Գլուխ 41
Վիճաբանությունների նյութ
ՍԻՄՈՆԻ տանը հյուրընկալվելուց շատ չանցած՝ Հիսուսը Գալիլեայում սկսում է իր երկրորդ քարոզչական ուղևորությունը։ Նախորդ ուղևորության ժամանակ նրան ընկերակցում էին իր առաջին աշակերտները՝ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը։ Բայց այժմ նրա հետ են 12 առաքյալները, ինչպես նաև մի քանի կանայք, որոնց մեջ են Մարիամ Մագդաղենացին, Սուսաննան և Հովհաննան, որի ամուսինը Հերովդես թագավորի մոտ է ծառայում։
Որքան ավելի է Հիսուսն ընդլայնում իր ծառայությունը, այնքան ավելի է նրա գործունեությունը վիճաբանության նյութ դառնում։ Հիսուսի մոտ են բերում դիվահար մի մարդու, որը նաև կույր է ու համր։ Երբ Հիսուսը բուժում է նրան՝ ազատելով դևի իշխանությունից, նա սկսում է խոսել ու տեսնել. ժողովուրդը պարզապես ապշում է, և մարդիկ սկսում են իրար ասել. «Արդյոք սա չէ՞ Դավթի Որդին»։
Այնքան շատ ժողովուրդ է հավաքվում տան շուրջը, որտեղ Հիսուսն է մնում, որ նա և իր աշակերտները նույնիսկ չեն կարողանում հաց ուտել։ Բայց ներկաներից ոչ բոլորն են մտածում, որ Հիսուսն է խոստացված «Դավթի Որդին»։ Նրանց մեջ կան նաև փարիսեցիներ ու դպիրներ, որոնք Երուսաղեմից եկել են այստեղ, որպեսզի վարկաբեկեն նրան։ Երբ Հիսուսի ազգականները լսում են այս իրարանցման մասին, գալիս են, որ բռնեն նրան։ Ինչո՞ւ։
Նույնիսկ Հիսուսի եղբայրները դեռևս չեն հավատում, որ նա Աստծու Որդին է։ Բացի այդ, ինչքանով որ նրանք ճանաչում են իրենց եղբորը Նազարեթում ապրած տարիներից, վեճեր և իրարանցում առաջ բերելը բոլորովին հատուկ չէ Հիսուսի անձնավորությանը։ Ահա թե ինչու նրանք ենթադրում են, թե Հիսուսը մտային լուրջ խնդիրներ ունի։ «Խելքը կորցրել է»,— եզրակացնում են նրանք և ուզում են բռնել ու տանել նրան։
Սակայն փաստն ակնհայտ է. Հիսուսը բուժել է դիվահար մարդուն։ Փարիսեցիներն ու դպիրները լավ հասկանում են, որ չեն կարող ժխտել այդ իրողությունը։ Ուստի որպեսզի վարկաբեկեն Հիսուսին, ժողովրդին ասում են. «Այս մարդը դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով»։
Իմանալով, թե ինչ են նրանք մտածում՝ Հիսուսն իր մոտ է կանչում փարիսեցիներին ու դպիրներին և ասում է նրանց. «Ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, ամայի կդառնա, և ամեն քաղաք կամ տուն, որ բաժանված է իր մեջ, կանգուն չի մնա։ Նույն ձևով էլ, եթե Սատանան Սատանային է հանում, ապա նա արդեն բաժանված է ինքն իր մեջ, ուրեմն էլ ինչպե՞ս նրա թագավորությունը կանգուն կմնա»։
Ինչպիսի՜ համոզիչ տրամաբանություն։ Եվ քանի որ փարիսեցիները պնդում են, թե իրենցից ոմանք էլ են դևեր հանում, Հիսուսը հետևյալ հարցն է ուղղում նրանց. «Եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր որդինե՞րը ում միջոցով են հանում նրանց»։ Այլ կերպ ասած՝ Հիսուսի դեմ ուղղած նրանց իսկ մեղադրանքներով կարելի է իրենց մեղադրել։ Այնուհետև Հիսուսը զգուշացնում է. «Բայց եթե ես Աստծու ոգու միջոցով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն իսկապես հասել է ձեզ»։
Որպեսզի օրինակով ցույց տա, որ դևեր հանելը Սատանայի վրա ունեցած իր իշխանության ապացույցն է, Հիսուսն ասում է. «Ինչպե՞ս կարող է մեկը ներխուժել մի զորավոր մարդու տուն և հափշտակել նրա կահ–կարասին, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն։ Եվ հետո՛ միայն նա կկողոպտի նրա տունը։ Նա, ով իմ կողմից չէ, հակառակ է ինձ, և նա, ով չի հավաքում ինձ հետ, ցրում է»։ Ակնհայտ է, որ փարիսեցիները Հիսուսի դեմ են տրամադրված, և դրանով նրանք ցույց են տալիս, որ Սատանայի գործակալներն են, քանի որ իսրայելացիներին հեռացնում են՝ «ցրում» են Հիսուսի մոտից։
Ուստի Հիսուսը զգուշացնում է Սատանայի հետևորդները հանդիսացող իր հակառակորդներին, որ «ոգու դեմ հայհոյանքը չի ներվի»։ Նա բացատրում է. «Ով որ մարդու Որդու դեմ որևէ բան խոսի, կներվի նրան, բայց ով որ սուրբ ոգու դեմ խոսի, չի ներվի նրան ո՛չ իրերի այս համակարգում, ո՛չ էլ գալիք համակարգում»։ Այս փարիսեցիներն ու դպիրները հենց այդպիսի աններելի մեղք են գործում՝ չարակամորեն Սատանային վերագրելով այն հրաշքները, որոնք Աստծու սուրբ ոգու բացահայտ գործունեության արդյունք են։ Մատթեոս 12։22–32; Մարկոս 3։19–30; Ղուկաս 8։1–3; Հովհաննես 7։5։
▪ Գալիլեա կատարած Հիսուսի երկրորդ ուղևորությունը ինչո՞վ է տարբերվում առաջինից։
▪ Ինչո՞ւ են Հիսուսի ազգականները ցանկանում բռնել նրան։
▪ Ինչպե՞ս են փարիսեցիները փորձում վարկաբեկել Հիսուսի հրաշքները, և ինչպե՞ս է Հիսուսը հերքում նրանց մեղադրանքները։
▪ Ինչո՞ւմ են փարիսեցիները մեղավոր և ինչո՞ւ։