Գլուխ 48
Դարձյալ գնում է Նազարեթ
ՀԻՍՈՒՍԻ օրը շատ զբաղված անցավ. Դեկապոլիսից ծովով վերադարձավ, բուժեց արյունահոսությամբ տառապող կնոջը, հարություն տվեց Հայրոսի աղջկան։ Բայց օրը դեռ չի վերջացել։ Երբ նա հեռանում է Հայրոսի տնից, երկու կույր մարդ, նրա հետևից գնալով, աղաղակում են. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։
Հիսուսին անվանելով «Դավթի Որդի»՝ այդ մարդիկ ցույց են տալիս, որ հավատում են, որ Հիսուսն է Դավթի աթոռի ժառանգորդը՝ խոստացված Մեսիան։ Սակայն թվում է, թե Հիսուսն ուշադրություն չի դարձնում նրանց աղաղակներին հավանաբար այն պատճառով, որ նրանց հաստատակամությունը փորձի։ Բայց այդ մարդիկ չեն հանձնվում։ Նրանք Հիսուսի հետևից գնում են մինչև այն տունը, ուր որ նա մնում է։ Եվ երբ Հիսուսը մտնում է ներս, նրանք էլ են մտնում նրա հետևից։
Այնտեղ Հիսուսը հարցնում է այդ երկուսին.
— Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ անել այդ բանը։
— Այո՛, Տե՛ր,— վստահորեն պատասխանում են նրանք։
Դիպչելով կույրերի աչքերին՝ Հիսուսն ասում է. «Թող ձեր հավատի պես լինի ձեզ»։ Եվ հանկարծ նրանք սկսում են տեսնել։ Այնուհետև Հիսուսը խստորեն պատվիրում է նրանց. «Տեսե՛ք, որ ոչ մեկը չիմանա այս մասին»։ Սակայն նրանք այնքան ուրախ են, որ չեն պահում Հիսուսի պատվերը և ամենուրեք պատմում են նրա մասին։
Երբ այս մարդիկ գնում են, Հիսուսի մոտ են բերում մի դիվահարի, որին դևը համր է դարձրել։ Հիսուսը հանում է դևին, և մարդն իսկույն սկսում է խոսել։ Այս հրաշքները տեսնելով՝ ժողովուրդն ապշում է ու ասում, որ Իսրայելում դեռ երբեք այսպիսի բան չեն տեսել։
Այնտեղ ներկա են նաև փարիսեցիներ։ Նրանք չեն կարողանում հերքել, որ հրաշք է տեղի ունեցել։ Բայց իրենց չարությունից ու անհավատությունից դրդված՝ դարձյալ մեղադրում են Հիսուսին, թե նա Աստծու ուժով չի հանում դևերին. «Դևերի իշխանի միջոցով է նա դևերին հանում»,— ասում են նրանք։
Այս դեպքերից շատ չանցած՝ Հիսուսը վերադառնում է իր հայրենի քաղաքը՝ Նազարեթ, այս անգամ արդեն աշակերտների հետ։ Մոտավորապես մեկ տարի է անցել այն ժամանակից, երբ նա այցելել էր այստեղի ժողովարանը և ուսուցանել մարդկանց։ Թեպետ սկզբում ներկաները հիացել էին նրա ասածներով, բայց հետո վիրավորվել էին նրա խոսքերից ու փորձել սպանել նրան։ Այժմ Հիսուսը ողորմածաբար կրկին փորձում է օգնել իր համաքաղաքացիներին։
Եթե ուրիշ վայրերում մարդիկ խմբվում էին Հիսուսի շուրջ, ըստ երևույթին, այստեղ այդպիսի բան տեղի չի ունենում։ Ուստի շաբաթ օրը նա գնում է ժողովարան՝ ուսուցանելու։ Լսելով նրան՝ շատերը զարմանում են։ «Որտեղի՞ց այս մարդուն այս իմաստությունը և զորավոր գործեր անելու կարողությունը,— հարցնում են նրանք։— Սա ատաղձագործի որդին չէ՞։ Սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչվում, և եղբայրները՝ Հակոբոս, Հովսեփ, Սիմոն և Հուդա։ Եվ սրա քույրերը մի՞թե բոլորն էլ մեզ հետ չեն։ Այդ դեպքում որտեղի՞ց այս մարդուն այս ամենը»։
Նրանք մտածում են, որ Հիսուսը իրենց նման սովորական մարդ է. չէ՞ որ նա մեծացել է իրենց աչքի առաջ, և նրանք ճանաչում են Հիսուսի բոլոր հարազատներին։ Ուրեմն ինչպե՞ս կարող է այս մարդը Մեսիան լինել։ Այսպիսով՝ չնայած բոլոր ապացույցներին՝ նրա մեծ իմաստությանն ու գործած հրաշքներին՝ այս մարդիկ մերժում են նրան։ Մտերիմ ազգակցական հարաբերությունների պատճառով նույնիսկ Հիսուսի հարազատներն են գայթակղվում։ Ուստի Հիսուսը հետևյալ եզրակացությունն է անում. «Մարգարեն ուրիշ ոչ մի տեղ անարգված չէ, այլ միայն իր հայրենի վայրերում և իր սեփական տանը»։
Այո, Հիսուսին զարմացնում է նրանց անհավատությունը։ Այդ պատճառով Նազարեթում նա ոչ մի հրաշք չի գործում. միայն բուժում է մի քանի հիվանդների՝ ձեռքերը դնելով նրանց վրա։ Մատթեոս 9։27–34; 13։54–58; Մարկոս 6։1–6; Եսայիա 9։7։
▪ Հիսուսին անվանելով «Դավթի Որդի»՝ կույր մարդիկ ի՞նչ են ցույց տալիս։
▪ Փարիսեցիներն ինչպե՞ս են մեկնաբանում Հիսուսի գործած հրաշքները։
▪ Նազարեթ վերադառնալը և այնտեղի բնակիչներին օգնելը ինչո՞ւ է Հիսուսի կողմից ողորմության դրսևորում։
▪ Նազարեթում ինչպե՞ս են ընդունում Հիսուսին և ինչո՞ւ։