Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 45
  • Արտասովոր աշակերտը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արտասովոր աշակերտը
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Իշխանություն ունի դևերի վրա
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը զորեղ է դևերից
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում հրեշտակների մասին
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 45

Գլուխ 45

Արտասովոր աշակերտը

ԵՐԲ Հիսուսը ափ է դուրս գալիս, նրա առջև մի սարսափելի տեսարան է բացվում։ Երկու չափազանց կատաղած մարդիկ դուրս են գալիս մոտակա գերեզմանոցից և նրան ընդառաջ վազում։ Նրանք դիվահարներ են։ Քանի որ նրանցից մեկն ավելի կատաղի է, քան մյուսը, և հնարավոր է ավելի երկար ժամանակ է, ինչ դևերի իշխանության տակ է գտնվում, ուշադրությունը նրա վրա է կենտրոնացվում։

Արդեն երկար ժամանակ է, ինչ այս թշվառ մարդը մերկ է ման գալիս և ապրում է գերեզմաններում։ Ցերեկ ու գիշեր նա աղաղակում է և ինքն իրեն քարերով ճղոտում։ Նա այնքան կատաղի է, որ ոչ ոք չի համարձակվում այդտեղով անցնել։ Մարդիկ փորձել են նրան շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրատել է և ոտնակապերը ջարդել։ Ոչ մեկը այնքան ուժ չունի, որ հպատակեցնի նրան։

Երբ այդ մարդը մոտենում է Հիսուսին և ընկնում նրա ոտքերի առաջ, իր մեջ մտած դևերը ստիպում են նրան բղավել.

— Դու ի՞նչ գործ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ։

— Դո՛ւրս արի այդ մարդու միջից, անմաքո՛ւր ոգի,— հրամայում է Հիսուսը, բայց հետո հարցնում.

— Անունդ ի՞նչ է։

— Անունս Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք,— պատասխանում է նա։

Սովորաբար դևերը զվարճանում են, երբ տեսնում են այն մարդկանց տառապանքները, որոնց կարողանում են իրենց ազդեցության տակ գցել, և հավանաբար նրանք հաճույք են ստանում, երբ վախկոտների նման՝ խմբակային հարձակում են գործում իրենց զոհերի վրա։ Բայց այժմ, հանդիպելով Հիսուսին, նրանք աղաչում են, որ իրենց անդունդը չուղարկի։ Կրկին տեսնում ենք, որ Հիսուսը մեծ զորություն ունի. նա կարող է հնազանդեցնել նույնիսկ կատաղի դևերին։ Այս դեպքը նաև ցույց է տալիս, որ դևերը տեղյակ են, որ իրենց առաջնորդ Բանսարկու Սատանայի հետ անդունդ նետվելը Աստծու դատաստանն է իրենց նկատմամբ։

Մոտակայքում գտնվող լեռան վրա 2 000 խոզերից բաղկացած մի երամակ է արածում։ Դևերն ասում են. «Մեզ խոզերի մեջ ուղարկիր, որ մտնենք նրանց մեջ»։ Ակներևաբար, մտնելով նյութական արարածների մարմինների մեջ՝ դևերը անբնական, սադիստական հաճույք են ստանում։ Երբ Հիսուսը նրանց թույլ է տալիս խոզերի մեջ մտնել, բոլոր 2 000–ն էլ գահավիժում են և ծովի մեջ խեղդվում։

Խոզարածները տեսնում են սա ու վազելով գնում են և քաղաքում ու ագարակներում պատմում տեղի ունեցածի մասին։ Մարդիկ գալիս են տեսնելու եղելությունը։ Տեղ հասնելուն պես նրանք տեսնում են այն մարդուն, որի միջից դևերը դուրս են եկել։ Վերջինս՝ հագնված և խելքը գլուխը եկած, նստած է Հիսուսի ոտքերի մոտ։

Ականատեսները պատմում են, թե ինչպես այդ մարդն առողջացավ, և թե ինչ արտառոց ձևով սատկեցին խոզերը։ Լսելով այդ ամենը՝ մարդիկ մեծ վախով են լըցվում և խնդրում են Հիսուսին, որ իրենց երկրից հեռանա։ Հիսուսը համաձայնվում է և մտնում նավակը։ Նախկին դիվահարն աղաչում է Հիսուսին, որ թույլ տա իրեն նրա հետ գնալ։ Բայց Հիսուսն ասում է այդ մարդուն. «Գնա՛ տուն քո ազգականների մոտ և պատմի՛ր նրանց այն ամեն բաների մասին, որ Եհովան արեց քեզ համար, և այն ողորմության մասին, որ քո հանդեպ ցույց տվեց»։

Սովորաբար ինչ–որ մեկին բուժելիս Հիսուսը պատվիրում է, որ ոչ մեկին ոչինչ չասի, քանի որ չի ուզում, որ մարդիկ իր մասին եզրակացություններ անեն՝ հիմնվելով զգայացունց պատմությունների վրա։ Բայց այս դեպքում Հիսուսը բացառություն է անում, ինչը շատ տեղին է, քանի որ նախկին դիվահարը վկայություն կտա այն մարդկանց, որոնց Հիսուսը թերևս հնարավորություն չի ունենա հանդիպելու։ Բացի դրանից, եթե այդ մարդը մնա իր քաղաքում, ժողովուրդը, նրան տեսնելով, կհամոզվի, որ Հիսուսը մեծ զորություն ունի և իր զորությունն օգտագործում է բարի գործեր անելու համար։ Դա էլ իր հերթին վերջ կդնի բոլոր անցանկալի խոսակցություններին, որ կարող են լինել խոզերի կորստի պատճառով։

Հնազանդվելով Հիսուսի պատվերին՝ նախկին դիվահարը հեռանում է։ Նա սկսում է ողջ Դեկապոլիսով մեկ պատմել այն ամենը, ինչ Հիսուսն արել է իր համար, և մարդիկ լսելով ապշում են։ Մատթեոս 8։28–34; Մարկոս 5։1–20; Ղուկաս 8։26–39; Հայտնություն 20։1–3։

▪ Ինչո՞ւ է ուշադրություն դարձվում դիվահարներից միայն մեկի վրա այն դեպքում, երբ նրանք երկուսն են։

▪ Ի՞նչն է ցույց տալիս, որ դևերը տեղյակ են, որ ի վերջո իրենք անդունդն են նետվելու։

▪ Ակներևաբար ինչո՞ւ են դևերը սիրում կենդանիների և մարդկանց մեջ մտնել։

▪ Ինչո՞ւ է Հիսուսը բացառություն անում և նախկին դիվահարին պատվիրում, որ մարդկանց պատմի, թե ինչպես է նա բուժվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը