Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 78
  • Պատրա՛ստ եղեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատրա՛ստ եղեք
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Հավատարիմ տնտեսը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Գործնական իմաստություն
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Տաղանդների առակը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հավատարիմ տնտեսը և նրա Կառավարիչ մարմինը
    2009 Դիտարան
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 78

Գլուխ 78

Պատրա՛ստ եղեք

ՔԻՉ առաջ Հիսուսը մարդկանց զգուշացրեց, որ հեռու մնան ագահությունից, և իր աշակերտներին հորդորեց, որ անտեղի ուշադրություն չդարձնեն նյութական իրերին։ Այժմ նա քաջալերում է իր աշակերտներին. «Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա»։ Այսպիսով՝ նա ցույց է տալիս, որ համեմատաբար քիչ թվով մարդիկ են մտնելու երկնքի Թագավորությունը (հետագայում բացահայտվեց նրանց թիվը՝ 144 000)։ Իսկ հավիտենական կյանք ստացողների մեծամասնությունը լինելու են այդ Թագավորության երկրային հպատակները։

Ի՜նչ չքնաղ պարգև է «թագավորությունը»։ Նկարագրելով, թե այդ պարգևը ստանալու հնարավորությունը ինչ քայլերի պետք է մղի աշակերտներին՝ Հիսուսը խրախուսում է. «Վաճառե՛ք ձեր ունեցվածքը և ողորմության նվերներ տվեք»։ Ինչպես երևում է, նրանք պետք է իրենց միջոցները օգտագործեն ուրիշներին հոգևորապես օգնելու համար և այդպիսով «երկնքում երբեք չսպառվող գանձեր» կուտակեն։

Այնուհետև Հիսուսը քաջալերում է աշակերտներին պատրաստ լինել իր վերադարձին։ Նա ասում է. «Թող ձեր մեջքերը գոտևորված լինեն, և ձեր ճրագները՝ վառված, և ինքներդ էլ եղեք այն մարդկանց պես, ովքեր իրենց տիրոջն են սպասում, թե նա երբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի երբ տեղ հասնի և թակի, նրանք անմիջապես բաց անեն նրա առաջ։ Երջանիկ են այն ծառաները, որոնց տերը, երբ տեղ հասնի, նրանց արթուն գտնի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա գոտին կկապի և սեղանի շուրջ թիկնել կտա նրանց և մոտ կգա ու ծառայություն կանի նրանց»։

Այս առակում ծառաները ցույց են տալիս, որ պատրաստ են իրենց տիրոջ վերադարձին. դա երևում է նրանից, որ նրանք բարձրացնում են իրենց երկար պատմուճանները և կապում գոտիները, ինչպես նաև յուղով լի ճրագների լույսի տակ շարունակում են գիշերով կատարել իրենց պարտականությունները։ Հիսուսը բացատրում է. «Եթե տերը տեղ հասնի երկրորդ պահին [մոտավորապես ժամը 21։00–ից մինչև կեսգիշեր] կամ նույնիսկ երրորդին [կեսգիշերից մինչև մոտավորապես ժամը 3։00–ը] և նրանց պատրաստ գտնի, ապա երջանիկ են նրանք»։

Տերը իր ծառաներին արտասովոր կերպով է վարձատրում։ Նա թիկնել է տալիս սեղանի շուրջ և սկսում է ծառայել նրանց։ Տերը նրանց հետ վերաբերվում է ոչ թե իբրև ծառաների, այլ իբրև նվիրված ընկերների։ Որքա՜ն են նրանք օրհնվում, որ գիշերվա ընթացքում շարունակեցին աշխատել իրենց տիրոջ համար, մինչ սպասում էին նրա վերադարձին։ Հիսուսը եզրափակում է. «Ուրեմն դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, որ դուք գուցե չեք կարծում, մարդու Որդին կգա»։

Այժմ Պետրոսը հարցնում է. «Տե՛ր, այս առակը մե՞զ ես ասում, թե՞ նաև բոլորին»։

Ուղիղ պատասխանելու փոխարեն՝ Հիսուսը մեկ ուրիշ առակ է պատմում։ «Ո՞վ է այն հավատարիմ տնտեսը,— հարցնում է նա,— որին իր տերը կնշանակի իր բոլոր սպասավորների վրա, որպեսզի իրենց բաժին կերակուրը տա ճիշտ ժամանակին։ Երջանիկ է այդ ծառան, եթե նրա տերը, երբ գա, նրան այդպես անելիս գտնի։ Ճշմարտապես ասում եմ ձեզ. նա կնշանակի նրան իր ողջ ունեցվածքի վրա»։

Ակներևաբար, «տերը» Հիսուս Քրիստոսն է։ «Տնտեսը» ներկայացնում է աշակերտների «փոքր հոտին»՝ որպես հավաքական մարմին։ «Բոլոր սպասավորները» նույնպես վերաբերում է 144 000 անհատներից բաղկացած խմբին, որը ստանում է երկնային Թագավորությունը, սակայն այս արտահայտությունը մատնանշում է նրանց՝ որպես առանձին անհատների կատարած աշխատանքը։ «Ունեցվածքը», որի մասին հոգ տանելու համար նշանակված է հավատարիմ տնտեսը, տիրոջ Թագավորության շահերն է երկրի վրա, որի մեջ ընդգրկված են Թագավորության երկրային հպատակները։

Շարունակելով առակը՝ Հիսուսը ցույց է տալիս, որ թերևս այդ «տնտես», կամ՝ «ծառա» դասակարգի ոչ բոլոր անդամները հավատարիմ լինեն։ Նա բացատրում է. «Եթե այդ ծառան երբևէ իր սրտում ասի՝ «իմ տերը ուշացնում է գալը», և սկսի ծեծել իր ծառաներին ու աղախիններին և ուտի, խմի ու հարբի, այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասում,.... և ամենայն խստությամբ կպատժի նրան»։

Հիսուսը նշում է, որ իր գալուստը «կրակ» պիտի բերի հրեաների վրա, քանի որ մի մասն ընդունում է նրա ուսմունքները, իսկ մյուսը՝ ոչ։ Ավելի քան երեք տարի առաջ էր, որ նա մկրտվեց ջրում, սակայն այժմ իր մահվան մկրտությունը գնալով մոտենում է ավարտին, ուստի նա ասում է. «Որքա՜ն եմ մտահոգվում, մինչև որ այն ավարտվի»։

Այս ամենն իր աշակերտներին ասելուց հետո Հիսուսը դարձյալ դիմում է ժողովրդին։ Նա մեծապես ցավում է, որ նրանք համառորեն հրաժարվում են ընդունել իր ինքնության պարզ ապացույցը և հասկանալ դրա նշանակությունը։ Նա ասում է. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է բարձրանում, իսկույն ասում եք՝ «փոթորիկ է լինելու», և այդպես էլ լինում է։ Եվ երբ տեսնում եք, որ հարավային քամի է փչում, ասում եք՝ «սաստիկ շոգ է լինելու», և լինում է։ Կեղծավորնե՛ր, գիտեք, թե ինչպես արտաքինից քննել երկինքն ու երկիրը, բայց ինչպե՞ս է, որ չգիտեք, թե ինչպես քննել այս ժամանակը»։ Ղուկաս 12։32–59։

▪ Քանի՞ հոգուց է բաղկացած «փոքր հոտը», և ի՞նչ են նրանք ստանում։

▪ Ինչպե՞ս է Հիսուսն ընդգծում, որ իր ծառաները պետք է պատրաստ լինեն։

▪ Հիսուսի առակում ովքե՞ր են «տերը», «տնտեսը», «բոլոր սպասավորները», և ի՞նչ է ընդգրկում «ունեցվածքը»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը