Գլուխ 49
Եվս մեկ քարոզչական ուղևորություն դեպի Գալիլեա
ԱՐԴԵՆ երկու տարի է անցել, ինչ Հիսուսը սկսել է իր լայնածավալ քարոզչական գործունեությունը։ Կթուլացնի՞ հիմա նա իր եռանդը և հանգիստ կառնի՞։ Ընդհակառակը՝ նա ավելի է ընդարձակում իր քարոզչությունը՝ կատարելով ևս մեկ ուղևորություն. նա երրորդ անգամ է ուղևորվում դեպի Գալիլեա։ Այցելելով այդ տարածքում գտնվող բոլոր քաղաքներն ու գյուղերը՝ նա սովորեցնում է ժողովարաններում և քարոզում է Թագավորության բարի լուրը։ Այն, ինչ Հիսուսը տեսնում է այս ուղևորության ընթացքում, ավելի քան երբևէ հավաստիացնում է իրեն, որ հարկավոր է է՛լ ավելի եռանդուն քարոզել։
Հիսուսն ամենուրեք տեսնում է մարդկանց, որոնք հոգևորապես բուժվելու և մխիթարվելու կարիք ունեն։ Նրանք հովիվ չունեցող ոչխարների նման հոգնած են ու ցիրուցան եղած։ Ուստի Հիսուսը խղճում է նրանց։ Նա ասում է իր աշակերտներին. «Այո, հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար»։
Հիսուսը գիտի, թե ինչ պետք է անի։ Նա կանչում է իր 12 առաքյալներին, որոնց ընտրել էր մոտ մեկ տարի առաջ, և նրանց զույգերի է բաժանում։ Այս վեց զույգին նա ուղարկում է քարոզելու և հրահանգներ է տալիս՝ ասելով. «Մի՛ գնացեք դեպի ուրիշ ազգերը տանող ճանապարհով և մի՛ մտեք սամարացիների որևէ քաղաք, այլ, փոխարենը, շարունակ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Եվ երբ գնաք, քարոզեք ու ասեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»»։
Դա այն Թագավորությունն է, որի մասին Հիսուսն իր տիպար աղոթքում նրանց սովորեցրեց աղոթել։ Թագավորությունը մոտեցել է այն իմաստով, որ Աստծու կողմից նշանակված Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, գտնվում է երկրի վրա։ Որպես ապացույց այն բանի, որ իր աշակերտները այդ աստվածային կառավարության ներկայացուցիչներն են՝ Հիսուսը նրանց հիվանդություններ բուժելու և նույնիսկ մահացածներին հարություն տալու զորությամբ է օժտում։ Նա պատվիրում է, որ նրանք այդ ամենի դիմաց վարձատրություն չվերցնեն։
Այնուհետև իր աշակերտներին խորհուրդ է տալիս, որ քարոզչության գնալիս իրենց հետ ոչ մի իր չվերցնեն. «Ձեզ հետ մի՛ ունեցեք ոսկի, արծաթ կամ պղինձ ձեր գոտիների քսակներում կամ ուտելիքի պարկ ճանապարհի համար կամ երկու ներքնազգեստ կամ էլ սանդալներ և ցուպ, որովհետև աշխատողը արժանի է իր կերակուրին»։ Այն մարդիկ, ովքեր երախտագիտությամբ կարձագանքեն Թագավորության լուրին, նրանց կտան և՛ ուտելիք, և՛ մնալու տեղ։ Հիսուսն ասում է. «Որ քաղաքը կամ գյուղը որ մտնեք, փնտրեք, թե ով է այնտեղ արժանի, և մնացեք այնտեղ, մինչև որ հեռանաք»։
Նա նաև սովորեցնում է, թե մարդկանց հետ ինչպես սկսել զրուցել Թագավորության մասին։ «Երբ տուն մտնեք,— բացատրում է նա,— բարև տվեք տան անդամներին, և եթե այդ տունը արժանի է, թող ձեր մաղթած խաղաղությունը այդ տան վրա գա, բայց եթե արժանի չէ, թող ձեր խաղաղությունը ձեզ վերադառնա։ Եթե ինչ–որ տեղ որևէ մեկը ձեզ չընդունի կամ չլսի ձեր խոսքերը, այդ տնից կամ քաղաքից դուրս գալիս թա՛փ տվեք փոշին ձեր ոտքերից»։
Հիսուսն ասում է, որ այն քաղաքը, որը կմերժի Թագավորության լուրը, խիստ դատաստանի կենթարկվի։ «Ճշմարիտ ասում եմ ձեզ. Սոդոմի և Գոմորի երկրի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան թե այդ քաղաքի համար»։ Մատթեոս 9։35–10։15; Մարկոս 6։6–12; Ղուկաս 9։1–5։
▪ Ե՞րբ է Հիսուսը սկսում դեպի Գալիլեա իր երրորդ քարոզչական ուղևորությունը, և ինչո՞ւմ է նա հավաստիանում։
▪ Ուղարկելով 12 առաքյալներին քարոզելու՝ ի՞նչ հրահանգներ է տալիս Հիսուսը։
▪ Ինչո՞ւ կարող են աշակերտները վստահությամբ քարոզել, որ Աստծու Թագավորությունը մոտեցել է։