Գլուխ 39
Հպարտներն ու խոնարհները
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ առաքինությունների մասին խոսելուց հետո Հիսուսը ներկաների ուշադրությունն ուղղում է իր շուրջը գտնվող հպարտ և փոփոխամիտ մարդկանց վրա։ «Այս սերունդը,— ասում է նա,— նման է երեխաների, որոնք նստած են շուկայի հրապարակներում և կանչելով իրենց խաղընկերներին՝ ասում են. «Մենք ձեզ համար սրինգ նվագեցինք, բայց դուք չպարեցիք, մենք ողբացինք, բայց դուք ձեր կուրծքը չծեծեցիք»»։
Հիսուսն ի՞նչ է ուզում ասել։ Նա բացատրում է. «Հովհաննեսը եկավ, ո՛չ ուտում է, ո՛չ խմում, և մարդիկ ասում են. «Դև ունի»։ Մարդու Որդին եկավ, և՛ ուտում է, և՛ խմում, բայց, միևնույն է, մարդիկ ասում են. «Ահա որկրամոլ և գինի խմելուն անձնատուր եղած մարդ, մաքսահավաքների և մեղավորների ընկեր»»։
Հնարավոր չէ գոհացնել մարդկանց։ Նրանց ոչինչ չի հաճեցնում։ Հովհաննեսն ուխտավոր էր և ապրում էր ճգնավորի ինքնամերժ կյանքով՝ կատարելով հրեշտակի խոսքերը, թե՝ «գինի և թունդ խմիչք բոլորովին չպիտի խմի»։ Բայց միևնույն է մարդիկ ասում են, թե նա դիվահար է։ Իսկ Հիսուսը ճգնավոր չէ, ապրում է մյուս բոլոր մարդկանց նման, սակայն նրան մեղադրում են չափավոր չլինելու մեջ։
Որքա՜ն դժվար է հաճեցնել մարդկանց։ Նրանք նման են այն խաղընկերներին, որոնք չեն պարում, երբ իրենց ընկերները սրինգ են նվագում, և չեն սգում, երբ մյուսները ողբում են։ Բայցևայնպես, Հիսուսն ասում է. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով»։ Այո՛, փաստերը, այսինքն՝ գործերը, պարզ ցույց են տալիս, որ Հովհաննեսի և Հիսուսի դեմ ուղղված մեղադրանքները կեղծ են։
Հիսուսը շարունակում է հանդիմանել Քորազին, Բեթսայիդա և Կափառնայում քաղաքներին, որտեղ նա կատարել է իր հրաշքների մեծ մասը։ Նա ասում է, որ եթե այդ գործերը կատարած լիներ Փյունիկիայի Տյուրոս և Սիդոն քաղաքներում, դրանց բնակիչները վաղուց արդեն քրձով ու մոխրով զղջացած կլինեին։ Դատապարտելով Կափառնայումը, որն, ըստ երևույթին, նրա ծառայության ելակետային վայրն էր դարձել՝ Հիսուսը հայտարարում է. «Սոդոմի երկրի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան թե քեզ համար»։
Այնուհետև Հիսուսը բոլորի առջև փառաբանում է իր երկնային Հորը, քանի որ Աստված թանկարժեք հոգևոր ճշմարտությունները ծածկել է իմաստուններից ու գիտուններից և հայտնել է խոնարհներին, այլ կերպ ասած՝ մանուկներին։
Ի վերջո Հիսուսը սրտանց այսպիսի հրավեր է տալիս. «Ինձ մո՛տ եկեք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և ինձանից սովորեք, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար։ Որովհետև իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև»։
Ինչպե՞ս է Հիսուսը թարմություն տալիս մարդկանց։ Նա ազատում է ավանդույթների այն բեռից, որ կրոնական առաջնորդները դրել են ժողովրդի ուսերին։ Այդպիսի ավանդույթներից է, օրինակ, շաբաթը պահելու խիստ կանոնները։ Հիսուսը նաև օգնում է թեթևացում գտնել բոլոր նրանց, ովքեր ճնշված են քաղաքական իշխանությունների կողմից, ինչպես նաև այն անհատներին, որոնք զգում են իրենց մեղքերի ծանրությունը և որոնց խիղճը տանջում է։ Նա բացատրում է այդպիսի մարդկանց, թե ինչպես կարող են մեղքերի ներում ստանալ, և թե ինչպես կարող են Աստծու հետ թանկագին փոխհարաբերություններ ունենալ։
Հիսուսի առաջարկած «հարմար լուծը» մեր ամբողջական նվիրումն է Աստծուն, ինչի շնորհիվ մենք ծառայում ենք մեր կարեկից ու ողորմած երկնային Հորը։ Իսկ թեթև բեռը, որ Հիսուսն առաջարկում է բոլոր իր մոտ եկողներին, Աստծու պահանջներին հնազանդվելն է, ինչը կյանքի է տանում։ Այդ պահանջները Աստծու խոսքում գրի առնված պատվիրաններն են, որոնց հնազանդվելը բոլորովին էլ ծանրաբեռնող չէ։ Մատթեոս 11։16–30; Ղուկաս 1։15; 7։31–35; 1 Հովհաննես 5։3։
▪ Ինչո՞վ են Հիսուսի ժամանակներում ապրող հպարտ և փոփոխամիտ մարդիկ երեխաների նման։
▪ Ի՞նչն է Հիսուսին մղում փառաբանելու իր երկնային Հորը։
▪ Ի՞նչ առումով են մարդիկ բեռնավորված, և ինչպիսի՞ թեթևացում է առաջարկում Հիսուսը։