Գլուխ 113
Խոնարհության դաս վերջին Պասեքի ժամանակ
ՊԵՏՐՈՍՆ ու Հովհաննեսը արդեն Երուսաղեմում են, որպեսզի Հիսուսի պատվերների համաձայն՝ Պասեքի պատրաստությունները տեսնեն։ Հավանաբար Հիսուսն իր տասը առաքյալների հետ ավելի ուշ է տեղ հասնում։ Արեգակն արդեն մայր է մտնում, և Հիսուսն ու իր հետ եղողները իջնում են Ձիթենյաց լեռան վրայից։ Մինչև հարություն առնելը Հիսուսը վերջին անգամ է այստեղից օրը ցերեկով նայում այս քաղաքին։
Շուտով նրանք հասնում են քաղաք և ուղղվում դեպի այն տունը, որտեղ որ նշելու են Պասեքը։ Նըրանք աստիճաններով բարձրանում են մի մեծ վերնասենյակ, որտեղ ամեն ինչ պատրաստ է, որպեսզի նրանք առանձին նշեն Պասեքը։ Հիսուսը փափագով էր սպասում այս իրադարձությանը, քանի որ ասում է. «Անչափ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ձեզ հետ միասին ուտել իմ չարչարվելուց առաջ»։
Ավանդույթի համաձայն՝ Պասեքի մասնակիցները խմում են չորս բաժակ գինի։ Հավանաբար երրորդ բաժակը վերցնելով՝ Հիսուսը շնորհակալություն է հայտնում Աստծուն ու ասում. «Վերցրեք սա և մեկդ մյուսիդ փոխանցեք ձեր մեջ, որովհետև ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի բերքից չեմ խմի, մինչև որ Աստծու թագավորությունը գա»։
Ընթրիքի ընթացքում Հիսուսը վեր է կենում, մի կողմ է դնում իր վերնահագուստը, վերցնում է սրբիչը և տաշտի մեջ ջուր լցնում։ Սովորաբար հյուրընկալը պետք է հոգ տաներ, որ հյուրի ոտքերը լվացվեին։ Բայց քանի որ այս դեպքում հյուրընկալ չկա, Հիսուսն ինքն է կատարում այդ ծառայությունը։ Այդ գործը կարող էր անել առաքյալներից ցանկացած մեկը, սակայն, ըստ ամենայնի, նրանց միջև դեռ մրցակցություն կա, ուստի ոչ ոք այդ քայլին չի դիմում։ Իսկ հիմա նրանք անհարմար են զգում, երբ Հիսուսը սկսում է իրենց ոտքերը լվանալ։
Երբ Հիսուսը մոտենում է Պետրոսին, վերջինս առարկում է.
— Դու իմ ոտքերը երբեք չե՛ս լվանա։
— Եթե քեզ չլվանամ, դու ինձ հետ ոչ մի բաժին չես ունենա,— ասում է Հիսուսը։
— Տե՛ր,— պատասխանում է Պետրոսը,— ոչ միայն իմ ոտքերը, նաև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա։
— Լողացած մարդուն,— ասում է Հիսուսը,— իր ոտքերը լվանալուց ավել ուրիշ բան պետք չէ, քանի որ նա ամբողջությամբ մաքուր է։ Եվ դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ։
Հիսուսն այս խոսքերն ասում է, որովհետև գիտի, որ Հուդա Իսկարիովտացին ծրագրում է մատնել իրեն։
Երբ Հիսուսը լվանում վերջացնում է 12 առաքյալների, այդ թվում նաև իր մատնիչ Հուդայի ոտքերը, հագնում է իր վերնահագուստը և թիկնում սեղանի մոտ։ Այնուհետև հարցնում է. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ։ Դուք ինձ «Ուսուցիչ» և «Տեր» եք անվանում և ճիշտ եք ասում, որովհետև ես հենց դա եմ։ Ուստի եթե ես, որ թեև Տեր եմ և Ուսուցիչ, լվացի ձեր ոտքերը, ուրեմն դուք էլ պետք է մեկդ մյուսիդ ոտքերը լվանաք։ Որովհետև ձեզ օրինակ թողեցի, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ծառան մեծ չէ իր տիրոջից, և ոչ էլ ուղարկվածն է մեծ ուղարկողից։ Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե կատարեք դրանք»։
Խոնարհությամբ ծառայելու ի՜նչ հրաշալի դաս։ Առաքյալները չպետք է ձգտեն առաջինը լինել՝ մտածելով, թե իրենք այնքան կարևոր են, որ ուրիշները միշտ պետք է ծառայեն իրենց։ Նրանք պետք է հետևեն Հիսուսի թողած օրինակին։ Իհարկե, սա ծիսական ոտնլվայի օրինակ չէ, այլ անկողմնապահորեն ծառայելու պատրաստակամության օրինակ է՝ անկախ այն բանից, թե որքան նվաստ կամ տհաճ կարող է լինել հանձնարարությունը։ Մատթեոս 26։20, 21; Մարկոս 14։17, 18; Ղուկաս 22։14–18; 7։44; Հովհաննես 13։1–17։
▪ Ինչո՞վ է առանձնահատուկ այն, որ Հիսուսը նայում է Երուսաղեմին, երբ մտնում է քաղաք՝ Պասեքը տոնելու։
▪ Պասեքի ընթացքում Հիսուսը հավանաբար ո՞ր բաժակն է շնորհակալություն հայտնելուց հետո փոխանցում 12 առաքյալներին։
▪ Երբ Հիսուսը երկրի վրա էր, ըստ սովորության՝ ի՞նչ ծառայություն էին կատարում հյուրերի համար, սակայն ինչո՞ւ այն չմատուցվեց այս Պասեքի ժամանակ։
▪ Ի՞նչ նպատակով Հիսուսը լվաց իր առաքյալների ոտքերը։