Գլուխ 77
Ժառանգության հարցը
ՀԱՎԱՆԱԲԱՐ ժողովուրդը գիտի, որ Հիսուսը ճաշում է փարիսեցու տանը։ Ուստի նրանք հազարներով հավաքվում են դրսում և սպասում են, թե երբ նա դուրս կգա։ Ի տարբերություն փարիսեցիների, որոնք հակառակվում են Հիսուսին և փորձում նրա բերանից մի սխալ խոսք որսալ՝ մարդիկ հաճույքով և գնահատանքով են լսում նրան։
Առաջին հերթին դիմելով իր աշակերտներին՝ Հիսուսն ասում է. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների թթխմորից, որը կեղծավորությունն է»։ Ինչպես երևաց ճաշի ընթացքում, փարիսեցիների ամբողջ կրոնական համակարգը կեղծավորությամբ է լցված։ Ու չնայած փարիսեցիների չար լինելը քողարկված է ցուցադրական աստվածապաշտությամբ, սակայն վերջիվերջո այն կքողազերծվի։ «Չկա մի ծածկված բան,— ասում է Հիսուսը,— որ հայտնի չդառնա, և մի գաղտնիք, որ չիմացվի»։
Հիսուսը շարունակում է իր խոսքը՝ կրկնելով այն հորդորը, որը նա տվեց 12 առաքյալներին, երբ նրանց քարոզարշավի ուղարկեց Գալիլեա։ Նա ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը և հետո դրանից ավել ոչինչ չեն կարող անել»։ Քանի որ Աստված չի մոռանում անգամ մեկ ճնճղուկի, Հիսուսը հավաստիացնում է իր հետևորդներին, որ Եհովան նրանց էլ չի մոռանա։ Նա ավելացնում է. «Երբ ձեզ տանեն հանրային հավաքույթների, պետական պաշտոնյաների և իշխանությունների առաջ, ....սուրբ ոգին հենց նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ինչ պիտի ասեք»։
Այդ ժամանակ ժողովրդի միջից մի մարդ խնդրանքով դիմում է Հիսուսին. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ»։ Ըստ Մովսիսական օրենքի՝ առաջնեկը պետք է ստանա կրկնակի ժառանգություն, ուստի վեճի ոչ մի պատճառ չկա։ Սակայն այդ մարդը ակներևաբար ավելին է ուզում, քան օրենքով հասնում է իրեն։
Հիսուսը խոհեմաբար հրաժարվում է միջամտել այդ գործին։ «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ բաժանող նշանակեց ձեզ վրա»,— հարցնում է նա։ Այնուհետև կարևոր հորդոր է տալիս ժողովրդին. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»։ Այո՛, անկախ նրանից, թե մարդ որքան ունեցվածք ունի՝ միևնույնն է, մահանալու է և ամեն ինչ իր ետևում է թողնելու։ Այս փաստն ընդգծելու, ինչպես նաև ցույց տալու համար, թե որքան անմիտ են այն մարդիկ, ովքեր չեն մտածում Աստծու առջև բարի համբավ ունենալու մասին՝ Հիսուսը մի առակ է պատմում։ Նա ասում է.
«Մի հարուստ մարդու հողը առատ բերք տվեց։ Նա սկսեց իր մեջ խորհել՝ ասելով. «Հիմա ի՞նչ անեմ, որովհետև բերքս հավաքելու տեղ չունեմ»։ Ուստի ասաց. «Ահա՛ թե ինչ կանեմ. իմ ամբարները կքանդեմ ու ավելի մեծերը կկառուցեմ, և իմ ամբողջ ցորենն ու բոլոր բարիքները այնտեղ կհավաքեմ և իմ հոգուն կասեմ. «Ո՛վ հոգիս, շատ բարիքներ ունես շատ տարիների համար կուտակած. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր ու վայելի՛ր»»։ Բայց Աստված ասաց նրան. «Անխոհե՛մ, այս գիշեր քո հոգին կպահանջեն քեզանից։ Ուստի ո՞ւմը կլինեն քո դիզած բաները»»։
Հիսուսն ավարտում է՝ ասելով. «Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ»։ Թեև աշակերտները գուցե հարստություն դիզելու ծուղակը չընկնեն, սակայն առօրյա հոգսերը կարող են հեշտությամբ շեղել նրանց Եհովային ամբողջ սրտով ծառայելուց։ Ուստի առիթն օգտագործելով՝ Հիսուսը հիշեցնում է այն հիանալի խորհուրդը, որը տվել էր մոտ մեկուկես տարի առաջ Լեռան քարոզում։ Դիմելով իր աշակերտներին՝ նա ասում է.
«Այդ պատճառով էլ ասում եմ ձեզ. այլևս մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ի՛նչ պիտի ուտեք, կամ ձեր մարմինների համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ .... Նայեք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, որ ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ էլ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց։ .... Նայեք, թե ինչպես են շուշաններն աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի նման չհագնվեց։
Ուրեմն այլևս մի՛ փնտրեք, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, և այլևս մի՛ մտատանջվեք, քանի որ աշխարհի ազգերն են, որ ջանադրաբար ձգտում են այս բոլոր բաներին, բայց ձեր Հայրը գիտի, որ այդ բաներն անհրաժեշտ են ձեզ։ Սակայն դուք շարունակաբար նրա թագավորությո՛ւնը փնտրեք, և այդ բաները կտրվեն ձեզ»։
Հատկապես տնտեսական ծանր ժամանակներում հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել Հիսուսի խոսքերին։ Այն անհատը, որը չափից դուրս մտահոգվում է իր նյութական կարիքներով և դանդաղեցնում է իր հոգևոր ընթացքը, փաստորեն ցույց է տալիս, որ չի հավատում, որ Աստված կարող է հոգ տանել իր ծառաների մասին։ Ղուկաս 12։1–31; Բ Օրինաց 21։17։
▪ Թերևս ինչո՞ւ է մի մարդ ժառանգության հարցով դիմում Հիսուսին, և ի՞նչ հորդոր է տալիս վերջինս։
▪ Ի՞նչ առակ է պատմում Հիսուսը, և ո՞րն է դրա նշանակությունը։
▪ Ո՞ր խորհուրդն է կրկնում Հիսուսը, և ինչո՞ւ է դա տեղին։