Գլուխ 79
Ազգը կործանված է, բայց ոչ ամբողջությամբ
ՓԱՐԻՍԵՑՈՒ տան մոտ հավաքված ժողովրդի հետ խոսելուց կարճ ժամանակ անց ոմանք պատմում են Հիսուսին «գալիլեացիների մասին, որոնց արյունը [հռոմեական կառավարիչ Պոնտացի] Պիղատոսը խառնել էր նրանց զոհերի հետ»։ Այս գալիլեացիները հավանաբար այն հազարավոր հրեաների թվում էին, որոնք սպանվել էին, երբ դուրս էին եկել Պիղատոսի դեմ բողոքելու, քանի որ վերջինս վերցրել էր տաճարի գանձարանի դրամը, որպեսզի ջրատար համակարգ կառուցեր Երուսաղեմը ջրով մատակարարելու համար։ Այս դեպքի մասին պատմողները գուցե ուզում են ասել, որ այդ գալիլեացիները մահացան իրենց չար գործերի պատճառով։
Սակայն Հիսուսը շտկում է նրանց մտածելակերպը։ «Կարծում եք, թե այս գալիլեացիները, որ կրեցին այս բաները, ավելի՞ մեղավոր էին, քան մնացած բոլոր գալիլեացիները»,— հարցնում է նա։ Ապա պատասխանում է՝ ո՛չ։ Իսկ հետո օգտվելով առիթից՝ զգուշացնում է հրեաներին. «Եթե չզղջաք, դուք բոլորդ էլ այդպես կկործանվեք»։
Շարունակելով իր խոսքը՝ Հիսուսը պատմում է այնտեղ պատահած մեկ ուրիշ ողբերգության մասին, որը հավանաբար նույնպես տեղի է ունեցել ջրատար համակարգի շինարարության ժամանակ։ Նա հարցնում է. «Կամ այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե նրանք ավելի՞ պարտական էին, քան Երուսաղեմում բնակվող մյուս բոլոր մարդիկ»։ Ո՛չ։ Հիսուսը բացատրում է, որ այդ մարդկանց չարությունը չէր իրենց մահվան պատճառը, այլ սովորաբար «ժամանակը և դիպվածն է» այդպիսի ողբերգությունների պատճառը լինում։ Հիսուսը դարձյալ օգտվում է առիթից և զգուշացնում. «Եթե չզղջաք, դուք բոլորդ էլ նույն ձևով կկործանվեք»։
Այնուհետև հետևյալ առակն է պատմում. «Մի մարդ իր խաղողի այգում թզենի էր տնկել, և նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու, բայց ոչինչ չգտավ։ Ուստի խաղողագործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այս թզենու վրա պտուղ փնտրելու, բայց ոչինչ չեմ գտնում։ Կտրի՛ր այն։ Ինչո՞ւ զուր տեղը հող զբաղեցնի»։ Նա էլ պատասխանեց. «Տե՛ր, թող այս տարի էլ մնա, մինչև որ նրա շուրջը փորեմ ու գոմաղբ լցնեմ, և եթե ապագայում պտուղ տա, լա՛վ, իսկ եթե ոչ, կկտրես այն»»։
Հիսուսը ավելի քան երեք տարի է՝ ջանք է թափում, որ հավատ զարգացնի հրեա ազգի մեջ։ Բայց ընդամենը մի քանի հարյուրն են աշակերտ դարձել, որոնք կարող են համարվել նրա աշխատանքի պտուղները։ Այժմ՝ իր ծառայության չորրորդ տարվա ընթացքում, նա ավելի է լարում ուժերը, այլաբանական իմաստով փորում և գոմաղբ է լցնում հրեական թզենու շուրջը՝ ջերմեռանդորեն քարոզելով և ուսուցանելով Հրեաստանում ու Պիրեայում։ Սակայն ոչ մի արդյունք։ Հրեա ազգը չի ուզում զղջալ, ուստի միակ բանը, որ սպասում է նրան, կործանումն է։ Ազգից միայն մի փոքր մնացորդ է արձագանքում։
Դրանից շատ չանցած՝ Հիսուսը մի շաբաթ օր սովորեցնում է ժողովարաններից մեկում։ Այնտեղ նա տեսնում է մի կնոջ, որը դևի կողմից չարչարվելով՝ 18 տարի կծկված վիճակում է։ Հիսուսը՝ կարեկցանքով լցված, դիմում է կնոջը. «Ո՛վ կին, դու ազատված ես քո տկարությունից»։ Սա ասելուց հետո նա իր ձեռքերը դնում է կնոջ վրա, և կինը իսկույն ուղղվում է ու սկսում է փառավորել Աստծուն։
Բայց ժողովարանի պետը բարկանում է։ «Վեց օր կա, որոնց ընթացքում պետք է գործ անել,— բողոքում է նա,— ուստի այդ օրերի՛ն եկեք և բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։ Ժողովարանի պետի խոսքերից երևում է, որ նա ընդունում է Հիսուսի՝ բուժումներ անելու զորությունը, սակայն մեղադրում է մարդկանց, որ շաբաթ օրով են գալիս բուժվելու։
«Կեղծավորնե՛ր,— ասում է Հիսուսը,— ձեզանից ամեն մեկը շաբաթ օրը չի՞ արձակում իր ցուլը կամ էշը մսուրից և չի՞ տանում ջուր խմեցնելու։ Իսկ այս կինը, որ Աբրահամի դուստրն է, և որին Սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապված էր պահում, արդյոք արժանի չէ՞ր, որ շաբաթ օրը այս կապանքից ազատ արձակվեր»։
Սա լսելով՝ Հիսուսին հակառակվողները ամոթով են մնում։ Իսկ ժողովուրդը ուրախանում է՝ տեսնելով նրա կատարած բոլոր փառավոր գործերը։ Ի պատասխան՝ Հիսուսը կրկնում է Աստծու Թագավորության մասին երկու մարգարեական առակները, որոնք նա մոտ մեկ տարի առաջ պատմել էր նավակի մեջ նստած՝ Գալիլեայի ծովի ափին։ Ղուկաս 13։1–21; Ժողովող 9։11; Մատթեոս 13։31–33։
▪ Ի՞նչ դժբախտությունների մասին է հիշատակվում, և ի՞նչ դաս է սովորեցնում Հիսուսը։
▪ Ինչպե՞ս կարելի է բացատրել անպտուղ թզենու առակը և այն պտղատու դարձնելու ջանքերը։
▪ Ինչպե՞ս է ժողովարանի պետը ընդունում, որ Հիսուսը ի զորու է բուժումներ անելու, սակայն ինչպե՞ս է Հիսուսը բացահայտում նրա կեղծավորությունը։