերը, և ի՞նչ է այն իրագործում։