Գլուխ 87
Ապագան ապահովել գործնական իմաստությամբ
ԻՐ ՇՈՒՐՋԸ հավաքված բազմությանը Հիսուսը քիչ առաջ պատմեց անառակ որդու մասին պատմությունը։ Նրա ունկնդիրները իր աշակերտներն էին, անազնիվ մաքսահավաքները և այլ վատահամբավ մեղավորներ, ինչպես նաև դպիրներն ու փարիսեցիները։ Այժմ խոսքն ուղղելով իր աշակերտներին՝ նա մի առակ է պատմում մի հարուստ մարդու մասին, որն իր տան գործերի կառավարչի, այսինքն՝ տնտեսի մասին վատ լուր է ստանում։
Հիսուսը պատմում է, որ այդ հարուստ մարդը կանչում է իր տնտեսին և հայտնում, որ պատրաստվում է ազատել նրան աշխատանքից։ «Ի՞նչ եմ անելու, քանի որ տերս տնտեսությունը վերցնելու է ինձանից,— մտածում է տնտեսը։— Փորելու համար բավականաչափ ուժ չունեմ, իսկ մուրալ ամաչում եմ։ Ա՜, գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որ երբ ինձ տնտեսությունից դուրս հանեն, մարդիկ ինձ ընդունեն իրենց տները»։
Ի՞նչ է ծրագրում անել տնտեսը։ Նա կանչում է բոլոր նըրանց, ովքեր պարտք են իր տիրոջը։
— Ինչքա՞ն ես պարտք իմ տիրոջը,— հարցնում է նա առաջինին։
— 100 մար [2 200 լ] ձիթապտղի յուղ,— պատասխանում է նա։
— Ե՛տ վերցրու քո գրավոր համաձայնությունը, նստի՛ր և շտապ գրի՛ր 50 [1 100],— ասում է տնտեսը։ Ապա մյուսին է հարցնում։
— Իսկ դո՞ւ ինչքան ես պարտք։
— 100 քոռ [22 000 լ] ցորեն,— պատասխանում է նա։
— Ե՛տ վերցրու քո գրավոր համաձայնությունը և գրի՛ր 80 [18 000]։
Ծառան իրավունք ունի կրճատել հաշիվները, քանի որ նա դեռևս պատասխանատու է իր տիրոջ ֆինանսական գործերի համար։ Կրճատելով գումարը՝ նա ընկերություն է հաստատում այն մարդկանց հետ, ովքեր կարող են լավություն անել իրեն, երբ նա կորցնի իր աշխատանքը։
Տերը տպավորվում է, երբ իմանում է եղելությունը։ Նա գովում է «անարդար տնտեսին, որովհետև նա գործնական իմաստությամբ վարվեց»։ Հիսուսն ավելացնում է. «Իրերի այս համակարգի որդիները գործնականում ավելի իմաստուն են իրենց սերնդի մեջ, քան լույսի որդիները»։
Այժմ Հիսուսն իր աշակերտներին ցույց է տալիս, թե ինչ դաս կարելի է սովորել տնտեսի առակից. «Անարդար հարստության միջոցով ձեզ համար ընկերներ ձեռք բերեք, որպեսզի երբ այն վերջանա, նրանք ձեզ հավիտենական բնակատեղերը ընդունեն»։
Հիսուսը գովում է տնտեսին ոչ թե անարդար լինելու համար, այլ նրա հեռատեսության և գործնական իմաստության։ Հաճախ «իրերի այս համակարգի որդիները» խորագիտությամբ են օգտագործում իրենց գումարը կամ պաշտոնը՝ ընկերություն հաստատելով այն մարդկանց հետ, ովքեր, լավություն անելով, կարող են հատուցել իրենց։ Ուստի Աստծու ծառաները՝ «լույսի որդիները», նույնպես պետք է իրենց նյութական միջոցները՝ «անարդար հարստությունը», իմաստությամբ օգտագործեն, որ դա օգուտ բերի իրենց։
Սակայն, ինչպես ասում է Հիսուսը, այս հարստության միջոցով նրանք պետք է ընկերություն հաստատեն այն անձնավորությունների հետ, ովքեր կարող են ընդունել նրանց «հավիտենական բնակատեղերը»։ Փոքր հոտի անդամների համար այս բնակատեղերը երկնքում են գտնվում, իսկ «ուրիշ ոչխարների» համար՝ դրախտային երկրի վրա։ Քանի որ միմիայն Եհովա Աստված և իր Որդին են ընդունում մարդկանց այդ տեղերը, մենք պետք է ջանք թափենք, որպեսզի ընկերություն զարգացնենք նրանց հետ՝ մեր «անարդար հարստությունը» օգտագործելով ի նպաստ Թագավորության շահերի։ Այնուհետև, երբ նյութական հարստությունները վերանան, իսկ դա անպայման տեղի կունենա, մեր հավիտենական ապագան ապահովված կլինի։
Հիսուսը շարունակում է և ասում, որ նրանք, ովքեր հավատարիմ են նույնիսկ նյութական կամ չնչին հարցերում, հավատարիմ կլինեն նաև ավելի մեծ կարևորություն ունեցող հարցերում։ «Հետևաբար,— ասում է նա,— եթե դուք անարդար հարստությունը օգտագործելու մեջ հավատարիմ չեղաք, ապա ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը [այսինքն՝ հոգևոր, կամ՝ Թագավորության շահերը]։ Եվ եթե դուք ուրիշինը [Թագավորության շահերը, որոնք Աստված վստահել է իր ծառաներին] օգտագործելու մեջ հավատարիմ չեղաք, ապա ձեզ ո՞վ կտա այն, ինչը որ ձեզ համար է [կյանքի պարգևը հավիտենական բնակատեղերում]»։
Հնարավոր չէ լինել Աստծու ճշմարիտ ծառաները և միևնույն ժամանակ անարդար, կամ՝ նյութական հարստության ծառաները, ինչպեսև եզրափակում է Հիսուսը. «Ոչ մի սպասավոր չի կարող երկու տիրոջ ծառա լինել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կանարգի։ Չե՛ք կարող ծառաներ լինել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը»։ Ղուկաս 15։1, 2; 16։1–13; Հովհաննես 10։16։
▪ Ինչպե՞ս է Հիսուսի պատմած առակի ծառան ընկերություն հաստատում այն մարդկանց հետ, ովքեր հետագայում կարող են օգնել իրեն։
▪ Ի՞նչ է «անարդար հարստությունը», և ինչպե՞ս կարող ենք ընկերներ ձեռք բերել դրա միջոցով։
▪ Ովքե՞ր կարող են ընդունել մեզ «հավիտենական բնակատեղերը», և ի՞նչ տեղեր են դրանք։