Գլուխ 86
Կորած որդու պատմությունը
ՀԻՍՈՒՍԸ նոր է ավարտել փարիսեցիներին պատմել կորած ոչխարի և կորած դրախմայի մասին առակները։ Այժմ նա մեկ ուրիշ առակ է պատմում մի սիրառատ հոր մասին, նաև այն մասին, թե ինչպես է նա վերաբերվում իր երկու որդիներին, որոնցից յուրաքանչյուրը լուրջ սխալ է թույլ տալիս։
Առակի գլխավոր կերպարը կրտսեր որդին է։ Նա հավաքում է իր ժառանգությունը, որն առանց տատանվելու տալիս է հայրը։ Այնուհետև նա հեռանում է հայրական տնից և սկսում է ծայրահեղ անբարո կյանք վարել։ Բայց ուշադրությամբ լսիր Հիսուսի պատմությունը և տես՝ կկարողանաս արդյոք որոշել, թե ում են ներկայացնում կերպարները։
«Մի մարդ,— սկսում է Հիսուսը,— երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերն ասաց իր հորը. «Հա՛յր, տուր ինձ քո ունեցվածքից ինձ հասանելիք բաժինը»։ Եվ [հայրը] իր ապրուստը բաժանեց նրանց միջև»։ Ինչպե՞ս է այս կրտսեր որդին վարվում իր ստացած ժառանգության հետ։
«Ավելի ուշ,— բացատրում է Հիսուսը,— շատ օրեր չանցած, կրտսեր որդին բոլոր բաները մեկտեղ հավաքեց ու ճանապարհ ընկավ մի հեռու երկիր և այնտեղ ցոփ ու շվայտ կյանք վարելով՝ վատնեց իր ունեցվածքը»։ Փաստորեն, նա իր ողջ փողերը վատնում է անբարոյականների հետ ապրելով։ Շատ չանցած դժվարին ժամանակներ են սկսվում, ինչպես որ Հիսուսը շարունակում է պատմել.
«Երբ նա ամեն բան սպառեց, այդ ամբողջ երկրով մեկ սաստիկ սով եղավ, և նա կարիքի մեջ հայտնվեց։ Նա գնաց և այդ երկրի քաղաքացիներից մեկին համառորեն ստիպեց, որ վարձի իրեն։ Նա էլ նրան ուղարկեց իր դաշտերը՝ խոզերին արածեցնելու։ Եվ նա ուզում էր կշտանալ եղջերենու պատիճներով, որոնք խոզերն էին ուտում, և ոչ մեկը նրան ոչինչ չէր տալիս»։
Որքա՜ն նվաստացուցիչ էր խոզարած լինելը, քանի որ ըստ Մովսիսական օրենքի՝ այս կենդանիները անմաքուր էին համարվում։ Բայց նրա համար ամենասարսափելի բանը տանջող սովն էր, ինչը ստիպում էր նրան ցանկանալ նույնիսկ խոզերին տրվող կերակուրն ուտել։ Այս դժբախտ կացությունը ստիպեց որդուն «խելքի գալ»։
Շարունակելով իր պատմությունը՝ Հիսուսն ասում է. «[Նա ինքն իրեն] ասաց. «Քանի՜ վարձկան մարդիկ ունի իմ հայրը, որ հացի առատություն ունեն, մինչդեռ ես այստեղ սովից կորչում եմ։ Վեր կենամ, ճանապարհ ընկնեմ հորս մոտ ու ասեմ նրան. «Հա՛յր, ես մեղք եմ գործել երկնքի դեմ և քո դեմ։ Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի պես դարձրու»»։ Ուստի վեր կացավ ու գնաց իր հոր մոտ»։
Եկ մտածենք. եթե հայրը վրդովվեր և բարկացած բղավեր նրա վրա, երբ նա հեռանում էր, ապա որդին հավանաբար այդպես վճռական չէր լինի իր որոշման մեջ։ Գուցե նա որոշեր վերադառնալ և իր հայրենիքում մեկ այլ տեղ աշխատանք գտնել, որպեսզի հոր երեսը չտեսնի։ Սակայն նման միտք չծագեց որդու գլխում։ Տունն էր այն միակ վայրը, որտեղ նա ցանկանում էր լինել։
Պարզ է, որ Հիսուսի առակում հայրը ներկայացնում է մեր սիրառատ, ողորմած երկնային Հորը՝ Եհովա Աստծուն։ Եվ գուցե գլխի ես ընկնում, որ կորած, կամ՝ անառակ որդին ներկայացնում է մեղավոր մարդկանց։ Փարիսեցիները, ում հետ խոսում է Հիսուսը, մինչ այդ քննադատել էին նրան այն բանի համար, որ նա ուտում է այդպիսիների հետ։ Իսկ ո՞ւմ է ներկայացնում ավագ որդին։
Կորած որդին գտնվում է
Երբ կորած, կամ՝ անառակ որդին վերադառնում է հայրական տուն, ինչպիսի՞ ընդունելության է արժանանում։ Լսենք, թե ինչպես է Հիսուսը նկարագրում դա.
«Մինչ նա դեռ բավական հեռու էր, նրա հայրը տեսավ նրան ու խղճահարվեց, ապա վազեց, նրա վիզն ընկավ ու քնքշորեն համբուրեց»։ Ի՜նչ ողորմած ու սիրառատ հայր է, որը շատ լավ ներկայացնում է մեր երկնային Հորը՝ Եհովային։
Հնարավոր է՝ հայրը լսել էր իր որդու ցոփ ու շվայտ կյանքի մասին։ Այնուամենայնիվ, նա գրկաբաց ընդունում է որդուն՝ առանց մանրամասն բացատրություններ պահանջելու։ Հիսուսը նույնպես նման ոգի է ցուցաբերում. նա ինքն է նախաձեռնություն վերցնում մոտենալու մեղավորներին և մաքսահավաքներին ու խոսելու նրանց հետ, որոնց էլ ներկայացնում է անառակ որդին։
Իհարկե, Հիսուսի առակում խորաթափանց հայրը, տեսնելով որդու տխուր և ընկճված դեմքը, հասկանում է, որ վերադարձած որդին զղջացել է։ Սակայն սիրառատ հոր ցուցաբերած նախաձեռնությունը օգնում է, որ որդին ավելի հեշտությամբ խոստովանի իր մեղքերը, ինչպես որ Հիսուսը պատմում է. «Եվ որդին ասաց նրան. «Հա՛յր, ես մեղք եմ գործել երկնքի դեմ և քո դեմ։ Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի պես դարձրու»»։
Խոսքը դեռ որդու բերանին՝ հայրը իսկույն գործի է անցնում՝ իր ծառաներին հրամայելով. «Շտապ այստե՛ղ բերեք ամենալավ պատմուճանը և հագցրե՛ք նրան, ձեռքին մի մատանի՛ դրեք և ոտքերին սանդալնե՛ր հագցրեք։ Բերե՛ք պարարտ ցուլը ու մորթե՛ք, և եկեք ուտենք ու զվարճանանք, որովհետև իմ այս որդին մեռած էր և նորից կենդանացավ, կորած էր և գտնվեց»։ Եվ նրանք սկսում են «զվարճանալ»։
Այդ ժամանակ հոր «ավագ որդին դաշտում էր»։ Լսելով Հիսուսի պատմության շարունակությունը՝ փորձիր կռահել, թե ում է նա ներկայացնում։ Ավագ որդու մասին Հիսուսն ասում է. «Երբ նա եկավ ու մոտեցավ տանը, երաժշտության ու պարի ձայներ լսեց։ Ուստի իր մոտ կանչեց ծառաներից մեկին ու հարցրեց, թե ինչ է այդ ամենը նշանակում։ Նա էլ ասաց. «Քո եղբա՛յրն է եկել, և քո հայրը պարարտ ցուլը մորթեց, որովհետև ողջ–առողջ նրան ընդունեց»։ Նա էլ զայրացավ ու չէր ուզում ներս մտնել։ Բայց նրա հայրը դուրս եկավ ու սկսեց խնդրել նրան։ Նա էլ պատասխանեց ու ասաց իր հորը. «Ահա այսքա՜ն տարի է ծառայում եմ քեզ և երբեք քո պատվիրանները չեմ ոտնահարել, բայց դու ինձ երբեք մի ուլ անգամ չտվեցիր, որ ընկերներիս հետ զվարճանամ։ Սակայն հենց որ քո այս որդին եկավ, որ պոռնիկների հետ կերավ քո ապրուստը, նրա համար պարարտ ցուլը մորթեցիր»»։
Ավագ որդու նման՝ ովքե՞ր են քննադատում մեղավորների նկատմամբ ցուցաբերվող ողորմածությունը և ուշադրությունը։ Մի՞թե օրենսգետներն ու փարիսեցիները չեն։ Քանի որ նրանք քննադատում են Հիսուսին այն բանի համար, որ նա ընդունում է մեղավորներին (ինչի համար էլ նա պատմեց այս առակը), պարզ է, որ հենց նրանց է ներկայացնում առակի ավագ որդին։
Հիսուսն ավարտում է իր պատմությունը հոր խոսքերով, որոնք վերջինս ուղղում է իր ավագ որդուն. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես եղել, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց մենք պետք է զվարճանանք և ուրախանանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։
Այսպիսով՝ Հիսուսը չի պարզաբանում, թե ինչ է ավագ որդին ի վերջո անում։ Իրականում, Հիսուսի մահից և հարությունից հետո «քահանաների մի մեծ բազմություն սկսեց հնազանդվել հավատին», և հավանաբար նրանց թվում էին նաև «ավագ որդու» դասակարգից ոմանք, ում հետ այժմ խոսում է Հիսուսը։
Իսկ ո՞ւմ են ներկայացնում երկու որդիները մեր օրերում։ Հնարավոր է՝ այն մարդկանց, ովքեր արդեն բավարար չափով գիտեն Եհովայի նպատակների մասին, ինչը կարող է հիմք ծառայել նրա հետ փոխհարաբերություններ հաստատելու համար։ Ավագ որդին ներկայացնում է «փոքր հոտի», կամ՝ «երկնքում գրանցված անդրանիկների ժողովի» որոշ անդամներին։ Նրանք որդեգրեցին այնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ ավագ որդին ուներ։ Նրանք չէին ցանկանում ընդունել «ուրիշ ոչխարներին»՝ երկրային դասակարգին, որը, նրանց կարծիքով, ստվեր էր գցում իրենց վրա։
Իսկ անառակ որդին ներկայացնում է Աստծու այն ծառաներին, ովքեր հեռանում են Աստծուց, որպեսզի վայելեն աշխարհի առաջարկած հաճույքները։ Սակայն ժամանակի ընթացքում նրանք զղջում և վերադառնում են ու նորից դառնում Աստծու ակտիվ ծառաներ։ Իսկապես, որքա՜ն սիրառատ ու ողորմած է Հայրը այն մարդկանց հանդեպ, ովքեր գիտակցում են, որ ներման կարիք ունեն և վերադառնում են դեպի նա։ Ղուկաս 15։11–32; Ղեւտացոց 11։7, 8; Գործեր 6։7; Ղուկաս 12։32; Եբրայեցիներ 12։23; Հովհաննես 10։16։
▪ Ո՞ւմ է Հիսուսը պատմում այս առակը և ինչո՞ւ։
▪ Ո՞վ է պատմության գլխավոր կերպարը, և ի՞նչ է պատահում նրա հետ։
▪ Հիսուսի օրերում ո՞ւմ են ներկայացնում հայրը և կրտսեր որդին։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը ընդօրինակում իր պատմած առակի կարեկից հորը։
▪ Ինչպե՞ս է ավագ որդին վերաբերվում իր եղբոր հանդեպ ցույց տրված ընդունելությանը, և ինչո՞վ է փարիսեցիների վարվելակերպը նման ավագ որդու վարվելակերպին։
▪ Ո՞րն է Հիսուսի առակի կիրառությունը մեր օրերում։