Գլուխ 38
Թուլացե՞լ էր արդյոք Հովհաննեսի հավատը
ՀՈՎՀԱՆՆԵՍ Մկրտիչը, որն արդեն մոտ մեկ տարի է, ինչ բանտում է, լսում է Նային քաղաքի այրի կնոջ որդու հարության մասին։ Բայց Հովհաննեսն ուզում է, որ Հիսուսն ինքը բացատրի այդ դեպքի նշանակությունը, ուստի նրա մոտ է ուղարկում իր երկու աշակերտներին՝ հարցնելու. «Դո՞ւ ես այն Մեկը, որ պիտի գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք»։
Այս հարցը կարող է տարօրինակ թվալ, քանի որ Հովհաննեսը մոտ երկու տարի առաջ Հիսուսին մկրտելիս տեսել էր, թե ինչպես էր Աստծու ոգին իջնում նրա վրա, և լսել էր Աստծու հավանությունն արտահայտող խոսքերը։ Ոմանք գուցե ենթադրեն, թե Հովհաննեսի հավատը թուլացել է։ Բայց դա այդպես չէ։ Եթե Հովհաննեսը սկսած լիներ կասկածել, Հիսուսը նրան այդքան չէր գովի նրա աշակերտների գնալուց հետո։ Հապա ինչո՞ւ է Հովհաննեսն այդպիսի հարց տալիս։
Հնարավոր է՝ Հովհաննեսը պարզապես ցանկանում է, որ Հիսուսն անձամբ հաստատի, որ ինքն է Մեսիան։ Հովհաննեսի համար դա կարող է շատ քաջալերական լինել, քանի որ նա տանջվում է բանտում։ Բայց, ըստ երևույթին, նրա հարցն ավելին է բովանդակում։ Ակներևաբար Հովհաննեսը ցանկանում է իմանալ, թե Հիսուսից հետո արդյո՞ք գալու է, այսպես ասած, նրան հաջորդող մեկ ուրիշը, որպեսզի ամբողջացնի բոլոր այն մարգարեությունների կատարումը, որոնք, համաձայն կանխագուշակվածի, պետք է իրագործեր Մեսիան։
Ըստ Աստվածաշնչի մարգարեությունների, որոնց ծանոթ է Հովհաննեսը՝ Աստծու Օծյալը թագավոր և ազատարար պետք է դառնար։ Բայց Հիսուսի մկրտությունից արդեն շատ ամիսներ են անցել, իսկ Հովհաննեսը դեռ բանտում է գտնվում։ Ուստի նա հավանաբար ուզում է հարցնել Հիսուսին. «Դո՞ւ ես, որ պետք է տեսանելի կերպով Աստծու Թագավորությունը հաստատես, թե՞ ուրիշին սպասենք՝ քեզ հաջորդող մեկին, որը կիրագործի Մեսիայի փառքին վերաբերող բոլոր մարգարեությունները»։
Փոխանակ Հովհաննեսի աշակերտներին ասելու, թե՝ «անշուշտ, ես եմ նա, որ պետք է գար»՝ Հիսուսն այդ նույն ժամին բազում մարդկանց բուժում է ամեն տեսակ հիվանդություններից ու ցավերից։ Այնուհետև ասում է իր մոտ եկած աշակերտներին. «Գնացե՛ք և իմացրե՛ք Հովհաննեսին, ինչ որ լսեցիք ու տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է պատմվում»։
Այլ կերպ ասած՝ տալով այդ հարցը՝ Հովհաննեսը, հնարավոր է, ակնկալում է, որ Հիսուսն ավելին կանի և գուցե իրեն բանտից կազատի։ Սակայն Հիսուսն ասում է, որ Հովհաննեսն ավելին չսպասի, քան այն հրաշքները, որ ինքն անում է։
Երբ Հովհաննեսի աշակերտները հեռանում են, Հիսուսը ժողովըրդին բացատրում է, որ Հովհաննեսը ոչ միայն Մաղաքիա 3։1–ում մարգարեացված «դեսպանն» է, այլ նաև Մաղաքիա 4։5, 6–ում կանխագուշակված Եղիա մարգարեն։ Ապա գովաբանում է Հովհաննեսին՝ դասելով նրան այն մարգարեների շարքը, որոնք ապրել են նրանից առաջ։ Հիսուսը շարունակում է ասել. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. կանանցից ծնվածների մեջ դեռ վեր չի կացել մեկը, որ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ լինի. սակայն երկնային թագավորության մեջ փոքրը ավելի մեծ է, քան նա։ Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի թագավորությունը նպատակ է, որին մարդիկ ամեն կերպ ջանում են հասնել»։
Այս խոսքերով Հիսուսը ցույց է տալիս, որ Հովհաննեսը երկնային Թագավորության մեջ չի լինելու, քանի որ այնտեղի փոքրը նրանից մեծ է։ Ճիշտ է, Հովհաննեսը ճանապարհ պատրաստեց Հիսուսի համար, բայց նա մահանում է մինչև Քրիստոսի՝ իր աշակերտների հետ ուխտ կապելը, համաձայն որի՝ նրանք պետք է երկնային Թագավորության մեջ Հիսուսի իշխանակիցները լինեն։ Ահա թե ինչու է Հիսուսն ասում, որ Հովհաննեսը չի լինելու երկնային Թագավորության մեջ։ Փոխարենը՝ նա լինելու է Աստծու Թագավորության երկրային հպատակների թվում։ Ղուկաս 7։18–30; Մատթեոս 11։2–15։
▪ Ինչո՞ւ է Հովհաննեսը հարցնում՝ արդյոք Հիսո՞ւսն է այն Մեկը, որ պետք է գար, թե՞ ուրիշին սպասեն։
▪ Ի՞նչ մարգարեությունների մասին է խոսում Հիսուսը, որոնք իրագործել էր Հովհաննեսը։
▪ Հովհաննես Մկրտիչը ինչո՞ւ չի լինելու երկնքում՝ Հիսուսի հետ։