Գլուխ 46
Նա դիպավ նրա հանդերձին
ԴԵԿԱՊՈԼԻՍԻՑ Հիսուսի վերադարձի մասին լուրերը հասնում են Կափառնայում, և շատ ժողովուրդ գալիս է ծովի մոտ՝ նրան ողջունելու։ Անկասկած, նրանք լսել են այն մասին, թե Հիսուսն ինչպես է հանդարտեցրել փոթորիկը և բուժել դիվահարին։ Այժմ, երբ նա ափ է դուրս գալիս, ժողովուրդը խմբվում է նրա շուրջ՝ անհամբեր և սպասումներով լի։
Հիսուսին շատ է ուզում տեսնել նաև Հայրոս անունով մի մարդ, որը ժողովարանի պետերից մեկն է։ Նա ընկնում է Հիսուսի ոտքերն ու աղաչում. «Աղջիկս շատ ծանր վիճակում է։ Խնդրում եմ, արի՛ և ձեռքերդ նրա վրա դիր, որպեսզի առողջանա ու ապրի»։ Քանի որ աղջիկը Հայրոսի մինուճար զավակն է և ընդամենը 12 տարեկան է, նա հատկապես թանկ է նրա համար։
Հիսուսը համաձայնվում է և գնում է Հայրոսի տուն։ Նրանց հետևից շատ ժողովուրդ է գնում։ Կարող ենք պատկերացնել, թե մարդիկ ինչ անհամբերությամբ են սպասում հերթական հրաշքին։ Սակայն բազմության մեջ կա մի կին, որը մտածում է միայն իր ծանր առողջական խնդրի մասին։
Տասներկու տարի է, ինչ այս կինը տառապում է արյունահոսությամբ։ Նա դիմել է տարբեր բժիշկների և իր ունեցած ողջ դրամը ծախսել բուժումների վրա։ Բայց ոչ մի օգուտ չի ստացել, հակառակը՝ նրա վիճակն ավելի է վատացել։
Կարելի է կռահել, որ այդ հիվանդությունը ոչ միայն հյուծում է կնոջը, այլև ամոթալի է ու նսեմացնում է նրան։ Սովորաբար այդպիսի հիվանդության մասին բացահայտ չեն խոսում։ Դեռ ավելին, ըստ Մովսիսական օրենքի՝ արյունահոսություն ունեցող կինը անմաքուր է համարվում, և այն մարդը, որը դիպչում է այդպիսի կնոջը կամ նրա արյունոտ հանդերձին, պետք է լվացվի և մինչև երեկո անմաքուր համարվի։
Այս կինը լսել է Հիսուսի հրաշքների մասին և այժմ նրան է փնտրում։ Քանի որ նա անմաքուր է, ուստի հնարավորին չափ աննկատելիորեն է մտնում ամբոխի մեջ։ Նա մտածում է. «Եթե միայն դիպչեմ նրա վերնահագուստին, կլավանամ»։ Եվ հենց դիպչում է Հիսուսի հանդերձին, անմիջապես զգում է, որ արյունահոսությունը դադարեց։
«Այդ ո՞վ էր, որ ինձ դիպավ»,— հարցնում է Հիսուսը։ Այս խոսքերը, հավանաբար, սարսափեցնում են կնոջը։ Ինչպե՞ս նա իմացավ։ «Վարդապե՛տ,— առարկում է Պետրոսը,— ամբոխը սեղմում է քեզ ու նեղում, և դու հարցնում ես, թե՝ «ո՞վ դիպավ ինձ»»։
Շուրջը փնտրելով իրեն դիպչողին՝ Հիսուսը բացատրում է. «Ինչ–որ մեկը դիպավ ինձ, որովհետև ես զգացի, որ ինձանից զորություն դուրս եկավ»։ Ինչ խոսք, դա սովորական հպում չէր. արդյունքում մեկը բուժվեց, և Հիսուսը զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։
Տեսնելով, որ այլևս չի կարող աննկատ մնալ՝ կինը մոտենում է և, վախենալով ու դողալով, ընկնում Հիսուսի առաջ։ Բոլորի ներկայությամբ նա պատմում է իր հիվանդության մասին ճշմարտությունը և այն, թե ինչպես քիչ առաջ բուժվեց։
Կնոջ անկեղծությունից զգացված՝ Հիսուսը կարեկցանքով մխիթարում է նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր»։ Որքա՜ն հաճելի է իմանալ, որ այն Անձնավորությունը, ում Աստված ընտրել է երկրի վրա կառավարելու համար, այդքան ջերմ է և կարեկից. նա ոչ միայն հոգ է տանում մարդկանց մասին, այլ նաև զորություն ունի դա անելու։ Մատթեոս 9։18–22; Մարկոս 5։21–34; Ղուկաս 8։40–48; Ղեւտացոց 15։25–27։
▪ Ո՞վ է Հայրոսը, և ինչո՞ւ է նա գալիս Հիսուսի մոտ։
▪ Առողջական ի՞նչ խնդիր ունի մի կին, և ինչո՞ւ է նա դժվարանում օգնության համար մոտենալ Հիսուսին։
▪ Ինչպե՞ս է բուժվում կինը, և Հիսուսը ի՞նչ խոսքերով է մխիթարում նրան։