Գլուխ 47
Արցունքները փոխվում են մեծ ուրախության
ԵՐԲ Հայրոսը տեսնում է, որ արյունահոսությամբ տառապող կինը բուժվեց, Հիսուսի՝ հրաշքներ գործելու կարողության նկատմամբ նրա վստահությունը, անշուշտ, է՛լ ավելի է մեծանում։ Մինչ այդ նա խնդրել էր Հիսուսին գալ և բուժել իր 12–ամյա սիրելի աղջկան, որը մահամերձ վիճակում էր գտնվում։ Այժմ, սակայն, տեղի է ունենում այն, ինչից Հայրոսն ամենաշատն էր վախենում։ Մինչ Հիսուսը խոսում է կնոջ հետ, մի քանի մարդիկ են մոտենում Հայրոսին և կամաց ասում նրան. «Աղջիկդ մահացավ։ Էլ ինչո՞ւ ես անհանգստացնում ուսուցչին»։
Ինչպիսի՜ ողբերգություն։ Միայն պատկերացրու. այս մարդը, որը համայնքում մեծ հարգանք է վայելում, այժմ, լսելով իր դստեր մահվան մասին, լիովին անօգնական վիճակում է հայտնըվում։ Սակայն Հիսուսը լսում է նրանց խոսակցությունը և դիմելով Հայրոսին՝ քաջալերում է նրան. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավա՛տ ունեցիր»։
Հիսուսն ուղեկցում է վշտահար Հայրոսին դեպի տուն։ Տեղ հասնելուն պես տեսնում են, որ մեծ իրարանցում է տիրում. մեծ թվով մարդիկ են հավաքվել, որոնք վշտից լացում են ու ողբում։ Ներս մտնելով՝ Հիսուսն ասում է. «Ինչո՞ւ եք իրար անցել և լաց եք լինում։ Երեխան չի մահացել, այլ քնած է»։
Այս խոսքերը լսելով՝ մարդիկ սկսում են հեգնանքով ծիծաղել Հիսուսի վրա, որովհետև գիտեն, որ աղջիկը մահացել է, մինչդեռ Հիսուսն ասում է, որ նա ընդամենը քնած է։ Նա պատրաստվում է ցույց տալ, որ Աստծուց ստացած զորության շնորհիվ կարող է հեշտությամբ կյանքի բերել մարդկանց, ինչպես որ խորը քուն մտած մարդուն է հնարավոր արթնացնել։
Հիսուսը բոլորին դուրս է հանում՝ թողնելով միայն Պետրոսին, Հակոբոսին, Հովհաննեսին և մահացած աղջըկա հորն ու մորը։ Ապա այս հինգ հոգու հետ մտնում է այն սենյակը, որտեղ երեխան է պառկած։ Հիսուսը բռնում է նրա ձեռքն ու ասում. «Տալիթա՛ կո՛ւմի» (թարգմանաբար նշանակում է «աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»)։ Աղջիկն անմիջապես վեր է կենում և սկսում է քայլել։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի ուրախություն են ապրում նրա ծնողները։
Պատվիրելով, որ երեխային ուտելու բան տան՝ Հիսուսը Հայրոսին ու նրա կնոջը կարգադրում է ոչ ոքի չպատմել պատահածի մասին։ Չնայած դրան՝ այդ մասին լուրերը տարածվում են ամբողջ տեղանքով մեկ։ Սա երկրորդ դեպքն է, որ Հիսուսը հարություն է տալիս։ Մատթեոս 9։18–26; Մարկոս 5։35–43; Ղուկաս 8։41–56։
▪ Ի՞նչ լուր է ստանում Հայրոսը, և ինչպե՞ս է Հիսուսը նրան քաջալերում։
▪ Ի՞նչ իրավիճակ է տիրում Հայրոսի տանը, երբ նրանք գալիս են այնտեղ։
▪ Հիսուսն ինչո՞ւ է ասում, որ երեխան պարզապես քնած է։
▪ Ովքե՞ր են այն հինգ հոգին, որ ականատես են լինում երեխայի հարությանը։