Գլուխ 40
Ողորմության դաս
ՀԻՍՈՒՍԸ հավանաբար դեռ գտնվում է Նային քաղաքում, որտեղ ոչ շատ վաղուց հարություն էր տվել այրի կնոջ որդուն, կամ էլ թերևս նա մոտակա քաղաքներից մեկում է։ Սիմոն անունով մի փարիսեցի ուզում է մոտիկից ծանոթանալ այն մարդու հետ, որն այդպիսի հրաշքներ է գործում։ Ուստի նա Հիսուսին հրավիրում է իր հետ ճաշելու։
Մտածելով, որ այս հրավերը այնտեղ ներկա գտնվողներին օգնություն ցույց տալու լավ հնարավորություն է՝ Հիսուսն ընդունում է այն, ինչպես որ ընդունել էր մաքսահավաքների ու մեղավորների հրավերները։ Սակայն գալով Սիմոնի տուն՝ նա չի արժանանում այն ընդունելությանը, որը սովորաբար ցուցաբերվում էր հյուրերի նկատմամբ։
Հյուրընկալման սովորության մեջ մտնում էր հյուրերի ոտքերը սառը ջրով լվանալը, քանի որ մարդիկ անցնում էին փոշոտ ճանապարհներով և նրանց ոտքերը սանդալների մեջ շոգում ու կեղտոտվում էին։ Բայց Հիսուսի ոտքերը չեն լվանում, ողջունելիս նրան չեն համբուրում, ոչ էլ գլուխն են յուղով օծում, որոնք նույնպես հյուրընկալության սովորության մեջ էին մտնում։
Երբ հյուրերը սեղանի շուրջ թիկնած ճաշում են, մի կին, որ հրավիրված չէր, անձայն մտնում է սենյակ։ Այդ քաղաքում նա ճանաչված է որպես անբարո կյանքով ապրող կին։ Հավանաբար նա ծանոթ է Հիսուսի ուսմունքներին և լսել է նրա հրավերը՝ ուղղված «բոլոր բեռնավորվածներին», որ իր մոտ գան ու թարմություն ստանան։ Խորապես տպավորված այն ամենով, ինչ տեսել ու լսել է՝ նա փնտրել ու գտել է Հիսուսին։
Կինը հետևի կողմից մոտենում է Հիսուսին և ծնկի է գալիս նրա ոտքերի մոտ։ Կնոջ արցունքները Հիսուսի ոտքերի վրայով հոսում են դեպի ցած, և նա իր մազերով սրբում է դրանք։ Ապա վերցնում է անուշահոտ յուղով լի սրվակը և, Հիսուսի ոտքերը քնքշորեն համբուրելով, յուղը լցնում է նրանց վրա։ Այս ամենին Սիմոնը տհաճությամբ է հետևում։ «Եթե այս մարդը մարգարե լիներ,— մտածում է նա,— կիմանար՝ ով է իրեն դիպչողը և ինչպիսի կին է, և որ նա մեղավոր է»։
Իմանալով նրա մտքերը՝ Հիսուսն ասում է.
— Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ։
— Ասա՛, Ուսուցի՛չ,— պատասխանում է Սիմոնը։
— Երկու մարդ պարտք էին մի պարտատիրոջ,— ասում է Հիսուսը,— մեկը պարտք էր հինգ հարյուր դինար, մյուսը՝ հիսուն։ Երբ նրանք ոչինչ չունեին վճարելու, նա երկուսին էլ մեծահոգաբար ներեց։ Ուրեմն նրանցից ո՞ր մեկը նրան ավելի շատ կսիրի։
— Կարծում եմ՝ նա, որին ավելի շատ ներեց,— անտարբերությամբ ասում է Սիմոնը՝ մտածելով, թե պատասխանում է մի այնպիսի հարցի, որն իր հետ ոչ մի կապ չունի։
— Ճիշտ դատեցիր,— շարունակում է Հիսուսը և շրջվելով կնոջ կողմը՝ դարձյալ դիմում է Սիմոնին։— Տեսնո՞ւմ ես այս կնոջը։ Ես քո տունը մտա, դու ոտքերիս համար ջուր չտվեցիր։ Բայց այս կինը իմ ոտքերը իր արցունքներով թրջեց և իր մազերով սրբեց։ Դու ինձ մի համբույր էլ չտվիր, բայց այս կինը, ինչ մտել եմ այստեղ, չդադարեց ոտքերս քնքշորեն համբուրելուց։ Դու իմ գլուխը չօծեցիր յուղով, բայց այս կինը իմ ոտքերը անուշահոտ յուղով օծեց։
Իր վարմունքով կինը ցույց տվեց, որ անկեղծորեն զղջում է իր անբարո անցյալի համար։ Հիսուսն ավարտում է իր խոսքը՝ ասելով. «Դրա համար ասում եմ քեզ. նրա մեղքերը, թեպետև շատ են, ներված են, որովհետև նա շատ սիրեց. բայց ում որ քիչ է ներվում, նա քիչ է սիրում»։
Հիսուսը բնավ չի արդարացնում կամ խրախուսում անբարոյությունը։ Իրականում, այս դեպքը ցույց է տալիս, որ նա կարեկցում և հասկանում է այն մարդկանց, ովքեր կյանքում սխալներ են թույլ տալիս, սակայն հետո զղջում են ու գալիս են իր մոտ՝ օգնություն ստանալու։ Կնոջն իսկական թարմություն պատճառելով՝ Հիսուսն ասում է նրան. «Քո մեղքերը ներված են»։ Ապա ավելացնում է. «Քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։ Ղուկաս 7։36–50; Մատթեոս 11։28–30։
▪ Ինչպիսի՞ ընդունելության է արժանանում Հիսուսը Սիմոնի կողմից։
▪ Ո՞վ է փնտրում Հիսուսին և ինչո՞ւ։
▪ Ի՞նչ օրինակ է բերում Հիսուսը և ինչպե՞ս է այն կիրառում։